Լատվիան Ռուսաստանն ահաբեկչության հովանավոր է հռչակել |factor.am|
15:57 - 11 օգոստոսի, 2022

Լատվիան Ռուսաստանն ահաբեկչության հովանավոր է հռչակել |factor.am|

factor.am: Լատվիայի Սեյմը հայտարարություն է ընդունել, որով Ռուսաստանը հռչակել է ահաբեկչության հովանավոր և ԵՄ-ին կոչ է արել անհապաղ դադարեցնել վիզաների տրամադրումը ռուսներին և բելառուսներին։ Այս մասին գրում է korrespondnet-ը։

Այսպիսով, Լատվիան դարձել է աշխարհում առաջին պետությունը, որը Ռուսաստանը հայտարարել է ահաբեկչության հովանավոր։

Պատգամավորները նշել են, որ Ռուսաստանը երկար տարիներ աջակցել և ֆինանսավորել է ահաբեկչական ռեժիմներին ու կազմակերպություններին տարբեր ձևերով՝ ուղղակի և անուղղակի։ Հայտարարության մեջ նշվում է Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմին զենք մատակարարելու, Մեծ Բրիտանիայում Սկրիպալների ընտանիքի թունավորման, Դոնբասում MH-17 չվերթի կործանման մասին։

Սեյմի հայտարարության մեջ ընդգծվում է, որ այժմ «Ռուսաստանը նպատակաուղղված օգտագործում է տառապանքն ու ահաբեկումը որպես գործիք ուկրաինացի ժողովրդին և զինված ուժերին բարոյալքելու իր փորձերում, կաթվածահար անելու Ուկրաինայի կարողությունը՝ նրա տարածքը գրավելու համար»։

«Սեյմն ընդունում է Ռուսաստանի բռնությունը խաղաղ բնակչության նկատմամբ, որն իրականացվում է քաղաքական նպատակներին հասնելու համար՝ որպես ահաբեկչություն, իսկ Ռուսաստանը՝ որպես ահաբեկչությանն աջակցող պետություն, և կոչ է անում այլ երկրներին արտահայտել նման կարծիք»,- ասվում է հայտարարության մեջ։

Լատվիայի Սեյմի պատգամավորները «կտրականապես դատապարտում են Ռուսաստանի ռազմական ագրեսիան և Ուկրաինա լայնածավալ ներխուժումը, որն իրականացվել է բելառուսական ռեժիմի աջակցությամբ և մասնակցությամբ»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել