1,5 տարի ունենք, կաշխատենք, լուծումներ կգտնենք. Արմեն Գրիգորյանը՝ Բերձորի ու Աղավնոյի ճակատագրի մասին
13:23 - 30 հունիսի, 2022

1,5 տարի ունենք, կաշխատենք, լուծումներ կգտնենք. Արմեն Գրիգորյանը՝ Բերձորի ու Աղավնոյի ճակատագրի մասին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ հարցին, թե ինչպես են պատկերացնում Բերձորի, Աղավնոյի բնակիչների ճակատագիրը և Ադրբեջանի կողմից կառուցվող Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհը որքանո՞վ է ապահովելու Հայաստանի հետ կապը։

«Այս հարցերը հենց նոյեմբերի 9-ից սկսած մենք քննարկում ենք Արցախի մեր գործընկերների հետ, որպեսզի լուծումներ գտնենք։ Արցախի իշխանությունները այս մասով աշխատանքներ են տանում, սրա մասին նաև հրապարակային խոսել ենք և մենք դեռ ժամանակ ունենք և՛ ճանապարհի մասով, և՛ բնակիչների համար լուծմումներ գտնելու։ Մոտավոր 1.5 տարի դեռ ունենք, Արցախի կառավարության հետ կաշխատենք և լուծումներ կգտնենք»։

Խաղաղության օրակարգի վերաբերյալ հարցին ի պատասխան Արմեն Գրիգորյանը ասաց՝ երբ խոսում են այդ օրակարգի մասին, չեն մտածում, որ ամեն ինչ հեշտ է լինելու։ «Մենք գիտենք դրա դժվարությունների մասին, բայց նաև հասկանում ենք, որ որպեսզի  կարողանանք մեր տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգություն ապաահովել, անվտանգության երաշխիքների հնարավոր տարբերակը խաղաղության օրակարգն է։ Մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ բայց հասկանում ենք, որ դա միայն Հայաստանից կախված չէ, և դա է պատճառը, որ աշխատում ենք բոլոր միջազգային գործընկերների հետ, որպեսզի խաղաղության օրակարգը առաջ տանենք»։

Արմեն Գրիգորյանը վերահաստատեց տեսակետը, ըստ որի՝ Հայաստանի տարածքում բացառվում է միջանցքային տրամաբանությամբ գործող որևէ ճանապարհ։ 

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությանը՝ ըստ որի «միջանցքը արդեն իրականություն է դառնում», Գրիգորյանն ասաց․ «Պաշտոնական Երևանը նոյեմբերի 9-ից հետո սրան արձագանքում է, ոչ միայն պաշտոնական Երևանը, այլ նաև պաշտոնական Մոսկվան, պաշտոնական Բրյուսելը, սրա մասին ասել ենք, կարծում եմ՝ բանակցային գործընթացի ընկալման խնդիր կա, որովհետև բոլորը հայտարարում են, որ երբեք միջանցք չի հայտարարվել, բայց ադրբջանական կողմը դրա մասին հայտարարում է անհասկանալի պատճառներով»։

Անդրադառնալով վարչապետի մամուլի ասուլիսում հնչած հայտարարությանը, ըստ որի ադրբեջանական կողմը հրաժարվել է Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նաախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումըից, ԱԽ քարտուղարն ասաց․ «Ընդհանուր առմամբ, և՛ Բրյուսելի, և՛ Մոսկվայի օրակարգային հարցերը, որոնք քննարկվում են Արդբեջանի հետ, 4-ն են․ եթե ըստ հերթականության նշեմ, հումանիտար հարցերը, օրինակ հումանիտար հարցերի մեջ առաջնային է գերիների վերադարձը, անհայտ կորած անձանց մասին տեղեկություն հավաքելը և նրանց ընտանիքներին տրամադրելը։ Հաջորդը տարածաշրջանի ապաշրջափակումն է, դելիմիտացիան, դեմարկացիան, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորումը։ Այս 4 հիմնական հարցերն են, որոնք Ադրբեջանի քննարկվում են։ Նախատեսված էր հանդիպում, բայց հետաձգվեց։ Դեռևս հայտնի չեն հստակ պատճառներ, թե ինչու է Ադրբեջանը հետաձգել, մենք ինֆորմացիա ունենք, որ առաջիկայում հնարավոր է այդպիսի հանդիպում։ Մենք չենք ստացել հստակ տեղեկություն, թե ինչու չեն եկել, իրենք պարզապես հետաձգել են»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել