Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն ընդգծել են պարբերական ուղիղ չվերթերի կարևորությունը

ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն ընդգծել են պարբերական ուղիղ չվերթերի կարևորությունը

Ապրիլի 17-ին Ռիյադում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև քաղաքական երկխոսության զարգացման դրական դինամիկան՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո բարձր մակարդակի այցի կազմակերպումը փոխգործակցությունը խորացնելու ցանկության լավագույն վկայությունն է: Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կոնկրետ ոլորտներում փոխգործակցության զարգացումը խթանելու, երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու և համապատասխան իրավապայմանագրային բազա ձևավորելու պատրաստակամությունը: ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են առևտրատնտեսական, զբոսաշրջության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաև մշակութային արժեքների պաշտպանության հարցերում համագործակցության զարգացման հեռանկարներին: Ընդգծվել է պարբերական ուղիղ չվերթերի կարևորությունը, որոնք նպաստում են նաև մարդկանց միջև շփումների և գործարար կապերի խթանմանը։ Արարատ Միրզոյանն ու Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը քննարկել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում, բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ World Expo 2030-ի անցկացման համատեքստում: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը զարգացնում է քաղաքական երկխոսությունն ու գործընկերությունն արաբական բոլոր երկրների հետ, որի դրսևորումն էր նախորդ տարի առաջին անգամ մասնակցությունն Արաբական լիգայի նախարարական հանդիպմանը: «Շատ կարևոր է, որ մենք համատեղ ջանքերով լրացնում ենք Սաուդյան Արաբիայի հետ խոստումնալից փոխգործակցության բացը»: Հայաստանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները, խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցություններն ու առանցքային հարցերի շուրջ ՀՀ դիրքորոշումը։ Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է լոգիստիկ փոխկապակցվածության ավելացմամբ, ինչը նշանակում է թե՛ տնտեսական շահ, թե՛ կայունություն: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը գործընկերոջ ուշադրությանն է ներկայացրել ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:
18:55 - 17 ապրիլի, 2024
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Սաուդյան Արաբիայի կրթության նախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Սաուդյան Արաբիայի կրթության նախարարի հետ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության կրթության նախարար Յուսուֆ բին Աբդալլահ Ալ-Բանյանի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև ձևավորվող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և նշել, որ ՀՀ ԱԳ նախարարի այս այցը նոր խթան կհանդիսանա Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տարբեր առանցքային ոլորտներում փոխգործակցության զարգացման գործում։ Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են կրթության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում կապերն ընդլայնելու ուղղությամբ։ Հատուկ ուշադրություն է հատկացվել կրթության մեջ բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների, երիտասարդության ներուժի արդյունավետ կիրառման միջոցով ոլորտի՝ ժամանակակից պահանջներին համահունչ զարգացումն ապահովելու կարևորությանը։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «ԹՈՒՄՈ» ստեղծարար կենտրոնի գործունեության միջոցով ընձեռնվող հնարավորություններն ու արդեն իսկ ձևավորված միջազգային համագործակցությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել Երևանի և Ռիյադի միջև շփումները՝ կրթության տարբեր մակարդակներում փորձի փոխանակման, մասնագիտական վերապատրաստման իրականացման, ինչպես նաև կրթաթոշակների ու մարդկային ռեսուրսի մեծ ներուժի փոխշահավետ իրացման նպատակով։
14:11 - 17 ապրիլի, 2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Բուշ-Դյու-Ռոն դեպարտամենտի նախագահին

Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Բուշ-Դյու-Ռոն դեպարտամենտի նախագահին

Ապրիլի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Ֆրանսիայի Բուշ-Դյու-Ռոն դեպարտամենտի և Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները, որոնք իրենց բովանդակությամբ ընդունված է բնութագրել որպես առանձնաշնորհյալ, այսօր զարգանում են լայն օրակարգով և նոր ուղղություններով, որոնք միտված են ամրապնդելու ՀՀ դիմակայությունը: Վերջինիս համատեքստում երկուստեք ընդգծվել է հատկապես տնտեսական ոլորտում և գործարար կապերի ընդլայնման միջոցով փոխգործակցության առավել ակտիվացման կարևորությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև ապակենտրոնացված համագործակցության հնարավորություններին, որոնց համար լավ հիմքեր են ձևավորվել, որոնցից է Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի մասնակցությունը Հայաստանի մարզերում առողջապահական ծրագրերին:   Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցեր: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը, լինելով եվրոպական քաղաքակրթություն և ունենալով ժողովրդավարական բարեփոխումների օրակարգ, էականորեն խորացնում է հարաբերությունները Եվրոպական միության և անդամ պետությունների հետ: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին և առկա մարտահրավերներին: Նախարար Միրզոյանն ընդգծել է 2022թ. հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության տեքստում Ալմա-Աթայի հռչակագրի հիշատակման և Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերահաստատման կարևորությունը: Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին շրջանի քննարկումները և գործընթացում պահպանվող հիմնական հարցերը: Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավունքների և կարիքների հասցեագրմանը, այս նպատակով ՀՀ-ին ցուցաբերված աջակցությանը, ինչպես նաև հումանիտար բնույթի հարցերի:
20:43 - 09 ապրիլի, 2024
ԱԺ-ում ընթանում է սահմանազատման հարցով փակ նիստը. որոշ պատգամավորներ դրան մասնակցելու համար գաղտնիության թույլտվություն չունեն

ԱԺ-ում ընթանում է սահմանազատման հարցով փակ նիստը. որոշ պատգամավորներ դրան մասնակցելու համար գաղտնիության թույլտվություն չունեն

ԱԺ-ում տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ փակ նիստ․ դրան մասնակցելու գաղտնիության թույլտվություն չունեն ընդդիմադիր պատգամավորներ Սեյրան Օհանյանը, Լևոն Քոչարյանը, Արմեն Գևորգյանը, Ասպրամ Կրպեյանը, Արման Ղազարյանը, Մհեր Մելքոնյանը, Արմեն Ռուստմյանը, Մհեր Սահակյանը, Արթուր Սարգսյանը։  ՔՊ-ից թուլտվություն չունի Դավիթ Կարապետյանը, որը նոր է ստանձնել պաշտոնը։ Ալեն Սիմոնյանը մինչ նիստի մեկնարկը հայտարարեց պատգամավորների անունները։ Նշենք, որ նիստը փակ անցկացնելու որոշումը կայացրեց ԱԺ մեծամասնությունը․ ընդդիմությունը դեմ էր այս որոշմանը։ Նիստին մասնակցում են Մհեր Գրիգորյանն ու Արարատ Միրզոյանը։ Հիշեցնենք, որ հրատապ նիստի առաջարկով հանդես էին եկել ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։
15:35 - 09 ապրիլի, 2024
Մհեր Գրիգորյանն ու Արարատ Միրզոյանը կմասնակցեն սահմանազատման հարցով ընդդիմադիրների առաջարկած փակ նիստին
 |azatutyun.am|

Մհեր Գրիգորյանն ու Արարատ Միրզոյանը կմասնակցեն սահմանազատման հարցով ընդդիմադիրների առաջարկած փակ նիստին |azatutyun.am|

azatutyun.am:  Ընդդիմադիր խմբակցությունների առաջարկած Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ նիստ անցկացնելու հարցը խորհրդարանը կքննարկի այսօրվա երրորդ հիմնական նիստում, քառօրյայի մեկնարկին հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Հրատապ նիստի առաջարկով հանդես են եկել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ Որպես հարակից զեկուցողներ ընդդիմությունն առաջարկել էր քննարկմանը ներգրավել փոխվարչապետ, սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի (հայկական կողմից) նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ու արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Փոխվարչապետի գրասենյակից «Ազատության»-ը հաստատեցին՝ Մհեր Գրիգորյանը կամսանակցի նիստին, իշխանական պատգամավորներն էլ փոխանցեցին, որ Արարատ Միրզոյանը ևս ներկա կլինի։ Նիստը կանցկացվի փակ ընթացակարգով։ Ազգային ժողովի նախագահին ուղղված դիմումում ընդդիմադիրները նշել են, թե Հայաստանի անունից հանդես եկող անձինք Երևանի և Բաքվի միջև սահմանազատման և սահմանագծման հարցում անում են հայտարարություններ, որոնցով խախտում են Հայաստանի սահմանադրությունը, «Պետական սահմանի մասին» և մի շարք այլ օրենքներ և անտեսում սահմանազատման հարցով միջազգային լավագույն փորձը: Բացի այդ, խորհրդարանական ընդդիմությունն ընդգծում է, թե այդ հայտարարություններով իշխանությունը հակասում է ինչպես իր նախընտրական, այնպես էլ կառավարության 2021-26 թվականների ծրագրերին: Հիմնական զեկույցով հանդես կգա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։  
12:29 - 09 ապրիլի, 2024
Արարատ Միրզոյանը ԵՄ երկրների դեսպաններին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Արարատ Միրզոյանը ԵՄ երկրների դեսպաններին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպական միության խորհրդի քաղաքական և անվտանգային հարցերով կոմիտեի պատվիրակությանը։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, ողջույնի խոսքում Արարատ Միրզոյանը գոհունակությամբ արձանագրել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների էական խորացմանը միտված գործընթացը՝ ընդգծելով, որ այն ներառում է ինչպես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շարունակական իրականացումը, այնպես էլ դրանից անդին հնարավորությունների լավագույնս օգտագործումը: Հարաբերությունների զարգացման այս դինամիկայի համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման տնտեսական բաղադրիչին: Վերջինիս ներքո նախարար Միրզոյանը շեշտել է Տնտեսական ու ներդրումային պլանի ուղենիշային նախաձեռնությունների կյանքի կոչման ու նոր՝ «Հայաստանի դիմակայունության և աճի» ծրագրով ընձեռվող հնարավորությունները: Կարևոր նախագծերի շարքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի ուղղությամբ առաջընթացի ապահովմանը։ Վկայակոչելով Եվրոպական խորհրդարանում 2023 թ. դեկտեմբերին ՀՀ վարչապետի ելույթը՝ նախարար Միրզոյանը հավելել է. «Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ, և մենք կառաջնորդվենք այդ ձգտումներով:» Անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային հարցերին՝ Արարատ Միրզոյանը ԵՄ անդամ երկրների դեսպաններին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Ընդգծելով ՀՀ պատրաստակամությունն օգտագործել խաղաղության հասնելու հնարավորությունը՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ դա ենթադրում է խաղաղության պայմանագրում առանցքային հարցերի շուրջ փոխհամաձայնության արձանագրում՝ մասնավորապես 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության ճանաչման փոխադարձ վերահաստատում և սահմանազատում: Տարածաշրջանում տնտեսական զարգացման ապահովման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման կարևորությունը՝ որպես այդ հարցում ՀՀ շահագրգռվածության դրսևորում հիշատակելով ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Նախարարը պատասխանել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության, Հայաստանի տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ ներկաների հարցերին: Կայացել է մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
18:47 - 08 ապրիլի, 2024
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽ Գլխավոր քարտուղարն անդրադարձել են Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽ Գլխավոր քարտուղարն անդրադարձել են Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Հանդիպումը կայացել է ԵԽ ԳՔ՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային կայունության հարցեր։ Նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի խորհրդի միջև կարևոր ու արդյունավետ համագործակցությունը՝ միտված օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ՀՀ կառավարության առաջնահերթյունների ու բարեփոխումների օրակարգի կյանքի կոչմանը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵԽ 2023-2026 թվականների Գործողությունների ծրագրի իրականացմանը։ Նախարար Միրզոյանն ընդգծել է նաև նախորդ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումից և ԼՂ էթնիկ զտումից հետո ԵԽ արագ արձագանքը, այդ թվում՝ նոր մարտահրավերների հասցեագրման նպատակով նշյալ ծրագրի հարմարեցման կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի՝ հատկապես խոցելի խմբերի իրավունքների միջնաժամկետ ու երկարաժամկետ կարիքների հասցեագրման շուրջ, ինչի առնչությամբ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է ջանքերն այդ ուղղությամբ, այդ թվում՝ միջազգային գործընկերների աջակցությամբ։ ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽ Գլխավոր քարտուղարն անդրադարձել են Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին: Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունն ու ջանքերը՝ նշելով թշնամանքից զերծ մթնոլորտի ձևավորման, առանցքային հարցերում հստակ հանձնառության կարևորությունը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում երկու առանցքային հարցերի՝ տարածքային ամբողջականության ճանաչման վերահաստատման, սահմանների անքակտելության և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերում ՀՀ մոտեցումները: Արարատ Միրզոյանը շեշտել է գործընթացում 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի, ինչպես նաև միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին հավատարմության կարևորությունը:
15:15 - 08 ապրիլի, 2024
Երկու հիմնական հարց կա, որտեղ Երևանի ու Բաքվի պատկերացումները դեռ հեռու են միմյանցից. Միրզոյան |azatutyun.am|

Երկու հիմնական հարց կա, որտեղ Երևանի ու Բաքվի պատկերացումները դեռ հեռու են միմյանցից. Միրզոյան |azatutyun.am|

azatutyun.am: Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցություններում մի շարք փոխադարձ համաձայնությունների արդեն եկել են, բայց երկու հիմնական հարցի վերաբերյալ կողմերի պատկերացումները դեռ հեռու են միմյանցից, Հանրայինի եթերում հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Մենք իրոք պատմական հնարավորություն ունենք Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն հաստատելու: Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և բանակցություններում կառուցողական է մոտենում բոլոր հարցերին: Խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցություններում մենք մի շարք փոխադարձ համաձայնությունների արդեն եկել ենք, ցավոք սրտի, երկու հիմնական հարց կա, որտեղ կողմերի պատկերացումները դեռ հեռու են միմյանցից», - ասել է նախարարը։ Առաջինը, նրա խոսքով, վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը և հետագա սահմանազատման գործընթացին: «Եվ էլի պիտի խոսեմ Ալմա-Աթայի հռչակագրի մասին, մենք մի քանի անգամ ամենաբարձր մակարդակով պայմանավորվել ենք, առնվազն 3-4 անգամ եղել են հանդիպումները, որտեղ կողմերը պայմանավորվել են, վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը Ալմա-Աթիի հռչակագրի հիման վրա և պայմանավորվել են, որ սահմազատումը տեղի է ունենալու Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Ինձ համար ևս տարօրինակ է, որ երբ մենք փորձում ենք այս պայմանավորվածությունը արտացոլել, այս հռչակագրին հղում անել տարածքային ամբողջականության և սահմանազատման կոնտեքստում հղում անել պայմանագրի նախագծում, և մենք տեսնում ենք Ադրբեջանի դժկամությունը», - շեշտել է Արարատ Միրզոյանը: Նա հույս է հայտնել, որ առաջիկայում կկարողանան ավելի ամուր փոխըմբռնում ձեռք բերել այս հարցում: Երկրորդ առանցքային կետը, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի պատկերացումները տարբերվում են, ենթակառուցվածքների ապաշրջափակումն է, նշել է նախարարը։
11:36 - 07 ապրիլի, 2024
Սա մեծ գործընթացի մաս էր. Արարատ Միրզոյանը` բրյուսելյան հանդիպման մասին
 |arm.sputniknews.ru|

Սա մեծ գործընթացի մաս էր. Արարատ Միրզոյանը` բրյուսելյան հանդիպման մասին |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Բրյուսելյան հանդիպումը մեծ գործընթացի մի մաս էր։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Երբևէ այսպիսի ձևաչափով ԱՄՆ-ԵՄ-ՀՀ հանդիպում չէր եղել, համենայնդեպս ՀՀ-ի հետ հարաբերությունների առումով։ Այս հանդիպումը չափազանց կարևոր հանգրվան էր Միացյալ Նահանգների և ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացման գործընթացի համատեքստում։ Սա ո՛չ սկիզբն էր, ո՛չ էլ ամենևին ավարտը, այլ մեծ գործընթացի կարևոր մաս»,– ասաց նա։   Միրզոյանն ընդգծեց, որ Հայաստանը սերտացնում է հարաբերությունները թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ԵՄ-ի հետ։   «Ապրիլի 5-ին կայացած հանդիպման համատեղ արդյունքներով մի քանի կարևոր ուղղություններ են նշվում, որոնք մեզ համար չափազանց կարևոր են` սկսած ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սատարումից։ Սա կարևոր քաղաքական հայտարարություն էր, որի կարիքն իսկապես այսօր ունենք»,– նշեց նախարարը։   Միրզոյանը շեշտեց` հանդիպման ժամանակ անվտանգային թեմաներ չեն քննարկվել, ռազմական բաղադրիչ չի եղել քննարկումների սեղանին։   «Բայց մյուս կողմից այն ամենը, ինչի մասին խոսել ենք, նաև երկրի դիմակայության ավելացման մասին է, որը ևս անվտանգային մաս է դառնում»,– ասաց նա։   Հիշեցնենք` ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյանի, ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` Եվրամիությունն առաջիկա 4 տարիների համար Հայաստանին կտրամադրի 270 միլիոն եվրո դրամաշնորհ, ԱՄՆ-ն Հայաստանի տնտեսությունում 65 միլիոն դոլարի ներդրում կանի։
11:11 - 07 ապրիլի, 2024
ՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին, անկանոն կրակոցները դրան չեն նպաստում ու հասկանալի չեն մեզ համար․ արտգործնախարար |tert.am|

ՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին, անկանոն կրակոցները դրան չեն նպաստում ու հասկանալի չեն մեզ համար․ արտգործնախարար |tert.am|

tert.am: Այս անկանոն կրակոցները չեն նպաստում խաղաղության գործընթացին ու հասկանալի չեն մեզ համար։ Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով երեկ գիշեր Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներին․ «Ակնհայտորեն ՀՀ-ն իրավիճակի սրմամբ շահագրգռված չէ։ Այս իրավիճակի լիցքաթափման համատեքստում կարևորում եմ ԵՄ դիտորդական առաքելության հայտարարությունը։ Այդ առաքելությունը դարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով կայունության բավանանին իրական, շոշափելի, արդյունավետ գործոն։ Ուզում եմ անդրադառնալ վերջին կրակոցներին։ Այս անկանոն կրակոցները չեն նպաստում խաղաղության գործընթացին ու հասկանալի չեն մեզ համար։ Մի կողմից մենք նստում ենք լուրջ բանակցությունների սեղանի մոտ, խաղաղության գործընթաց ենք ձեռնարկում և ամբողջ աշխարհին ասում ենք, որ մենք խաղաղություն ենք ուզում, ադրբեջանական կողմն էլ գալիս է, միջնորդներին կամ հանդիպումը կազմակերպողներին, կամ մեզ՝ երկկողմ հանդիպումների ժամանակ հավաստիացնում, որ խաղաղություն է ուզում կառուցել, մյուս կողմից՝ ահա այսպիսի միջադեպեր սահմանին, տեղեկատվական արշավ, պատրվակների ստեղծում՝ էսկալացիայի համար։ Ես ուզում եմ մի անգամ էլ ասել՝ մենք փորձում ենք խաղաղություն կառուցել։ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին։ Բայց սա անելու համար մենք պետք է պատրաստակամություն տեսնենք մյուս կողմից ևս»,- նշել է Միրզոյանը։
10:41 - 07 ապրիլի, 2024
«Եվրաջասթի» համաձայնագիրն անփոխարինելի դեր կունենա ՀՀ-ԵՄ իրավասու մարմինների միջև ոլորտային համագործակցության խթանման հարցում. Միրզոյան

«Եվրաջասթի» համաձայնագիրն անփոխարինելի դեր կունենա ՀՀ-ԵՄ իրավասու մարմինների միջև ոլորտային համագործակցության խթանման հարցում. Միրզոյան

«Եվրաջասթի» հետ համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ինչպես նաև ԵՄ և Բելգիայի պաշտոնյաներն իրենց խոսքում ընդգծել են, որ Հայաստանն առաջինն էր, որ 2021 թ. սկսեց բանակցությունները համաձայնագրի կնքման շուրջ, և այսօր՝ բանակցությունների հաջող ավարտից հետո, առաջինն է, որ ստորագրում է այն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:   Ստորև ներկայացնում ենք նախարար Միրզոյանի խոսքն ամբողջությամբ:   «Մեծարգո՛ նախարար, Հարգելի՛ հանձնակատար, Հարգելի՛ նախագահ, Հարգելի՛ գործընկերներ,   Իսկապես ուրախ եմ այսօր ստորագրել այս համաձայնագիրը, որն ուղղված է արդարադատության, օրենքի գերակայության ոլորտներում և անդրազգային ծանր հանցագործությունների դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համագործակցության հետագա ամրապնդմանը։   Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտության խոսքերն ուղղել ԵՄ կառույցների բոլոր գործընկերներին, Բելգիայի նախագահությանը և նախագահ Համրանին՝ իր անձնական ներդրման համար, ինչպես նաև ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների գործընկերներին այս բանակցությունները հաջողությամբ վարելու համար։ Ինչպես արդեն ասվեց, Հայաստանն ի սկզբանե շահագրգռված էր ստորագրել այս համաձայնագիրը, մենք առաջինն էինք, որ սկսեցինք բանակցությունները, և ես հպարտ եմ, որ մենք առաջինն ենք ավարտել բանակցությունները և ստորագրում ենք համաձայնագիրը:   Բացի այդ, ուզում եմ ընդգծել, որ մենք արդեն ունեինք սերտ համագործակցություն «Եվրաջասթ», ինչպես նաև «Եվրոպոլ» գործակալությունների հետ նույնիսկ առանց այս համաձայնագրի, բայց հիմա այս համաձայնագիրն ամրապնդում և ինստիտուցիոնալ հիմքերի վրա է դնում մեր համագործակցությունը։ Այս համաձայնագրի ստորագրումով մենք նաև մեկ քայլ մոտենում ենք ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք իրականացմանը, բայց սա նաև դռներ է բացում փորձի փոխանակման և կարողությունների զարգացման նոր հնարավորությունների համար, ինչպես քննարկեցինք ավելի վաղ:   Այս համաձայնագիրն անփոխարինելի դեր կունենա Հայաստանի և Եվրոպական միության իրավասու մարմինների միջև ոլորտային համագործակցության խթանման հարցում, որի նպատակն է նպաստել փոխադարձ իրավական օգնությանը, համատեղ հետաքննության ռազմավարությունների մշակմանը և արդարադատական հարցերի հասցեագրմանն աջակցելուն: Հատկանշական է, որ «Եվրոպոլ» գործակալության հետ մենք արդեն մի քանի փաստաթղթեր ենք ստորագրել, որոնք այս օրերին անցնում են մեր խորհրդարանի կողմից վավերացման փուլը։   Շնորհավորում եմ և շնորհակալություն»։
19:35 - 05 ապրիլի, 2024