Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Մոսկվան պնդում է՝ Երևանը ինքը չի որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ տարածքում |azatutyun.am|

Մոսկվան պնդում է՝ Երևանը ինքը չի որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ տարածքում |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Հայաստանն ինքը դեռ չի որոշել իր տարածքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատասխանատվության գոտին։ «Իհարկե, երբ ասում են, որ ՀԱՊԿ-ը չի կարողանում որոշել, թե որտեղ է գտնվում իր պատասխանատվության գոտին Հայաստանում, Հայաստանն ինքը դեռ չի որոշել»,- Комсомольская правда-ին տված հարցազրույցում հայտարարել է Լավրովը։ Ռուսաստանյան դիվանգիտության ղեկավարն անդրադարձել է նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին և համոզմունք հայտնել, որ Երևանն ու Մոսկվան շարունակում են դաշնակիցներ մնալ, ընդ որում, ըստ Լավրովի, «ոչ միայն իրավաբանորեն»։ «Մենք դեռևս դաշնակիցներ ենք Հայաստանի հետ։ Մենք մեզ շարունակում ենք դաշնակիցներ համարել։ Իրավաբանորեն մենք դաշնակիցներ ենք, բայց ես կարծում եմ ոչ միայն իրավաբանորեն, այնտեղ կան նաև այնպիսիք, ովքեր հասկանում են Ռուսաստանի կարևորությունը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման համար», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Այս հայտարարություններին պաշտոնական Երևանը դեռ չի արձահանքել։ Լավարովը այս մասին խոսում է մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովի ու Պուտինի երդմնակալության ֆոնին, որին Հայաստանն իր մասնակցությունն ու դրա ձևաչափը չի հաստատել։
Այսօր 15:16
Վարչապետն ընդունել է գերմանական Վերականգնման վարկերի բանկի պատվիրակությանը

Վարչապետն ընդունել է գերմանական Վերականգնման վարկերի բանկի պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ քննարկվել են Հայաստանում էներգետիկ ոլորտում իրականացվող և բանկի ներգրավվածությամբ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։ «Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը և նշել, որ այդ հարաբերություններում կարևոր դեր ունի ՀՀ կառավարության և KfW-ի միջև փոխգործակցությունը: Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) Ասիայում էներգետիկայի և ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Թոմաս Այզենբախը ընդգծել է, որ KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը՝ նոր ծրագրերի իրականացման գործում: KfW-ի ներկայացուցիչն անդրադառնալով Հայաստանի հետ տարբեր ոլորտներում իրականացվող ընթացիկ ծրագրերին, մասնավորապես, կարևորել է համատեղ նախագծերի իրականացումը: Նրա համոզմամբ, համատեղ ծրագրերը կնպաստեն ոլորտի շարունակական զարգացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի:
Այսօր 14:03
Փաշինյանը 2 նպատակ ուներ՝ «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները և կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև․ Տիգրան Աբրահամյան

Փաշինյանը 2 նպատակ ուներ՝ «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները և կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև․ Տիգրան Աբրահամյան

Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: Հիշեցնենք, որ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Տավուշի մարզ ապրիլի 17-ին: Նա եղել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրերում՝ տեղի բնակիչներին ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։ «Փաշինյանի՝ Տավուշ կատարած վերջին այցը 2 հիմնական նպատակ ուներ՝ «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները և կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև: Սկսեմ առաջինից. Ոսկեպար կատարած առաջին այցի շրջանակներում, եթե մի կողմ դնենք հուզական, շանտաժային և ահաբեկման գործոնները, ապա Փաշինյանի ասածն այն էր, որ ինքը պատրաստ է գնալ ցավոտ զիջումների` գյուղերի հանձնման ճանապարհով, բայց նույնիսկ այդ պայմաններում Ադրբեջանի հետ պայմանավորվածության հասնելու երաշխիք չկա: Այս հանդիպմանը հանրային հակազդեցության մեծ ալիք հետևեց, որը նաև արտացոլում էր գտել սոցոլոգիական հարցումների վերլուծությունում, երբ հայտնի դարձավ, որ ՀՀ բնակչության ճնշող մեծամասնությունը դեմ է այդ որոշմանը: Ի՞նչ արեց Նիկոլը: Ոչ թե հրաժարվեց անտրամաբանական ու միակողմանի զիջումների քաղաքականությունից, այլ օգտագործելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի հետ բանակցությունները որոշակիություն դեռ չեն տալիս, գնաց այլ ճանապարհով, փորձելով եղած նույն իրողություններն այլ լույսի ներքո ներկայացնել: Այսինքն` հանրային դժգոհության դեմ առնելու համար անկեղծ խոստովանությունները մի կողմ դրեց ու անցավ իր հայտնի ու իրեն հատուկ խաբեությանը: Ինչ վերաբերում է Տավուշի գյուղերում ներքին կոնֆլիկտ հրահրելուն, ապա խոսքն առաջին հերթին վերաբերում է Բերքաբերի այն հողատարածքներին, որոնք ադրբեջանական օկուպացիայի տակ են: Նիկոլի ասելիքն այն է, որ եթե Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս հատվածում զիջումների չգնանք, ապա Բերքաբերի հողերը կմնան ադրբեջանական օկուպացիային` մարդկանց մոտ կեղծ սպասելիք առաջացնելով առ այն, թե իբր Ադրբեջանի հետ տարածքների փոխանակման օրակարգ է քննարկվում։ Իրականում Ադրբեջանի նպատակն է Հայաստանից իշխանությունից 4+4 բանաձևով ստանալ 8 գյուղ և դրա դիմաց որևէ փոխզիջման չգնալ: Սա լավագույնս հասկանում է ՀՀ իշխանությունը, սակայն մարդկանց մոտ թյուր տպավորություններ ձևավորում, թե իբր մենակ տվողի դերում չեն: Հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի, իսկ պատասխանատվությունն այս դեպքում կգցի Տավուշի տարբեր գյուղերի և այդտեղ ապրող մարդկանց վրա»,- գրել է Աբրահամյանը: Նշենք, որ ոսկեպարցի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը հայտնել էր, որ Փաշինյանն ասել է՝ այլընտրանքային ճանապարհ սարքենք, ժողովուրդն ասել է, որ այլընտրանքային ճանապարհ մեզ պետք չէ, մենք ունենք հիմնական կենսունակությունն ապահովող ճանապարհ։ Բայց, նրա խոսքով, բերքաբերցիների համար դա ընդունելի տարբերակ չի եղել։
Այսօր 11:02
Տոնոյանը Փաշինյանին առաջարկել է անձամբ «զննել» հրթիռները

Տոնոյանը Փաշինյանին առաջարկել է անձամբ «զննել» հրթիռները

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Արդեն 2 տարի 7 ամիս անհիմն և անօրինական կալանքի տակ գտնվելուց հետո ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի կողմից երեկ կրկին մերժվեց իմ նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական խմբի կողմից ներկայացված միջնորդությունը: Միջնորդության ներկայացումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում քննվող և հանրությանը որպես «հրթիռների գործ» մատուցվող քրեական գործով դեռևս 09.04.2024 թվականին ավարտվեց ևս մեկ դատավարական փուլ և դատարանի կողմից հայտարարվեց դատաքննության ավարտ: Դեռևս նախաքննության սկզբնական փուլում նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից տարածած հայտարարություններով. /https://www.sns.am/hy/news/view/639 // https://www.sns.am/hy/news/view/640)/ հանրության մոտ նպատակաուղղված ձևավորվել է մեղադրական տպավորություն հրթիռների վիճակի, ձեռքբերման արժեքի և գործի այլ հանգամանքների վերաբերյալ, ինչը հանգեցրել է իմ և գործով անցնող մյուս անձանց մեղավորության՝ որպես հաստատված փաստի վերաբերյալ հանրային ընկալման ձևավորմանը: Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի տարեկան հաղորդման մեջ նշված իրավիճակին տրված այն գնահատականը, որ կատարված առերևույթ հանցագործության և անձի մեղավորության առնչությամբ ձևակերպումները չպետք է ձևավորեն կանխակալ ընկալում արարքի կատարումը անձի կողմից որպես հաստատված փաստ ներկայացնելու տեսանկյունից՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում, ինձ իրավունք եմ վերապահում արդեն իսկ հրապարակված տեղեկատվության սահմաններում անդրադառնալ մի քանի կարևոր հանգամանքների: Մինչ այս պահը դատաքննության ընթացքում հետազոտված և ներկայացված մեղադրանքի հետ որևէ աղերս չունեցող ապացույցներին ավելացան նաև վերջին մի քանի դատական նիստերի ընթացքում դատավորի կողմից հանրային մեղադրողի և մեղադրյալների մասնակցությամբ զննված գործով 3 տարի առաջ իրեղեն ապացույց ճանաչված անթերի վիճակում գտնվող ռուսական արտադրության հրթիռները, որոնց վիճակը էապես տարբերվում է հանրությանը դրանց վերաբերյալ ներկայացված տպավորությունից: Զննության ընթացքում դատավորի կողմից անտեսվել է իմ կողմից հայտնված մեղադրական եզրակացության մեջ նշված հրթիռների ամբողջ քանակը զննելու վերաբերյալ դիրքորոշումը: Դատավորի կողմից անտեսվել է նաև իմ կողմից ներկայացված միջնորդությունը՝ տեղում զննել նաև նույն խմբաքանակով ներմուծված և ԶՈՒ հաշվեկշռում լինելու հանգամանքով պայմանավորված ՀՀ Պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով օգտագործման ժամկետները երկարաձգված հրթիռները և դրանք համեմատել սույն գործով իրեղեն ապացույց ճանաչված հրթիռների հետ: Դատարանի կողմից չապահովվեց նաև փորձագետի մասնակցությունը զննության գործընթացին, որի մասնակցությամբ իրեղեն ապացույցները զննելու նպատակով իմ կողմից մտացածին հնարավոր ապօրինի ազդեցությունը զսպելու ռիսկը դատարանի կողմից առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում շարունակաբար դրվել է ինձ կալանքի տակ պահելու որոշումների հիմքում: Մինչդեռ, շուրջ երկու ամսվա ընթացքում դատարանին այդպես էլ չհաջողվեց հայտնաբերել ԶՈՒ-ից զորացրված փորձագետին: Զննության արդյունքներով հոդս ցնդեցին հայտնի շրջանակների կողմից նշված հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները, իսկ դատավորի վերոնշյալ վերաբերմունքից կարելի է մեկ հետևություն անել. հրթիռների միայն մի մասի զննությունն էլ վերջինիս համար բավարար էր դրանց իրական վիճակի վերաբերյալ ներքին համոզմունք ձևավորելու համար: Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաև տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների ևս մեկ զննություն իրականացնել և լրատվամիջոցների ներկայությամբ անձամբ ինձ ուղղել իրեն հետաքրքրող հարցերը՝ ինչպես սպառազինության, այնպես էլ հանրային հետարքրքություն ներկայացնող այլ թեմաների վերաբերյալ: Եթե գոյաբանական մարտահրավերների առջև կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև ԶՈՒ Ռազմաօդային ուժերի մարտունակության ապահովման համար անհրաժեշտ հրթիռները «զննելու» համար»:
Այսօր 10:21
Վարչապետն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր

Վարչապետն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, հումանիտար ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարվող քայլերին: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերին, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծման ՀՀ կառավարության իրականացրած քայլերին: Մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ: Քննարկվել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր:
18:40 - 18 ապրիլի, 2024
Նիկոլ Փաշինյանը խոր խնդիրներ է տեսնում պետական համակարգի կառավարման առաջնային օղակում
 |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը խոր խնդիրներ է տեսնում պետական համակարգի կառավարման առաջնային օղակում |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետական համակարգի առաջնային օղակում խոր խնդիրներ է տեսնում։ Վարչապետն այդ մասին ասել է ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում։  Նա նշել է, որ չի հիշում մի դեպք, երբ պետական համակարգի կառավարման առաջնային օղակներից բարձրաձայնվի որևէ խնդրի մասին։  «Վերջին շրջանում մի քանի այդպիսի աղմկոտ դեպքեր հիշում եմ, երբ զորահավաքային, առողջապահության  համակարգի աշխատակիցների ներգրավմամբ ուղղակի սխեմաներ էին գործում, և պետական վերահսկողական ծառայության ստուգման արդյունքում մի զարմանալի փաստ հայտնաբերեցինք. իմ մտքով չէր էլ անցել, որ այդպիսին է պրակտիկան։ Արձանագրվել էր, որ զորակոչիկի ուղեղում կիստա կա, բայց դա հնարավոր չէ նույնականացնել. այն հետազոտության տվյալը, որի հղում է արվում, հենց այդ մարդու հետազոտության տվյա՞լն է, թե՞ «տիպային» կիստա ունենք, պատճենով բոլորի գործերի մեջ դնում ենք և ազատում։ Այսինքն, այսպիսի խորը խնդիրներ կան։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ երկրի էլիտար երկու մասնագիտություն ունեցող ներկայացուցիչների միջև այդպիսի լայն համագործակցություն կա ընդդեմ պետության»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետն էական է համարում այն, որ այս ահազանգերը և իրավիճակները տվյալ համակարգերից չեն ստացել։ «Մենք լրիվ ուրիշ դեպքերով և ուրիշ տեղերով գնացել և հասկացել ենք, որ այստեղ խնդիր կա։ Բայց պետական համակարգի ամբողջ աշխատանքի իմաստը դրա մեջ է, որ առաջնային օղակի մարդիկ ասեն, որ այստեղ խնդիր կա։   Ես ուզում եմ տալ հարց, որը և հռետորական է, և ոչ։ Ինչո՞ւ առողջապահության նախարարության և պաշտպանության նախարարության առաջնային օղակները չեն զեկուցել կառավարությանը: Չեմ հիշում մի դեպք, որ առաջնային օղակներից զեկույցներ եկած լինի։ Չկա այդպիսի դեպք։ Այստեղ է խորը պետական համակարգի ճգնաժամը երևում»,- եզրափակեց Փաշինյանը։
13:33 - 18 ապրիլի, 2024
Կառավարությունը հաստատել է Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում |1lurer.am|

Կառավարությունը հաստատել է Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը հաստատեց «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները: «Այս որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներից, ըստ որի բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է բաց մրցույթի կարգով, ուսումնական հաստատության խորհրդում գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Բրյուսովի անվան պետական համալսարանի կանոնադրության համաձայն՝ համալսարանի հիմնադիրը ՀՀ-ն է՝ ի դեմս ՀՀ կառավարության: Բուհի կանոնադրության համաձայն՝ ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել ՀՀ գործունակ չափահաս այն քաղաքացին, որն ունի գիտական աստիճան և առնվազն 5 տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ: Այս տարվա մարտի 29-ին տեղի է ունեցել Բրյուսովի անվան պետական համալսարանի հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը: Մրցույթն ընթացել է համաձայն կանոնակարգի, և նիստին մասնակցել են խորհրդի 20 անդամներից 18-ը: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 18 անդամի կողմ քվեարկության արդյունքում բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Գյուրջինյանն ընտրվել է Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում հինգ տարի ժամկետով: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ պետք է նշեմ, որ պարոն Գյուրջինյանը արդեն մեկ տարի իրականացնում էր համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, և այս ընթացքում էլ կարծում եմ, որ շատ հաջողությամբ է իրականացրել աշխատանքը»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Նախ ուզում եմ շնորհակալաություն հայտնել Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդին՝ նախագահ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, ԿԳՄՍ նախարարությանը՝ նախարար Ժաննա Անդրեասյանին, որոնք այդ մեկ տարվա ընթացքում աջակցեցին ինձ համալսարանը դուրս բերելու ճգնաժամից և աջակցեցին նոր ծրագրեր իրականացնելու հարցում: Կարծում եմ, որ առաջիկա տարիների ընթացքում Բրյուսովի անվան պետական համալսարանը պիտի վերադառնա իր նախկին կոչմանը, որն է լեզվաբանական և լեզվահասարագիտական կրթությունը, օտար լեզուների ուսուցումը, և այս անորոշ անունը ժամանակավրեպ է՝ այսօր ուղղակի պետական համալսարան. ոչ տեղորոշված է, ոչ էլ մասնագիտություն կա այս անվան մեջ: Հետագայում ակնկալում եմ լիազոր մարմնի և Կառավարության աջակցությունն այս հարցում նույնպես»,- ասաց համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը: «Իհարկե, Կառավարությունը կաջակցի Ձեր ասած հարցում, և Կառավարությունն էլ Ձեզնից է աջակցություն ակնկալում, որովհետև գիտեք, որ բարձրագույն կրթության ոլորտում մենք բարեփոխումների շատ հավակնոտ ծրագիր ունենք, բայց բացի հավակնոտ ծրագրից՝ մենք կարիք ունենք ամբողջապես և օբյեկտիվորեն հասկանալու բուհական համակարգի կարիքները: Մենք կարող ենք ունենալ որոշակի մոտեցումներ, տպավորություններ, բայց մեզ համար կարևոր է, որ ներսից շահագրգիռ ուղերձներ գան դեպի Կառավարություն, որպեսզի նաև այդ կոմունիկացիան ճիշտ լինի»,- նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
12:33 - 18 ապրիլի, 2024
Հայաստանի ինքնիշխան տարածքից, եթե մենք ուզենք էլ, չենք կարող հրաժարվել, կարող ենք միայն հանրաքվեի դնել. Փաշինյան |news.am|

Հայաստանի ինքնիշխան տարածքից, եթե մենք ուզենք էլ, չենք կարող հրաժարվել, կարող ենք միայն հանրաքվեի դնել. Փաշինյան |news.am|

news.am: Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ: Այս մասին նախօրեին Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսօր Բերքաբերը մեր առաջատար գյուղերից է այդ 16 մլն-ի ծրագրերից օգտվող: Բերքաբերում մի ուրիշ ծրագիր էլ ենք անում, ես հուսով եմ՝ դա էլ լավ կընդունեք, այգիների տնամերձ հողակտորներում նոր տնկարկներ ստեղծելու: Օրինակ, մեկը ուզենա հոն առնի, իմանա, որ Բերքաբերում կարող է ծավալ ունենալ ու մենք էլ օգնենք ձեզ, որ որակով տնկիներ ունենաք, կաթիլային ոռոգում և այդպես շարունակ: Կկարողանանք ևս մեկ քայլ անել, որ նոր կառուցվող այդ տներում երիտասարդությունը հանգիստ, խաղաղ ապրի: Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձևը առաջ գնալն է: Պետք է քայլ-քայլ լուծելով գնանք»,- ասաց նա: Բնակիչներից մեկը Փաշինյանին հարց ուղղելիս ասաց՝ այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չի՞ կարծում, որ պետք է այս գործընթացից առաջ նոր ընտրություններ լինեն, եթե կընտրվեն, իրենց մտածած ձևով կանեն, որովհետև նախորդ անգամ ուրիշ խոստումներով են եղել ընտրությունները: Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Չեմ կարծում, որ դա այդպես պետք է լինի, որովհետև այն, ինչ մենք հիմա անում ենք, աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխություններին մեր արձագանքն է: Մենք կարող ենք մյուս ամիս ընտրություն անել, դրանից հետո Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև է պատերազմ սկսվել, վաղը կարող է մեկ այլ տեղ պատերազմ սկսվել, որը մեր իրավիճակի վրա ազդեցություն կունենա: Այսինքն՝ ամեն շաբաթ պետք է [ընտրություն լինի՞], իշխանության խնդիրը սեփական երկիրն ու ժողովրդին ադապտացնելն է այն փոփոխվող իրավիճակին, որը մենք ունենք: Դա է ապրելու և զարգանալու պայմանը: Իսկ մեր նախընտրական ծրագրում մի կետ չկա, որի հետևից չենք գնացել մինչև վերջ և անկեղծորեն: Այսօր ասում են՝ բա դուք ասել եք Արցախի ինքնորոշման իրավունք, բա ասել եք «անջատում հանուն փրկության»: Մենք դրանց հետևից գնացել ենք: Ես Կիրանցում ասել եմ, որ եթե այն, ինչ մտածել ենք, հաջողվի իրականացնել, մենք շատ մեծ բան ենք ստանում, մենք ստանում ենք ինքնիշխանության, անկախություն»: Փաշինյանը հիշեցրեց, որ 2026 թվականին լինելու են նոր խորհրդարանական ընտրություններ. «Անցել են այն ժամանակները, որ գան ասեն՝ սենց քվեարկի, նենց քվեարկի: Կորոշեք, որ փոխում եք կառավարությունը, կփոխեք: Բայց  ես հիմա այդ ամեն ինչը հասկանալով, ես, ինչ-որ իմաստով ես իմ անձը զոհասեղանին եմ դնում հանուն Հայաստանի Հանրապետության: Ես գիտեմ, որ դա այդքան պոպուլյար չի: Եթե այդքանը չհասկանայի, ես ի՞նչ գործ ունեի վարչապետի պաշտոնում: Ես իմ քաղաքական թիմի հետ զրոյից հեղափոխություն եմ արել, երբ ոչ մեկը դա հնարավոր չէր համարում: Մենք երկու բան ենք արել, որին ոչ մեկը չէր հավատում: Մեկը 2018-ի հեղափոխությունն էր, մյուսը այն, որ ոչ մեկը չէր հավատում, որ 2021-ին մենք կարող է հաղթենք: Ես գիտեմ՝ սա ինչի համար եմ անում: Ես սա անում եմ, որ Հայաստանը ի վերջո դառնա անկախ պետություն, ոչ թե ֆորպոստ, այլ անկախ պետություն»,- հայտարարեց Փաշինյանը:   Ապա նա ընդգծեց, որ Հայաստանի ինքնիշխան տարածքից, եթե ուզեն էլ, չեն կարող հրաժարվել: «Որովհետև ՀՀ Սահմանադրության մեջ գրված է, որ ՀՀ տարածքի փոփոխության հարցով որոշում կարելի է կայացնել միայն հանրաքվեով: Եթե թեմա կծագի՝ ինչ-որ մի բան ինչ-որ մի բանի հետ փոխելու, դա կառավարությունը չի կարող անել, ԱԺ-ն չի կարող անել: Նրանք կարող են ասել՝ եկեք այս հարցով հանրաքվե անենք»,- ասաց նա: Անդրադառնալով ընդդիմության թեմային՝ վարչապետը նկատեց, որ ժողովրդավարական պետության համար ընդդիմությունը շատ կարևոր է. «Մենք բոլորին էլ հարգում, գնահատում ենք: Համաձայն չենք շատ հարցերում իրենց հետ, համարում ենք, որ իրենք ուղղակի աղավաղում են, երբ ասում են՝ Տավուշի 4 գյուղերը տալիս ա: Տավուշի մարզում ե՞րբ է Ղըզըլ Հաջիլի գյուղ եղել, Խերիմիլի գյուղ եղել»,- ասաց նա:
09:41 - 18 ապրիլի, 2024
«Պատերազմով չսպառնաց. Ոսկեպարի և Բերքաբերի «եռանկյունիներն» է առաջարկում փոխանակել». գնդապետ Մախսուդյան |news.am|

«Պատերազմով չսպառնաց. Ոսկեպարի և Բերքաբերի «եռանկյունիներն» է առաջարկում փոխանակել». գնդապետ Մախսուդյան |news.am|

news.am: Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարի և Բերքաբերի «եռանկյունիներն» է առաջարկում փոխանակել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ոսկեպարցի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը: «Ժողովուրդը նախորդ հանդիպմանը տարբերակ է առաջարկել՝ գետից այս կողմ չգան, հիմա Փաշինյանը եկել, ասել է՝ փորձում եմ ձեր ասած տարբերակներին լուծում տալ, որ գետից այս կողմ հակառակորդը չգա։ Երկրորդ խնդիրն այն է, որ նա ասել է այլընտրանքային ճանապարհ սարքենք, ժողովուրդն ասել է, որ այլընտրանքային ճանապարհ մեզ պետք չէ, մենք ունենք հիմնական կենսունակությունն ապահովող ճանապարհ»,- նշել է Մախսուդյանը։ Բայց, նրա խոսքով, բերքաբերցիների համար դա ընդունելի տարբերակ չի եղել․ «Իրատեսական չէ բերքաբերցիների համար, այդ բնակիչներն էլ են դժգոհություն հայտնել, որ մեր հողերը չպետք է փոխանակվի։ Տեղեկություն հասավ ինձ, որ Բերքաբերի բնակիչները դեմ են այդ փոփոխությանը․ այսինքն՝ այն կտոր հողը փոխանակել այս կտոր հողի հետ։ Այնտեղ, իրենք ասում են՝ հողերը մերն են, իրենք դեմ են այդ հողերը Ոսկեպարի տարածքների հաշվին տալու։ Այս հանդիպմանը պատերազմի սպառնալիքի մասին հայտարարություն չի հնչել, վախեցնելու խնդիր չի եղել։ Նա փորձում է ժողովրդի կարծիքը հաշվի առնել։ Վարչապետն ասել է՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող այս հողերը փորձենք մեկը մյուսի հետ փոխենք, այդ «եռանկյունի» կոչեցյալները իրար հետ փոխանակեն»։
09:26 - 18 ապրիլի, 2024
Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի. Փաշինյան

Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի. Փաշինյան

Այսօր Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ։ Սահմանամերձ համայնքների բնակիչների հետ հանդիպումից հետո Փաշինյանը  կարճ տեսանյութ է հրապարակել, որտեղ նշել է․  «Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի, հանուն քո երկրի: Քո հարգանքն էլ զոհաբերես, անունդ էլ զոհաբերես, երեխեքիդ հոգեկան վիճակն էլ զոհաբերես, ընտանիքիդ հանդարտությունն էլ զոհաբերես, ծնողներիդ բարի հիշատակն էլ զոհաբերես, պապիդ բարի հիշատակն էլ զոհաբերես: Բայց պետք է իմանաս՝ ինչի համար ես դա անում: Ես գիտեմ, թե ինչի համար եմ անում: Ես անում եմ այ, որ այ այս Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ պետություն»։ Խոսքի ընթացքում վարչապետը ներկաներին ցույց է տալիս ՀՀ մակետը։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը եղել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրերում՝ տեղի բնակիչներին ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։ Պատասխանել է բնակիչներին հետաքրքրող տարբեր հարցերի:
21:00 - 17 ապրիլի, 2024
Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր

Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Վարչապետը եղել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրերում՝ տեղի բնակիչներին ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։ Հաջորդիվ վարչապետը պատասխանել է բնակիչներին հետաքրքրող տարբեր հարցերի: Նիկոլ Փաշինյանը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում Կառավարության կողմից իրականցվող մինչև 16 մլն դրամ աջակցությամբ՝ անհատական բնակելի տների կառուցման ծրագրի ընթացքին: Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից և ընդգծել ծրագրի շարունակականությունն ապահովելու կարևորությունը: Վարչապետն իր հերթին նշել է, որ գործադիրը հետևողական է լինելու սահմանամերձ բնակավայրերում ծրագրի արդյունավետ իրագործման հարցում:
19:03 - 17 ապրիլի, 2024
ՀՀ-ն արժևորում է Սիրիայի հետ բարեկամության, վստահության վրա խարսխված հարաբերությունները. Փաշինյան

ՀՀ-ն արժևորում է Սիրիայի հետ բարեկամության, վստահության վրա խարսխված հարաբերությունները. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին Սիրիայի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Հայաստանը խորապես արժևորում է Սիրիայի հետ բարեկամության, վստահության, փոխադարձ հարգանքի վրա խարսխված բարեկամական հարաբերությունները, որոնք ամուր հիմք են հանդիսանում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում փոխշահավետ և արդյունավետ համագործակցությունը զարգացնելու համար: Լիահույս եմ, որ այս դժվարին օրերին, երբ պետությունների ու ազգերի խաղաղ գոյակցությունն ու ներդաշնակ փոխգործակցությունը լրջորեն վտանգված են, հայ-սիրիական դարերով փորձված բարեկամական հարաբերությունները կշարունակեն փոխադարձ վստահության ու կառուցողականության օրինակ ծառայել միջազգային հարաբերությունների ոլորտում: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղ և բարեկեցիկ կյանք»:
11:02 - 17 ապրիլի, 2024
ՀՀ Կառավարությունը ջանքեր է գործադրում, որ եզդիական համայնքի ներկայացուցիչները կարողանան պահպանել իրենց ազգային ինքնությունը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ Կառավարությունը ջանքեր է գործադրում, որ եզդիական համայնքի ներկայացուցիչները կարողանան պահպանել իրենց ազգային ինքնությունը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին՝ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի առթիվ, որում ասված է. «Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի առիթով: Թող Նոր տարին հաջողություններ բերի ձեզ և ձեր ընտանիքներին՝ բացելով զարգացման ու առաջադիմության նոր հորիզոններ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակական ջանքեր է գործադրում, որ մեր երկրի ազգային փոքրամասնությունները ներկայացնող համայնքների, այդ թվում՝ եզդիական համայնքի ներկայացուցիչները կարողանան պահպանել և զարգացնել իրենց ազգային ինքնությունը, մշակութային ու կրոնական ինքնարտահայտման, ինչպես նաև կրթական պատշաճ հնարավորություններ ունենան, և մենք շարունակելու ենք այս քաղաքականությունը: Կարևորում ենք նաև տնտեսական գործունեության հավասար հնարավորությունները` ի շահ յուրաքանչյուրի անհատական և մեր պետության ընդհանրական բարեկեցության:  Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, երջանիկ Նոր տարի և ամենայն բարիք եմ մաղթում բոլորիդ և յուրաքանչյուրիդ»,- նշված է ուղերձում:
10:43 - 17 ապրիլի, 2024