Կարո՞ղ է արդյոք Հայաստանի արբանյակը օգնել հայտնաբերելու և խոցելու հակառակորդի ԱԹՍ-ները
15:30 - 05 օգոստոսի, 2022

Կարո՞ղ է արդյոք Հայաստանի արբանյակը օգնել հայտնաբերելու և խոցելու հակառակորդի ԱԹՍ-ները

Օգոստոսի 1-ին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը հայտնեց, որ Արցախի հյուսիսային և հյուսիսարևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր։ Արդեն օգոստոսի 3-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կիրառել է նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով հայկական կողմում զինծառայողներ են վիրավորվել և զովել։ Վերջին տվյալներով՝ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է, լարվածությունը պահպանվում է։ Հայկական կողմն ունի 2 զոհ, 19 վիրավոր։

Երկու օր առաջ Արցախում կատարվողի համատեքստում Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձավ մայիսին տիեզերք ուղարկված «ArmSat-1» արբանյակին․ «Արբանյակ ունեցող Հայաստանը, ըստ ռազմական տրամաբանության, հիմա պետք է ստանար Ադրբեջանի դիրքերի և օդ բարձրացված բայրաքթարների կոորդինատները, որոնցով էլ ՀՕՊ-ով կկարողանար առանց խնդրի ոչնչացնել թշնամու այդ կրակակետերը։ Ի՞նչ է անում հայկական արբանյակը տիեզերքում։ Ինչո՞վ է զբաղված, եթե զբաղված է, իհարկե»։

Այս գրառումը տարածեցին մի շարք լրատվամիջոցներ (oragir.news, mamul.am, yerkir.am, armday.am, արխիվացված հղումները՝ 1, 2, 3, 4)։ Նույն պնդումը Հոխիկյանն արեց երեկ՝ «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ՝ պնդելով, որ այդկերպ հնարավոր կլիներ ոչնչացնել հակառակորդի ԱԹՍ-ները։

Նաիրի Հոխիկյանի այս պնդումը, սակայն, վիճահարույց է․ որոշակի պայմաններում «ArmSat-1» արբանյակից ստացված պատկերների և այլ տվյալների համադրությամբ տեսականորեն հնարավոր է նկատել օդ բարձրացած «Բայրաքթարները», սակայն այդ տվյալները «Բայրաքթարները» խոցելու հարցում, մեծ հաշվով, անօգուտ են։

Infocom-ը արբանյակի հնարավորությունների, ինչպես նաև դրա միջոցով ռազմական օբյեկտներ հայտնաբերելու հավանականության մասին զրուցել է «ԱՅԱՍ» տիեզերագիտական ընկերության հիմնադիր և նախագահ Ավետիք Գրիգորյանի հետ։

Վերջինս բացատրում է, որ ոչ բոլոր մեծության օբյեկտներն են հստակ երևում արբանյակից ստացված պատկերներում։ Գոյություն ունի արբանյակի լուծունակություն․ պարզ ասած՝ դա այն ամենափոքր դետալն է, որը արբանյակը կարող է ֆիքսել Երկիր մոլորակի վրա որպես արբանյակից ստացված պատկերի վրա երևացող մեկ կետ։ «ArmSat-1» արբանյակի դեպքում այդ կետը համապատասխանում է նկարված տեղանքում 2 մետրի։ Այսինքն, Երկրի վրայի երկու մետրանոց դետալը արբանյակից ստացված պատկերում երևում է որպես մի կետ, որում ավելի փոքր մանրամասներ տեսնել հնարավոր չէ։

«Այսինքն, եթե տեղանքում կա 2 մետրանոց ավտոմեքենա, ապա դա նկարի վրա երևալու է որպես մի կետ»,- նշում է Ավետիք Գրիգորյանը:

Սակայն տեսականորեն արբանյակից ստացված պատկերով հնարավոր է ենթադրել՝ արդյո՞ք պատկերում երևացող կետն ԱԹՍ է, թե՞ այլ օբյեկտ։ Բանն այն է, որ խոսքը միայն ստացված պատկերում օբյեկտների երևալ/չերևալու մասին չէ․ այդ ամենի հետ համադրվում են այլ տեղեկություններ ևս։

«Եթե նույն «Բայրաքթարը» 2 մետրից մեծ է, և արբանյակից ստացված պատկերում այն երևա որպես 6-8 կետերի համախումբ, ու տեսնեն, որ այն դիրքը փոխում է ժամանակի ընթացքում, արագությունը պատկերացնեն, կասեն՝ այս լեռնային տեղանքներով այդ արագությամբ ոչինչ շարժվել չէր կարող, ուրեմն դա օդում թռչող օբյեկտ է, և այդ արագությունը, օրինակ, բնորոշ է «Բայրաքթարին»»,- ասում է Ավետիք Գրիգորյանը։

Նրա խոսքով, տարբեր տեղեկություններ համադրելով, կարելի է գլխի ընկնել արբանյակից ստացված պատկերներում ռազմական այլ օբյեկտների առկայության մասին ևս․ «Կարող ես տեսնել կետերի մի ամբողջ շարք, որը գնում է ամայի տեղանքներով, բայց հողային ճանապարհով։ Կարելի է մտածել, որ ավտոշարասյուն է ու ամենայն հավանականությամբ, եթե մեր սահմանների մոտ է, ռազմական ավտոշարասյուն է»։                        ։

«ArmSat-1»-ը պտտվում է Երկիր մոլորակի շուրջը ցածր (ոչ գեոստացիոնար) ուղեծրով։ Սա նշանակում է, որ այն չի կարող ողջ օրը լինել միևնույն տեղանքի վերևում և պատկերներ ուղարկել մոլորակի այդ հատվածից, օրինակ՝ հայ-ադրբեջանական սահմանից։ Ավետիք Գրիգորյանը նշում է՝ մեր տարածաշրջանի վրայով նման արբանյակը, որպես կանոն, կանցնի օրվա մեջ շուրջ 5 անգամ։ Հաշվի առնելով, որ գետնի նկատմամբ փոքր անկյան տակ նկարահանելիս պարզ պատկերներ չեն ստացվի, ապա մեր տեղանքը նկարահանելու համար պիտանի անցումները կլինեն ավելի քիչ։ Սակայն նույն տեղանքից մի քանի րոպեի ընթացքում պատկերներ ստանալ հնարավոր է։ Ի տարբերություն այլ արբանյակների՝ մեր արբանյակը լրացուցիչ հնարավորություն ունի․ այն նկարում է ոչ միայն ուղիղ իր ներքևում եղածը, այլ նաև կարող է թեքվել ու կողքերից պատկերներ ստանալ:

«Օրինակ, եթե մեզ հետաքրքրում է սահմանի կոնկրետ կտորը, իսկ արբանյակն անցնում է ոչ ուղիղ դրա վրայով, ապա կարող ենք հրահանգ տալ, ասել՝ մենք ուզում ենք այս կտորը նայել։ Արբանյակը կուղղվի այդ կողմն ու կնկարի։ Հիմա, եթե անցնելու ընթացքում, որը մեր դեպքում տևում է ամենաշատը 9 րոպե, սկզբից նկարի տարածքը, հետո՝ 5-7 րոպե անց, նորից նկարի նույն տարածքը, և երևա, որ ամեն ինչը այդ պատկերում նույնն է, բայց մի ինչ-որ կոնկրետ կետ կամ կետերի համախումբ տեղաշարժվել է այդ րոպեների ընթացքում, ապա դրանից կարելի է եզրակացնել, որ դա շարժվող օբյեկտ էր։ Բայց դա, ի վերջո, մնում է ենթադրություն․ այդ պատկերն այնքան մանրամասն չէ, որ կարողանաս սև-սպիտակ պատկերում երկու մետրը երկու մետրի վրա չափերով տախտակը տարբերել նույն չափերի տեխնիկայից։ Բազմասպեկտրալ պատկերների համադրումը գուցե թույլ տա հասկանալ, թե ինչ նյութից է լույսն անդրադարձել, բայց այդ դեպքում էլ լուծունակությունն ավելի քիչ կլինի՝ մոտ 3 մ»,- նշում է Ավետիք Գրիգորյանը։

Վերջինիս խոսքով՝ կարևոր է նաև, թե պատկերն ինչ պայմաններում և ինչ տեղանքում է ստացվել․ «Կախված է տեղանքից․ ինչի՞ վրայով է թռչում օբյեկտը։ Կախված է լուսավորությունից։ Կարող են այնպիսի պայմաններ լինել, որ օբյեկտը լավ երևա տեղանքի ֆոնի վրա, կարող են այնպիսի պայմաններ լինել, որ չերևա։ Միանշանակ չէ, որ ցանկացած բան, երբ էլ անցնի, արբանյակը կտեսնի, կտարբերի»։

