Ի տարբերություն մյուսների՝ մենք 5 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքներով ենք ներկայանում հասարակությանը․ Մամիկոն Ասլանյան
11:05 - 29 նոյեմբերի, 2021

Ի տարբերություն մյուսների՝ մենք 5 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքներով ենք ներկայանում հասարակությանը․ Մամիկոն Ասլանյան

Դեկտեմբերի 5-ին Լոռու մարզի Վանաձոր համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։

Այս ընտրություններին Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը գլխավորում է նորաստեղծ «Մամիկոն Ասլանյան» դաշինքի նախընտրական ցուցակը։ Դաշինքը կազմված է «Ազատ դեմոկրատներ» և «Իմ հզոր հայրենիք» կուսակցություններից։ Թեեւ Մամիկոն Ասլանյանը 2016 թ․-ի Վանաձորի ՏԻՄ ընտրություններին առաջադրվել էր Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակով, նա այժմ անկուսակցական է։ Այս տարվա հոկտեմբերի 12-ին համայնքապետի պաշտոնում Մամիկոն Ասլանյանի լիազորությունները դադարեցվել էին․ վարչապետի որոշմամբ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար էր նշանակվել Վանիկ Օհանյանը (Օհանյանը Վանաձորի այս ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի երկրորդ համարն է)։

Ասլանյանը Infocom-ի հետ զրույցում ասաց, որ քարոզարշավը իրենց համար բնականոն հունով է ընթանում․ «Կան քաղաքական ուժեր, որ իրենց կոռեկտ չեն պահում վանաձորցիների նկատմամբ, բայց աշխատում ենք հարթել, աշխատում ենք առաջ շարժվել։ Ակնկալիքն, ինչպես բոլորի մոտ, հաջողության հասնելն է։ Ի տարբերություն մյուսների՝ մենք 5 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքներով ենք ներկայանում հասարակությանը և հասարակությունից ակնկալում ենք մեր գնահատականը»։

Հարցին, թե ըստ Մամիկոն Ասլանյանի՝ ո՞ր քաղաքական ուժերը իրենց կոռեկտ չեն պահում, վերջինս պատասխանեց, որ իշխող ուժի մասին է խոսում․ «Ֆեյսբուքյան տիրույթում, լրատվամիջոցներում տեսած կլինեք, մարդկանց են գործից ազատում լայքերի համար, մարդկանց հետ շփումների համար, այլ թիմերի հետ համագործակցելու համար»։

Ասլանյանը նշեց նաև, որ քաղաքացիների հետ աշխատանքի միջոցով են փորձում նման երևույթների դեմ պայքարել․ «Մենք հակադարձում ենք, քաղաքացիներին հորդորում ենք չտրվել սադրանքների, որովհետև ամեն դեպքում վանաձորցին պետք է ընտրի համայնքի ապագա ղեկավարին, և նաև այն մարդկանց, աշխատանքային խմբին, ում ինքը վստահում է։ Ավելի շատ քաղաքացիների հետ աշխատանքով ենք անում, քան այլ դեբատների մեջ մտնելով»։

Համայնքապետի թեկնածուի դիտարկմամբ՝ Վանաձորում գլոբալ խնդիրներ կան, որոնք կարող են լուծվել մեծ ներդրումների միջոցով, կառավարության աջակցությամբ, որովհետև համայնքային բյուջեով հնարավոր չէ այդ հարցերը լուծել․ «Մասնավորապես տնակային ավան ունենք Վանաձորում, 84 բազմաբնակարան շենքեր ունենք, որոնք կամ պիտի ամրացվեն, կամ պետք է որոշվի դրանց հետագա ճակատագիրը։ Մնացած հարցերը, որոնք ավելի համայնքային լուծելիության տիրույթում են, դրանք հերթով լուծվում են, հերթականությամբ գնում ենք, առաջիկայում կլինի տրանսպորտային ցանցի վերազինում»։

Նա նաև ասաց, որ ներդրումների միջոցով են պատկերացնում տնակային ավանների խնդրի լուծումը։ Ասլանյանի համոզմամբ՝ իրենց առաջարկած լուծմամբ խնդիրը դանդաղ, բայց հաստատուն կերպով կլուծվի․ «Մենք ունենք տարածքներ, որտեղ գտնվում են այդ տնակային ավանները, ներդրումային մի ծրագրի միջոցով այդ տարածքը կտրամադրվի այլ ներդրումային ծրագրի, որի փոխարեն կկարողանանք լուծել տնակային ավանի խնդիրները»։

Վանաձորը ներառվել է համայնքների խոշորացման նախագծում և գտնվում է խոշորացման փուլում․ ըստ կառավարության ներկայացրած և ԱԺ-ում ընդունված այդ նախագծի՝ Վանաձոր քաղաքին են միանում նաև Գուգարք, Դարպաս, Շահումյան գյուղերը։

Ասլանյանը վստահեցրեց՝ լավատեղյակ է Վանաձորին միացող գյուղերի խնդիրներին․ «Դրանք մեզ կպած գյուղական համայնքներ են, բոլորի խնդիրներին գրեթե ամբողջությամբ ծանոթ եմ։ Այս պարագայում անհրաժեշտ է մուլտիմշակութային նոր տիրույթ ստեղծել, քանի որ Վանաձորը երբեք գյուղական բաղադրիչ չի ունեցել, պետք է աշխատենք, որ ոչ քաղաքը գյուղին կլանի, ոչ էլ գյուղը քաղաքին կլանի, որպեսզի մենք բազմաշերտ մշակույթ ստեղծենք, որ մեկը մյուսին լրացնեն, և երկուսն էլ համաչափորեն զարգանան»։

Իսկ թե ինչու Մամիկոն Ասլանյանը այս անգամ ընտրություններին չի մասնակցում ՀՀԿ ցուցակով, վերջինս այսպես պատասխանեց․ «Ինչով որ հարմար եմ գտել, դրանով էլ մասնակցում եմ»։

Նա վստահ է՝ վանաձորցիները ՏԻՄ ընտրություններն որոշում կկայացնեն՝ համեմատություն կատարելով և մի շարք հանգամանքներ հաշվի առնելով։

Վանաձորի ՏԻՄ ընտրություններին 10 քաղաքական ուժ է մասնակցելու՝  9 կուսակցություն և 1 դաշինք։

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, Վանաձորի ավագանու անդամ Արկադի Փելեշյանի գլխավորությամբ, «Այլանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը՝ ՀՀ էլեկտրական ցանցերի Դեբեդ մասնաճյուղի իրացման պետ Կարեն Էդարյանի գլխավորությամբ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Լոռու ներկայիս մարզպետ Արամ Խաչատրյանն է։ «Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ․ վերջինս չի աշխատում։ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակն էլ գլխավորելու է Արտավազդ Ալավերդյանը, որը Վանաձորի «Դիետ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածուն Հրանտ Այվազյանն է, ով 7-րդ գումարման Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ է եղել, հիմա դասախոսում է  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում։

«Հայրենիք» կուսակցությունը Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է Վահե Դոխոյանի գլխավորությամբ, որը «Հայրենիք» զարգացման հիմնադրամի Լոռու մարզային  գրասենյակի ղեկավարն է։ «Բարգավաճ Հայաստանի» ցուցակը գլխավորելու է Էդգար Բոջուկյանը, ով չի աշխատում։ 

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ընտրություններին մասնակցելու է  «Մամիկոն Ասլանյան» դաշինքով․ նա այժմ չի աշխատում։  Հայաստանի կոմունիստական կուսակցությունն էլ ընտրություններին մասնակցելու է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, Վանաձորի քաղաքային կազմակերպության առաջին քարտուղար Արկադի Ղուկասյանի գլխավորությամբ։

Լուսանկարը՝ Մամիկոն Ասլանյանի ֆեյսբուքյան էջից

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել