Standard & Poor's-ի վարկանշի առանձնահատկությունն այն է, որ մեր մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունները ավելի հարմար պայմաններով ֆինանսական միջոցներ են կարողանալու ներգրավել․ Տիգրան Խաչատրյան
11:43 - 14 հոկտեմբերի, 2021

Standard & Poor's-ի վարկանշի առանձնահատկությունն այն է, որ մեր մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունները ավելի հարմար պայմաններով ֆինանսական միջոցներ են կարողանալու ներգրավել․ Տիգրան Խաչատրյան

Երեկ հայտնի դարձավ, որ Standard & Poor's միջազգային գործակալությունը վարկանիշ է շնորհել Հայաստանի Հանրապետությանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին խնդրեց մեկնաբանել՝ ինչ է նշանակում դա, ինչ է փոխում մեր կյանքում։

Խաչատրյանը նշեց, որ առաջին տարին է, երբ այս կազմակերպությունը վարկանշել է ՀՀ-ին եւ շնորհել արտարժույթով եւ ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման «B+» սուվերեն վարկանիշ՝ դրական հեռանկարով․ «Առաջին տարին է նաեւ, որ միաժամանակ ՀՀ-ին վերաբերող զեկույցներ են հրապարակել վարկանշավորման ոլորտում աշխարհի առաջատար եռյակը՝ Moody’s-ը, Fitch-ը եւ Standard & Poor's-ը։ Ընդ որում՝ եթե առաջին երկուսի վարկանշավորումը սուվերեն էր եւ վերաբերում էր միայն ՀՀ-ի վարկունակությանը, ապա վերջինի այս վարկանշի առանձնահատկությունն այն է, որ սուվերենից բացի՝ այն միաժամանակ սահմանել է նաեւ փոխանցման եւ փոխարկելիության գնահատական, ինչը կարեւոր է մասնավոր հատվածի համար։ Վերջինս սահմանվել է B, B-, ինչը նշանակում է, որ ՀՀ-ի մասնավոր հատվածի ձեռնարկություններն ու ֆինանսական հաստատություններն այս կազամկերպության կողմից վարկանշվելու դեպքում կարող են ստանալ ՀՀ-ի սուվերեն վարկանիշից մեկ մակարդակ բարձր վարկանիշ։ Standard & Poor's սուվերեն վարկանշի դրական հեռանկարն արտահայտում է կազմակերպության գնահատականն այն մասին, որ ՀՀ-ում տնտեսության վիճակի բարելավմանն ուղղված գործոնները գերակշռող են եւ առաջիկա տասներկու ամիսների ընթացքում կարող են բերել ՀՀ-ի սուվերեն վարկանշի բարձրացման»,- ասաց նախարարը։

Նա հայտնեց, որ Standard & Poor's-ը նշել է, որ եթե հետագա երկու-երեք տարիների ընթացքում ՀՀ-ում արդարացվեն տնտեսական աճի սպասումները, արտաքին խոցելիությունը նվազի եւ պետբյուջեի կատարողականը լինի սպասվածից դրական, ապա դա կբերի նաեւ երկրի սուվերեն վարկանիշի հետագա բարելավման․ «ՀՀ-ի սուվերեն B+ վարկանիշը հիմնված է այն գանահատականների վրա, որ, չնայած արտաքին էական ճնշումներին, Հայաստանը հաղթահարել է համավարակի եւ ռազմական կոնֆլիկտի հետեւանքները՝ առանց վտանգելու երկրի տնտեսական կայունությունը։ Standard & Poor's-ն ակնկալում է, որ կառավարության հնգամյա ծրագրի իրագործումը կհանգեցնի ավելի արագ տնտեսական աճի։ Այս կազմակերպության հետ համագործակցությունը կնպաստի Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը եւ կարագացնի այդ ոլորտում բարեփոխումների ընթացքը՝ հաշվի առնելով, որ սուվերեն վարկանիշը ձեռք է բերվել նաեւ մասնավոր հատվածի ընկերությունների համար վարկանիշ ստանալու եւ դրա ներքո տեղական եւ միջազգային շուկաներ դուրս գալու նպատակով»։

Խաչատրյանի խոսքով՝ այս վարկանշի հիմնական առանձնահատկությունը, փաստորեն, այն է, որ մեր մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունները՝ այդ թվում ֆինանսական, ավելի մատչելի միջազգային վարկանիշ ստանալու հնարավորություն ունեն, եւ դրա ներքո թե՛ հայաստանյան, թե՛ արտաքին շուկաներում ավելի հարմար եւ հասանելի պայմաններով ֆինանսական միջոցներ են կարողանալու ներգրավել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել