Չափազանց շատ մարդիկ են արդեն սպանվել ընդամենը երկու օրվա ընթացքում։ Հազարավոր մարդիկ ստիպված են եղել փախչել իրենց տներից։ Ադրբեջանն ընտրել է ռազմական ուժով տեղում փաստական իրավիճակ փոխելու ճանապարհը։ Մենք հաստատակամորեն դատապարտում ենք Բաքվի ռազմական հարձակումը եւ կոչ անում վերջինիս մշտապես եւ վերջնականապես դադարեցնել իր ռազմական գործողությունները։ Ի գիտություն ենք ընդունել հրադադարի մասին ստացված տեղեկությունները, սակայն մեզ անհրաժեշտ է, որ ամբողջովին դադարի բռնությունը։ Ադրբեջանն է կրում պատասխանատվությունը ամբողջովին եւ լիարժեքորեն պաշտպանելու քաղաքացիական բնակչությանը, հատկապես երեխաներին, որոնք ապրում են Լեռնային Ղարաբաղում։ Էթնիկ հայերի տեղահանությունը եւ հարկադիր արտագաղթը Ղարաբաղից ընդունելի չեն։ [Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը՝ Արցախում իրավիճակի հարցով ՄԱԿ ԱԽ նիստին]

ԵՄ-ն բազմիցս հստակորեն ընդծել է, որ վեճերը լուծելու նպատակով ուժի գործադրումն ընդունելի չէ։ Այդ պատճառով ԵՄ-ն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունը։ Կոչ ենք անում Ադրբեջանին կոնկրետ քայլեր ձեռնարկել․ առաջին՝ ապահովել առանց խոչընդոտների մարդասիրական հասանելիությունը կարիքի մեջ գտնվող քաղաքացիական բնակչության համար, այդ թվում լիարժեքորեն բացելով Լաչինի միջանցքը։ ԵՄ-ն եւ վերջինիս անդամ պետությունները պատրաստ են հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերել, եւ այսօր Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է մարդասիրական օգնության առաջին փաթեթի մասին կարիք ունեցող մարդկանց օգնելու նպատակով, երկրորդը՝ համապարփակ եւ թափանցիկ երկխոսություն ծավալել Ղարաբաղի հայերի հետ՝ ապահվելու համար նրանց անվտանգության իրավունքները, այդ թվում՝ իրենց տներում արժանապատվորեն ապրելու իրենց իրավունքը։ [ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ՄԱԿ ԱԽ նիստին]

Ադրբեջանի ԱԳ նախարարը Արցախում իրավիճակի հարցով ՄԱԿ ԱԽ նիստին շարունակել է պնդել, թե «այն, ինչ Հայաստանը այսօր փորձում է ներկայացնել միջազգային հանրությանն իբրեւ հարձակում ԼՂ բնակիչների վրա, իրականում տեղական հակաահաբեկչական գործողություն է Ադրբեջանի կողմից, որը լիովին համապատասխանում է ՄԱԿ Կանոնադրությամբ նախատեսված իր իրավունքին՝ զինաթափելու հայկական զինված խմբավորումները, որոնք ապօրինաբար տեղակայված են Ադրբեջանի ինքնիշխան տարածքում»։ Նա նաեւ կրկնել է կեղծ պնդումը, թե Ստեփանակերտի հետ երկխոսությունը նախկինում հնարավոր չէր «հայկական կողմի խոչընդոտման պատճառով, որը հենվում էր Ադրբեջանի ինքնիշխան տարածքում ապօրինի ռազմական ներկայության վրա»։

Հայաստանն ու Ադրբեջանը հարեւաններ են, որոնք չեն կարող այլ վայր տեղափոխվել։ Վեճերը երկխոսությամբ եւ քննարկումներով լուծելը կծառայի ոչ միայն երկու երկրների հիմնարար շահերին, այլ նաեւ կօգնի միասնաբար ապահովել տարածաշրջանի անվտանգությունը եւ կայունությունը։ Մենք աջակցում ենք երկու կողմերին փոխադարձ վստահության ամրապնդման հարցում, ինչպես նաեւ համապատասխան կողմերի միջնորդությամբ փոխադարձ զիջումների միջոցով հավուր պատշաճի լուծելու ունեցած տարաձայնությունները՝ համաձայն միջազգային իրավունքի ճանաչված նորմերի։ Չինաստանն աջակցում է բոլոր դիվանագիտական ջանքերը, որոնք այս նպատակին հասնելու համար կառուցողական դերակատարում կունենան։ [ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչ]

Մինչ կողմերն աշխատում են իրավիճակի լարվածության թոթափման ուղղությամբ, մենք վերահաստատում ենք, թե որքան կարեւոր կլինի միջազգային առաքելությունը, որը վստահություն կներշնչի ԼՂ բնակիչներին առ այն, որ նրանց իրավունքները եւ անվտանգությունը հետևողականորեն կպաշտպանվեն Ադրբեջանի հրապարակային հայտարարություններին համահունչ։ ԱՄՆ-ն շարունակում է աշխատել Ադրբեջանի, ինչպես նաեւ Հայաստանի առաջնորդների հետ ամենաբարձր մակարդակներում՝ ձգտելով հասնել իրավիճակի կայուն լուծման ԼՂ-ում։ [ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի ելույթը]

Միացյալ Թագավորությունը մտահոգված է այն լուրջ ճնշումներով, որոնք կրում է ԼՂ բնակչությունը, տեղում մարդասիրական կարիքն ահռելի է, շարունակում է մեծանալ։ Մենք լիովին հասկանում ենք ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խնդիրները, սակայն ռազմական ուժը չի կարող օգտագործվել համայնքների միջեւ առկա լարվածությունը հաղթահարելու համար։ Անմիջական երկխոսությունն է միակ ճանապարհը՝ գտնելու իրական կայուն խաղաղություն եւ լուծումներ, ուստի հիմա շատ կարեւոր է վերսկսել բանակցությունները ղարաբաղահայության ներկայացուցիչների հետ՝ ունենալով արժանահավատ ծրագիր՝ ապահովելու տարածշրջանի բոլոր բնակիչների իրավունքները եւ անվտանգությունը եւ նրան խաղաղության պայմաններում ապրելու հնարավորություն ընձեռելով։ [Միացյալ Թագավորության ԱԳ նախարարը՝ ՄԱԿ-ում]

Մալթան խորապես մտահոգված է վերջին ռազմական սրացմամբ Ադրբեջանի կողմից ընդդեմ Ղարաբաղի հայերի։ Ռազմական գործողությունների արդյունքում տեղի բնակչության տեղահանությունը, ավերածությունները եւ զոհերը դատապարտելի են։ Կոչ ենք անում հրատապ մարդասիրական օգնություն հասցնել առանց խոչընդոտների նրանց, ովքեր ամենաշատը դրա կարիքն ունեն։ Մալթան կողմերին կոչ է անում ձեռնպահ մնալ բռնությունից, վերադառնալ երկխոսության եւ դիվանագիտության, որպեսզի ապահովվի այս իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը։ Կոչ ենք անում բոլոր կողմերին բարեխղճորեն ներգրավվել, ջանքերը կենտրոնացնել կառուցողական եւ դրական քննարկումների ուղղությամբ։ Լիովին սատարում ենք երկխոսությունը ֆասիլիտացնելու ԵՄ դերակատարումը բոլոր մակարդակներում։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը երկու պետությունների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ [Մալթայի ԱԳ նախարարը՝ ՄԱԿ-ում]

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չէ, որ հարցականի տակ է դրվում․ ոչ ոք դա հարցականի տակ չի դնում, դրա նկատմամբ սպառնալիք չկա։ Վտանգված է ԼՂ-ում ապրող հայ ժողովրդի հնարավորությունը՝ շարունակել ապրել իրենց իրավունքների, պատմության ու մշակույթի նկատմամբ հարգանքով: Ֆրանսիան ի գիտություն է ընդունում նախագահ Ալիևի երեկվա հայտարարությունը, որով նա հաստատում է, որ ցանկանում է խաղաղության մեջ ապրել ԼՂ հայերի հետ և պահպանել նրանց իրավունքները։ Այդ բառերը ցույց են տալիս Ադրբեջանի կողմից հանձնառություն։ Նրանք այսօր պատասխանատվություն են կրում բնակչության ճակատագրի համար։ [ՄԱԿ-ում Ֆրանսիայի ԱԳ նախարարի ելույթը]

ԱԽ նիստի սկզբում Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը ներկայացրեց Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը և նշեց․ «Կոչ ենք անում բոլոր մարտական գործողությունների հուսալի և ամուր ավարտի։ Իրավիճակի հետագա սրացումը կհանգեցնի մարդկային զոհերի, կորուստների եւ տառապանքի եւ միջազգային աջակցություն վայելող խաղաղության ջանքերը կխափանի։ Քաղաքացիական բնակչության պաշտպանությունը եւ էական կարիքները հոգալը, այդ թվում նրանց մարդու իրավունքները պաշտպանելը պետք է գերակայություն լինի։ Իրական երկխոսությունը Ադրբեջանի կառավարության եւ տարածաշրջանի ներկայացուցիչների միջեւ՝ ապահվելով լիարժեք ներգրավումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների նորմալացման գործընթացին, առաջ շարժվելու միակ կայուն տարբերակն են»։

Հայոց ցեղսպանության թանգարան ինստիտուտը հայտարարություն է տարածել․ « Ցավոք, 75 տարի անց քաղաքակրթությունը լուռ ականատես է լինում ցեղասպանության հերթական վայրենի և դաժան գործողությանը, որն այս պահին իրականացվում է Արցախում՝ ընդդեմ հայ բնակչության։ 🇺🇳 Արցախի հայ ազգաբնակչությանը փրկելու համար առնվազն անհրաժեշտ է ՄԱԿ-ի մանդատի ներքո խաղաղապահ ուժերի անմիջապես տեղակայումը տարածաշրջանում»։

Լաչինի միջանցքով հումանիտար բեռներով բեռնատար չի անցել։ Այս մասին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցության գրասենյակի ղեկավար Զառա Ամատունին։ «Պարզապես Կարմիր Խաչի 9 մեքենա, որոնք Ստեփանակերտից Հայաստան էին եկել՝ բուժառուների բերելու համար, մի քանի օր չեն կարողացել վերադառնալ։ Այսօր միայն վերադարձել են Ստեփանակերտ»,- ասել է Ամատունին։ |news.am|

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը գրում է, որ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնելիս զոհվել է 6 ռուս զինծառայող, մի քանի հոգի տարբեր աստիճանի վիրավորում է ստացել։ Ըստ դեսպանատան՝ «միայն երեկ խաղաղապահներն օգնություն են ցուցաբերել ավելի քան 8 հազար քաղաքացիների, ադ թվում՝ երեխաների»։

Մաշտոցի պուրակից վարչական ձերբակալման են ենթարկվել Արժանապատվության շարժման անդամները, այդ թվում Սուրեն Սահակյանն ու Միքայել Նահապետյանը։ Վերջիններս որեւէ գործողություն չէին իրականացնում, նրանք չհասցրին նույնիսկ բացել վրանը, երբ ոստիկանության ծառայողները նրանց բերման ենթարկեցին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը: Երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների ապահովման երաշխիքների անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել այսօր՝ սեպտեմբերի 21-ին, նախատեսվող ՄԱԿ ԱԽ-ի հրատապ նիստին: [ՀՀ վարչապետի աշխատակազմ]

ՀՀ սոցապնախարարությունից հայտնում են՝ որոշ անհատներ և մասնավոր նախաձեռնություններ կազմակերպում են սննդի, հագուստի և առաջնային անհրաժեշտության պարագաների հավաքագրում, ինչի անհրաժեշտությունն առկա չէ։ «ԼՂ-ից տեղահանված անձանց տեղափոխության ու կեցության կարիքները հոգալու համար ստեղծված աշխատանքային խմբի կողմից, ըստ անհրաժեշտության, կհամակարգվի և կբավարարվի քաղաքացիների կարիքները։ Ոլորտային ՀԿ-ներին հորդորում ենք յուրաքանչյուր նախաձեռնություն սկսելուց առաջը քննարկել նախարարության հետ»,- ասվում է հայտարարության մեջ։

ԵՄ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը հայտնում է, որ Արցախում իրավիճակի հարցով ՄԱԿ ԱԽ նիստին ելույթ կունենա ԵՄ արտաքին հարաբերությունների ու անվտագնային հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ ՀՀ ԱԳՆ խոսնակն էլ հավելում է, որ Արարատ Միրզոյանը ևս ելույթ կունենա։ Նիստի տեղի կունենա Երևանի ժամանակով վաղը՝ 07։00-ին։

Զինադադարից հետո՝ 32 ժամ, Ադրբեջանը թույլ չի տալիս արցախյան կողմին նրանց վերահսկողության տակից դուրս բերել մեր բազմաթիվ զինվորների և խաղաղ բնակիչների դիերը։ Իհարկե, շատ վիրավորներ կարող էին ողջ մնալ, եթե ադրբեջանցիները տային այդ հնարավորությունը։ Սա նրանց «մարդասիրական» մոտեցման օրինակ է։ [Արտակ Բեգլարյանը՝ X-ում]

Հովիկ Աղազարյանի նկատմամբ ներգործություն կատարելու կասկածանքով մեկ անձ է ձերբակալվել։ ՔԿ հայտարարության մեջ նշվում է․ ««Եռաբլուր»-ում քաղաքացիների և ԱԺ պատգամավորներ Հակոբ Ասլանյանի ու Հովիկ Աղազարյանի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ վերջիններիս քաշքշել են, հայհոյել, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ Ձերբակալվել է Ա.Գ․-ն։ Միջոցներ են ձեռնարկվում բռնություն կիրառած մյուս անձանց վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»։

Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնության ձեռքբերումից հետո գրանցվել է հրադադարի խախտման հինգ դեպք, երկուսը՝ Շուշիում, երեքը՝ Մարտակերտում։ Այս մասին հայտնում է Ռուսական խաղաղապահ զորախումբը։ Խաղաղապահների մոտ շարունակում է մնալ 1340 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 607 երեխա, որոնք այս պահին չեն կարողանում վերադառնալ իրենց տները։

Այսօր դժվար թե որևէ մեկը կարողանա Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքման ժամկետներ նշել, բայց, հաշվի առնելով, որ Ղարաբաղի պատկանելության մասին հիմնական հարցը որպես այդպիսին լուծված է՝ այն լուծվել եւ կարգավորվել է Ղարաբաղի պատկանելության ճանաչման Հայաստանի որոշմամբ, ուստի կարելի է ասել, որ զգալի առաջընթաց է ապահովվել։ [ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով]

ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է՝ ԵՄ-ն դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը ԼՂ հայ բնակչության դեմ։ «ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին թույլատրել անհապաղ և անարգել հումանիտար մուտքը կարիքավոր բնակչությանը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ամբողջական վերաբացման միջոցով: Քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ միջոցներով կարժանանա ԵՄ-ի խիստ արձագանքին։ Կոչ ենք անում Ադրբեջանին վերահաստատել իր միանշանակ հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ 1991թ. Ալմաթիի հռչակագրի համաձայն»,- ասվում է Բորելի հայտարարության մեջ։

Երեկ ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ հրավիրվել է ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հատուկ նիստ։ ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանն իր ելույթում շեշտել է, որ Ադրբեջանը հետապնդում է մի նպատակ՝ ուժի կիրառման միջոցով ԼՂ-ում իրականացնել էթնիկ զտումներ, զրկել ԼՂ հայ ժողովրդին իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու ու արարելու իրավունքից: Նա նշել է՝ միջազգային գործընկերների հայտարարություններն այլևս բավարար չեն, և անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի դեմ՝ ներառյալ թիրախային պատժամիջոցներ: [ԱԳՆ]

Վազգեն Մանուկյանը նաեւ Կառավարության վաղվա նիստը բոյկոտելու կոչ արեց․ «Վաղը՝ ժամը 11-ին, այս շենքում տեղի է ունենալու Կառավարության նիստ, որը մեզ համար Կառավարություն չէ, այն Կառավարությունը, որը դրդեց, նպաստեց Արցախի ցեղասպանությանը եւ այժմ սպառնում է ՀՀ-ի սահմաններին, գոյություն չունի, ժամը 10-ին այս շենքը կշրջափակենք, թույլ չենք տա, որ այդ նիստը լինի»,- ասաց նա։

Ռուսական խաղաղապահ զորակազմը տեղեկացնում է՝ ակտիվ ռազմական գործողությունների սկսվելուն պես տարհանվել է Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների խաղաղ բնակչությունը՝ ավելի քան 5000 մարդ։ Այս պահին Խաղաղապահների մոտ կա 704 մարդ, այդ թվում՝ 440 երեխա։

Մեծ Շենի գյուղապետը հայտնել է՝ գյուղը շարունակում է շրջափակված մնալ, գյուղ սնունդ առայժմ չի մտել: «Տարհանում չի արվել, բնակիչները դեռ գյուղում են: Մարդիկ դեռ տրամադրված չեն դուրս գալու, դուրս գալու տեղ էլ չկա, ո՞ւր գնան»,- նշել է նա։ |news.am|

Ով ուզում է լինի, շատ կոշտ է լինելու արձագանքը եւ կոշտ է արձագանքը։ Եվ ես հասկանում եմ, որ մեր քաղաքացիներն ավելի կոշտ եւ օպերատիվ արձագանք են ուզում, լինելու է կո՛շտ եւ օպերատիվ արձագանք, բայց գծեր կան, որոնք նրանք ուզում են էդ գծերը․․․ Նրանք ուզում են, որ իշխանությունը Երեւանի փողոցներում արյուն հեղի, էս ա նրանց նպատակը»։ Մենք գործելու ենք կոշտ, բայց օրենքին, իրավունքին համապատասխան, պողպատե մանդատին համապատասխան։ [Նիկոլ Փաշինյանը՝ Երևանում ընթացող ակցիաների մասին]

Փաշինյանը Արցախի գործընկերների հետ իր խոսակցության մի դրվագ պատմեց․ «Այն բանից հետո, երբ ես տվել եմ փոխվարչապետին համապատասխան հանձնարարական՝ պատրաստել մեր հայրենակիցների դիմավորումը ՀՀ-ում, ես ասել եմ, որ ես կարծում եմ, որ էվակուացիան այս իրավիճակի պլան Ա-ն պետք է չլինի, նույնիսկ պլան Բ-ն պետք է չլինի, բայց պետք է լինի անպայմանորեն պլան Գ-ն։ Էն նկատառումով, որ, էլի եմ ասում, հանկարծ չստացվի, որ մենք մեր ձեռքով էթնիկ զտում ենք անում՝ դրա պատասխանատվությունից եւ մեղավորությունից ամբողջությամբ մաքրելով Ադրբեջանին։ Ինչու ենք էսպես վերաբերվում, որովհետեւ մեր գնահատականն այն է, որ ուղի՛ղ վտանգ, ուղիղ վտանգ քաղաքացիական բնակչությանը չկա, մանավանդ հրադադարի պայմաններում։ Իհարկե, կան իրենց տներից տեղահանված քաղաքացիներ, բայց մենք մեր միջազգային շփումներում խնդիր ենք դնում, որ նրանք վերադառնան իրենց տներ։ Բայց, էլի եմ ասում, ըստ իրադրության գնահատականի՝ պլան Գ-ն կարող է միանգամից վերածվել պլան Ա-ի»։

Արցախի պետական նախարար Արթուր Հարությունյանը հանձնարարել է արագ մշակել և իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք թույլ կտան ամբողջացնել ներքին բոլոր ռեսուրսները` ապահովելով բնակչության անվտանգության, ենթակառուցվածքների աշխատանքի, շրջաններից տարհանված բնակիչների կեցության, սննդի մատակարարման և մի շարք այլ առաջնային հարցեր: 

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ այսօր Երեւանի Խանջյան փողոցում իրականացվող զանգվածային հավաքի ընթացքում դրա մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու և ուրիշի գույքը՝ ավտոմեքենան, վնասելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Փաշինյանն անդրադարձավ Արցախից Հայաստան գալ ցանկացողների մուտքը թույլ չտալու վերաբերյալ տեղեկություններրին. «Ես ուզում եմ շատ հստակ ասել, նախ մենք բոլորս գիտենք, որ Լաչինի միջանցքն արդեն տասը ամիս փակ է, եւ ողջ ընթացքում, այս պահին էլ, Լաչինի միջանցք տանող ճանապարհները հայաստանյան ոչ մի րոպե փակ չեն եղել եւ շարունակում են փակ չլինել, այսինքն՝ էդպիսի թեմա չի եղել։ Ավելին ասեմ՝ այս շաբաթվա մեկնարկին ես հանձնարարական եմ տվել, որ աշխատանքային խումբ ձեւավորվի ԼՂ-ից տեղահանված անձանց, փախստականների հնարավոր խմբերին դիմավորելու, նրանց տեղավորելու, նրանց կեցության եւ կենցաղային պայմաններն ապահովելու համար»։

Երեկ «Ազատազէն» ռազմակրթական ՀԿ-ն ակցիա էր կազմակերպել։ ՀԿ-ն այսօր հայտարարեց, որ երեկվա հանդիպման արդյունքում ստեղծվել է  «Հայաստանի սուվերենության շարժում»-ը, որին միացել են նաև մի շարք անհատներ։ «Հայաստանի սուվերենության շարժման» նպատակը «հայության անվտանգությունը և իրավունքների պաշտպանությունն ապահովելուն ընդունակ Հայկական պետականության կառուցումն է»։ Շարժման հավաքները Նժդեհի արձանի մոտ շարունակվելու են, հետագա անելիքները քննարկվում են։

Քաղաքացիական բնակչության շրջանում զանգվածային զոհերի մասին տեղեկություններն ուղղակի չեն համապատասխանում իրականությանը։ Այսինքն՝ պաշտոնական լրահոսով ինչ տրվել է, այդ է տեղեկատվությունը, եւ դրանից դուրս տեղեկությունները ճիշտ չեն, ստուգված չեն, գոնե այս պահի դրությամբ մենք որեւէ նման տեղեկատվության չենք տիրապետում։ [Նիկոլ Փաշինյան]

Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդում է, որ սեպտեմբերի 21-ին ռուսական միջնորդությամբ Եվլախ քաղաքում Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպումն անցել է գործնական մթնոլորտում։ Քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հերքում է տարածվող լուրերը, թե գերատեսչությունը քննարկում է Ադրբեջանի հետ առևտուր սկսելու հարցը: |armenpress.am|

ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում ասել է․ «Ելնում ենք նրանից, որ հիմա կայուն պայմաններ կստեղծվեն Ղարաբաղում կրակի դադարեցման եւ տեղահանվածների՝ իրենց բնակության վայրեր վերադառնալու համար»։ 

«Ազատություն» ռադիոկայանին մանրամասներ են հայտնի դարձել Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հեռախոսազրույցից։ Բաքուն հրաժարվել է միջազգային միջնորդությունից

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն պատգամ ու կոչ է հղել ՀՀ անկախության 32-րդ տարեդարձի առթիվ, որում նա համազգային զորաշարժի կոչ է արել` նշելով, որ «հայությունը պետք է ոտքի ելնի»։

Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Թաղավարդ և հարակից գյուղի բնակչության կոտորածի վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Ինչպես #CivilNetCheck-ի հետ զրույցում նշեց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը, շրջանն ամբողջությամբ շրջափակման մեջ է, սակայն հաջողվել է կապ հաստատել Թաղավարդի բնակիչների հետ, որոնք հայտնել են, որ իրենց հետ ամեն ինչ լավ է։

Ըստ Ադրբեջանի՝ Արցախի պատվիրակության հետ Եվլախում այսօր կայացած հանդիպմանը «քննարկումներ են ծավալվել Ադրբեջանի սահմանադրության և օրենքների հիման վրա Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրացիայի, ենթակառուցվածքների վերականգնման և դրանց աշխատանքի կազմակերպման վերաբերյալ հարցերի շուրջ»:

Երեկ Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ զանգվածային անկարգություններին մասնակցելու եւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչերի առթիվ։

ՀՀ կառավարությունը ԼՂ հայության տեղահանության խնդիր չի դրել և կարծում է, որ իրենց տներում անվտանգ եւ արժանապատիվ ապրելու ԼՂ հայերի իրավունքները պետք է երաշխավորվեն, բայց մյուս կողմից ԼՂ հայերի կամ նրանց մի մասի մնալն անհնար գնահատվելու դեպքում կկայացվեն անհրաժեշտ որոշումներ․ ՀՀ վարչապետի աշխատակազմ

Արցախի Հանրապետության կառավարությունը տեկեկացնում է, որ ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանվածների համար այսօրվանից Ստեփանակերտում անվճար հիմունքներով կգործեն սննդի կետեր:

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայաուցիչ Էլչին Ամիրբեկովը Sky News Arabia հեռուստաընկերության եթերում հայտնել է, որ Բաքուն Երեւանին է փոխանցել խաղաղության համաձայնագրի նախագիծը։

Երեք ժամ տևած բանակցություններն ավարտվել են, արցախյան կողմը վերադառնում է Եվլախից։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ, հնարավոր է մամուլի հաղորդագրության հրապարակում:

Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը և իր կողմնակիցները զանգվածային հացադուլ են սկսում։ Պետրոսյանի խոսքով` հացադուլի միակ նպատակն այն է, որ բոլորը հավաքվեն մեկ տեղում և մեկ գաղափարի շուրջ։ Քաղաքական գործիչը շեշտեց` երբ լինի համախմբում,, չեն լինի հասարակությանը տարբեր վայրեր ուղղորդելը, սպասեցնելը։

«Դժվարանում եմ ասել, թե իշխանափոխությունը ինչպես է լինելու, դա ընդդիմադիր քաղաքական ուժերի, հայ ժողովրդի  անելիքն է, բայց այդ քայլը անելուց, ես կարծում եմ, չպետք է որևէ կասկած ունենաք, որ իշխանափոխությամբ մենք ճիշտ քայլ ենք անում։ Իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը հիմնական պատճառներից մեկն են այսօր Արցախում ու Հայաստանում ստեղծված իրավիճակի»․ Վարդան Օսկանյան

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։ Ալիևը ներողություն է խնդրել և խոր ցավակցություն հայտնել սեպտեմբերի 20-ին Արցախում ռուս խաղաղապահների մահվան կապակցությամբ։ Ընդգծվել է, որ տեղի ունեցածի առավել մանրակրկիտ քննություն է իրականացվելու, և բոլոր մեղավորները պատշաճ պատիժ են ստանալու։

Եվրախորհրդարանի ավելի քան 60 պատգամավոր միացել է ինձ՝ պահանջելու Եվրոպայից պատժամիջոցներ կիրառել Իլհամ Ալիևի վարչակարգի նկատմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի դեմ հարձակման համար։ Հայտնում է Ֆրանսիացի պատգամավոր և Եվրախորհրդարանի պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար Նատալի Լուազոն։

Սեպտեմբերի 20-ին տեղեկություն էր տարածվել, որ Արցախի Մարտակերտի քաղաքի բնակչությունը տարհանվել է։ Ժամեր անց, սակայն, #CivilNetCheck-ին տեղի բնակիչներից հայտնեցին, որ թեև ի սկզբանե հայտարարվել էր, որ տարհանում է լինելու, սակայն հետո չեղարկվել էր։ Մարտակերտցի Անուշ Առաքելյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ դեռ շարունակում են մնալ Մարտակերտում։

Մեր ժողովուրդը, մեր անկախությունն ու պետականությունն այսօր էլ ծանր փորձությունների միջով են անցնում, դիմադրում հարվածների և, ցավոք, ունենում կորուստներ: Մեր պետականությունը, ինքնիշխանությունը, երկրի ու ժողովրդի ճակատագիրն ու ապագան կերտելու մեր բացառիկ իրավունքը բախվում է հերթական մարտահրավերներին, սակայն ես հավատացած եմ, որ դժվարությունները չեն կարող կոտրել մեր ժողովրդի ոգին, ստեղծելու և արարելու կամքը և ինչպես ասել է մեր մեծանուն դերասան Խորեն Աբրահամյանը դեռ 1991թ․-ին՝ ««Այո»-ն ասելով` մենք առաջին հերթին հույսներս պետք է դնենք մեզ վրա, և այդ «Այո»-ն կկայանա այնքանով, որքանով պատրաստ կլինենք գոյատևելու, աշխատելու, զոհողությունների ու մաքառումների։ [ՀՀ նախագահի ուղերձը՝ Անկախության օրվա առթիվ]

Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից: Կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք մնալ ապաստարաններում։ Իրավիճակի մասին հավելյալ կտեղեկացնենք։ [Արցախի ՆԳՆ ոստիկանություն]

Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մենք ապրում ենք դժվար ժամանակներ, կրում ֆիզիկական և հոգեբանական անասելի տառապանքներ, բայց կարևոր է հասկանալ, թե ինչու պետք է անցնենք փորձությունների այս ճանապարհը։ Ասել՝ հանուն անկախության, նշանակում է ասել ճշմարտության թեկուզ մեծ, բայց ոչ ամենակարևոր մասը, որովհետև անկախությունը, որքան էլ բարձրագույն նպատակ, իրականում միջոց է ավելի վեհ մի նպատակի իրագործման։ Խոսքը ապագայի մեր սերունդների երջանկության մասին է։ Մենք պիտի նրանց ժառանգենք մի Հայաստան, որտեղ մարդն ազատորեն կարող է ինքնարտահայտվել, ազատ և ստեղծագործ աշխատանքի միջոցով կառուցել սեփական երջանկությունը։ [Նիկոլ Փաշինյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ]

Արցախի Էլեկտրահամակարգը սնուցող մի շարք ենթակայաններ ադրբեջանական վերահսկողության տակ են, ինչի պատճառով առայժմ հնարավոր չէ էլեկտրաէներգիայի մատակարարում իրականացնել։ Ներկայում Արցախէներգո ՓԲԸ-ն վթարավերականգնողական աշխատանքներ են կատարվում Ստեփանակերտում։ Զուգահեռ բանակցություններ են տարվում ռուսական խաղաղապահ առաքելության հետ, որպեսզի էլեկտրաէներգիայի առկայության դեպքում ցանցում խնդիրներ չլինեն։[Արցախէներգո]

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ուժեղացրել է պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում և առճակատման գծում, ինչպես նաև Սոթք գյուղի մոտ՝ տեղում ռազմական և անվտանգային ցանկացած զարգացումների մասին զեկուցելու համար։ Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը մանդատին և նպաստելու իրավիճակի կայունացմանը: [ԵՄ դիտորդական առաքելությունը՝ X-ի էջում]

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Անկախության օրվա առթիվ։ «Ես վստահ եմ, այո՛, վստահ եմ, որ կկարողանանք ինչպես բազմիցս ապացուցել ենք, որ երբ միասնական ենք՝ կարող ենք անել անհավանականը, այժմ նույնպես մենք կհաջողենք: Մեր հավատով դեպի մեր ուժերը, մեր սկզբունքայնությամբ, մեր միասնականությամբ, մեր սիրով դեպի Հայաստանի Հանրապետություն մենք սա էլ կանցնենք»,- գրել է նա իր ուղերձում։

Երեկ Հանրապետության հրապարակից բերվել է 30 անձ: Aysor.am-ին հայտնեց ՆԳՆ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Նրանցից 28-ը բերման է ենթարկվել ձեռնարկված քրեական վարույթի (https://t.me/infocomm/49620) շրջանակներում, 2-ը՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։ |aysor.am|

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ. «Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, և շարունակում ենք հանձնառու լինել ապահովելու տևական ու արժանապատիվ խաղաղություն Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, որտեղ հարգված են բոլորի իրավունքները»,- ասվում է ուղերձում։

Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակասություններն անընդունելի են և պետք է լուծվեն երկխոսության միջոցով։ Մենք կապ ենք պահպանում երկու կողմերի հետ և նրանց հետ խոսել ենք խնդիրները երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտության մասին։ [Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսի] |armeniasputnik.am|

Իրանից դեպի Հայաստան ու Ադրբեջան ավիաչվերթների արգելքը հանվել է, չեղարկվել է երկու երկրներին դեպի Իրան թռիչքների արգելքը։ «Հայտնի է դարձել հրադադարի մասին, ուստի թույլատրվել է որոշ թռիչքների իրականացումը»,- նշել է Իրանի քաղավիացիայի ներկայացուցիչը։ |tass.ru|

Զոհված զինծառայողների ծնողները օրը փոխվելուն պես Եռաբլուր զինվորական պանթեոնում են՝ թույլ չտալու Նիկոլ Փաշինյանի մուտքը։ Վաղ առավոտյան այնտեղ են ժամանել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը։ Իրադրությունը լարվել է նրանց գալուց հետո։ Ծնողները նրանց թույլ չեն տվել մտնել պանթեոն։ Վիճաբանություն է սկսվել նրանց միջև։ Տեղում իրավիճակը փորձում էին հանդարտեցնել Ռազմական ոստիկանության ծառայողները։ Լրագրողի հարցին, թե ինչու են այսօր մենակ եկել, միշտ Նիկոլ Փաշինյանի հետ են գալիս, Աղազարյանը պատասխանեց․ «Կոնկրետ ես շատ բաներ անում եմ իմ խղճին համաձայն»։

Կառավարությունը հետաձգել է Snoop Dogg-ի երևանյան համերգը։ «Ցավով ենք հայտնում, որ Հայաստանի կառավարությունը մեզ է փոխանցել իր որոշումը հետաձգելու Snoop Dogg-ի՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգը»,- անգլերենով գրել է համերգը կազմակերպող ընկերությունը՝ նշելով, որ նոր համերգի տոմսերի և ժամկետի մասին կհայտնեն շուտով։

Իրադրությունը դարձյալ լարվել էր կառավարության շենքի մոտ։ Քաղաքացիներից ոմանք Տիգրան Մեծի պողոտայի մի հատվածը փորձում էին փակել աղբամաններով, բայց ոստիկանները թույլ չէին տալիս, նրանք ցուցարարներից մի քանիսին ուժի կիրառմամբ բերման ենթարկվեցին։ Ցուցարարները վանկարկում էին «Նիկո՛լ, դավաճա՛ն», «Արցա՛խ»։

ԱՄՆ Սենատի՝ արտաքին արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը և Սենատի ռազմական հարցերով հանձնաժողովի նախագահ Ջեք Ռիդը նամակ են հղել պետքարտուղար Բլինքենին։ Սենատորները կոչ են արել անհապաղ դատապարտել Ադրբեջանի կառավարության գործողությունները ԼՂ-ում: Նրանք կոչ են չհրաժարվել Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևի պահանջներից և դադարեցնել ԱՄՆ-ի հետագա օգնությունը Ադրբեջանին։ |amerikayidzayn.com|

Սեպտեմբերի 20-ին, ժամը 22:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: [ՀՀ ՊՆ]

Հեռախոսազրույց են ունեցել Էրդողանն ու Ալիևը։ Ալիևը Էրդողանին տեղեկացրել է «Ադրբեջանի ձեռնարկած գործուղություններից հետո ստեղծված իրավիճակը»։ Թուրքիայի նախագահը վերահաստատել է Թուրքիայի ի սրտե աջակցությունն Ադրբեջանին։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։ [Թուրքիայի նախագահի աշխատակազմ]

ԱԺԲ հանրահավաքի մասնակիցները կառավարական առանձնատան մոտից շարժվեցին Ազգային ժողովի շենք, որտեղ, ԱԺ ճաղավանդակներին մագլցելով փորձեցին, վերև բարձրանալ, սակայն ոստիկանները խոչընդոտեցին, ինչից հետո քաշքշուկ սկսվեց ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև։ Իրավիճակի հանդարտեցումից հետո հանրահավաքի մասնակիցները Բաղրամյան պողոտայով շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ, ինչպես հայտարարեց ԱԺԲ վարչության անդամ Ժիրայր Սեֆիլյանը, կշարունակեն իրենց հանրահավաքը։

ՔԿ-ն հայտնում է, որ Կառավարության շենքի դիմաց իրականացվող ակցիայի մասնակիցներին մի քանիսը ձերբակալվել են։ Հաղորդագրության մեջ նշվում է․ «Ժամը 21։30-ի սահմաններում հավաքի մասնակիցները մոտեցել են Կառավարության շենքի մուտքին և խմբով հարձակում են գործել շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության շարքերի վրա, որոնք զուգորդվել են ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնությամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով և նրանց, Կառավարության շենքի ուղղությամբ քարեր, տարբեր առարկաներ նետելով։ Մի շարք անձինք ձերբակալվել են։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ուսումնասիրվում են դեպքի վայրում իրականացվող տեսանկարահանումների տեսագրությունները։ Զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին և մասնակիցներին ձերբակալելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում նրանց նույնականացնելու, ինքնությունը պարզելու ուղղությամբ»։

Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը գոհունակությամբ նշել է, որ հաջողվել է հաղթահարել հակամարտության սուր փուլը եւ ողջունել է ռուսական խաղաղապահների ակտիվ մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը մարտական գործողությունների ամբողջական դադարի եւ սեպտեմբերի 21-ին Բաքվի ու Ստեփանակերտի ներկայացուցիչների միջեւ բանակցություններ վարելու վերաբերյալ։ Այդ բանակցությունները տեղի կունենան ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարության միջնորդությամբ։ [ՌԴ ԱԳՆ]

ԺԲ հանրահավաքի մասնակիցները Ազատության հրապարակից երթով շարժվեցին ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն։ Քաղաքացիները վանկարկում էին «Ռուսաստան դավաճան», մասնակիցներից մեկը դեսպանատան մոտ պատռեց իր ռուսական անձնագիրը։ Երթն այնուհետև շարժվեց դեպի կառավարական առանձնատուն, որտեղ ելույթներ ունեցան ԱԺԲ խորհրդի անդամները։ Մասնակիցները վանկարկում էին «Նիկոլ դավաճան»։

Իտալիայի ԱԳՆ-ն առաջարկել է Հռոմում հանդիպում անցկացնել՝ Արցախում իրավիճակի կարգավորման հարցով։ Իտալիայի ԱԳ նախարարը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին։ Նրա խոսքով խոսքով երկու նախարարներն էլ հետաքրքրություն և պատրաստակամություն են հայտնել հանդիպելու Հռոմում։

Սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ Արցախում կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր: Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որից 13-ը երեխաներ են: Այս պահին կա հաստատված 10 քաղաքացիական զոհ, որից 5-ը՝ երեխա:

Իլհամ Ալիևը դարձյալ հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են, և թե իրենք «հայկական կրիմինալ ռեժիմի հանցագործությունների համար» հայ ժողովրդին չեն մեղադրում։ «Մենք կրիմինալ ռեժիմի տարրերին ենք պատասխանատվության ենթարկել և պատասխանատվության ենք ենթարկելու»,- ասաց Ալիևը՝ հավելելով, թե ոմանք իրենց հասանելիք պատիժն արդեն ստացել են, ոմանք էլ կստանան։

Մաշտոցի պուրակում հանրային քննարկումների 35-րդ օրը Արժանապատվության շարժման մասնակիցները տեղադրել էին վրաններ ու շղթա կազմելով շրջապատել դրանք, սակայն ոստիկանությունը ուժի գործադրմամբ բերման ենթարկեց ակցիայի մասնակիցներից 9 հոգու։ «Մենք պաշտպանելու ենք վրանը, մենք պաշտպանելու ենք իրար, մենք պաշտպանելու ենք Հայաստանը»,- գրված է Արժանապատվության շարժման էջում ակցիայի վերաբերյալ տեսանյութին կից հրապարակման մեջ։

Հանրապետության հրապարակում էր նաև Վազգեն Մանուկյանը։ Նա նշեց՝ վաղվա հանրահավաքին կասի Ազգային կոմիտեի կազմը, ինչպես նաև այն, թե ինչ գործունեությամբ է կոմիտեն զբաղվելու։ Հանրահավաքի մասնակիցներին կոչ արեցին վաղը՝ առավոտյան 7-ից սկսած, հավաքվել Եռաբլուրում։

Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը պետք է վստահ լինի, որ Ադրբեջանը «աչք չի դրել իր հողի վրա»։ «Մենք ճանաչում ենք նրա (Հայաստանի՝ խմբ.) տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա։

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, թե Լեռնային Ղարաբաղում այսօր ժամը 13:00-ից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր չեն արձանագրվել։Մինչդեռ օրվա ընթացքում Արցախի բնակիչները հաղորդում էին, որ տարբեր հատվածներում, այդ թվում Ստեփանակերտին հարակից տարածքներում, պարբերաբար լսվել են կրակոցներ։ «Արյունահեղություն թույլ չտալու եւ հումանիտար իրավունքի նորմերին հետեւելու համար Բաքվի, Երեւանի եւ Ստեփանակերտի հետ անընդհատ փոխգործակցություն է պահվում»,- ասված է ռուսական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցերի: [ՀՀ վարչապետի խոսնակ]

Հավաքագրվում են տվյալներ Արցախում զոհված և ճակատագիրն անհայտ քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ։ Խնդրում ենք հարազատներին տեղեկություններ ներկայացնել՝ այցելելով ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ Կնունյանցների 1 հասցեով կամ զանգահարելով 047 97 90 46 հեռախոսահամարին։ [Արցախի ՄԻՊ]

Վառ հիշատակ տարածաշրջանում խաղաղության համար ինչպես միշտ հարվածն իրենց վրա վերցրած զոհված ռուս խաղաղապահներին։ Սեւ անշնորհակալությունը, որով փորձում էին կասկածի տակ դնել խաղաղապահների գործունեությունը, չի ստվերի նրանց սխրանքը, բայց հավերժական ամոթ կլինի զրպարտիչների վրա։ [ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ռուս խաղաղապահների զոհվելու դեպքի մասին]

Հանրապետության հրապարակում այսօր հանրահավաք է։ Ընդդիմությունն առաջարկում է ստեղծել Ազգային կոմիտե։ Իշխան Սաղաթելյանը նշեց՝ այս որոշմանը հանգել են գրեթե բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունից հետո։ Խորհրդակցության ժամանակ նաև գործողությունների ծրագիր են կազմել, որը կփոխանցեն կոմիտեին։ Ծրագրի նպատակը գործող կառավարությանը հեռացնելն է։ Սաղաթելյանի խոսքով խորհրդարանական ընդդիմությունն օգտվելու է նաև Ազգային ժողովում ինպիչմենտ սկսելու գործընթացից։

Արցախում Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակման հետևանքով առնվազն 5 երեխա է զոհվել։ X–ի իր միկրոբլոգում տեղեկությունը հրապարակել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Նրա տեղեկություններով ևս 13 երեխա վիրավոր է։

Քայլեր են ձեռնարկվում ռազմական ագրեսիայի հետևանքով ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած համայնքներից մի քանի հազարի հասնող տարհանված բնակիչներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ: Առաջնային օգնություն է ցուցաբերվում առավել խոցելի խմբերին և Ստեփանակերտում հանգրվանելու հնարավորություն չունեցող քաղաքացիներին: Հարցերի և խնդիրների դեպքում խնդրում ենք մոտենալ կառավարության շենք կամ զանգահարել (047) 96 19 06 հեռախոսահամարով: [Արցախի քաղպաշտպանության շտաբ]

Իմփիչմենթի համար զանգվածայնություն է պետք։ Դա մի օրվա գործընթաց չէ, երբ որ զանգվածայնությունը կապահովվի, դրանք զուգընթաց գործընթացներ են» Իշխանափոխությունը մենք չենք պատկերացնում հարձակումները կամ այլ բաները, մենք գործողությունը պատկերացնում ենք մարդկանց զանգվածայնությունը ապահովելը և իշխանափոխություն անելը։ [Անդրանիկ Թևանյան] |azatutyun.am|

Արցախում գնդակոծության է ենթարկվել ռուս խաղաղապահների ավտոմեքենան, ինչի հետևանքով զինծառայողներ են զոհվել։ Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։ Ըստ ՊՆ-ի՝ տեղում աշխատում են ՌԴ և Ադրբեջանի քննչական մարմինների ներկայացուցիչները՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները։ |tass.ru|

Reuters-ին տված հարցազրույցում ընդգծել եմ, որ իդեալական աշխարհում Լեռնային Ղարաբաղի հայերը կարող էին ապրել Ադրբեջանի կազմում, սակայն նայելով պատմությանը՝ դժվար է դա պատկերացնել: Որպեսզի դա տեղի ունենա, խաղաղ բնակիչների վրա կրակելու փոխարեն անհրաժեշտ է երկխոսություն Ստեփանակերտի և Բաքվի միջև։ [ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ X-ում]

Մեծ Շեն գյուղը շրջափակման մեջ է, տարհանում չեն կարողանում անել։ Այս մասին հայտնել է Հին Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը: «Զինադադար մեր հատվածում չկա: Դեռ մեր գյուղի մեջ չեն խփել, բայց կողքերն են խփում: Եղցահողից տարհանում հաջողվել է անել, բայց մեր գյուղից տարհանում չենք կարողացել անել, կանայք, ծերեր, երեխաներ... բոլորն այստեղ են: Եղցահողն արդեն չկա, հողին են հավասարեցրել, այնտեղ էլ մարդ չկա»,- նշել է գյուղապետը: |news.am|

ՀՀ-ն պետք է իր դիվանագիտական գործիքակազմով ամեն ինչ անի, որ ԼՂ հայությունը, ինչպես հազարամյակներով ապրել է ԼՂ տարածքում, այդպես էլ շարունակի ապրել էդտեղ։ Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասաց ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը պատրա՞ստ է պատշաճ ընդունել Արցախից դուրս գալ ցանկացող քաղաքացիներին։

«Իրավական տեսանկյունից Բաքուն այսօր գործում է իր տարածքում։ Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ներքին գործն է։ Սրա հետ մեկտեղ կարեւոր է, որ այնտեղ ապրող խաղաղ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը ապահովվեն»․ ՌԴ Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդին

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիան և դրա ազդեցությունը խաղաղ բնակչության, հատկապես ամենախոցելի խավերի վրա։ Միյատովիչն այդ մասին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ վերջին տարիների ընթացքում տեղի բնակչությունը տուժել է տարածաշրջանում ռազմական գործողությունների հետևանքներից:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առավոտյան ունեցած հեռախոսազրույցում կոչ եմ արել ապահովել ամբողջական հրադադար, և որ Ադրբեջանը ցուցաբերի ապահով և արժանապատիվ վերաբերմունք Ղարաբաղի հայերի նկատմամբ». Շառլ Միշել

Սեպտեմբերի 19-ին կատարված իրադարձություններով պայմանավորված ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է 11 քրեական գործ, որոնցից 6-ը՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, 4-ը՝ ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու, 1-ը՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հատկանիշներով։ Նշված քրեական վարույթներով ձերբակալվել է 4 քաղաքացի։

«Մենք շարունակում ենք մեր շփումները նաեւ հայկական կողմի հետ։ Հայաստանը եղել եւ մնում է մեր շատ կարեւոր դաշնակիցը, գործընկերը, մեր մտերիմ երկիրը։ Միաժամանկ մենք շարունակում ենք շփումները Ադրբեջանի հետ, այն եւս մեր շատ կարեւոր գործընկերն է»,- նշել է Պեսկովը։

«Նախատեսում ենք այսօրվանից ձեւավորել հետագա գործողությունների համար, այսպես ասած, հակաճգնաժամային կառավարման շտաբ, որի նպատակը լինելու է մեր երկրի հաղթանակի ձեւակերպումն ու դրան ուղղված գործողությունների իրականացումը։ Արցախով ոչինչ չի ավարտվել, չի էլ ավարտվելու, եթե կարծում ենք, որ վաղվանից ոչ մի բան չպետք է անենք, չարաչար սխալվում ենք, որովհետեւ պատերազմն ու ռումբերը Երեւանին են հասնելու»,- հայտարարեցին «Ազատազէն»-ի անդամները։

Իրանը այսօրվանից կչեղարկի Իրան-Հայաստան և Իրան-Ադրբեջան բոլոր չվերթները։ Այս մասին հայտարարել է Իրանի քաղավիացիայի ղեկավարը։ Պաշտոնյան նշել է՝ «ելնելով տարածաշրջանի պայմաններից, այսօրվանից մինչև հաջորդ ծանուցումը, կչեղարկվեն բոլոր չվերթները՝ իրանցի ուղևորների անվտանգությունը ապահովելու նպատակով»։

ՀՀ-ն արդյո՞ք ծրագրեր մշակել է, թե ինչպես է կազմակերպելու արցախցիների հնարավոր ներհոսքը, որտե՞ղ են տեղավորելու և ի՞նչ օժանդակության ծրագրեր են նախատեսվում։ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության մամուլի քարտուղար Նելլի Դավթյանը Factor TV-ի հետ զրույցում դրական պատասխան տվեց։

Տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների պաշտպանությունը կարմիր գիծ է Իրանի համար։ Այս մասին Թեհրանում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին։ Անդրադառնալով ԼՂ-ում մարտերի բռնկմանը, Աշտիանին հաստատել է Իրանի հավատարմությունը Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով համագործակցությանը։ Շոյգուն իր հերթին աջակցությունն է հայտնել կովկասյան զարգացումների վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը։ Կողմերը իրենց անհամաձայնությունն են արտահայտել տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի առկայությանը։

«Եվրամիությունն ի գիտություն է ընդունում Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը և ուշի ուշով հետևում է իրավիճակի զարգացմանը», - այսօր Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պիտեր Ստանոն։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ ագրեսիայի մանրամասները, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում առկա զոհերի մասին տվյալներ։

ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել Արցախում ռուս խաղաղապահների բազայի ճամբարից, որտեղ տեղավորվում են խաղաղ բնակիչներ։ Գերատեսչությունը նշում է, որ ներկայումս այնտեղ գտնվում է 2261 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 1049 երեխա։

Ռուս խաղաղապահներն ակտիվորեն աշխատում են բոլոր կողմերի հետ, որոնք ներգրավված են Ղարաբաղի կոնֆլիկտում, անում են ամեն ինչ, որ պաշտպանեն խաղաղ բնակչությանը։ [Վլադիմիր Պուտին]

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից «Հետքին» հայտնում են, որ ժամը 14։00-ի դրությամբ ադրբեջանական զինած ուժերը շարունակում են թիրախավորել Ստեփանակերտը։ Բնակիչները շարունակում են մնալ ապաստարաններում։

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ (ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մաս):

Տեղի ունեցածը ընդունում ենք ի գիտություն եւ կշարունակենք հետեւել զարգացումներին։ Հիմա ամենակարեւոր հարցն այն է, որ ԼՂ հայերի՝ իրենց տներում ապրելու իրավունքը լիարժեք կերպով ապահովվի ՌԴ կողմից, եւ գործնական առումով մենք կհետեւենք իրադարձություններին, իհարկե նաեւ որոշակի գուցե մտքերի փոխանակում կունենանք մեր միջազգային գործընկերների հետ այս իրադրության հետ կապված եւ լրացուցիչ ասելիք ունենալու դեպքում այն անպայման կկիսենք ձեզ հետ։ [Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի հարցով ձեռք բերված համաձայնության մասին]

Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերման, սպառազինության ու ծանր տեխնիկայի հանձնման «գործընթացների իրականացումն ապահովվում է ռուսական խաղաղապահ զորախմբի համակարգմամբ»։

Դե յուրե հիմա խոսքը Ադրբեջանի Հանրապետության՝ սեփական տարածքում գործողությունների մասին է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ «Մոսկվան չի ընդունում Ղարաբաղի հարցով Հայաստանի կշտամբանքներն իր հասցեին, դրանք անհիմն են»։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իբր հեռախոսազրույցի ենթադրյալ ձայնագրությանը, որ տարածվում է սոցցանցերում:

Բույար Օսմանին խոր մտահոգություն է հայտնել տարածաշրջանում երեկվա ռազմական գործողությունների և դրանց հետևանքով քաղաքացիական բնակչության համար ստեղծված վտանգների վերաբերյալ: Նա կոչ է արել անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը:

Ռուս խաղաղախահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօր՝ ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված արարքների համար ՀՀ կառավարության շենքի մոտից բերման է ենթարկվել 11 անձ, իսկ ՌԴ դեսպանատան մոտից` 5 անձ:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ «Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում բոլոր կողմերին և միջազգային հանրությանը լռեցնել իրենց զենքերը և գործադրել բոլոր ջանքերը խաղաղ լուծումներ գտնելու համար»,- ասել է նա Սուրբ Պետրոսի հրապարակում։

«Ընդհանուր առմամբ տարհանվել է ավելի քան երկու հազար խաղաղ բնակիչ, որից 1149-ը երեխաներ են: Տարհանված բոլոր բնակիչներին տրամադրվել են ժամանակավոր կացարաններ և տաք սնունդ»,- ասվում է ՌԴ ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ:

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ երեկ Կառավարության շենքի մոտ տուժած քաղաքացիներից այս պահին բուժումը շարունակում է 3-ը: Նրանցից մեկի վիճակը բավարար է, վիրահատվել է:  Եվս 2 քաղաքացի գտնվում է բուժաշխատողների դինամիկ հսկողության տակ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գրանցված տեղեկությունների համաձայն՝ հրետակոծությունների հետևանքով այս պահի դրությամբ կան 32 զոհ, 200-ից ավելի վիրավոր, այդ թվում՝ 7 զոհ (2 երեխա) և 35 վիրավոր (13 երեխա) քաղաքացիական բնակչության շրջանում։

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Անար Էյվազովն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մշտական, օպերատիվ կապի մեջ են ռուսական խաղաղապահ զորախմբի հետ․ «Ստեղծում ենք անհրաժեշտ պայմաններ, որ նրանք կատարեն իրենց պարտականությունները»,- հայտնել է նա։

Սերժ Թանկյանը շարունակում է ահազանգել Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ բնաջնջման մասին։ Նա իր հետեւորդներին կոչ է արել «բղավել» այս մասին՝ վերջ դնելու համար աշխարհի լռությանը։ 

Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին «Ռադիոլուրին» փոխանցել է, որ երեկ Արցախի երկու հիվանդանոցներին բժշկական անհրաժեշտ պարագաներ են հասցրել։

Այս պահին ժամանակի հրամայականն է, որ հզոր ղեկավարները և պետությունները դեմ կանգնեն Ադրբեջանին և հստակ ցույց տան, որ հայերի դեմ հետագա ագրեսիա չեն հանդուրժի, և որ դրա դեմ կօգտագործվեն ցեղասպանության կանխարգելման գործիքակազմի բոլոր հասանելի տարբերակները։ Եթե նման բան չարվի, ապա արդյունքում այդ ղեկավարները և պետությունները պատասխանատու կլինեն ցեղասպանությանը մեղսակցելու համար․Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտ

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի մերձակայքից բացի հրետանային արկերի ձայներից, լսվում են նաև հրաձգային զենքերի կրակոցների ձայներ, ինչը նշանակում է, որ մերձակա մարտեր են ընթանում։ Այս մասին հայտնում է «Հետքի» Ստեփանակերտի թղթակիցը։

Բնակչության շրջանում խուճապային տրամադրություններով պայմանավորված որոշ ընտանիքներ տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի օդանավակայան (Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայր)՝ ակնկալելով ռուս խաղաղապահների աջակցությունը: Ստեփանակերտի քաղաքապետարանը հորդորում է մնալ ապաստարաններում։

Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ՝ զանգածային անկարգությունների մասնակիցների կողմից իրենց ծառայողական պարտքը կատարող, Կառավարության շենքի պահպանությունը և հասարակական կարգի պաշտպանությունն իրականացնող ոստիկանների ուղղությամբ մեծ քանակությամբ քարեր, շշեր, այլ առարկաներ նետելու վերաբերյալ։

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը հայտնում է, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 20-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ։

Նիդերլանդները կոչ է անում անհապաղ դադարեցնել այս ռազմական գործողությունը և վերսկսել կառուցողական երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հայերի հետ։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է ԵՄ արտաքին արաբերությունների ու անվտագնային հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարար Անտոնիո Տայանիի հետ:

«Ազատազէն»-ը պահանջում է ռազմական դրություն մտցնել Հայաստանում։ «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ՀՀ կառավարությունից պահանջում ենք այսօր մինչև 14:00-ն հայտարարել ռազմական դրություն, սկսել զորահավաք, պետական և մասնավոր ամբողջ ռեսուրսն ուղղել Արցախի և Արցախում ապրող ՀՀ քաղաքացիների պաշտպանությանը։ Դիմում ենք մեր հայրենակիցներին, ռազմամարզական կառույցների ներկայացուցիչներին այսօր՝ ժամը 14:00-ին, հավաքվել Գ. Նժդեհի արձանի մոտ միասին քննարկելու մեր հետագա անելիքները»։ [«Ազատազէն» ՌՀԿ խորհուրդ]

«ՀայաՔվե» դիտորդական առաքելության ղեկավար, Երեւանի պետական համալսարանի դասախոս Մենուա Սողոմոնյան ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ գործադուլ է հայտարարում։

«Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման քայլերը հստակորեն շարադրված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններում։ Այնտեղ որոշված էր նաև ռուս խաղաղապահների կարգավիճակն ու գործառույթները, որոնք պետք է ապահովեին կայուն հրադադար։ Եվ ստեղծված պայմաններում խաղաղապահ առաքելությունը շարունակում է կատարել իր առջև դրված խնդիրները»,- գրել է ՌԴ Պետդումայի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին:

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը ծանուցել է Արդարադատության միջագային դատարանին երեկ և այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի առկա հետևանքների, ինչպես նաև հնարավոր անդառնալի կորստի ռիսկի մասին։

Կանանց ու երեխաներին ռուս խաղաղահները փորձել են Լաչինի միջանցքով՝ Հակարիի կամրջով հանել Արցախից, սակայն ադրբեջանցիները սկսել են կրակել խաղաղապահների մեքենաների վրա։ «Ազատությանը» պատմում է Մեծ Շեն գյուղի բուժքույր Սևան Մանջիկյանը, որն ամուսնու հետ մնացել է գյուղում, որ եթե վիրավորներ լինեն, օգնեն։ «Դրա համար էլ ռուսները երեխաներին չհանեցին, հիմա լրիվ էստեղ են, ոչ մեկը դուրս չի եկել»,- պատմեց Մեծ Շենի բուժքույրը։ |azatutyun.am|

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանում, կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին հաղորդում է TACC լրատվական գործակալությունը։

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիի հետ: Հանդիպման առանցքում են եղել ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով ի հայտ եկած անվտանգային և հումանիտար լրջագույն խնդիրները: Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ համապատասխան մեխանիզմների հրատապ գործարկման կարևորությունը: [ՀՀ ԱԳՆ]

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խստորեն անանգստացած է տարածաշրջանում ռազմական ուժի կիրառմամբ և զոհերի վերաբերյալ ստացվող տեղեկությամբ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում։ Գլխավոր քարտուղարը մարտերը դադարեցնելու, դեէսկալացիայի և 2020թ. հրադադարը ու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները խստորեն պահպանելու կոչ է անում։ Նրան շարունակում է անհանգստացնել հումանիտար իրադրությունը «գետնի վրա»։ [ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ]

Ադրբեջանի ՊՆ-ն արդեն բացահայտորեն հայտարարել է Արցախի 120 հազար բնակչության բռնի տեղահանումն իրականացնելու մտադրության մասին, ինչը հավասարազոր է Արցախի ժողովրդին որպես այդպիսին և նրա ընհանրության և ամբողջականության ոչնչացմանը։ Ամբողջ երկիրը ենթարկելով անօրինական պաշարման և որպես պատերազմի մեթոդ օգտագործելով սովը՝ Ադրբեջանը որոշել է դիմել ուժի կիրառման՝ վստահ լինելով, որ չի հանդիպի միջազգային հանրության դիմադրությանը։ Հարկ է ընդգծել, որ [մինչ հարձակում սկսելը Ադրբեջանի տարածած] կեղծիքներից ոչ մեկը չի հաստատվել ռուսական խաղաղապահ զորակազմի հաղորդագրություններով։ [Արցախի ԱԳՆ]

Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են: Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակել է դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համառ դիմադրություն են ցույց տալիս: [Արցախի ՊՆ]

Ժամը 03:00-ի դրությամբ, ՄԻՊ գրասենյակ ստացված տեղեկատվության համաձայն, խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի՝ 3 կին, 2 երեխա և 2 տղամարդ։ [Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան]

ՄԱԿ ԳԱ նստաշրջանի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Միրզոյանը շեշտել է, որ ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիան հարվածի տակ է դնում կայունությունը ողջ Հարավային Կովկասում։ Ներկայացնելով Ադրբեջանի գործողությունների մանրամասները՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ բոլոր միջազգային գործընկերները, որոնք շահագրգռված են տարածաշրջանում կայունությամբ, պետք է հստակորեն դատապարտեն ագրեսիան, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով խնդիրները լուծելու ցանկացած փորձ և Ադրբեջանին վերադարձնեն կառուցողական դաշտ։ [ՀՀ ԱԳՆ]

Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել նաև Իլհամ Ալիևի հետ։ Ըստ ամերիկյան կողմի հաղորդագրության՝ պետքարտուղարը նշել է, որ Ալիևը պատրաստակամություն է հայտնել դադարեցնել ռազմական գործողությունները, և որ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչները հանդիպեն: Նշվում է, որ Բլինքենը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և ապաէսկալաղնել իրավիճակը: Պետքարտուղարն ընդգծել է, որ որևէ ռազմական լուծում չկա, և որ կողմերը պետք է վերսկսեն երկխոսությունը` լուծելու Բաքվի և Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի միջև առկա տարաձայնությունները:

Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ` Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների վերաբերյալ։ Պետքարտուղարը հայտնել է Միացյալ Նահանգների խորը մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ և ընդգծել, որ Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, անհապաղ վերադառնալ երկխոսության։ Նա վարչապետ Փաշինյանին ասել է, որ Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։

Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության կտրուկ սրացման կապակցությամբ թախանձագին կոչ ենք անում հակամարտող կողմերին անհապաղ կանգնեցնել արյունահեղությունը, դադարեղնել ռազմական գործողությունները և բացառել զոհերը քաղաքացիական բնակչության շրջանում: Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն։  «Լեռնային Ղարաբաղի կարգավորման ճակատագրի վրա կտրուկ ազդել է Երևանի կողմից 2022թ. հոկտեմբերին և 2023թ. մայիսին Եվրամիության հովանու ներքո տեղի ունեցած գագաթնաժողովներում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելը: Դա փոխեց հիմնարար պայմանները, որոնց հիման վրա ստորագրվել էր 2020թ. նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտարարությունը, ինչպես նաև ռուս խաղաղապահ զորակազմի դրույթը»:

Հայաստանը նամակ է հղել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին և Ֆրանսիային զուգահեռ կոչ անելով արտակարգ նիստ հրավիրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի կապակցությամբ։ Նիստը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին։ Հստակ դատապարտման և համապատասխան գործողությունների շտապ անհրաժեշտություն կա: [ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ X-ի իր միկրոբլոգում]

Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում․ Մակրոն «Հարձակումը պետք է անհապաղ դադարեցվի, և քննարկումները վերսկսվեն բնակիչների իրավունքների և անվտանգության համար։ Ես սերտ կապի մեջ եմ վարչապետ Փաշինյանի հետ», - գրել է Ֆրանսիայի նախագահը X-ի իր միկրոբլոգում։

Հարցին, թե ինչ անվտանգային ռեսուրս մենք ունենք, ինչ պետք է անենք, ԱԽ քարտուղարը պատասխանեց.  «Այդ հարցին պատասխանելու համար պետք է վերջին շրջանում հնչող ամենակարեւոր հարցին պատասխանել․ արդյոք ՌԴ լքո՞ւմ է տարածաշրջանը»։ Գրիգորյանի խոսքով՝ ԼՂ-ում սկսել են լայնամասշտաբ ռազմական գործողություններ, էթնիկ զտման եւ ցեղասպանության վտանգ կա, եւ եթե ՌԴ-ն ուզում է մնալ տարածաշրջանում, նա ինչ-որ քայլեր պետք է անի կանխելու սա։ Եթե չի կանխում, ապա հարցին կարելի է միանշանակ դրական պատասխան տալ այն իմաստով, որ ՌԴ-ն ուզում է լքել տարածաշրջանը:

Կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով տուժածների շարքում է նաև ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նա վնասվածքներ է ստացել։ Գեղամ Մանուկյանին տեղում բուժօգնություն ցուցաբերելուց հետո շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ |aysor.am|

Ադրբեջանի ԶՈՒ-ն, շաբաթներ շարունակ ապատեղեկատվություն տարածելուն զուգահեռ, ռազմական տեխնիկայի և անձնակազմի տեղաշարժեր և կուտակումներ էր իրականացնում շփման գծի երկայնքով, ինչը փաստող անհերքելի տեսանյութ պաշտպանության բանակը ներկայացրել էր դեռևս սեպտեմբերի 5-ին: Այդպիսի տեսանյութեր սփռվում էին նաև հենց ադրբեջանական սոցիալական ցանցերում: Ադրբեջանի ՊՆ-ն ամենօրյա ռեժիմով տարածելով հրադադարի խախտման, ամրաշինական և ինժեներական աշխատանքների կատարման, քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգի աշխատանքը խափանելու վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ` քարոզչական դաշտում տեղեկատվական հենք նախապատրաստեց Արցախի Հանրապետության դեմ լայնածավալ ռազմական ագրեսիա սկսելու նպատակով: [Արցախի ՊՆ]

Հանրապետության հրապարակում շարունակվող զանգվածային հավաքի երեք մասնակիցների մոտ հայտնաբերվել են սառը զենքեր՝ դանակներ։ Նշված հանցավոր արարքը կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձինք ձերբակալվել են։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացվում է նախաքննություն։ [ՀՀ ՔԿ]

Ադրբեջանի հատուկ ծառայությունները Արցախի պաշտոնատար անձանց անունից «SMS» հաղորդագրություններ են ուղարկում քաղաքացիներին՝ փորձելով խուճապ տարածել։ Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում նման հաղորդագրություններ ստանալու դեպքում չպատասխանել և խուճապի չմատնվել։ Կասկածելի բնույթի հաղորդագրություններ, զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմեք ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26: [Արցախի ԱԱԾ]

Արցախի ՊՆ-ն նշում է՝ Ադրբեջանի ՊՆ-ն ողջ օրվա ընթացքում փորձել է հիմնավորել իր կեղծ պնդումն այն մասին, թե քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական անձանց ուղղությամբ իբր կրակ չի բացել: «Ադրբեջանի ՊՆ տեղեկատվական ստահոդ քաղաքականության նպատակը միջազգային հանրությանը մոլորեցնելն է: Ինչպես հայտնել են պաշտոնական աղբյուրները, զոհեր կան նաև քաղաքացիական բնակչության շրջանում: Ադրբեջանական քարոզչամեքենայի կիրառած տեղեկատվական հնարքների հետևանքով հայկական սոցիալական ցանցերում շրջանառվել են նաև մի շարք սխալ կամ կեղծ տեղեկություններ: Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը կոչ է անում հետևել բացառապես պաշտոնական աղբյուրներին»:

Կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով նախնական տվյալներով տուժել է 34 անձ, որից 16-ը ոստիկան, 18-ը քաղաքացիական անձինք: Նրանցից 17֊ը ստացել է անհրաժեշտ բուժօգնություն և դուրս է գրվել։ 16 տուժած շարունակում է ստանալ մարմնական թեթև վնասվածքներին համարժեք բուժում։ 1-ը վիրահատվել է: [ՀՀ ԱՆ]

Հարցին, թե արդյոք Հայաստանը պետք է ռազմական միջամտություն ցուցաբերի այս կոնֆլիկտին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ասաց․ «ՀՀ-ն շարունակում է պաշտպանել միայն ՀՀ սուվերեն տարածը, եւ սա է ՀՀ առաջնահերությունը։ ԼՂ-ում ստեղծված իրավիճակի հետ կապված միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի, առաջնահերթ ՌԴ-ն պետք է քայլեր ձեռնարկի, որովհետեւ գետնի վրա նրանք ներկայություն ունեն, խաղաղապահներն այնտեղ են, նրանց պարտավորությունն է ոչ թե պարզապես բժշկական օգնություն կամ ինչ-որ նմանատիպ քայլեր անել, այլ իրականում պաշտպանեն ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակում, որտեղ կա նախագահ Պուտինի ստորագրությունը»։

ՀՅԴ գրասենյակում մի շարք քաղաքական ուժերի մասնակցությամբ հավաքն ավարտվել է։ Հանդիպմանը երկու տասնյակ քաղաքական ուժեր են ներկա եղել։ Այս մասին հայտնել է Դաշնակցական Արթուր Խաչատրյանը։ Արդյունքների մասին դեռևս տեղեկություններ չկան։

Ժամը 22:30-ի դրությամբ Արցախում կա 27 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են։ Տուժածների թիվն այս պահին գերազանցում է 200-ը։ Թվերը չեն ներառում Ասկերանի և Մարտունու բուժհաստատությունների տվյալները, քանի որ նրանց հետ դեռ կապ չի հաստատվել։ [Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ X-ի իր միկրոբլոգում]

Համացանցում շրջանառվող լուրը, թե Ասկերանում մայրը իր 4 երեխաների հետ զոհվել է, իրականությանը չի համապատաախանում։ [Արցախի առողջապահության նախարարություն]

Հիմա էլ Ադրբեջանը շարունակում է ռազմական գործողությունները։ Մինչեւ այս պահը, ինչքան էլ միջազգային հանրության ներգրավում է եղել, դեռեւս չի հաջողվել զսպել Ադրբեջանին։ Ադրբեջանն, ինչպես վերջին շրջանում մենք պարբերաբար զգուշացնում էինք, փորձում է էթնիկ զտում, նաեւ ցեղասպանություն կազմակերպել Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Գրիգորյանի խոսքով՝ այս հարձակումը ոչ միայն ԼՂ-ի վրա է, թիրախում նաեւ ՀՀ-ն է, որովհետեւ հասկանալի պատճառով ԼՂ-ում տեղի ունեցող իրադարձություններն ազդեցություն են ունենում Հայաստանի վրա. «Դուք դա տեսել եք նոյեմբերի 9-ին, երբ հարձակման էին ենթարկվում կառավարական շենքերը, եւ այսօր էլ դուք տեսել եք, որ Հանրապետության հրապարակում որոշ ուժեր, բնականաբար, արտաքին ուժերի աջակցությամբ, կարելի է ասել ուղիղ աջակցությամբ, համենայն դեպս նրանց խոսույթներն առաջ տանելով՝ փորձում էին Հայաստանում թիրախավորել իշխանությանը։ Սա է ամբողջ իրականությունը»,- ասաց ԱԽ քարուղարը։

Մարտերը շփման գծի երկայնքով շարունակվում են։ Արցախի պաշտպանության բանակը համառ դիմադրություն է ցույց տալիս տարբեր ուղղություններում առաջխաղացման փորձեր իրականացնող ադրբեջանական զինուժին: Ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակում է կիրառել հրետանային ու հրթիռային միջոցներ։ [Արցախի ՊՆ]

Արցախի Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջանների 16 քաղաքացիական համայնքներից տարհանվել է ավելի քան 7000 մարդ։ [Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ X-ի իր միկրոբլոգում]

Երեւանում ՌԴ դեսպանատան բնականոն գործունեությունը շարունակում է անհնարին մնալ, դիվանագիտական ներկայացուցչությունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ միջոցներ ձեռնարկելու նպատակով. ՌԴ դեսպանատան մամուլի ծառայություն: «Ուշադրություն ենք հրավիրել համացանցում տարածվող՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիա անցկացնելու կոչերի վրա։ Դրանց հայտնվելուց հետո դիվանագիտական առաքելությունը արգելափակման մեջ է հայտնվել սկզբում մասնակի, հետո ամբողջությամբ։ Բնականոն գործունեությունը շարունակում է անհնարին մնալ։ Կապի մեջ ենք ՀՀ իրավասու մարմինների հետ։ Նոտա ենք հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ դեսպանության բնականոն գործունեության վերականգման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար՝ համաձայն դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների»։ |tass.ru|

«Թեև տեղեկություններ կան, որ Ադրբեջանը որոշ դիրքերի ու հատվածների նկատմամբ վերահսկողություն է հաստատել, այնուամենայնիվ ամեն մետրի համար ծանր մարտեր են: Արցախցիները մեծ ճակատամարտ են տալիս, ադրբեջանցիները մարտադաշտում մեծաթիվ կորուստներ ունեն, ինչն էլ դանդաղեցրել է նրանց առաջխաղացումը տարբեր ուղղություններում: Սակայն այս կռիվը պետք է արագ կանգնեցնել, որովհետև այն իր հետ մեծ ցավ ու տառապանք է բերում Արցախում ապրող մեր հայրենակիցներին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ՝ կողմերին կոչ անելով կատարել հրադադարի համաձայնագրի պայմանները և հարցերը լուծել երկխոսության միջոցով։«Իրանը Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մաս և կարծում է, որ նրա խնդիրները, այդ թվում՝ նրա բնակիչների իրավունքները և անվտանգությունը, պետք է լուծվեն այս շրջանակներում և երկխոսության միջոցով»,- ընդգծել է նա։ Քանաանին ևս մեկ անգամ ընդգծել է տարածաշրջանի երկրների դերը վեճերի՝ խաղաղ ճանապարհով լուծմանը նպաստելու գործում և հիշեցրել Իրանի պատրաստակամությունը՝ այս հարցով 3+3 ձևաչափով հանդիպում անցկացնելու։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր երկրի քաղաքացիներին զգուշացրել է Արցախում ընթացող մարտերի մասին՝ շեշտելով, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով ռազմական գործողություններ չեն գրանցվել։ Դեսպանությունը սա համարում է արագ զարգացող իրավիճակ և շարունակում է ուշադիր հետևել: Դեսպանատունը խորհուրդ է տվել դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին շարունակել հետևել գործող սահմանափակումներին, այսինքն՝ խուսափել հետևյալ վայրեր ոչ կարևոր ճանապարհորդություններից՝ Տավուշի մարզ՝ Մ4 մայրուղու երկայնքով Իջևանից հյուսիս և բոլոր դեպի արևելք ընկնող բոլոր տարածքները, Գեղարքունիքի մարզ՝ Սևանա լճից արևելք, Սևանա լճից հարավ և M10 մայրուղուց արևելք, Արարատի մարզ՝ Երասխ գյուղ, Վայոց ձորի մարզ, Սյունիքի մարզ։

Կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարների հրահրած անկարգությունների հետևանքով բժշկական օգնության են դիմել ոստիկաններ և քաղաքացիներ։ Տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, մի քանիսը հոսպիտալացվել են։ Նրանք այս պահին անցնում են բժշկական անհրաժեշտ հետազոտություններ։ [ՀՀ ԱՆ]

ՀՀ ՄԻՊ-ը կոչ է անում պետական իրավասու մարմիններին ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը և չկիրառել անհամաչափ ուժ: Պաշտպանն ընդգծում է, որ ֆիզիկական ուժի կամ հատուկ միջոցների գործադրումը կարող է տեղի ունենալ բացառապես օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում՝ կոնկրետ իրավիճակին խիստ համապատասխան: Պաշտպանը հորդորում է հավաքի մասնակիցներին ցուցաբերել զսպվածություն, ապահովել հավաքի խաղաղ ընթացքն ու օրենսդրությամբ սահմանված պահանջները։ Տեղեկացնում ենք, որ այսօր ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով, աշխատակազմում իրականացվում են մշտադիտարկումներ և ուսումնասիրություններ: [ՀՀ ՄԻՊ]

Լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Ստեփանակերտի Վ. Մամիկոնյան և Մ.Սպարապետ փողոցներում՝ բնակելի տների հարակից տարածքներում հայտնաբերվել են չպայթած արկեր: Անծանոթ իրերի հանդիպելիս ձեռք չտալ, առավել ևս չփորձել այն տեղափոխել այլ վայր: Հորդորում ենք անմիջապես զանգահարել ծառայության թեժ գծի հեռախոսահամարներին` 911, 101, 112: [Արցախի ՆԳՆ]

Կա հետեւյալ ճանապարհը․ բոլորս շարունակում ենք մնալ այստեղ, երկրորդը՝ ես հիմա կոչ եմ անում մեր քաղաքացիներին մայրաքաղաքի, մարզերի, բոլորդ հավաքվեք Հանրապետության հրապարակում։ Որքան բազմամարդ, խաղաղ ու անցնցում լինի մեր գործողությունը, այնքան ավելի արագ ու հեշտ կհեռացնենք Նիկոլ Փաշինյանին, իշխանության աղբյուրը ժողովուրդն է, եւ իշխանության աղբյուր ժողովուրդն իր ճնշմամբ պետք է իրականացնի իշխանափոխություն։ Ես նաեւ առաջարկում եմ մեր այստեղի պրոցեսներին զուգահեռ քաղաքական ուժերին նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթաց իմպիչմենտի միջոցով։ [Անդրանիկ Թևանյանը՝ Հանրապետության հրապարակում]

Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունները [...] նպատակ են հետապնդում ամբողջապես հայաթափելու Արցախը: Հաջորդիվ պլանավորվում է Հայաստանին պատերազմի մեջ ներքաշել և հարձակվել մեր սուվերեն տարածքի վրա։ Դրսի որոշ կենտրոնների նպատակը այս ֆոնին Հայաստանում հեղաշրջում անելն ու Հայաստանի ինքնիշխանությունը վերացնելն է: Անչափ կարևոր է պահպանել մտքի զգոնությունը և սթափությունը։ ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունն անսակարկելի են մեզ համար և ռազմաճակատում լարմանը զուգահեռ իրականացվող բռնի հեղաշրջման փորձերը շատ կոշտ ձևով կասեցվելու են։[Տիգրան Ավինյան]

21։00-ի դրությամբ Արցախում կա 138 վիրավոր, որոնցից 29-ը քաղաքացիական անձին եք․ 112-ը՝ Ստեփանակերտի ԲԿ-ից, 11 երեխա՝ մանկական ԲԿ-ում, 15-ը՝ Մարտակերտի շրջանային հիվանդանոցում։ Ասկերանի և Մարտունու ԲԿ-ների հետ կապ հաստատել այս պահին չի հաջողվում։ [Արցախի ՄԻՊ]

128 վիրավոր Արցախի ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում է։ «Արևիկ» բուժմիավորումում է 12 երեխա, որոնցից 3-ը՝ ծանր վիճակում: Ներկայումս նրանց վիրահատում են։

Արցախում 25 զոհ կա, որոնցից 2-ը՝ խաղաղ բնակիչ։ 20։00-ի դրությամբ առկա տվյալները Ստեփանակերտի դիահերձարանից հայտնել են Արցախի ՄԻՊ գրասենյակին։

Արցախի 6 բնակավայրերի բնակիչները տարհանվել են։ Դրանք են՝ Խրամորթ, Խնաբադ, Սառնաղբյուր, Նախիջևանիկ, Մաճկալաշեն և Ճանկաթաղ։ [Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան]

Մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են։ Ադրբեջանական ԶՈՒ կողմից կիրառվում են հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա։ Իրավիճակի հետագա զարգացման դեպքում ՊԲ մամուլի ծառայությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով։

Մահվան 5 դեպք է արձանագրվել Արցախի ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում։ ԲԿ-ում այս պահին 80 վիրավոր կա։ Նախնական տվյալներով նրանցից 15-ը քաղաքացիական անձիք են։ Կան նաև ծանր վիրավորներ։[Արցախի ԱՆ]

Շուշիի շրջանի Եղցահող համայնքը՝ ընդհանուր 150 բնակչով, հայտնվել է ադրբեջանական կողմի անմիջական թիրախում։ Ադրբեջանական ԶՈՒ-ն ավերել է համայնքի դպրոցը։ Բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա, նրանք ամբողջությամբ շրջապատված են։ [Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան]

ՀՀ քննչական կոմիտեն կրկին կոչ է անում ազգաբնակչությանը դրսևորել քաղաքացիական վարքագիծ, չկատարել հասարակական կյանքը խաթարելուն, ներքին անվտանգությունը սասանելուն և սահմանադրական կարգի դեմ ուղղված գործողություններ, նման գործողությունների դիմելու կոչեր։

Ադրբեջանը պատրաստ է Եվլախում հանդիպել «Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների» հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի գրասենյակը՝ հավելելով, թե մինչ այս մի քանի անգամ հրավիրել են նրանց «վերաինտեգրացիայի մասին բանակցությունների, բայց նրանք չեն եկել»։ «Միևնույն ժամանակ հակաահաբեկչական միջոցառումների դադարեցման համար հայկական ապօրինի զինված կազմավորումները պետք է սպիտակ դրոշ պարզեն, հանձնեն բոլոր զենքերը, իսկ ապօրինի ռեժիմը պետք է ինքնալուծարվի։Հակառակ դեպքում հակաահաբեկչական միջոցառումները կշարունակվեն մինչև վերջ»,- նշված է հայտարարության մեջ։

Հանրապետության հրապարակում ընթացող ակցիայի կապակցությամբ ՆԳՆ-ն դիմել է հանրությանը․«Կոչ ենք անում զանգվածային ակցիայի ընթացքում չենթարկվել հնարավոր սադրանքների, հակաիրավական քայլերի դրդող կոչերի ու գործողությունների: Հորդորում ենք ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված ցանկացած քայլից, հակահասարակական և հակաօրինական արարքներից: ՆԳՆ ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնում և իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները, ինչն առավել արդյունավետ կլինի մեր հանրության քաղաքացիական բարձր գիտակցության և աջակցության դեպքում»։

Հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են Կառավարության շենքի մոտ։ Նրանք պահանջում են վարչապետի հրաժարականը։ Ոստիկանական մեծաթիվ ուժեր են կուտակված։ Նրանք պատ են կազմել՝ փակելով Կառավարության շենքի մուտքերը։

Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունները պարունակում են իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր․ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Սոցհարթակներում առկա են նման բովանդակության այլ հրապարակումներ ևս, որոնք ուսումնասիրվում են։ ՔԿ-ն հանրությանը կոչ է անում դրսևորել օրինապաշտ, իրավահպատակ վարքագիծ, զերծ մնալ հակաիրավական, պետության անվտանգության և սահմանադրական կարգի դեմ ուղղված գործողություններից, դրանց դիմելուն ուղղված կոչեր հնչեցնելուց։ Ցանկացած առերևույթ հանցավոր դրսևորման տրվելու է համաչափ քրեաիրավական գնահատական։ [ՔԿ]

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Քննարկվել է Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

«Ղարաբաղի մասով մենք իսկապես անհանգստացած ենք լարվածության կտրուկ էսկալացիայով եւ մարտական գործողությունների բռնկմամբ»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Վերջինիս խոսքով՝ քննարկվել է Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության շտաբը ՀՀ իշխանություններից վճռականորեն պահանջում է հրաժարվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման ուղեգծից։ Ի կատարումն այս քայլի՝ պահանջում է ՀՀ-ի անունից անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։

Տեղի են ունենում առանձին հանդիպումներ Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ՝ ներկայացնելու իրավիճակը եւ ձեռնարկելու քայլեր՝ Ադրբեջանի ագրեսիան կանգնեցնելու նպատակով»․ ԱԳ փոխնախարար

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել իր հարձակումը և վերադառնալ միջազգային իրավունքի հարգմանը։ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության ճակատագրի համար նա միանձնյա պատասխանատվություն կենթարկի Ադրբեջանին։ 

Այս պահի դրությամբ կրակի ինտենսիվությունը շփման գծում էականորեն նվազել է։ Հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը՝ հավելելով, որ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։

Ղարաբաղյան կողմը դիմում է ադրբեջանական կողմին՝ անհապաղ դադարեցնել կրակը և ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով նստել բանակցությունների սեղանի շուրջ: 

ԱՀ ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է 2 զոհ (այդ թվում՝ 1 երեխա), 26 վիրավոր (այդ թվում՝ 11 երեխա)։ Քաղաքացիական բնակչության թիրախավորման, քաղաքացիական օբյեկտների վնասման կամ ոչնչացման դեպքեր արձանագրվել են Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի շրջանների խաղաղ բնակավայրերում և Ստեփանակերտում։

ԵՄ-ն ցավում է էսկալացիայի հետևանքով մարդկային կորուստների համար։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ Ադրբեջանին՝ դադարեցնել այժմյան մարտական գործողությունները․ Ժոզեպ Բորել

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ՝ նշելով, որ հրավիրվել է Անվտանգության խորհրդի շտապ նիստ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ հեռարձակմամբ անդրադարձել է Արցախի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակմանը։

«Այս պահի դրությամբ առկա տվյալների համաձայն՝ Ադրբեջանի հարձակման հետեւանքով առկա է առնվազն 2 զոհ, այդ թվում՝ 1 երեխա, և 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա»,- նշել է Արցախի ՄԻՊ-ը։

Ադրբեջանի զինված ուժերի՝ Արցախի դեմ հարձակումից հետո մի քանի տասնյակ քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվել են Կառավարության շենքի, նաեւ՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։ |hetq.am|

Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն՝ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսություն սկսելու համար․ Շառլ Միշել

Այսօր կհանդիպեմ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արայիկ Միրզոյանի հետ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 78-րդ գլխավոր նստաշրջանի շրջանակներում, և մենք թարմացնենք մեր կոչը. ԵԱՀԿ գործող նախագահ

Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցից Civilnet-ին հաստատել են, որ իրենց մոտ է տեղափոխվել 6-7 երեխա։ Նրանց վիճակի վերաբերյալ մանրամասներ հիվանդանոցից չեն հայտնել։ 

Ադրբեջանական զինուժը, շփման գծի ողջ երկայնքով իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն, փորձում է առաջանալ ՊԲ պաշտպանության խորքը։ Յուրային զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն։ [Արցախի ՊՆ]

Նիստի օրակարգում քննարկվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները:

«Տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու միակ ճանապարհը Ադրբեջանի Ղարաբաղ շրջանից հայկական զինված ուժերի անվերապահ և լիարժեք դուրսհանումն է»,- ասված է Ադրբեջանի հայտարարության մեջ։

Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա և ռազմական գործողություն է սկսել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ։ Այժմ ԱՄՆ-ի հերթն է՝ որոշելու, թե ինչ միջոցներ կձեռնարկվեն թակարդում հայտնված և սոված մարդկանց վրա ագրեսիան և ռազմական հարձակումը կասեցնելու համար․ Էդմոն Մարուքյան

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարները։ Թուրքիայի նախարար Գյուլերն ասել է, որ Թուրքիան այսօր, ինչպես միշտ, կանգնած է Ադրբեջանի կողքին։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ ռուս խաղաղապահները շարունակում են կատարել իրենց գործառույթները Ղարաբաղում՝ չնայած սրացմանը։ 

Ռուսաստանը Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել Ղարաբաղի հարցով քառակողմ հանդիպում կազմակերպելու վերաբերյալ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Միջազգային դերակատարներին բազմիցս հայտնել ենք, որ կոչերով անհնար է զսպել Ադրբեջանի նման ռազմատենչ եւ հանցավոր կեցվածքը: Մենք պահանջում ենք, որ միջազգային հանրությունը շատ կարճ ժամանակահատվածում գործուն քայլեր ձեռնարկի՝ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար․ Արցախի ԱԳՆ

Ադրբեջանը լայնածավալ հարձակում է նախաձեռնել Արցախի դեմ, թիրախում է նաև քաղաքացիական համայնքների շրջակայքը, այդ թվում՝ Ստեփանակերտը․ Արցախի ՄԻՊ

ՀՀ ՊՆ-ն բազմիցս, այժմ ևս հայտարարում է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի․ ՀՀ ՊՆ

Առաջին հերթին ես ուզում եմ ասել, որ այս պահին մեզ մոտ շփումներ են ընթանում, այդ թվում՝ ադրբեջանական կողմի հետ։ Երկրորդը՝ մոտակա ժամանակում շփումների արդյունքներով համապատասխան հայտարարություն կարվի ՌԴ ԱԳՆ-ից։ Ինչ վերաբերում է ծանուցումներին, մենք այդ տեղեկությունները ստանում ենք ադրբեջանական կողմից։ [ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա]

Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը՝ հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Արցախի ՊՆ-ն պարբերաբար հանդես կգա լրացուցիչ հաղորդագություններով։ [Արցախի ՊՆ]

Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդում է, որ «տարածաշրջանում սկսել են տեղային հակաահաբեկչական միջոցառումներ ադրբեջանցի զինծառայողների անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով»:

Ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ սահմաններին հարաբերականորեն կայուն է։ [ՀՀ ՊՆ]

Ստեփանակերտում օդային տագնապ է միացել։ Արցախի մեր աղբյուրները փոխանցում են, որ Ստեփանակերտի հարակից տարածքներից անընդհատ հարվածների ձայներ են լսվում։ Արցախում գտնվող Ռուբեն Վարդանյանն էլ գրել է․ «Մեր ուղղությամբ զանգվածային հրետանային ռմբակոծություն է սկսվել»։

ԿԸՀ-ն վերահաշվարկի դիմում է ստացել «Ազգային առաջընթաց» կուսակցությունից և «Մայր Հայաստան» դաշինքից: Այս մասին տեղեկացրել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը: Գևորգ Պապոյանը հայտնել է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ վերահաշվարկի դիմում չի ներկայացրել:

Այսօր ադրբեջանական զինուժը ականանետ է կիրառել Ասկերանի շրջանում։ Հայկական կողմում տուժածներ չկան։ [Արցախի ՊՆ]

Ականի պայթյունից Ադրբեջանի ՆԳՆ 4 աշխատակից է մահացել Մարտունու շրջանի՝ իրենց վերահսկողության տակ անցած տարածքում: Ադրբեջանը պաշտոնական հաղորդագրությամբ դեպքի համար մեղադրում է հայկական կողմին՝ նշելով, թե Թաղավարդ գյուղում տեղակայված ՊԲ ստորաբաժանումներն են տեղադրել ականը։

Ադրբեջանի պնդումները, թե ՀՀ-ն ԼՂ տարածքում ստեղծել է վարչակարգ, իրականության հետ որեւէ աղերս չունեն: ՀՀ աջակցությունը Լեռնային Ղարաբաղին ունի հումանիտար բնույթ, ինչի անհրաժեշտությունը ավելի է ընդգծվում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ծավալվող հումանիտար ճգնաժամով: Ինչ վերաբերում է ԼՂ-ում ՀՀ բանակի առկայության վերաբերյալ ադրբեջանական պնդումներին, կրկին ընդգծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի, իսկ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքում ականապատում իրականացնելու կեղծ պնդումները հերքվել են։ [ՀՀ ԱԳՆ]

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե այսօր՝ ժամը 02։40-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: [ՀՀ ՊՆ]

Այսօր մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանը։ Ակնկալվում է, որ Բայդենը կբարձրացնի ՄԱԿ-ի ԱԽ կազմը վերանայելու հարցը։ ՌԴ-ն դրական է արձագանքել այս նախաձեռնեությանը։ Զելենսկին ևս կմասնակցի ասամբլեային, բացի այդ՝ սեպտեմբերի 21-ի Սպիտակ տանը կհանդիպի Բայդենի հետ։ Երեկ Նյու Յորք են մեկնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները։ Նրանց միջև երկկողմ հանդիպում օրակարգում այս պահին չկա, հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։ |azatuytyun.am|

Անդրանիկ Թևանյանը հայտարարում է, որ իրեն հասած տեղեկությամբ ՔՊ-ն ուզում է «վերահաշվարկի միջոցով կեղծել և վերանայել ընտրության արդյունքները, և այդ մեկ մանդատը խլել ժողովրդից»։ «Եթե վաղը հանկարծ Նիկոլենք որոշեն իրենց օգտին վերանայել ընտրության արդյունքները և գողանալ ժողովրդից այդ մեկ մանդատը, ես անձամբ կոչ եմ անելու բոլորին դուրս գալ փողոց, տեր կանգնել ժողովրդի քվեին։ Կոչ եմ անում բոլոր հասարակական, քաղաքական շրջանակներին»,- հայտնել է «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածուն։|panorama.am|

Ադրբեջանի ԱԱԾ հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կատարել են դիվերսիոն ներթափանցում և Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհի 58-րդ կմ. հատվածում իբրև թե տեղադրել հակատանկային ական, որի պայթյունի հետևանքով սեպտեմբերի 18-ին՝ ժամը 03:45-ի սահմաններում, մահացել է երկու քաղաքացիական անձ, հերթական ապատեղեկատվությունն է։ [Արցախի ՊՆ]

Վարդան Ղուկասյանը հայտնեց, որ «Հանրային ձայնը» Մարությանի առաջարկին համաձայնություն չի տա։ Ղուկասյանը նշեց՝ իրեն հարկավոր է այնպիսի փաստաթուղթ, որով վերահսկողության ապարատը կտրվի իրեն, և այն էլ դա կկրի ժամանակավոր բնույթ, չի տևելու տարիներ կամ ամիսներ, քանի որ «Նիկոլ Փաշինյանին բանտարկելու գործը կտևի շաբաթներ, իսկ եթե իշխանափոխությունից հետո Մարությանը ուզի շարունակել կառավարել, կարող է մնալ»։ «Միմիայն փաստաթուղթ․ նստում ենք և ստորագրում ենք․ դրանից հետո դու կդառնաս քաղաքապետ, կզբաղվես քաղաքով, իսկ Վարդան Ղուկասյանին ճանապարհ ես տալիս, որ գա, «մաքրի և տանի»՝ կարող ես նաև չմասնակցել իշխանափախոթյանը։ Նույնը վերաբերում է մյուս ընդդիմադիրներին ևս․ այսպիսին է իմ պատասխանը Հայկ Մարությանին»,- ասաց Ղուկասյանը՝ կրկին առաջարկելով նստել, ընդդիմադիր ուժերով առցանց քննարկում անցկացնել և ստորագրել փաստաթուղթ։

Այս մարդասիրական առաքելությունը երկարատև քննարկումների արդյունք է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակը։ Արցախը դեռևս շարունակում է պաշարված մնալ: Այս առաքումը չի կարող փոխարինել առևտրային բեռների կանոնավոր ապրանքաշրջանառությունը, որն անհրաժեշտ է Արցախի բնականոն կենսագործունեությունը և բնական զարգացումն ապահովելու համար: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված միջազգային դերակատարները պետք է ապահովեն Լաչինի միջանցքի լիակատար վերագործարկումը մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների երկու ուղղություններով անվտանգ և անարգել տեղաշարժի համար: [Արցախի ԱԳՆ]

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում հրադադարի խախտում է արձանագրվել, ինչի հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի մեկ զինծառայող: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ։ [ՌԴ ՊՆ]

Հայկ Մարությանը անցողիկ շեմը հաղթահարած 3 ընդդիմադիր ուժերին ներկայացրել է իրենց առաջարկը․ «Մենք առաջարկում ենք, որ մենք առաջադրենք թեկնածու (խոսքը իմ մասին է), և մնացած քաղաքական 3 ընդդիմադիր ուժերը՝ առանց կոալիցիա կազմելու, առանց որևիցե պայմանավորվածությունների, առանց ստվերային պայմանավորվածությունների, առանց նախապայմանների գան ու քվեարկեն այս թեկնածուի համար»,- ասաց Մարությանը՝ նշելով, որ ուժերը ունեն քաղաքական և գաղափարական տարաձայնություններ և դա շատ ազնիվ կլինի թե՛ ուժերի, թե՛ ընտրողների նկատմամբ։

ԵԽ դիտորդները Երևանի ավագանու ընտրություններում քվեարկության գործընթացը բնութագրել են որպես «հանգիստ, խաղաղ և լավ կազմակերպված», իսկ մասնակցության ցուցանիշը որակել են որպես «պատմականորեն ցածր»։ «Մենք ողջունում ենք այն բարեփոխումները, որոնք տեղի են ունեցել Ընտրական օրենսգրքի փոփոխման արդյունքում, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ջանքերը, որոնք նպաստեցին ընտրությունների օրվա ընդհանուր թափանցիկությանն ու պրոֆեսիոնալիզմի»։ «Պատվիրակությունը ափսոսանք է հայտնել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նկատմամբ հետաքրքրության պակասի համար, հատկապես՝ երիտասարդ ընտրողների շրջանում, ինչը երևում է Երևանում երբևէ գրանցված ամենացածր մասնակցությամբ», - նշված է հայտարարությունում։

«Մենք կարող ենք օգնել, որ Մարությանը համապատասխան ձայներ հավաքի․ դա կանենք այն դեպքում, երբ հասկանանք, որ ինքը կիսում է մեր՝ ամբողջական իշխանափոխության օրակարգը»,- այս մասին ասաց «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով կոալիցիա կազմելու հնարավորությանը։ «Մենք պատրաստ ենք քննարկել համագործակցության բոլոր ձևաչափերը այն պարագայում, երբ ուժը կիսում է մեր մոտեցումը ամբողջական իշխանափոխության հարցում։ Ես հայտարարել եմ, որ հրաժարվում եմ պատգամավորի մանդատից ու չեմ գնում Երևանի ավագանու մանդատ ստանալու ճանապարհով, ինձ համար նույնիսկ քաղաքապետ դառնալը խնդիր չէ, քանի որ մենք գնում ենք իշխանափոխության ճանապարհով, որպեսզի ապահովենք ՀՀ-ի ու Արցախի անվտանգությունը»,- նշեց Թևանյանը։

Իմ կարծիքով միակ հնարավոր տարբերակը ՔՊ ու Արամ Սարգսյանի միջև կոալիցիան է, որ հնարավոր է, ավելին` Զեյնալյանին ընտրողները չեն տեսնի նրան ավագանիում, քանի որ նա հավանաբար չի վերցնի մանդատը։ Նրանց մասնակցության միակ նպատակը ՔՊ օգնելն էր` խուսափելու լիակատար պարտությունից։[«Ազգային առաջընթաց» կուսակցության ղեկավար Հայկ Գրիգորյանը՝ այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու մասին]

Քաղաքապետի ընտրություններն անցկացվում են նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում, որը օրենքի ուժով գումարվում է ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո՝ նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման օրը: Քանի որ նախորդ ավագանին լիազորությունները ստանձնել է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին, ենթադրվում է, որ նորընտիր ավագանու առաջին նիստը կգումարվի նույն օրը՝ այս տարվա հոկտեմբերի 10-ին։ 

Երթևեկությունն Արմենակյան փողոցից մինչև Հովսեփյան 91 ընկած հատվածով ժամանակավորապես սահմանափակվելու է։ Առաջարկվում է օգտվել Լ. Զաքարյան (նախկին Նորքի 7-րդ) փողոցի շրջանցիկ ճանապարհից: [Երևանի քաղաքապետարան]

Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան (ռուսական, շվեյցարական) արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ, որոնք փորձաքննությունից հետո կհատկացվեն համապատասխան գերատեսչություններին և կօգտագործվեն ըստ կարիքների: Մի քանի օր հետո կրկին նույն ուղղություններով ՌԴ Ռոստով քաղաքից բեռների տեղափոխում է նախատեսվում ԿԽՄԿ-ի մեքենաներով: [Արցախի տեղեկատվական շտաբ]

«Հանրային ձայն» կուսակցությունը պատրաստ է կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի հետ։ Այս մասին հայտարարեց կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը։ Թե ով կլինի քաղաքապետ՝ ինքը, Հայկ Մարությանը, թե Անդրանիկ Թևանյանը, ըստ նրա, քննարկման առարկա է։ Նա նշեց, որ կողմ է երկուսից մեկի քաղաքապետ դառնալուն, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայն» կուսակցությանը։

Գլխավոր դատախազությունում գործող Աշխատանքային խումբն ամփոփել է Երևան քաղաքի ավագանու հերթական ընտրությունների քվեարկության օրը՝ հայտնելով, որ ստացված հաղորդումներից մեկը վերաբերել է քարոզչություն կատարելուն խոչընդոտելուն: Նշված հաղորդման կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու դեպքի առթիվ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժի հայտարարագրած ու ծախսած գումարների նախնական հաշվետվությունը: Ըստ տվյալների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացրել է 269 միլիոն 247 հազար 240 դրամ, որից ծախսել է 263 միլիոն 192 հազար 519 դրամը։

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, որևէ ընտրող, քաղաքական ուժի ներկայացուցիչ չի դիմել դատարան՝ վերականգնելու Երևանի ավագանու ընտրություններում իր ընտրելու կամ խախտված իրավունքը։ Ընտրական օրենսգրքով նախատեսված են մի շարք իրավիճակներ, երբ ընտրողների, թեկնածուների իրավունքների պաշտպանությունը վերապահված է դատարանին: Դրանցից մեկը վերաբերում է ընտրացուցակներում անունը չլինելուն։

Ըստ վերջնական ցուցակների՝ ՏԻՄ ընտրություններին ընտրելու իրավունք ունեն 824 250 անձինք: Քվեարկության օրը՝ սեպտեմբերի 17-ին արձանագրվել է ընտրողների ցուցակներին առնչվող 38 անճշտության դեպք: 31-ի պարագայում ընտրողների՝ ընտրացուցակից դուրս մնալու պատճառը եղել է անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի լրացած լինելը՝ 6 ամիս և ավել ժամանակահատվածով: Մնացած 7 դեպքերում արձանագրվել են տեխնիկական անճշտություններ, որոնք ուղղվել են: Բոլոր դեպքերով անձանց ընտրական իրավունքը վերականգնվել է, և վերջիններս իրացրել են իրենց սահմանադրական իրավունքը:

ՀՀ ՔԿ–ն հայտնում է, որ 2023թ․  սեպտեմբերի 17-ին ստացել է քվեարկության ընթացքում, այսինքն՝ ժամը 8:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, ընտրական կամ ընտրությունների հետ կապված այլ բնույթի հանցագործությունների մասին 2 հաղորդում։ Նյութերի ուսումնասիրության արդյունքում կազմվել է դրանց առթիվ քրեական վարույթ չնախաձեռնելու արձանագրություն։

Ծանուցման գործընթացը կազմակերպում է ՆԳՆ-ն՝ «Հայփոստ» ընկերության միջոցով։ Ողջ օրը մեր թեժ գծերը քաղաքացիներին անընդհատ իրազեկել են, պարզաբանումներ են տրամադրել, այսինքն՝ այստեղ խնդիր լինել չէր կարող։ Ավելին՝ ԿԸՀ կայքում ինտերակտիվ քարտեզով տեղամասերի հասցեները, ողջ տվյալները տեղադրված են։ ՆԳՆ մեր գործընկերները պետք է որ «Հայփոստից» ստանան ծանուցում, թե քանի ծանուցում չի առաքվել, որպեսզի բյուջեից վճարումը լինի ըստ այդմ։ Եթե մենք ունենք փաստ, որ ծանուցումը ֆիզիկապես չի առաքվել, պետք է պարզենք, որպեսզի չմատուցված ծառայության համար պետությունը չվճարի։ Ես չեմ համարում, որ գործ ունենք մի գործընթացի հետ, որը կարող էր ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։ [ԿԸՀ նախագահ]

Ընտրություններին մասնակցության ցուցանիշն այս տարի ցածր է նախորդ տարիներից․ նախնական տվյալներով 824 հազար 250 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 234 հազար 553-ը կամ 28,46 %-ը։

«Հայփոստ» ընկերությունը Երևանի ավագանու ընտրությունից առաջ ոչ բոլոր ընտրողներին է նամակով ծանուցել քվեարկության օրվա, ընտրատեղամասի համարի ու տեղամասային կենտրոնի հասցեի և ժամանակի մասին, մինչդեռ դա Ընտրական օրենսգրքի պահանջ է։

Արաբկիրի 4/40 ընտրատեղամասում երեկոյան իրավիճակը մի պահ լարվել է տեղում առաքելություն իրականացնող դիտորդների եւ հանձնաժողովի անդամների միջեւ։ Արձանագրությունների գրքույկում հանձնաժողովի անդամները գրել են, որ առավոտյան 7-ից «Անկախ դիտորդ» առաքելության դիտորդները «պարբերաբար, դիտմամբ սադրիչ գործողությունների միջոցով անընդհատ խանգարել են հանձնաժողովի աշխատանքին»։ «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանն Infocom-ի հետ զրույցում ասաց, որ այս տեղամասում դիտորդները բազմաթիվ խախտումներ են արձանագրել, բայց հանձնաժողովի նախագահը հրաժարվել է այդ խախտումների վերաբերյալ պատշաճ վարչարարություն իրականացնել, կատարել իր պարտականությունները, ինչպես նաեւ հրաժարվել է արձանագրել խախտումները։ Ըստ Իոաննիսյանի՝ նախագահը չի թույլատրել, որ դիտորդները գրանցամատյանում գրառում անեն, ծանոթանան գրառումներին եւ լուսանկարեն այն։

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը հրապարակել է այսօր իր արձանագրած խախտումները։ Ըստ դրանց՝ 85 հոգի գրանցված է եղել Ոստիկանական ակադեմիայի տարածքում /շենքում/: Հասցեն որոնելով google համակարգով՝ բերել է Ոստիկանական ակադեմիայի հարակից տարածք, որը, սակայն, բնակելի չէ: Մալյան նրբանցք 4-34 հասցեում, որը Նորքի գերեզմանատունն է, գրանցված է 159 ընտրող: Բացի այդ, թողարկվել են մեծ քանակությամբ անորակ ծրարներ: Երբեմն հնարավոր չէ քվեաթերթիկն ուղիղ դնել դրա մեջ։ Նման դեպքերում քվեաթերթիկները դեֆորմացվում են։

Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23-2 կայանք․ հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները ժամը 17։45-ի սահմաններում սահմաններում կրակ են բացել Մարտակերտի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է և սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման դեպքը հիմնավորելու փորձ։ [ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն]

Նոր Նորքի Բաղյան 2, նրբանցք 14 հասցեում բնակվող Դ․ Մ․-ն մի քանի օր առաջ ծանուցում է ստացել ոմն Միդուշա Ղևոնդի Կուրղինյանի անունով։ Ծանուցմամբ Միդուշա Կուրղինյանը տեղեկացվել է, որ սեպտեմբերի 17-ին ընտրելու է 2/03 տեղամասում։ Ծանուցումը Դ․ Մ․-ին զարմացրել է, քանի որ նա չի ճանաչում նշված անձին։ Անձնագրային և վիզաների վարչությունում բնակիչը պարզել է, որ 1936 թ․ ծնված Միդուշա Կուրղինյանը մահացած է, և հայտնի չէ՝ ինչպես է գրանցվել իրենց հասցեում։

Լրատվամիջոցներով տարածվում է լուսանկար և նշվում է, որ տեղամասերում կատարվում է ուղղորդում։ Նման պնդումը հիմնազուրկ է և պայմանավորված՝ օրենսդրության չիմացությամբ։ ԿԸՀ որոշմամբ սահմանված է տեղամասային ընտրական հանձնաժողովում վիճակահանությունների անցկացման կարգը, որով սահմանվում է, թե որ գործառույթներն են բաշխվում հանձնաժողովի անդամների միջև՝ նշելով, որ պատրաստվում են իրարից չտարբերվող թերթիկներ, որոնցից՝ մեկի վրա նշում է «ցուցակ-1», իսկ ընտրական տեղամասում 1200-ից ավել ընտրողի դեպքում՝ հաջորդ թերթիկի վրա` «ցուցակ-2» բառերը, մեկի վրա նշում է «քվեաթերթիկ-1», իսկ ընտրական տեղամասում 1200-ից ավել ընտրողի դեպքում՝ հաջորդ թերթիկի վրա` «քվեաթերթիկ-2» բառերը: Ստացիոնար բժշկական հաստատությունում և ձերբակալված անձանց պահելու վայրում շրջիկ արկղի միջոցով քվեարկություն կազմակերպելու դեպքում երկրորդ թերթիկի վրա նշվում է «քվեաթերթիկ և շրջիկ արկղ» բառերը։ [ԿԸՀ]

Միացյալ Նահանգները չի կարող երկխոսել Ռուսաստանի հետ Ղարաբաղի հարցով, բայց տեղյակ է, որ ռուսները կողմերին քննարկումների են հրավիրում․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանի հարցազրույցը «Ազատությանը»։ «Ուկրաինայի դեմ ՌԴ պատերազմը ազդել է բազմաթիվ ձևաչափերի վրա, որոնց Ռուսաստանը մասնակցում էր, քանի որ Մոսկվան այնպես է խախտել միջազգային համակարգի նորմերը, որ դժվար է նրա հետ համագործակցության ուղիներ գտնել։ Բայց, դրանով հանդերձ ԱՄՆ-ն կենտրոնացել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, սահմանների, արդար և տևական խաղաղություն գտնելու վրա։ Դրա համար մենք երկկողմ և եռակողմ հանդիպումների մեջ ենք Հայաստանի ու Ադրբեջանի հետ, սատարում ենք Եվրամիության ջանքերին, հատկապես Շառլ Միշելին», - ասել է Մայքլ Քարփենթերը։ Խոսելով միջնորդներից՝ ամերիկացի դիվանագետն ընդգծել է՝ ԱՄՆ-ն, ի տարբերություն այլոց, Հայաստանի ու Ադրբեջանի հարևանը չէ, կողմնակալ շահեր չունի և դրանով իսկ կարող է առավել անաչառ ու անկեղծ լինել։ Դա, ըստ Քարփենթերի, գիտակցում են թե՛ Երևանում, թե՛ Բաքվում։

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13:55-ի սահմաններում, փորձել են ականներ տեղադրել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի առջև, իսկ ժամը 15։10-ի սահմաններում կրակ են բացել Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ [Արցախի ՊՆ]

Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել։ Քննարկվել են առաջնագծում տիրող իրավիճակն ու անվտանգային մարտահրավերները, դրանց դիմակայման ուղղությամբ անելիքները: Նախագահը բարձր է գնահատել ուժային կառույցների կողմից կատարված աշխատանքը, տվել հանձնարարականներ: Անդրադարձ է կատարվել նաև երկրում տիրող ծանր հումանիտար իրավիճակին և այն մեղմելու ուղղությամբ իրականացվող քայլերին:

Արցախի իշխանությունները որոշում են կայացրել ընդունել ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի և խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության համատեղ առաջարկը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխումը ԿԽՄԿ մեքենաներով (արտասահմանյան ծագում ունեցող բեռներ): Գործընթացի կազմակերպումն անհրաժեշտ է ինչպես մեր քաղաքացիների կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, այնպես էլ Բերձորի միջանցքով հումանիտար բեռների հետագա տեղափոխումն ապահովելու համար: Միջնորդներն աշխատանք են տանում Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ՝ հանրապետությունում լարված հումանիտար և անվտանգային իրավիճակը թոթափելու նպատակով: [Արցախի տեղեկատվական շտաբ]

«Անկախ դիտորդ»-ը արձանագրել է 48 խախտում, որոնցից 4-ը՝ հանձնաժողովի նախագահի, 21-ը՝ վստահված անձանց, 21-ը՝ ընտրողները, մնացածը՝ անհայտ անձանց կողմից։ Հիմնականում խախտումները եղել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, բայց նաև մեկից ավելի խախտումներ «Ապրելու երկիր», «Ուժը հայրենյաց», «Ազգային առաջընթաց», «Հանրային ձայն», «Հանրապետություն» և «Մայր Հայաստան» քաղաքական ուժերի կողմից։ Յոթ տեղամասային ընտրական հանձնաժողովներում դիտորդները արձանագրել են ուղղորդումներ, որոնցից 4-ը՝ իշխանական կուսակցության կողմից։ Բավականին շատ տեղերում և բավականին զանգվածային մենք տեսնում ենք «ձայնային ձեռներեցների»՝ «տասովչիկ» անվամբ հայտնի, որոնք ընտրողներին ուղեկցում են, ուղղորդում են։ [«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյան]

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին պատրաստվում է մեկնել ԱՄՆ՝ մասնակցելու Նյու-Յորքում մեկնարկող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին։ Նախատեսվում է, որ Իրանի նախագահը ելույթ կունենա ՄԱԿ-ի ԳԱ-ում, ինչպես նաև միջոցառման շրջանակներում բանակցություններ կվարի այլ երկրների ղեկավարների հետ, կհանդիպի ԱՄՆ-ի իրանական համայնքի հետ։

«Որեւէ օրենսդրական սահմանափակում չկա, թե կոնկրետ հասցեի վրա ինչքան մարդ կարող է հաշվառված լինել»,- այս մասին ասել է ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ անդրադառնալով կոնկրետ հասցեներում մեծաթիվ անձանց հաշվառմանը։ Ղազարյանը նշել է, որ բնակիչների հաշվառումը ցանկացած հասցեում իրականացվում է կա՛մ սեփականատիրոջ համաձայնությամբ, կա՛մ ոստիկանության կողմից ստուգման իրականացման արդյունքում։ Ղազարյանի խոսքով՝ ոստիկանության աշխատակիցներն ահազանգերի հիման վրա այցելել են տարածքային հասցեներ, կատարել են ստուգումներ՝ բացահայտելով անհամապատասխանությունները։ «Արձանագրված 381 անճշտությունից 225-ը մահացած անձանց հայտնաբերումն էր։ Եղել է տեխնիկական բնույթի 156 անճշտություն»,- ասել է Ղազարյանը։|aravot.am|

Գևորգ Ալթունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և 20 մլն դրամ գրավ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից: Dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանին ազատ են արձակել 1 միլիոն դրամի գրավի դիմաց։ Այս մասին ասել է Ալոյանի պաշտպան Լևոն Սահակյանը։ |armtimes.com|

Անկախ դիտորդ»․ 9/56 և 9/57 ընտրատեղամասերում ընտրողներին ուղղորդում են քվեարկել հօգուտ «Քաղաքացիական պայմանագրի»։ «Մասնավորապես, տեղամասերից 50-60 մետրի վրա կա «բեսեդկա», որտեղ «գործունեություն է ծավալում» տեղի հեղինակություն Էդուարդ Տոնոյանը: Նրան օգնում է նաև դուստրը՝ Շուշանիկ Տոնոյանը, որը ՔՊ վստահված անձ է: Երբ տեղամաս են ժամանել «Անկախ դիտորդի» ներկայացուցիչներ Դանիել Իոաննիսյանն ու Արթուր Սաքունցը, տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Էդուարդ Տոնոյանն ասել է․ «Էս իմ քուչեն ա, ինչ կուզեմ կանեմ»»:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 17-ին`  ժամը 09։55-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: [ՀՀ ՊՆ]

Ավագանու ընտրություններին մասնակցող «Ժողովրդավարական Համախմբում» կուսակցությունը ընտրախախտումների վերաբերյալ դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ հիմք ընդունելով սեպտեմբերի 15-ին ՔՊ կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավային ելույթում հնչեցրած ատելության և բռնության կոչերը։

Երկու տեղամասում նկատվել է կողմնակի անձանց ներկայություն: 4/34 տեղամասում կուսակցություններից մեկի շտաբի պետը մոտեցել է ՏԸՀ անդամներից մեկին և զրուցել վերջինիս հետ, սակայն մեկ րոպե անց նա հեռացվել է ընտրատեղամասից՝ դիտորդի առաջարկով։ 2/40 տեղամասում ևս գտնվել է կողմնակի անձ, որը զրուցել է հանձնաժողովի նախագահի հետ, այնուհետ միասին մուտք են գործել քվեարկության սենյակ և շարունակել խոսել տեխնիկական սարքավորումների վերաբերյալ։ Դիտորդի հարցին, թե ո՞վ էր այդ անձը, արդյո՞ք իրավունք ուներ գտնվելու քվեարակության սենյակում, հանձնաժողովի նախագահը պատասխանել է, որ նա դատախազի թիկնապահ է և քվեարկության կարգն էր հարցնում: [«Ականատես» դիտորդական առաքելություն]

Փաշինյանը մեկնաբանել է քառակողմ հանդիպման վերաբերյալ Էրդողանի առաջարկը. «Ամենատարբեր առաջարկներ և գաղափարներ կան, ես չեմ ուզում առանձնացնել այդ գաղափարներից մեկը։ Խնդիրն այն է, որ դա միակ գաղափարը չէ, որպեսզի ես վերաբերմունք արտահայտեմ։ Մենք, կարծում եմ, պետք է ամբողջության մեջ նայենք»։

«Ցավոք սրտի, ոչ, քանի որ եթե նախատեսվեր փաստաթուղթ ստորագրել, կնշանակեր, որ մենք համարել ենք, որ այդ փաստաթուղթը համապատասխանում է ՀՀ հավասարակշռված շահին և մենք պատրաստ ենք ստորագրել։ Մենք ասել ենք, որ խաղաղության օրակարգն է մեր առաջնահերությունը և ուզում ենք հնարավորինս արագ, օրինակ մինչև տարեվերջ, մյուս տարվա սկիզբ, ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր։ Մենք ամեն ինչ անում ենք դրա համար։ Շատ կուզենայի ասել, որ այո, Գրանադայում պատրաստվում ենք ստորագրել փաստաթուղթ», - նշել է Փաշինյանը։

Շենգավիթի 8/13 ընտրական տեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձը ժամը 9:14-ին բացեց ընտրությանը մասնակցած անձանց կտրոնների տուփը։ Հանձնաժողովի նախագահը մոտեցավ եւ կանգնեցրեց նրան՝ ասելով, որ ձեռք չտա տուփին։ ՔՊԿ վստահված անձն ասել է, որ ուզում է իմանալ՝ ընտրությանը մասնակցած անձանց թիվը համապատասխանո՞ւմ է կտրոնների թվին, թե ոչ։ 9:57-ի դրությամբ արձանագրությունների մատյանում այս խախտման մասին նշում չի եղել։ Infocom-ի լրագրողի հարցին՝ արդյոք հանձնաժողովի նախագահը չի՞ պատրաստվում արձանագրությունների մատյանում այս դրվագի մասին նշում անել, հանձնաժողովի նախագահը պատասխանել է, որ քանի որ թույլ չի տվել նայել կտրոնները, այդ իսկ պատճառով չի արձանագրվել։

Լարվածությունը հայ - ադրբեջանական սահմանին և արցախյան շփման գծում պահպանվում է։ Այսօր «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Ըստ էության, մենք միշտ էլ ասել ենք, որ Ադրբեջանի այսպիսի անկանխատեսելի պահվածքի պարագայում միշտ պետք է սպասել լարվածություն, ընդ որում՝ թե՛ Լեռնային Ղարաբաղում, թե՛ Հայաստանի Հանրապետության սահմաններին»:

475 տեղամասերից 460-ում եղել են նաև ԶԼՄ ներկայացուցիչներ, դիտորդներ, վստահված անձինք: Տեղամասային ընտրական հանձնաժողովի բացակայության 23 դեպք է արձանագրվել ժամը 8-ի դրությամբ, միայն 3 դեպքում է ՏԸՀ-ն նշանակում արել սահմանված կարգով: Դա այն դեպքերն են, երբ բացակա անդամների թիվը 1-ից ավելի է: Երբ 2 անդամ է բացակայում, հանձնաժողովի նախագահը բացակայող անդամի փոխարեն նոր անդամ է նշանակում․ 2 անդամի բացակայելու ընդամենը 3 դեպք ունենք։[ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մեկնարկի վերաբերյալ ասուլիսում] |news.am|

Արցախի ՊՆ-ն ևս հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները ժամը 00։50֊ի սահմաններում կրակ են բացել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իսկ սեպտեմբերի 17֊ին ` ժամը 00:55-ից ժամը 03։00֊ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում և Քարվաճառի ուղղությամբ, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործոսությունների արդյունքում։

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 17-ին`  ժամը 00։20-00։40-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Սեպտեմբերի 17֊ ին ժամը 00։30֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք ։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։ [Արցախի ՊՆ]

Երևանն այսօր ավագանի է ընտրում։ Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 475 տեղամասեր, որոնք բացվել են 08:00-ից։ Երևանում ընտրելու իրավունք ունեցողների թիվը 824250 է։ Ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել են  «Ականատես», «Անկախ դիտորդ» և «Հայաքվե» համատեղ դիտորդական առաքելությունները։ Ընտրությունները դիտարկելու համար հավատարմագրվել է նաև 2 միջազգային դիտորդական առաքելություն և 3 օտարերկրյա ԶԼՄ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 16-ին`  ժամը 19։50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ տարածքում սեպտեմբերի 17-ին, 18-ին, 21-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 19-ին, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-ին կբարձրանա 1-2 աստիճանով։ Արցախի Հանրապետությունում վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։ Երևանի առանձին հատվածներում վաղը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ]

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՄԽ ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյի հետ։ Բայրամովը մեղադրել է Հայաստանին Ակնա-Ստեփանակերտ և Լաչինի միջանցքները միաժամանակյա բացելը խոչընդոտելու համար։ Նա անընդունելի է համարել, որ մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն կրկնում են Հայաստանի պնդումները, իսկ Փաշինյանի՝ Արցախի անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ ուղերձը որակել է «լուրջ հարված կարգավորման և խաղաղության գործընթացին»։

Ընտրությունների կազմակերպման նպատակով Երևանում կազմավորվել է 475 ընտրատեղամաս։ Քվեարկության ամբողջ ընթացքը և քվեարկության արդյունքների ամփոփումը հեռարձակվելու են առցանց բոլոր տեղամասային կենտրոններից։ Յուրաքանչյուր ոք կարող է հետևել նույնիսկ բջջային հեռախոսի հավելվածի միջոցով: Իսկ 20։00-ից հետո կարելի է հետևել քվեարկության արդյունքներն ամփոփելու գործընթացին։ |armenpress.am|

Էրդողանը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներին առաջարկել է քառակողմ հանդիպում անցկացնել Արցախի հարցով։ Թուրքիայի նախագահը մտադիր է քննարկել հանդիպումն Ալիևի հետ։ Նրա խոսքով՝ Անկարայի առաջարկին դեռ արձագանք չի եղել։

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք, իբր թե, կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ [ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։]

2018-ին «Իմ քայլը» դաշինքը ներկայացրել էր 47 կետից բաղկացած ծրագիր։ Այդ ծրագիրն այսօր համացանցում որոնմամբ հնարավոր չէ գտնել, ԿԸՀ ներկայացնելու օրենքով սահմանված պահանջ էլ չի եղել, ուստի ԿԸՀ պաշտոնական կայքում այն առկա չէ։ Չնայած այդ օրերին նախընտրական ծրագիրը հրապարկվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական կայքում, այսօր այնտեղից հեռացված է։ Infocom-ը հարցմամբ ստացել է նախորդ ծրագիրը եւ ՔՊԿ՝ այս ընտրությունների նախընտրական ծրագրի ու բաց աղբյուրներում առկա տեղեկությունների միջոցով փորձել է հասկանալ, թե «Իմ քայլը» դաշինքի՝ 2018թ․ Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական ծրագրի որ խոստումը որքանով է իրականություն դարձել հինգ տարիների ընթացքում։ Ըստ մեր դիտարկման՝ 47 կետից բաղկացած ծրագրի 11 խոստումներն իրականություն են դարձել, 11-ը՝ չեն կատարվել, 17-ը՝ մասամբ են իրականացվել, իսկ 8 կետերի իրականացման մասին գնահատական հնչեցնելը բարդ է։

Արենի-Խաչիկ-Գնիշիկ-Եղեգնաձոր ավտոճանապարհին ջրագծի վթարի պատճառով առաջացել են հողային բերվածքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը երկկողմանի փակ է։ Կատարվում են մաքրման աշխատանքներ։ [«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ]

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել է, որ «պաշտոնական Բաքուն դեռ հույս ունի, որ Երևանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի մինչև տարեվերջ»: Ադրբեջանցի պաշտոնյան կոչ է արել «հայկական ղեկավարությանը անել գլխավոր քայլը՝ խաղաղության պայմանագրի տակ ստորագրությամբ պաշտոնապես արձանագրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ներառյալ Ղարաբաղյան տնտեսական շրջանը», և պարտավորվել ապագայում ձեռնպահ մնալ «Ադրբեջանի ներքին գործերին միջամտությունից»: |azatutyun.am|

Սեպտեմբերի 16-ին Արցախի Հանրապետությունից 8 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ [Արցախի ԱՆ]

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար պարտադիր չէ լինել ՀՀ քաղաքացի։ ՏԻՄ ընտրություններին կարող են մասնակցել տվյալ համայնքի բնակչության ռեգիստրում՝ մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք։ Սեպտեմբերի 7-ի դրությամբ ավագանու առաջիկա ընտրությունների ընտրողների թիվը 824 250 է, որոնցից 14 111-ը ՀՀ քաղաքացիներ չեն։ Երևանում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց գերակշիռ մեծամասնությունը՝ 84%-ը, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են։ Շուրջ 3%-ը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են, 2.3%-ը՝ Վրաստանի Հանրապետության, 2%-ը՝ Ուկրաինայի Հանրապետության քաղաքացիներ։ Եւս 1176 ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք ներկայացնում են 76 երկրներ։

Գ.Ա.-ն (Գեւորգ Ալթունյանը,-խմբ․), զբաղեցնելով ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնը, սահմանված կարգով նշանակված լինելով ՀՀ ՊՆ կարիքների համար 2019, 2020 և 2021թթ կազմակերպված 3 գնման ընթացակարգերում պատասխանատու ստորաբաժանման ղեկավար, պաշտոնեական դիրքն օգտագործելով, «Էլ …» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, «Նոր …» հասարակական կազմակերպության տնօրեն, «DASARAN.AM» ապրանքային նշանի սեփականատեր Ս.Ա.-ի և գնումների հայտերը նախագծած անձանց՝ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ՎՏԱ բաժնի պետ Կ.Պ.-ի և նույն վարչության գլխավոր մասնագետ Ա.Ա.-ի օժանդակությամբ, պաշտոնական փաստաթղթերում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ և խաբեության եղանակով, շահադիտական նպատակով, 2019-2021թթ ընթացքում պետությունից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 106.300.000 ՀՀ դրամ: Նշված անձանց մեղադրանքներ են առաջադրվել, նրանց ձերբակալելու որոշում է կայացվել, եւ միջնորդություն է ներկայացվել դատարան` Գ.Ա.-ի, Ս.Ա.-ի, Ա.Բ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։ Նախաքննությունը շարունակվում է։ [Քննչական կոմիտե]

ՀՀ ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների, ինչպես նաև տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների միջոցով արգելվում է։

Երեւանի Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանի և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Երջանիկ Հակոբյանի հայրը՝ Մանվել Հակոբյանը, թաունհաուսների բիզնես է սկսել։ Մանվել Հակոբյանը նախկինում բիզնես գործունեություն չի ծավալել։ Քաղաքային առանձնատների (թաունհաուսների) կառուցմամբ և վաճառքով սկսել է զբաղվել այն բանից հետո, երբ ավագ որդին՝ Երջանիկ Հակոբյանը, դարձավ ՔՊ կուսակցության անդամ և պետական բարձր պաշտոններ սկսեց զբաղեցնել։ Մանվել Հակոբյանի 2021 թ.-ի հայտարարագրում երևում են թաունհաուսների վաճառքի մասին տվյալները։ Նշված է, որ նա հողամասեր է վաճառել։ Իրականում ոչ թե հողամաս է վաճառել, այլ փաստացի կանգուն առանձնատներ։ Հայտարարագրում թաունհաուսները որպես հողամաս են ներկայացվել, հավանաբար այն պատճառով, որ հողամասի վրա կառուցված շինությունները դեռևս չեն ունեցել ավարտական ակտ և որպես շինություն չեն գրանցվել։ |hetq.am|

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ [ՆԳՆ փրկարար ծառայություն]

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 00:20-00:40-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ջիլի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 15-ին` ժամը 21։15-ից մինչև 22։05-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: [ՀՀ ՊՆ]

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:09-ի դրությամբ Ռուսաստանի հրապարակում գտնվել է շուրջ 4800 մարդ: |uic.am|

Կառավարությունը սեպտեմբերի 14-ի նիստին որոշել է մի շարք ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տալ։ Այս ընկերությունների մի մասը առաջին անգամ չէ, որ արտոնություն են ստանում։  «Ջերմուկ գրուպ» ընկերությունը կազատվի 102.6 մլն դրամի մաքսատուրքից։ Այն նախատեսում է ներմուծել սառնարանային կիսակցորդներ, թամբային քարշակներ, պոլիէթիլենային հումք։ Պողպատաձուլական ձեռնարկություն շահագործող «Ասկե գրուպ» ԲԲԸ-ն այս անգամ ստանում է  95.5 մլն դրամ մաքսատուրքից ազատվելու արտոնություն։ «ԳՌՕՄ» ընկերությունը ստանում է 55.5 մլն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն։ Ընկերությունը առավել  հայտնի է «Նաշ Սադ» ապրանքանշանով։ Ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել լվացող և մաքրող միջոցների  արտադրության համար՝ ընդհանուր  870 մլն դրամի։ |hetq.am|

Մարդիկ ասում են՝ ինչո՞ւ է կառավարությունն այդքան փող ծախսել, որ էդ աստղին(խմբ․ Սնուփ Դոգին) բերի Հայաստան ու Երեւան: Մենք ասում ենք՝ 3 հազար տարվա ժողովուրդ ենք, իսկ որեւէ մեկը վիճակագրություն արե՞լ է, թե Հայաստան բառը աշխարհի բնակչության քանի՞ տոկոսը գիտի: Այո, նաեւ դրա համար ենք բերում, որ երբ նման մասշտաբի աստղերի համերգ է տեղի ունենում Հայաստանում, Հայաստան անունը շրջանառվում է աշխարհում, երիտասարդության շրջանում, սոցցանցերում: Մենք դա անում ենք Հայաստան անվան համար, որ որեւէ մեկը չմտածի, թե Հայաստանը չկա, Հայաստանը կոտրվել է, թե Հայաստանը ծնկի է եկել: Հայաստանը ապրում է, կա, ու զարգանում է։ [Նիկոլ Փաշինյան] |news.am|

ՀՀ վարչական դատարանը վճռել է մերժել «Ազատազէն» ՀԿ–ի հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության, որով «Ազատազէն»-ը խնդրել էր ոստիկանությանը պարտավորեցնել իրեն տրամադրել բաց հրաձգարանի գործարկման լիցենզիա։ Թեեւ դատարանն արձանագրել է, որ ոստիկանության կողմից հրահանգիչների որակավորման քննությունների չկազմակերպումն է, որ սահմանափակել է հայցվոր կազմակերպության՝ օրենքով սահմանված կարգով բաց հրաձգարանի գործարկման լիցենզիա ստանալու հնարավորությունը, այնուհանդերձ, նշել է, որ այդ լիցենզիան տրամադրելուն պարտավորեցնելու իրավական եւ փաստական հիմքերը բացակայում են, որովհետեւ դատարանն իրավասու է վարչական մարմնին պարտավորեցնել ընդունել բացառապես իրավաչափ վարչական ակտ, իսկ առանց համապատասխան վկայականի «Ազատազէն»–ի պահանջը իրավաչափ չէ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած երթի ժամանակ կուսակցության աջակիցներից մեկը ՔՊ դրոշով հարվածել է լրագրող Անի Գևորգյանի ձեռքին՝ անպարկեշտ բառեր հնչեցնելով նրա հասցեին։

2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը դեռևս ոչ ոք չի չեղարկել։ Այն ուժի մեջ է ու ցանկության դեպքում, քաղաքական կամքի դեպքում, բոլոր հարցերը, որոնք վերաբերում են այսօրվա իրավիճակին, որովհետև այսօրվա ճգնաժամը Լաչինի միջանցքի փակումն, Լաչինի միջանցքի բաց, փակ լինելը կարգավորվում է նոյեմբերի 9-ով և ոչ ոք նոյեմբերի 9-ի հայտարարությունն այդ առումով չի չեղարկել: Ես կարծում եմ, որ նոյեմբերի 9-ը հնարավորություն է տալիս ներկայիս ճգնաժամի բոլոր խնդիրները լուծելու։[ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան] |azatutyun.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն հիասթափություն է հայտնել ԱՄՆ Յուրի Քիմի հայտարարությունների կապակցությամբ: Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն ընդգծել է, որ Յուրի Քիմի հայտարարությունները «հակասում են Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի և Լաչինի միջանցքի  միաժամանակյա օգտագործման վերաբերյալ համաձայնությանը, որը ձեռք է բերվել սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև շփումների ընթացքում»։ Հաջիզադեն կարծիք է հայտնել, որ պետքարտուղարության ներկայացուցչի հայտարարությունը, թե «Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի» իրավունքների և անվտանգության հարցերը պետք է արտացոլվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված խաղաղության պայմանագրում, հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: |1lurer.am|

Մեր դիտորդի նկարահանած այս տեսանյութում հստակ երևում է, որ այսօր Պոլիտեխնիկական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը Տիգրան Ավինյանը զբաղվել է նախընտրական քարոզչությամբ, որը համատեղել է այնպիսի ծառայություններ խոստանալով, որոնք կապ չունեն համայնքային իշխանության լիազորությունների հետ (հետևապես նախընտրական խոստում չեն)։ Նշվածի մասով «Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՔՕ 221-րդ հոդվածով։ [«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյան]

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և մյուսների (նրա կնոջ, երկու որդիների և փոխկապակցված երկու անձի վերաբերյալ) գործի քննությունը կվերսկսվի։ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Սուրիկ Խաչատրյանի և մյուսների գործով հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը և որոշել է վերսկսել գործի քննությունը։ [ՀՀ դատական իշխանություն]

Մոսկվան պատրաստ է շարունակելու երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Մենք միշտ պատրաստ ենք երկխոսության մեր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Երբ նրանց հետ կողմնորոշվենք մեր հաջորդ միջոցառումների վերաբերյալ, անպայման կտեղեկացնենք լրագրողներին»,- ասել է Գալուզինն ի պատասխան հարցին, թե սպասվո՞ւմ է արդյոք նախարարների հաջորդ հանդիպում։ |1lurer.am|

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Գյումրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացած 21-ամյա Հելեն Դադայանի դին Արցախ վերադարձնելու հարցն անհապաղ քննելու դիմումը։ [Հելեն Դադայանի ընտանիքի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյան] |armeniasputnik.am|

Դիտորդական առաքելություններն ու լրատվամիջոցներն ահազանգում են, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այսօրվա երթին եւ քարոզարշավին ներկա են լինելու տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ ինչպես Երեւանից, այնպես էլ մարզերից։ Infocom.am-ը մինչ աշխատանքային ժամի ավարտը՝ 17:25-ից սկսած, զանգահարեց Հայաստանի մարզերի ղեկավարների աշխատանքային հեռախոսահամարներին՝ պարզելու արդյո՞ք նրանք աշխատավայրում են։ Որեւէ մարզպետի աշխատանքային համարով մարզպետների հետ կապ հաստատել չհաջողվեց։ Նյութում ներկայացնում ենք, թե ժամը քանիսին որ մարզպետարանից ինչ պատասխան ենք ստացել։

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժին: «Հայաստանում Եվրամիության առաքելության ճեպազրույցից հետո պատվիրակությունը միացավ մեր դիտորդներին՝ Արարատի մարզում պարեկություն կատարելու՝ տեղում իրավիճակն ավելի լավ հասկանալու համար»։ |1lurer.am|

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավին՝ երթերին, գումարով մասնակիցներ բերելու լուրերի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։ Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 236 հոդվածի 2-րդ մասով՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը։ [ՀՀ Գլխավոր դատախազություն] |azatutyun.am|

Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմը մեծ ավտոբուսով տեղափոխվում է հանրահավաքի վայր։ Երկու մեծ ավտոբուս է կայանված նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի դիմաց։ Բացի այդ, «Ականատեսը» ահազանգեր է ստացել, որ պետական կառույցների աշխատակիցներին հրահանգներ և հորդորներ են տրվել մասկակցել ժամը 18։00-ին Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքին։ Ճշտված տեղեկություններով, այդ կառույցներից են՝ ՀՀ արդարադատության նախարարություն․ ԴԱՀԿ, Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ։ Քանաքեռ-Զեյթուն, Աջափնյակ վարչական շրջանների աշխատակիցները աշխատանքային ժամերին դուրս են եկել աշխատանքից՝ մասնակցելու երթին/հանրահավաքին։

Եվրոպական միության՝ «EU NEIGHBOURS east» ծրագրի շրջանակում իրականացված սոցհարցման համաձայն՝ միջազգային կառույցների շրջանում Հայաստանի քաղաքացիները ամենաշատը՝ 60 տոկոսով, հակված են վստահելու Եվրոպական միությանը։ 2-րդ տեղում 50 տոկոսով ՄԱԿ-ն է, 3-րդ տեղում 40 տոկոսով՝ ԵԱՏՄ-ն, որին հաջորդում է ՆԱՏՕ-ն՝ 27 տոկոսով։ Վստահության ամենացածր մակարդակը՝ 25 տոկոս, ունի ՀԱՊԿ-ն։

Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ փորձում են ռուս խաղաղապահների կողմից քաղաքացիների տեղափոխումը ՀՀ ներկայացնել որպես զինծառայողների տարհանում: Հարկ ենք համարում նշել, որ Արցախում ՀՀ քաղաքացի հանդիսացող զինծառայողներ չկան, որի մասին պաշտոնական Ստեփանակերտն ու Երևանը հայտարարել են բազմիցս: Արցախից տեղափոխված անձինք հայաստանյան և արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ են, ՌԴ քաղաքացիներ ու նրանց ընտանիքների անդամներ, ինչպես նաև հանրապետությունում շինարարության, հանքարդյունաբերության ոլորտներում ընդգրկված ՀՀ քաղաքացի հանդիսացող մասնագետներ և բանվորներ, որոնք Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով կորցրել են աշխատանքն ու չեն կարողացել վերադառնալ մշտական բնակության վայր։ [Արցախի տեղեկատվական շտաբ]

Սուրեն Պապիկյանը դիտարկել է միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում անցկացվող «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության ընթացքը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի, ԱՄՆ ցամաքային ուժերի Եվրոպայի և Աֆրիկայի հրամանատարության շտաբի պետի օպերատիվ գծով տեղակալի, 10-րդ լեռնային դիվիզիայի հրամանատարի և ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների և ներկայացուցիչների հետ։[ՀՀ ՊՆ]

«Անկախ դիտորդը» ստացել է տեղեկություններ, որ ՀՀ տարբեր համայնքների վարչական ղեկավարներին, նրանց աշխատակազմերին և տարբեր համայնքային ենթակայության հիմնարկների ներկայացուցիչներին հրահանգվել է մասնակցել այսօր՝ ժամը 18։00-ին, Երևանում նախատեսվող երթին։ Բացի մասնակցության կամավոր/պարտադիր բնույթից՝ սա նաև նշանակում է, որ այդ համայնքներից երթի մասնակիցները մեկնելու են իրենց աշխատանքային ժամերին։ [Անկախ դիտորդ]

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հենց այս պահին տեղի է ունենում հանդիպում ՔՊ կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հետ։Մեր տեղեկություններով ուսանողներին հայտնել են, որ հանդիպմանը մասնակցելու դեպքում դասից նրանց բացակայությունը չի գրանցվի։ [Անկախ դիտորդ]

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է խախտված կետեր, որոնցում մեղադրվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Դրանք են՝ ընդհանուր օգտագործման անցուղիների արգելափակում, քաղաքական բնույթի սադրիչ հաղորդագրություն, հրավառություն (ճայթուկներ), հանդիպման մեկնարկի ուշացում, խաղի մեկնարկի ուշացում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի պատճառով: |tert.am|

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 15-ին` ժամը 09:30-ի սահմաններում, ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործոսությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ [Արցախի ՊՆ]

Ադրբեջանական կողմը երեկ՝ ժամը 22:30-ի սահմաններում, հրաձգային զենքերից կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: [ՀՀ ՊՆ]

Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան հղվել է նոտա՝ դեսպանատան առաջին և երկրորդ քարտուղարների գործողությունների դիվանագիտական ​​կարգավիճակի հետ անհամատեղելիության մասին։ Նրանք պերսոնա նոն գրատա են հայտարարվել և յոթ օրվա ընթացքում պետք է լքեն Ռուսաստանի Դաշնությունը։ Նշված անձինք անօրինական գործողություններ են իրականացրել՝ կապ պահպանելով օտարերկրյա պետության հետ «գաղտնի համագործակցության» մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացի Ռոբերտ Շոնովի հետ։[ՌԴ ԱԳՆ] |tass.ru|

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյում ընթացող հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հրաձգության հավաքականի ատրճանակ ձևի մարզիկ Էլմիրա Կարապետյանը դարձել է ոսկե մեդալակիր: [Հայաստանի հրաձգության ֆեդերացիա]

Արձանագրվել է հրադադարի խախտման երկու դեպք, Մարտակերտի շրջանում՝ տուժածներ չկան, Մարտունու շրջանում՝ հրետակոծության հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորման մեկ զինծառայող։ [ՌԴ ՊՆ] |tert.am|

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 14֊ին ` ժամը 19:05֊ից ժամը 19։25֊ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ [ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն]

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 14-ին` ժամը 19։35-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: [ՀՀ ՊՆ]

Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժին, որին ուղեկցել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն  առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: [ՀՀ ՊՆ]

ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը ԼՂ-ում էթնիկ զտումների քաղաքականության համար Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների հարց քննարկելու անհրաժեշտություն է տեսնում: «Մեր ուղերձը ամենաբարձր մակարդակներից պետք է լինի միանշանակ՝ դադարեցրեք շրջափակումը, դադարեցրեք սպառնալիքները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հասցեին, դադարեցրեք սպառնալիքները հայերի հասցեին, բացեք Լաչինի միջանցքն անմիջապես: Սրանք այն պարտավորություններն են, որոնք Ադրբեջանը ինքն է ստանձնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին հրադադարի պայմանավորվածությամբ։ Եվ ինչո՞ւ մենք ավելի հրապարակայնորեն չենք քննարկում պատժամիջոցները այն գործունեության համար, որը, կարծում եմ, բոլորս կարող ենք համաձայնել, ակնհայտորեն պատժելի է»,- եզրափակեց Մենենդեսը: |armenpress.am|

Մենք պետք է մեծացնենք օգնության շրջանակը, որը մենք տրամադրում ենք Հայաստանին, լինի դա զարգացման աջակցություն, լինի դա պաշտպանական ոլորտում գործընկերություն կամ անվտանգության ոլորտում աշխատանք։ Աջակցությունը պետք է ավելացնել այնքան, որքան որ ընդունելի կլինի Հայաստանի համար։ [ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմ] |azatutyun.am|

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իտալիայի նախկին վարչապետ, Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցերի շուրջ: [ՀՀ կառավարություն]

ԱՄՆ Սենատում մեկնարկել են Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ լսումներ: Լսումներն անցկացվում են Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատում» խորագրով: Լսումների մեկնարկին հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հիշեցրել է, որ արդեն ամիսներ շարունակ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցք մուտքը ` թույլ չտալով Հայաստանից մարդասիրական օգնություն անգամ հասցնել ԼՂ հայերին, որոնք սովամահ են լինում: |armenpress.am|

ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 15։10-ից ժամը 16։20-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։ [Արցախի ՊՆ]

Արմեն Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր: [ՀՀ ԱԽ]

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 14-ին` ժամը 13։45-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ]

Սերժ Սարգսյանի՝ Բադեն-Բադեն այցելելու մասով հարուցված քրգործը կարճվել է։ Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը Factor.am-ին հայտնել է, որ գործը կարճվել է, քանի որ ներկայացված նյութերում հանցակազմ չի հայտնաբերվել։

Մի խումբ ուսուցիչներ բողոքի ակցիա են կազմակերպել Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով կա՛մ թեթևացնել ուսուցչի ծանրաբեռնվածությունը, կա՛մ ատեստավորման թեստերը կազմել այնպես, որ մեծամասնությունը կարողանա հաղթահարել այն: Ուսուցիչներից մեկի խոսքով ատեստավորման թեստերն այնպես են կազմված, որ ուսուցիչների 70%-ից ավելին չի կարողանում հաղթահարել. «Թեստերի տակ լավ ա չէին գրել՝ բարձր աշխատավարձ ես ուզում, առը հա: Ատեստավորման թեստն այնպես է կազմված, որ հանկարծ չանցնես»: |news.am|

Արցախից 9 բուժառու ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 1 բուժառուի, ով ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել է ՀՀ բուժում ստանալու համար։ [ԱՀ առողջապահության նախարարություն]

Պետք է հուսալ, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության վստահելի միջազգային մեխանիզմ կստեղծվի։ Ստեփանակերտի մեր գործընկերներին խրախուսում և քաջալերում ենք ներգրավվել նման երկխոսության մեջ։ Ձեռնարկվում են բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերը հումանիտար բեռների մուտքը ԼՂ և հետագա մատակարարումները ապահովելու համար։ Այս բանակցություններում և քննարկումներում լիարժեք ներգարվված են ԼՂ ներկայացուցիչները։ [Նիկոլ Փաշինյան]

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կանոնավոր կերպով պարեկություն է իրականացրել Երասխի տարածքում, այդ թվում նաև՝ պողպատի գործարանում՝ հետևելու անվտանգային և ռազմական ցանկացած զարգացման։ Մեր ներկայությամբ մենք նպաստել ենք ավելի ապահով և անվտանգ միջավայր ունենալուն։ [Հայաստանում ԵՄ առաքելությունը՝ X-ի պաշտոնական միկրոբլոգում]

Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները Արցախի Մարտակերտի շրջանում խախտել են հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմում կորուստներ չկան։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից։

Հայաստանի ու Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել ու քննարկել են Հարավային Կովկասում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանը նշել է գործընկերների՝ Հայաստանի հետ սահմանին իրավիճակի սրումը զսպելուն ուղղված ջանքերի և ուղերձների, Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու կարևորությունը: Տարածաշրջանում երկարատև կայունության հասնելու համատեքստում ընդգծվել է նաև ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը: [ՀՀ ԱԳՆ]

Մենք պայմանավորվել ենք, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 29 800 և 86 600 քկմ: Երբ ասուլիս եմ տվել, ինձ հարցրել են՝ արդյոք այն ներառում է նաև ԼՂ-ն, ասել եմ՝ այո, բայց դա ամենևին չի նշանակում, որ մենք դրանով ԼՂ հայությանը էթնիկ զտման կամ ցեղասպանության ենթարկելու մանդատ ենք տվել Ադրբեջանին։ Այդ է պատճառը, որ պայմանավորվածության մաս է նաև ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հասցեագրման մեխանիզմների ձևակերպումը, մասնավորապես` Բաքու-Ստեփանակերտ հուսալի, բովանդակային երկխոսության հաստատումը։ [Նիկոլ Փաշինյանը՝ «Politico Europe» պարբերականին տված հարցազրույցում] |1lurer.am|

Օրերս POLITICO-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետը չի բացառել հնարավոր էսկալացիայի սցենարը. «Ադրբեջանը սկսել է զորքերի կուտակում ՀՀ սահմանի երկայնքով, ՀՀ-ն նույնպես պետք է պաշտպանական միջոցներ ձեռնարկի, բայց կարծում եմ՝ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը կարող է արձանագրել, որ ՀՀ-ն ամենևին էլ էսկալացիայի մտադրություն չունի, և Ադրբեջանն է, որ սկսել է իր կենտրոնական զորքերի դուրսբերումը ՀՀ սահման և ԼՂ շփման գծի ամբողջ երկայնքով։ Նման իրավիճակում, ցավոք, հնարավոր չէ բացառել էսկալացիայի սցենարը, և տարբերակը դուրսբերված զորքերը մշտական տեղակայման վայրեր տանելն է, և ՀՀ-ն պատրաստ է նման քայլի»,- ասել է Փաշինյանը։

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Քարվաճառի ուղղությամբ կատարել են դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ, ինչն իբր թե կասեցվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, և նահանջել են ունենալով մեկ վիրավոր, ծայրեծայր կեղծիք է։ [Արցախի ՊՆ]

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հաստատում է՝ երեկ ստացել են ադրբեջանական կողմի առաջարկները։ «Հայկական կողմն ադրբեջանական կողմին է փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի 5-րդ խմբագրված տարբերակը։ Բառացիորեն, երեկ ստացել ենք ադրբեջանական կողմի առաջարկները։ Գործընթաց կա, քննարկում կա, բայց, դժբախտաբար, էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները բավականին հեռու են իրարից»,- ասաց Արարատ Միրզոյանը։ |tert.am|

Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում տեղ գտած թվերը, որոնք վերաբերում էին ուսումնական հաստատությունների մանկավարժներին հանրահավաք տանելուն, չեն համապատասխանում իրականությանը: Նշված է եղել 114 դպրոցի անունը, մինչդեռ այդ դպրոցի տնօրենը, ուսուցիչները հանրահավաքին չեն մասնակցել, թեև դրանց սահմանադրական իրավունքն ունեին: [ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան]

2020 թ․ հոկտեմբերի 21-ին մարտական  առաջադրանքի մեկնելիս Քիմիկների զորամասի 62 հոգանոց անձնակազմը զրահաբաճկոններ չի ունեցել, համալրված է եղել միայն АКМ տեսակի ինքնաձիգով, սաղավարտներով եւ քնապարկերով։ Այս մասին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում երեկ հայտնեց պատերազմի ժամանակ ՄՈԲ զինծառայող Արտակ Անդրեասյանը՝ նշելով, որ իրենց ասել են, թե զրահաբաճկոն այդ պահին չկա։ Անդրեասյանը ներկայացել էր դատարան՝ որպես տուժող հարցաքննվելու Քիմիկների զորամասի վերաբերյալ քրեական գործով, որի շրջանակում քննվում են զորամասի 40 զինծառայողների՝ Կովսականի (Զանգելանի) տարածքում շրջափակման մեջ ընկնելու հանգամանքները։

Ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ տեղափոխված առաջին անհրաժեշտության սննդամթերքը նախատեսվում է առաջիկա օրերին բաշխել հետևյալ կարգավիճակ ունեցող ընտանիքներին՝ զոհված զինծառայողների այն ընտանիքներին, որտեղ կան անչափահաս երեխաներ, այն ընտանիքներին, որտեղ կան հաշմանդամ երեխաներ, և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։ [Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն]

Փաշինյանը ԱԺ-ում նշեց՝ շատ դեպքերում Ադրբեջանի որոշ շրջանակներ, եռակողմ համաձայնության կոնտեքստում «միջանցք» բառի զգայունությունը հասկանալով, օգտագործում են սխալ կոնտեքստներ և Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ նկրտումներ ձևավորելու համար․ «Այդ իմաստով դա մեզ համար ոչ միայն անընդունելի, այլ նաև կարմիր գիծ է»։ «Հայկական կողմը հենց վաղը կարող է հաղորդակցությունների բացման ուղղությամբ աշխատանքներ իրականացնել: Ուզում եմ հիշեցնել, որ արդեն երկար ժամանակ Հայաստանի կառավարության օրակարգում շրջանառվում է մի նախագիծ՝ Հայաստան-Ադրբեջանի սահմանին 3 անցակետ բացելու վերաբերյալ, որոնցից մեկը Նախիջևանի սահմանին, երկուսը՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ սահմանին: Ուզո՞ւմ են ճանապարհ, մենք էլ ենք ուզում ճանապարհ և մենք պատրաստ ենք բացել այդ ճանապարհները ՀՀ ինքնիշխանության, իրավազորության և օրենքների շրջանակներում», - ասաց Փաշինյանը:

Եթե պարզվի Հայաստանի որևէ պաշտոնյա որևէ աշխատողի վարչական լծակի օգտագործմամբ տանում է հանրահավաքի, հանդիպման, ընտրության և այլն, այդ պաշտոնյան ազատվելու է աշխատանքից։ Ես սա ասում եմ այս ամբիոնից որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Եթե պարզվի, որ այդ մարդը ինձ ամենահարազատ մարդն է, եթե պարզվի, որ նման քայլ է արել, կդադարի լինել իմ ամենահարազատ մարդը և կազատվի աշխատանքից։ Ցուցակները տվեք, հիմնավորումները տվեք և մենք կանդրադառնանք։ [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան]

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԶՈՒ ԳՇ պետի հետ։ Հասանովն ու Մոհամմադ Հուսեյն Բաղերին մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և անվտանգության հարցերի շուրջ։ Բաղերին իր հերթին ընդգծել է, որ որոշ ուժերի կողմից տարածված կեղծ տեղեկատվությունը, թե Իրանը Ադրբեջանի հետ սահմանին կենդանի ուժ և զինտեխնիկա է կուտակում և երկրների բարեկամությունն ու բարիդրացիական հարաբերությունները խաթարելու նպատակով տարբեր զորավարժություններ է իրականացնում, չունի իրական հիմք։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաեւ երկրների միջեւ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները։ [Ադրբեջանի ՊՆ]

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 12։15֊ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ [Արցախի ՊՆ մամուլի ծառայություն]

Արցախի ԱԳ նախարարը Երևանում ընդունել է Բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը:Ղազարյանը հյուրերի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից Արցախի՝ արդեն 9 ամիս շարունակվող պաշարման հետևանքով առաջացած հումանիտար աղետին առնչվող հարցեր։[Արցախի ԱԳՆ]

Նախնական տվյալներով տեղի է ունեցել ինքնասպանություն իրեն ամրակցված գնդացրով։ Զինծառայող Ալեքս Սուրենի Ավանեսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ [ՔԿ]

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Արցախի Մարտակերտի շրջանի Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։ [Արցախի ՊՆ]

«Իրազեկ քաղաքացիների միավորումը», մշտադիտարկելով Առաջինի լրատվականի կայքը, պարզեց, որ այն որևէ կերպ չի անդրադարձել Չախոյանի՝ վարչական ռեսուրսի ենթադրյալ չարաշահման վերաբերյալ ՔՊ կուսակցությանն ուղղված մեղադրանք պարունակող տեսանյութերին։ «Լուրերի» սեպտեմբերի 7-ի, 8-ի և 9-ի բոլոր թողարկումների մշտադիտարկմամբ պարզվեց, որ դրանք ևս չեն լուսաբանել վերոնշյալ տեսանյութը։ Փոխարենը Հ1-ը հրապարակել է ՔՊ-ի հերքման տեքստն ամբողջությամբ, Նիկոլ Փաշինյանն էլ ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ մեղադրանքներին։

ՄԱԿ-ը դիրքորոշում է հայտնել Արցախի նախագահական ընտրությունների վերաբերյալ։ «Ցանկանում ենք հիշեցնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք երաշխավորում են Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և կոչ ենք անում հարգել դրանք ամբողջությամբ։ Գլխավոր քարտուղարը հորդորում է Հայաստանին ու Ադրբեջանին ակտիվացնել ջանքերը հարաբերությունների երկարատև կարգավորման ուղղությամբ՝ տարածաշրջանի անվտանգության և խաղաղության համար»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը։

Աղդամ-Ասկերան երթուղու բացումն այսօր կարևոր քայլ է, որը պետք է նպաստի նաև Լաչինի միջանցքի վերաբացմանը։ Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին ցուցաբերել պատասխանատվություն և ճկունություն՝ ապահովելու, որ ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամ-Ասկերան երթուղին օգտագործվեն։ ԵՄ-ն ակնկալում է, որ այսօրվա զարգացումներին կհետևեն ավելի կոնկրետ քայլեր առաջիկա օրերին և շաբաթներին՝ կապված նաև Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև իրենց իրավունքների և անվտանգության շուրջ երկխոսության, հաշտեցման ջանքերի և ընդհանուր հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի հետ: [ԵՄ խորհրդի նախագահի գրասենյակ] |aysor.am|

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: [ՀՀ ՊՆ]

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, հրազենային վիրավորումից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ալեքս Սուրենի Ավանեսյանը:Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: [ՀՀ ՊՆ]

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Սրաշենի (Սյունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: [ՀՀ ՊՆ]

Ռուսական բեռով մեքենայի մուտքը ամեն դեպքում մենք չենք խոչընդոտել: Տղաները նախկինի պես շարունակում են հերթապահել նույն տեղում: Բետոնե արգելապատնեշներով շարունակում ենք փակ պահել ճանապարհը: Մեր պայքարը նրա համար է, որ Կարմիր մահիկի բեռները չանցնեն այդ ճանապարհով։ [Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյան] |hetq.am|

ԵԽԽՎ Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը Փարիզում կայացած նիստի ընթացքում որոշում է կայացրել դիմել ԵԽԽՎ բյուրոյին։ Հանձնաժողովն առաջարկել է․ հրատապ ընթացակարգով կազմակերպել Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի հարցի քննարկում ԵԽԽՎ 2023թ. թվականի հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից պարտավորությունների կատարման (Մոնիտորինգի) և Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով հանձնաժողովներում կազմակերպել հրատապ կարգով համատեղ լսումներ Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ [ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյան] |1lurer.am|

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի տնային կալանքը փոխվել է գրավով։ Նա 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ [ ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյան] |armeniasputnik.am|

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի ՊՆ ուժային կառույցների ղեկավար կազմի հետ քննարկել է տարածաշրջանում ձևավորված ռազմաքաղաքական իրադրությունը, Ադրբեջանի ԶՈւ տեղաշարժերն ու կուտակումները։

Ուսուցիչները այսօր՝ սեպտեմբերի 12-ին, բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍ նախարարության դիմաց: Նրանք դեմ են նախարարության նոր չափորոշիչներին, խոսքը, մասնավորապես, 2֊րդ, 5֊րդ եւ 7֊րդ դասարանների դասագրքերին է վերաբերում։ «Պահանջում ենք, որ ուսուցչին չդնեն ռոբոտի տեղ, նա մարդ է եւ պարտավոր չէ 24 ժամ շարունակ օրն անցկացնել համակարգչի առաջ emis.am-ում լրացնելով: Այսինքն՝ ուսուցչի կատարած ահռելի աշխատանքի դիմաց վարձատրվում է գրոշներով եւ պահանջում են շատ աշխատանք: Մենք բացի գնահատականները էլեկտրոնային հարթակում տեղադրելուց պետք է ամեն օր երբ լրացնում ենք օրվա թեման, պետք է լրացնենք օրվա դասի նպատակը եւ վերջնարդյունքը: Ինչի՞ համար է դա արվում, դա ի՞նչ է տալու աշակերտին կամ ուսուցչին: Մենք առաջարկում ենք վերականգնել թղթային մատյանները»,- ասաց ակցիայի մասնակից ուսուցիչներից մեկը։ |news.am|

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը սեպտեմբերի 12-ին Վիեննայում մասնակցել և ելույթով հանդես է եկել Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին։ ԱԳ նախարարի տեղակալը դատապարտել է Ադրբեջանի կողմից ՀՀ հետ սահմանի և ԼՂ-ի հետ շփման գծի երկայնքով իրականացվող անձնակազմի, հարձակողական սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաշարժերն և կուտակումները։ Նա ընդգծել է, որ այս գործողությունները ոչ այլ ինչ են, քան ուժի սպառնալիք, ինչը վկայում է, որ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի և ԼՂ դեմ նոր ռազմական ագրեսիայի։  «Լեռնային Ղարաբաղի շրջափակումը հայերի դեմ տասնամյակներ շարունակվող ատելության հրահրման, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականության, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ խախտումների ավելի լայն պատկերի և էության մի մասն է, որոնք ցեղասպանական մտադրության նախազգուշացնող նշաններ են։»,- նշել է Վահե Գևորգյանը։ 

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց բլոգեր Միկա Բադալյանի և Sputnik Արմենիա ռադիոկայանի «Մենք» հաղորդաշարի հեղինակ Աշոտ Գևորգյանի ձերբակալության իրավաչափության հարցով բողոքները։[Փաստաբան Լիանա Գրիգորյան] |armeniasputnik.am|

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար Կիրիլ Կուլակովը ժամանել է Բաքու և հանդիպել Ադրբեջանի պաշտպանության նախարարին: Հանդիպմանը Զաքիր Հասանովն ասել է, թե վերջին շրջանում «հայկական անօրինական զինված խմբավորումների» կողմից իրականացվող «սադրանքների» թվի աճ կա։ [Ադրբեջանի ՊՆ] |tert.am|

Ռուսաստանի ԱԳՆ-ն ակնկալում է, որ առաջիկայում Աղդամի երթուղուն զուգահեռ կապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը՝ հաշվի առնելով նախկինում ձեռք բերված ըմբռնումը։ Զախարովայի մեկնաբանությունում նշվում է, որ Լաչինի և Աղդամի երթուղիների զուգահեռ ապաշրջափակման սխեման մշակվել է Լավրովի առաջ քաշած նախաձեռնության շրջանակներում՝ հուլիսի 25-ին Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպման ընթացքում։ «Հաշվի առնելով դիրքորոշումների էական անհամապատասխանությունը, փոխադարձ անվստահության բարձր մակարդակը, այս աշխատանքը հեշտ չէր ընթանում»,- նշում է Զախարովան։

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14:35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: [ՀՀ ՊՆ]

Եթե Հայաստանը ընդունել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, վերջ, ինչի՞ մասին է խոսքը։ Ահա սա է խնդրի հիմնական բաղադրիչը։ Ղարաբաղի կարգավիճակը որոշել է հենց Հայաստանը։ Այստեղ է ողջ խնդիրը։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի պանելային քննարկման ժամանակ։ Հարցին, թե Փաշինյանը խոսե՞լ է իր հետ, Պուտինը պատասխանել է, որ մանրամասն նամակ է ստացել․ «Հայաստանի հետ մենք որևէ խնդիր չունենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ որևէ խնդիր չունենք, մշտական կապի մեջ ենք միմյանց հետ»։

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան կդիմի ՈՒԵՖ