Այս ամենից կարելի է եզրակացնել , որ տեսականորեն տարբեր տվյալների համադրությամբ հնարավոր է արբանյակից ստացված պատկերներից իմանալ, որ Հայաստանի կամ Արցախի այս կամ այն հատվածում «Բայրաթքար» է թռել։ Այլ հարց է, թե դա որքանով կնպաստի այդ «Բայրաթքարը» խոցելուն։

 «Դա ընդամենը հայտնաբերման լրացուցիչ շանս է։ Ռազմական տեխնիկա գոյություն ունի, ՀՕՊ գոյություն ունի, որը ռադարային սկզբունքներով կարողանում է բացահայտել երկնքում օբյեկտները։ Եթե շատ փոքր ԱԹՍ է, դրա համար հզոր ռադար է պետք, բայց «Բայրաքթարը» ՀՕՊ-ը պիտի որ գրանցի։ ․․․․ ՀՕՊ-ը հատուկ կառուցված է այնպես, որ երբ ռադարով հայտնաբերում է օբյեկտ, անմիջապես դառնում է կառավարող օրգան հակաօդային միջոցների համար, որ հրթիռ ուղարկելիս ցույց տա՝ թիրախը որտեղ է, և հրթիռը գնա այդ ուղղությամբ։ Եթե ՀՕՊ-ը չկա կամ կա, բայց օբյեկտը չի հայտնաբերել, ապա միայն արբանյակից ստացված նկարին նայելով՝ Երկրի վրայից ո՞ր կողմ արձակեն հրթիռը, որ գնա, խոցի։ Արբանյակից ստացված պատկերը թույլ չի տալիս հստակ ստանալ օբյեկտի կոորդինատները տարածության մեջ։ Այն չի կարող ապահովել հրթիռի ճշգրիտ ուղղորդում և օբյեկտի խոցում։ Նկարով կարող ես միայն իմանալ, որ գուցե  նման բան է անցնում այդ պահին։ Դա ընդամենը կարող է լինել հայտնաբերման հնարավոր միջոցներից մեկը»,- նշում է Ավետիք Գրիգորյանը։

Բացի այդ՝ պետք է հաշվի առնել, որ արբնյակը ոչ միշտ է պատկերներն ուղարկում անմիջապես նկարելուց հետո։ Կլինեն պատկերներ, որոնք կուղարկվեն մեզ հաջորդ անցման ժամանակ, լավագույն դեպքում՝ նկարելուց 90 րոպե անց։

Ավետիք Գրիգորյանի խոսքով՝ արբանյակից ստացված պատկերները կարող են, օրինակ, օգնել զինտեխնիկայի շարժը կամ սահմանին ինչ-որ շինություններ կառուցելու գործընթացը նկատելու հարցում․ «Շարժերը կարելի է նայել․ բեռնատար մեքենաներ են, զինտեխնիկա է տեղաշարժվում, մեկուկես ժամ անց կարելի է տեսնել, որ տեղաշարժվել են։ Սահմանամերձ շինություններ են անում, դիրքեր են ամրապնդում․․․ Դրանք ավելի խոշոր բաներ են, շատ մանրամասներով չի երևա, բայց կհասկացվի, թե դա ինչ բնույթի կառույց է, թշնամու միտումը կիմանանք»։

Ամփոփելով նշենք, որ Նաիրի Հոխիկյանի պնդումը, թե Հայաստանի արբանյակը  պետք է ստանար օդ բարձրացված «Բայրաքթարների» կոորդինատները և փոխանցեր ՀՕՊ-ին, վիճահարույց են։ Ինչպես տեսանք, «Բայրաքթարը» արբանյակի համար փոքր օբյեկտ է, և եթե անգամ արբանյակի պատկերներից մեկում այն նկատվեր, և տարբեր տեղեկությունների համադրմամբ հնարավոր լիներ հասկանալ, որ դա «Բայրաքթար» է, այդ տեղեկությունը դժվար թե օգներ խոցելու նպատակով արձակված հակաօդային միջոցի ուղղորդմանը։

Հիշեցնենք՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հուլիսի 12-ին հայտնել էր, որ արբանյակի կառավարման կենտրոնի և ընդունիչ կայանի մասով աշխատանքներ են տարվում։ Արբանյակից պատկերներ ստանալու մասին տեղեկություններ դեռևս ոչ մի գերատեսչություն չի հրապարակել։

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել