ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների նախագիծը
 |armenpress.am|
12:53 - 14 հուլիսի, 2022

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է համամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մասնակից քաղաքական ուժերի համար նախատեսել առանձին քվեաթերթիկներ՝ այդպիսով քվեարկության ընթացքում վերացնելով գրիչների օգտագործումը: ԱԺ արտահերթ նիստի ընթացքում պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին և ընդունեցին ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություններ կատարելու մասին փաթեթը:

Հիմնական զեկուցող, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ 2021 թվականի խորհրդարանի արտահերթ և համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ, որոնք գույքագրվել են ինչպես իրավակիրառողների, այնպես էլ դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունների և ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի կողմից: Ըստ այդմ՝ ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում առաջարկվող փոփոխությունների և լրացումների ու կից նախագծերի փաթեթով առաջարկվում է լուծել ի հայտ եկած բազմաթիվ խնդիրներ:

«Նախագծերի փաթեթով առաջարկվում է համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների պարագայում՝ անկախ նրանից, թե ընտրողների թիվը որքան է, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար նախատեսել առանձին քվեաթերթիկներ՝ այսպիսով քվեարկության ընթացքում վերացնելով գրիչների օգտագործումը:  Այս մոտեցումը ներդնելու նպատակով առաջարկվում է կուսակցությունների և վերջիններիս համամասնական ցուցակների առաջին երեք թեկնածուների ինքնաբացարկի ժամկետը սահմանել ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 15 օր առաջ՝ այդպիսով ընտրական հանձնաժողովներին հնարավորություն տալով ավելի շուտ սկսել քվեաթերթիկների տպագրման գործընթացը: Ըստ էության, այս փոփոխությունը վերաբերվում է նրան, որ համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունները լինելու են նույն մոդելով, ինչպիսին ԱԺ ընտրություններն են: Պրակտիկան ցույց է տվել, որ սրանով նվազում են նաև անվավեր քվեաթերթիկների քանակը և ավելի են բարելավվում ընտրական գործընթացները»,- մանրամասնեց Հովհաննիսյանը:

Առաջարկվում է նաև համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների ժամանակ իրականացնել տեղամասերում քվեարկության ընթացքի միաժամանակյա համացանցային ուղիղ հեռարձակում, ինչպես եղել է ԱԺ ընտրությունների ժամանակ:

Առաջարկվում է նաև սահմանել, որ համամասնական ընտրակարգով ձևավորված ավագանու առաջին նստաշրջանում համայնքի ղեկավարի ընտրության հետ կապված հայցերը ևս ընտրական վեճեր են և որ դրանք պետք է քննվեն ու լուծվեն հատուկ արագացված կարգով՝ կոլեգիալ կազմով:

Մյուս առաջարկով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի թեկնածուի համար ընտրական օրենսգրքով սահմանված լրացուցիչ պահանջներն առաջարկվում է հանել և այդ մասով կարգավորումները դարձնել Սահմանադրությանը համահունչ: Այսինքն՝ առաջարկվող կարգավորմամբ ԿԸՀ անդամի համար նախատեսվելու են նույն չափորոշիչները, որոնք նախատեսված են Ազգային ժողովի պատգամավորի համար:

Առաջարկվում է վերանայել նաև ԿԸՀ անդամների վարձատրության չափերը: Հովհաննիսյանի խոսքով՝  առաջարկվող գործակիցներն ավելի համահունչ են Սահմանադրությամբ նախատեսված անկախ մարմնի սահմանադրաիրավական կարգավիճակին:

Արթուր Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ նախագծերի փաթեթի մշակմանը մասնակցել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, արդարադատության նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաև ՔՊ խմբակցության անդամները:

«Հաշվի են առնվել նաև քաղաքացիական հասարակության, մասնավորապես, դիտորդական առաքելությամբ զբաղվող ՀԿ-ների կարծիքներն ու դիտարկումները»,- եզրափակեց պատգամավորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել