Սուրեն Սահակյան

Սուրեն Սահակյանը «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղարն է, տնտեսագետ։

Ծնվել է 1980թ․ սեպտեմբերի 26-ին։ 1996-1997թթ․ սովորել է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի, տնտեսագիտական ֆակուլտետում, 1997-2001թթ․՝ ԵՊՏՀ-ում, մասնագիտացումը՝ ֆինանսներ։

1998թ-ից առ այսօր հանդիսանում է անհատ ձեռնարկատեր տպագրական դիզայնի ոլորտում։ 2014-ից ներգրավված է եղել քաղաքացիական շարժումներում՝ («Վճարում ենք 100 դրամ», «Դեմ եմ», «Էլեկտրիկ Երեւան») որպես համակարգող կամ մասնակից։ Կազմակերպչական մասնակցություն է ունեցել 2018թ. տեղի ունեցած հեղափոխությանը։ 2018թ. նոյեմբերի 3-ին «Քաղաքացու որոշում» կուսակցության հիմնադիր համագումարում անցկացված գործադիր մարմնի անդամների ընտրություններում, ստանալով առավելագույն քվեները, ստանձնել է գործադիր մարմնի քարտուղարի պաշտոնը։ 2018թ. տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում եղել է «Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական ցուցակի 1-ին համարը։

Սուրեն Սահակյանը ՔՈ կուսակցության անդամակցությունը դադարեցնելու դիմում է գրել

Սուրեն Սահակյանը ՔՈ կուսակցության անդամակցությունը դադարեցնելու դիմում է գրել

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ընկերներիս ու հանրությանն ուզում եմ տեղեկացնել, որ ՔՈ կուսակցության անդամակցությունս դադարեցնելու դիմում եմ գրել։ Ուզում եմ ամենահետաքրքրասերները վստահ լինեն՝ ՔՈ-ի հանդեպ ամենաջերմ զգացումներն ունեմ, այնտեղ էին ու դեռևս են մարդիկ, որոնք հոգով ինձ հարազատ են, ընդհանուր գաղափարներով՝ նույնական։ Սակայն ժամանակներն ու դրանց տրամաբանությունը փոխվում են։ Ըստ իս, եթե մինչև ընտրությունները պետք էր յուրաքանչյուր քաղաքական թիմ իրեն աջակցության մասին օբյեկտիվ պատկեր ստանա, ապա ներկայումս մեծ միավորումների ժամանակն է։ Սա երկար է քննարկվել, թե՛ մինչև ընտրությունները, թե՛ դրանից հետո և այս որոշումը պահի տակ կայացված որոշում չէ։ Վստահ եմ՝ կուսակցությունը ո՛չ կնիքն է, ո՛չ էլ պետական ռեգիստրում գրացման վկայականի թվերը։ Կուսակցությունը քաղաքական միտքն է, որ կրում են մարդիկ ու նրանց միավորումները։ Այն քաղաքացիներին, որոնք քվեարկել են ՔՈ-ի օգտին, վստահեցնում եմ՝ գաղափարները, որ կրում էր ՔՈ-ն, տարածվելու է և դոմինանտ դառնա։ Դրանք կրող մարդիկ այլևս երբեք թույլ չեն տա վերադառնալ նախկին մտածողությանը։ Որտեղ էլ լինեն այդպիսի մարդիկ, իրենց գործունեությամբ նպաստելու են այդ գաղափարների տարածմանը և կյանքի կոչմանը։ Սակայն հնարավոր է, որ դրա համար յուրաքանչյուրն ի՛ր ճանապարհն ունենա։ Թե ինչպես կշարունակվի ֆորմալ քաղաքական ի՛մ ճանապարհը, լրացուցիչ կտեղեկացնեմ։ Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ, որ այս պահին ո՛չ ՔՈ մասին, ո՛չ ապագայի մասին որևէ այլ մեկնաբանության պատրաստ չեմ։ Այս պահին ուղղակի երախտագիտությունս եմ հայտնում մարդկանց, որոնք աջակցել են ՔՈ կուսակցությանը, որևէ մասնակցություն են ունեցել նրա գործունեությանը, հարազատ են համարել այն, քվեարկել են։ Ես ձեր հավերժ պարտապանն եմ, մարդիկ։ Շնորհակալություն»։
11:18 - 26 հուլիսի, 2021
 Բարի գալուստ «Նոր Հայաստան», որը շփոթության աստիճան նման է հնին․ Սուրեն Սահակյան

Բարի գալուստ «Նոր Հայաստան», որը շփոթության աստիճան նման է հնին․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» ՍԴ կուսակցության ԳՄ անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսուքյան իր էջում գրել է․   «Ոչ ոքի մոտ հարց չի՞ առաջանում, թե ոնց է ստացվում, որ գիշերվա մթության մեջ սնկի պես աճող տաղավարները հենց Աջափնյակում են բազմանում։ Գուցե հարմար միջավա՞յր է ստեղծվել։ Այդ դեպքում ո՞րը կարող է լինել այդ միջավայրի նկարագիրը։ Ընդամենը ինձ հասու տեղեկություններն եմ հրապարակում։ 6/18 ընտրատեղամասում ինձ հետ պատահած միջադեպը, որն ըստ էության այս ընտրությունների ընթացքում միակն էր, երբ պատգամավորի թեկնածուին արգելում էին ձայների հաշվարկի ժամանակ մուտք գործել ընտրատեղամաս, կապված էր իր ագրեսիվ վարքով, զոռբայությամբ աչքի ընկած ՔՊ կուսակցության մի վստահված անձի հետ։ Վստահված անձն այնքան ազատ էր իր ագրեսիվության մեջ, այնքան էր ոստիկանությունը նրա արարքներին մատների արանքով նայել ողջ օրվա ընթացքում, որ իրեն սկսել էր թվալ, թե ցանկացածին կարող է դուրս շպրտել տեղամասից, հայհոյել, աթոռ շպրտել վրան և դա հանգիստ կմարսվի, կգնա։ Միջադեպից րոպեներ անց տեղամաս հասան ոստիկանության հատուկ նշանակության լրացուցիչ ուժեր։ Բայց հետաքրքրականն այն է, որ մինչև նույնիսկ նրանց ժամանելը արդեն իսկ տեղում էր մի 20 հոգանոց ագրեսիվ տրամադրված խումբ, որը սպառնալիքներ էր հնչեցնում իմ հասցեին։ Ամեն ինչից երևում էր, որ դա կազմակերպված բանդա է (որի մասին հաջորդ օրը խոսեց նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը)․ իսկը նախկին քաղաքական համակարգի լավագույն ավանդույթներով։ Դեռ ոստիկանությունում մի քանի զանգով ինձ հաջողվեց պարզել, որ դա քրեական շրջանակներում հայտնի ոմն «Կանևսկոյի» ազդեցության տակ գտնվող քրեական տարրեր են՝ ըստ էության քրեական աստիճանակարգության մեջ բուրգի ներքին օղակները։ Նույն փնթի տարրերը, պարզվում է, լավ կազմակերպված են, քանի որ նույն գիշերը, միջադեպից ընդամենը ժամեր անց հայտնվել էին կուսակցության գրասենյակի մոտակայքում և ընկերոջս շփոթելով ինձ հետ, կոնֆլիկտ հրահրել, ինչից մեր մոտենալուց հետո հաջողվեց խուսափել։ Ենթադրաբար նույն մարդիկ էլ ընտրության գիշերը ամբողջ Աջափնյակի վարչական շրջանում տեղադրել են ապօրինի տաղավարները և, ինչպես պնդում է Երևանի քաղաքապետը, զինված պայքարում են այդ ապօրինությունը հաստատելու համար։ Ի՞նչ է ստացվում։ Հեղափոխական գործընթացներից ընդամենը 3 տարի անց ես կոնֆլիկտ եմ ունենում մարդկանց հետ, որոնք խոչընդոտում են ընտրությունների ընթացքը, ստիպված եմ լինում 2018 թվականի ապրիլի 23-ից իր մշտական տեղակայման ապահով վայրից ինքնապաշտպանության նպատակով օրինական զենքը հանել և կրել, որպեսզի կառավարող ուժի հովանավորյալ քրեական տարրերին հատուկ վրիժառության պրակտիկաները կանխեմ։ Ու ամենակարևորը՝ դա տեղի է ունենում, որովհետև քրեական տարրերը ընտրությունների ընթացքում ապահովում են կառավարող ուժի ձայները շատ կոնկրետ շրջաններում։ Բարի գալուստ «Նոր Հայաստան», որը շփոթության աստիճան նման է Հնին։ Տեղեկացնեմ նաև, որ տեղամասում կոնֆլիկտի համար իմ վրա քրեական գործ կարել չհաջողվեց, որովհետև թեթև վնասվածք ստացած կինը բացառիկ ազնիվ ու անկաշառ էր և հայտնեց, որ իմ դեմ բողոք չունի, քանի որ անհնար է՝ միտումնավոր վնաս հասցրած լինեմ նրան, չնայած հորդդորներին, հրաժարվեց դատաբժշկի մոտ այցելելուց։ Գործը հարուցվեց արդեն հանրային բողոքի հիման վրա՝ իբր ընտրական գործընթացը խոչընդոտելու համար։ Պատկերացրեցիք, չէ՞՝ ով է օրենքի պահանջը ոտնահարել, ում իրավունքներն են խախտվել և ում են պատրաստվում պատասխանատվության կանչել։ Դե … տեսնենք։ Ամենակարևորը, որ պետք է արձանագրել ապագայի համար՝ անպատժելիությունը ծնում է նոր, ավելի մեծ հանցանքներ։   Հ․Գ․ Կանխելով հարցերը, տեղեկացնեմ, որ թե՛ տաղավարների, թե՛ ՔՊ վստահված անձ ներկայացող քրեական տարրերի հարցերը բարձրացրել եմ վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպման ընթացքում։ Ժամանակը ցույց կտա, թե ինչպես են դրանք լուծվում»։
11:45 - 23 հունիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանին

Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանին: Նիկոլ Փաշինյան - Հարգելի պարոն Սահակյան, նախ շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար: Ես այսօր կուզենայի լսել Ձեր տեսակետները քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ: Նաև կուզենայի լսել, թե ինչ պատկերացումներ ունեք, որպեսզի արտախորհրդարանական ուժերը և կառավարությունը փոխադարձ լսելիության, հասանելիության ավելի բարձր մակարդակ ունենան: Եվ եթե այլ մտքեր ունեք, իհարկե նաև՝ այդ մտքերը: Սուրեն Սահակյան - Շնորհակալություն հրավերի համար, պարոն վարչապետ: Շատ կարևոր հարց եք բարձրացնում: 2-3 տարի շարունակ արտախորհրդարանական ընդդիմության ձայնը, ըստ էության, լսելի չի եղել: Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա այս արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքական դաշտը մրցունակ չէ, իրականությունից կտրված է, և պետք է շատ աշխատել, որ այս մոխրացած դաշտում նոր ծիլեր առաջանան: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են կարողությունների և ներուժի համախմբմանը, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:
18:27 - 22 հունիսի, 2021
Միջադեպը հրահրող անձը ՔՊ կուսակցության վստահված անձ էր․ Սուրեն Սահակյան

Միջադեպը հրահրող անձը ՔՊ կուսակցության վստահված անձ էր․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չարաբաստիկ միջադեպի պատճառով առավոտյան նոր տուն հասա։ Ուզում եմ հատուկ շեշտել, որ միջադեպը հրահրող անձը ՔՊ կուսակցության վստահված անձ էր, որը մինչ այդ արդեն աչքի էր ընկել լկտի վարքով /տեսանյութը մեկնաբանություններում/։ Հայտնում եմ նաև, որ առաջացած հրմշտոցի մեջ կին չեմ նկատել և դժվար եմ պատկերացնում, թե ինչպես կարող էր բացի քաշքշուկի անմիջական մասնակիցներից, որևէ մեկը ֆիզիկապես տուժեր դրանից։ Անկախ այս ամենից, ակնհայտ է, որ եթե չլիներ քաշքշուկը, որևէ մեկը ֆիզիկապես չէր տուժի, բացի պետությունից, որի անունից խոսում են օրենքի տարրական նորմերի իմացության բացակայության պայմաններում այն ներկայացնողները։ Սրանք ստվերում են առանց այդ էլ անտանելի անկում ապրած պետական ինստիտուտների հեղինակությունը։ Միջադեպի հետ կապված մանրամասները քննվում են ոստիկանության համապատասխան բաժնում և հուսանք, որ քննության արդար անցկացման հարցում որևէ կասկած չի մնա։ Այնուամենայնիվ, պետք է փորձեմ վաղնևեթ կապի դուրս գալ տուժած կնոջ հետ և նրանից ներողություն խնդրել միջադեպի համար։ Հուսամ, որ նրան հասցված վնասվածքը ուղիղ ինձնից չի եղել, քանի որ իմ տեսադաշտում նա հայտնվել է արդեն միջադեպի ավարտից րոպեներ անց։ Հայաստանում մարտնչող տգիտությունը պետք է պարտվի ամեն քայլափոխի և այնժամ մենք կունենանք առաջ գնալու հնարավորություն»։ Ավելի վաղ ՔՈ ՍԴԿ նախընտրական շտաբից հայտնել էին․ «Քիչ առաջ Երևանի քաղաքի 6/18 տեղամասում խոչընդոտել են ՔՈ ՍԴԿ Գործադիր Մարմնի անդամ, նախընտրական ցուցակի առաջին համար Սուրեն Սահակյանի մուտքը տեղամաս: Խոչընդոտման մասին տեղեկացրել ենք ԿԸՀ: Նրանք պատասխանել են, որ խոչընդոտելու իրավունք չունեն և տեղեկացրել են տեղամասային հանձնաժողովին՝ թույլ տալ մուտք գործել: Սակայն տեղամասային հանձնաժողովը հրաժարվել է: Առաջացած վիճաբանության արդյունքում Սուրեն Սահակյանին և ՔՈ ՍԴԿ մեկ այլ վստահված անձի բերման են ենթարկել ոստիկանության բաժին:Դատապարտում ենք նման գործելաոճը, որը հստակ ստվեր է գցելու և կասկածի տակ է դնելու ընտրական գործընթացի թափանցիկությունն ու ստացված արդյունքների հավաստիությունը: Հետագա զարգացումների մասին կտեղեկացնենք հաջորդիվ»։
11:42 - 21 հունիսի, 2021
Մարդը իրեն պետք է Հայաստանում ապահով զգա առաջին հերթին սոցիալական ոլորտում․ ՔՈ անդամները եղել են Տավուշում և Գեղարքունիքում

Մարդը իրեն պետք է Հայաստանում ապահով զգա առաջին հերթին սոցիալական ոլորտում․ ՔՈ անդամները եղել են Տավուշում և Գեղարքունիքում

Նախընտրական քարոզարշավի 6-րդ օրը Քաղաքացու որոշում կուսակցության պատգամավորի թեկնածուներն այցելել են Տավուշի և Գեղարքունիքի մարզեր։ Հանդիպումների ընթացքում քաղաքական ուժի ներկայացուցիչները պատասխանել են բնակիչներին հետաքրքրող հարցերին, անդրադարձել են անվտանգային համակարգում առկա խնդիրների լուծման եղանակներին ու համայնքային զարգացման իրենց մոտեցումներին, ինչպես նաև ներկայացրել են նախընտրական ծրագրում ներառված այլ դրույթներ։ Սահմանամերձ Կողբ և Նոյեմբերյան համայնքներում հանդիպումների ընթացքում, խոսելով երկրի անվտանգության մասին, նախընտրական ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը կարևորել է սոցիալական ոլորտում մարդկանց ապահովության զգացումը․ «Բոլորովին չստորադասելով մարդու ֆիզիկական անվտանգությունը՝ ցանկանում եմ շեշտել, որ մարդը իրեն պետք է Հայաստանում ապահով զգա առաջին հերթին սոցիալական ոլորտում։ Քանի որ առանց դրա ֆիզիկական անվտանգույան համար պայքարելու իմաստ չի տեսնի»։  Իսկ կուսակցության անդամ Իրինա Հովհաննիսյանը Գավառում խոսել է արդեն երկրի էկոլոգիական անվտանգության մասին, նշելով, որ իրենք Հայաստանը հումքային կցորդից վերածելու են վերամշակող արտադրության, իսկ հետո՝ արդյունաբերական երկրի․ «Մենք դեմ ենք նոր հանքերի բացմանը, հետևաբար կիրառելու ենք բոլոր հնարավորությունները՝ հանքերի բացասական ազդեցությունը նվազեցնելու համար, որպեսզի քաղաքացին ապրի առողջ միջավայրում և սահմանին կանգնած զինվորը պաշտպանի ոչ միայն հողը, այլ նաև արժանապատիվ կյանք ունեցող մարդկանց»։  Քաղաքացու որոշում կուսակցության կարգախոսն է՝ զրո քվե ճգնաժամին։
21:37 - 12 հունիսի, 2021
Ամեն ինչ անելու ենք, որ ՔՈ կուսակցությունն ընտրողները տարիներ անց էլ չամաչեն բարձր գլխով հայտարարել իրենց ընտրության մասին․ Սուրեն Սահակյան

Ամեն ինչ անելու ենք, որ ՔՈ կուսակցությունն ընտրողները տարիներ անց էլ չամաչեն բարձր գլխով հայտարարել իրենց ընտրության մասին․ Սուրեն Սահակյան

Այսօր «Քաղաքացու որոշում» կուսակցության քարոզարշավը մեկնարկեց Երևանում։ Մենք մեկնարկեցինք պոզիտիվով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության առաջին համար Սուրեն Սահակյանը։ «Ընտրողներին իմ անձնական ուղերձն է, որ մենք ամեն ինչ անելու ենք, որ ՔՈ կուսակցությունն ընտրողները տարիներ անց էլ չամաչեն բարձր գլխով հայտարարել իրենց ընտրության մասին, հայտարարել որ մեր կուսակցության համակիրն են և ժամանակին ճիշտ որոշում են կայացրել։ ՔՈ կուսակցությունն ընտրողները կարող են վստահ լինել, որ իրենց ընտրությունը վերացնելու է ներքին ուժերը ջլատող թշնամանքը, ատելությունը։ Ընտրելով մեզ դուք ընտրում եք փոփոխությունների և, ի վերջո, կայունության, խաղաղության ու բարեկեցության ճանապարհը։ Մենք հաղթելու ենք, քանի որ ճշմարիտը միշտ հաղթում է։ «Քաղաքացու որոշում» ՍԴԿ քվեաթերթիկի համարը 17-ն է։ Մեր ծրագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով ,-գրել է Սահակյանը
21:23 - 07 հունիսի, 2021
Ես ռազմական հեղաշրջման վտանգն առանձնապես մեծ չեմ համարում, որովհետև բանակը գեներալները չեն, այլ զինվորները․ Սուրեն Սահակյան
 |news.am|

Ես ռազմական հեղաշրջման վտանգն առանձնապես մեծ չեմ համարում, որովհետև բանակը գեներալները չեն, այլ զինվորները․ Սուրեն Սահակյան |news.am|

news.am: Մեր կազմակերպած հավաքն այն մարդկանց համար է, որոնք երկու բևեռների առաջարկած բևեռների լուծումների տրամաբանությունից դուրս են։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, Մաշտոցի պուրակում կազմակերպած իրենց հավաքից առաջ՝ լրագրողների հետ զրույցում, հայտարարեց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Սուրեն Սահակյանը։ «Մեր պլանավորած գործողություններն իրենց բնույթով նման են լինելու Հայաստանում հաջողության հասած տարբեր քաղաքացիական և քաղաքական գործողությունների։ Դրա համար մենք այսօր ոչ թե քանակի վրա ենք դրել, այլ որ գան մարդիկ, որոնք այս երկու բևեռների առաջարկած իրարամերժ լուծումների տրամաբանությունից դուրս են, այսինքն՝ գործընթացի վերջում մենք հանգելու ենք մի իրավիճակի, երբ քաղաքացիները վերադառնալու են քաղաքականություն, փողոց և ազատ մասնակցելու են քաղաքականությանը»,- նշեց Սուրեն Սահակյանը։ Ըստ Սուրեն Սահակյանի՝ այն, որ նույնիսկ կառավարող ուժը չի կարողանում 10 հազար մարդուց ավելի հավաքի, վկայում է քաղաքական մեծ ապատիայի մասին։ «Այս նախաձեռնության վերջում մենք տեսնելու ենք, որ մարդիկ դուրս են եկել փողոց և տեր են կանգնել իրենց որոշելու իրավունքին։ Եվ մենք տեսնելու ենք, թե ինչպես է փոքր քաղաքական ուժը դուրս գալիս, դնում խնդիր, դա դարձնում օրակարգային հարց, և եթե դրան խանգարող ուժեր կան, ապա մեկուսացնում նրանց, քանի որ նրանք դառնում են անարդյունավետ և դուրս են գալիս քաղաքականությունից»,- ասաց Սահակյանը։ Սուրեն Սահակյանի խոսքով՝ Գլխավոր շտաբի հայտարարությունը, որով կոչ էր արվում Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ, անգամ ռազմական հեղաշրջման փորձ չի կարելի համարել։ «Ռազմական հեղաշրջումն այսպես չի լինում։ Հայտարարությունը ռազմական հեղաշրջման մասին լինում է այն ժամանակ, երբ տանկերը լինում են փողոցում, և քաղաքական իշխանությունը պարալիզացված է։ Ես ռազմական հեղաշրջման վտանգն առանձնապես մեծ չեմ էլ համարում, որովհետև բանակը գեներալները չեն, այլ զինվորները, որոնք պետք է հրաման ստանան դուրս գալու համար։ Ցանկացած ոք, որը մարտի 1-ից հետո նման հրաման կտա,  մեծ վտանգի է առաջ է, որ այդ բանակը և հրամանը իր դեմ դուրս կգա։ Բայց, իհարկե, քաղաքական մեծ զարգացումներ լինելու են, որովհետև այս վիճակը պետք է հանգուցալուծվի, և այս վիճակը 3 ամիս շարունակվում է, որովհետև ոչ մեկը ելք չի առաջարկել»,- ավելացրեց Սուրեն Սահակյանը։
20:26 - 26 փետրվարի, 2021
Արմեն Սարգսյանի քաղաքական մոլորությունները |aravot.am|

Արմեն Սարգսյանի քաղաքական մոլորությունները |aravot.am|

aravot.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Դեպի «Չորրորդ Հանրապետություն» վերնագրած իր հոդվածում նկարագրում է, որ մեր նախնիները պետականության վերականգնման երազանքներ են ունեցել։ Նա նշում է, որ այդ երազանքը փայփայելով, նախնիները իրականացրել են անհնարը՝ առանց պետականություն դարերի միջով անցկացրել ու պահպանել են մեր մշակույթը, ինքնությունը, պատմությունը։ Ըստ նրա, ի վերջո, 20-րդ դարում մեզ հաջողվել է իրականացնել մեր նախնիների երազանքը։ Ահա՛, այսպես է նա գրում դրա մասին․ «Մեր հազարամյա երազանքն իրականացել էր՝ վերջապես մենք ունեցանք մեր տունը, դրոշը, զինանշանն ու օրհներգը»։ Իրականում, պետականության ձևավորման այդ բաղձալի ժամանակներում թերևս շատ քչերն էին հասկանում, որ պետականությունը դրոշը, զինանշանն ու օրհներգը չեն և որ դրանք ընդամենը ինքնորոշման ակտի հետևանքներ են։ Եթե պետականության մասին այլ պատկերացումներ լինեին, մենք նաև այն ունենալու քայլերի ականատես կլինեինք և կստացվեր պետություն ստեղծել, ինչը այդպես էլ չեղավ։ Իհարկե, շատերին թվացել է՝ եթե հետևանքները կան (դրոշը, զինանշանը, օրհներգը), հետևաբար կա նաև պատճառը՝ ինքնորոշումն ու դրա շրջանակներում ինքնուրույնությունը։ Երևի ոմանց թվացել է, թե միջազգային հարթակներում ձայնի իրավունք ունես, ուրեմն պետություն ես։ Մյուսներին գուցե թվացել է, թե պատվիրակությունների կազմում նստում ես որոշակի գույներով ներկված դրոշի տակ, ուրեմն պետականություն ունես։ Մինչդեռ այս ամենն ընդամենը ձևն է և ոչ բովանդակությունը։ Ի՞նչ է պետությունը։ Պետությունը որոշակի տարածքում որոշակի արժեքների և գաղափարների շուրջ համախմբված մարդկանց բազմություն է, որ միմյանց հետ կապված են շատ որոշակի պայմանավորվածություններով, որոնք հարաբերություններ են ձևավորում։ Ըստ այդմ, պետությունը այս մարդկանց միջև ձևավորվող հարաբերությունների ամբողջությունն է։ Նրանք պայմանավորվում են միմյանց ֆիզիկական անվտանգությունը միասնաբար ապահովելու, միասնական կյանքի համար անհրաժեշտ կառավարման օղակների քանակի, տեսակի, քաղաքացիներից յուրաքանչյուրի ունեցած իրավունքների ու պարտականությունների, կառավարման համակարգի և այլնի մասին։ Քանի որ այդ պայմանավորվածությունները համընդհանուր են, վարձում են մեկին, որ կպատժի պայմանավորվածությունները խախտողին։ Այս ամենը արձանագրվում է երկրի Սահմանադրության կամ գլխավոր օրենքների մեջ։ Հարցն այն է՝ արդյո՞ք հայաստանցիներիս պետություն ստեղծելու պատկերացումներն ու հմտությունները ԽՍՀՄ փլուզումից հետո բավարար են եղել և տեղի ունեցել է նկարագրված պայմանավորվածությունների հանգելու գործընթաց։ Կարծում եմ՝ ոչ։ Բավարարվել ենք դրոշով, զինանշանով և օրհներգով։ Հարաբերությունները կարգավորվել են տարերայնորեն։ Պետության հիմքում ընկած պայմանավորվածությունների անհրաժեշտությունը ստորադասվել է քաղաքական կոնյուկտուրային։ Իրար հաջորդող սահմանադրությունները եղել են օրվա կառավարող ուժի կամքը, ինչը, հանրաքվեները կեղծելով, պարտադրվել է հանրությանը։ Նույնիսկ կառավարող օղակներում դրանց շուրջ միակարծիք չեն եղել։  Որոշումները կայացվել են առանձին անձերի կամ խմբերի միջև և բոլոր դեպքում իրական բանավեճ, որ կհանգեցներ պետությանը հատուկ կոնսենսուսային որոշումների, չի եղել։ Հենց այստեղ է, որ մենք խաբել ենք ինքներս մեզ, թե պետություն ունենք, քանի որ կա դրոշ, զինանշան ու օրհներգ։ Հենց այստեղ է ժողովրդավարությունը պարտվել նեղ խմբային շահերին, ինչը, ի վերջո, հիասթափեցրեց հարյուր հազարավոր քաղաքացիների։ Նրանք իրենց չգտան կայացած «պայմանավորվածությունների» մեջ և արտագաղթեցին։ Այդ մոլորությունը, թե մենք պետություն ենք ունեցել, անցավ տասնամյակներով։ Առաջինից հետո կեղծվեցին ևս 2 սահմանադրական հանրաքվեների արդյունքները և հասավ մեր օրեր, երբ նույնիսկ հեղափոխական գործընթացներով անցած թիմը հրաժարվեց որոշակի պայմանների հիմքով պետություն ստեղծելու գործընթաց սկսել։ Արմեն Սարգսյանի կարծիքը, թե մենք պետություն ունեինք, բայց այն չգնահատեցինք, հետևանք է պետության էության մասին կեղծ, թյուր պատկերացումների, իսկ պետության ձախողումը՝ նրա, որ հավաքական մենք մինչև հիմա չգիտենք, թե ինչ բան է պետությունը։ Բնական է, որ քաղաքական մտածողության նման մակարդակում ի հայտ կգային աշխույժ խարդախներ, որոնք կյուրացնեին պետական կառավարման համակարգը։ Հենց այդպես էլ կարելի է բնութագրել վերջին տասնամյակների մեր պատմությունը։ Հոդվածի մեջ տեսնում ենք սրա հետ կապված երկրորդ մոլորությունը։ Նախագահը կարծում է, թե օրենսդիր, գործադիր և դատական մարմինների անկախությունն ու փոխադարձ վերահսկողությունն ապահովելը կարող էր ժողովրդավարական պետության արժեքն իմացող և խստորեն պահպանող քաղաքացի ձևավորել։ Եթե հավաքական հանրությունը չի գիտակցում պայմանավորվածությունների արժեքը, ապա այսպես կոչված «էլիտաները» չեն կարող իրենց պայմանավորվածությունները պարտադրել նրան։ Այստեղ ամենամեծ հարվածն է հասցվում վերը նկարագրված պետություն գաղափարին։ Նույնիսկ խնդրի ձևակերպման մեջ է նշվում, որ արդեն 2020 թվականին քաղաքացին դեռևս ձևավորված չէ և այդպիսի «էլիտիստական» պայմանավորվածություններով ապրելն է ձևավորելու այն քաղաքացուն, որը այդուհետ համընդհանուր ընդունված արժեքների հիմքով ճիշտ ընտրություն կկատարի։ Մինչդեռ պետության քաղաքական համակարգի նման բարդ համակարգերը ստեղծում են հանրության գիտակցված որոշմամբ։ Առանց հանրության լայն համաձայնության ձևավորված համակարգերը մեռնում են այն ձևավորած մարդու կամ խմբի հեռանալու հետ։ Այլ կերպ ասած, եթե համակարգի էության, դերի և նշանակության մասին համապատասխան գիտելիքներ չկան, մի անհատի կառուցած համակարգը կմեռնի նրա հետ։ Հենց դրա համար էլ մենք մինչ այժմ ընտրություն ենք կատարում անձերի միջև՝ եղած չարիքներից ընտրելով փոքրագույնը, քանի որ պատկերացում չունենք, թե ինչն է լավը, իրականը։ Պետության և դրա հիմքում ընկած պայմանավորվածությունների արժեքն իմացող հանրությունը, սովորաբար, ատամներով պահում է իր պայմանավորվածությունները և խստորեն պատժում դրանք խախտել փորձողներին։ Այս հիմնախնդիրը նախագահն առաջարկում է լուծել ընտրությունների միջոցով։ Հենց սա էլ հերթական, արդեն երրորդ մոլորությունն է։ Այո՛, մեր բոլոր խնդիրների լուծման մեխանիզմը հանրային դաշտում ձևակերպվել է որպես նոր ընտրությունների պահանջ։ Ընտրություններ ասելով այն պահանջող բոլոր անհատներն ու խմբերը պատկերացրել են կառավարող օղակի փոփոխությունը և, որ ցանկալի է, իրենցով։ Սակայն եթե ընտրությունների կամ քվեարկության հիմքում քաղաքացին դնում է միայն ներկա կառավարությանը մյուսով փոխելու անհրաժեշտությունը, ապա դրանով խնդիրը չի լուծվում։ Հայ քաղաքական դոմինանտ միտքը երբեք «Այսինչ հեռացիր»-ից առաջ չի անցել։ Անհնար է խնդրի լուծում ակնկալել մի վիճակում, որում այն գոյացել է։ Եթե հանրությունը չի պատկերացնում, թե ինչ է պատվիրակում նրան, ում ընտրում է, ընտրությունը լավը լինել չի կարող։ Մեր ընտրությունը անընդհատ սխալ է եղել, որովհետև ընտրության հիմքում դրված չափորոշիչներն են կեղծ եղել։ Եվ ահա, հանրապետության նախագահը հռչակում է ի՛ր չափորոշիչները։ Ահա, թե նա ինչպես է դա անում․ «Կառավարությունը պետք է կազմված լինի պրոֆեսիոնալներից և փորձագետներից, որոնք մասնագիտացել են կոնկրետ ոլորտներում»։ Հիմա յուրաքանչյուրս մեզ հարց տանք՝ ինչպե՞ս են ոլորտային մասնագետները փոխելու իրերի այն դրությունը, որը վերը նկարագրված է։ Հայաստանում արդեն իսկ նույն սկզբունքով կառավարություն ձևավորվել է։ Առաջինը դա արել է Ռոբերտ Քոչարյանը, երբ հայտարարեց, որ իր կառավարությունը լինելու արհեստավարժների կառավարություն։ Երկրորդ նման փորձը Կարեն Կարապետյանի կառավարությունն էր։ Զուտ քաղաքական արդյունքները նույնն են, ինչ ոչ պրոֆեսիոնալներինը։ Թերևս, մի քանի ոչ էական շեղումներ լինեն։ Քանի որ «պրոֆեսիոնալների կառավարություն» ախտով տառապում է ոչ միայն Արմեն Սարգսյանն, այլև նույն Նիկոլ Փաշինյանը կամ Էդմոն Մարուքյանը և շատ այլ հանրային գործիչներ, ապա արժե ավելի մանրամասն անդրադառնալ այս խնդրին։ Իհարկե, ոչ ոք չի պնդում, թե կառավարման ղեկին պետք է լինեն բացառապես ոչ պրոֆեսիոնալները։ Միաժամանակ, Հայաստանի իրողությունների պայմաններում կան մի շարք հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում բացառապես այդպիսի չափորոշիչով կառավարիչների ընտրությամբ արդյունավետ կառավարումը։ Հանգամանքներից մեկն այն է, որ քաղաքական կուսակցությունները հիմնականում ապագաղափարական են, ինչը ունի իր օբյեկտիվ պատմական հիմքերը։ Հայաստանում չկա գեթ մեկ կուսակցություն, որն իր մեջ կներառի բոլոր ոլորտների լավագույններից գոնե մեկին և այնպես, որ այդ բոլոր մարդիկ կիսեն կուսակցության որդեգրած գաղափարախոսությունը։ Եթե կառավարման ղեկը ստանձնած քաղաքական ուժը որոշում է ձևավորել «պրոֆեսիոնալների» կառավարություն, ապա ստիպված է լինելու ներգրավել այնպիսի կադրերի, որոնք գաղափարական առումով հակոտնյա են կառավարող ուժին։ Այսպիսով «պրոֆեսիոնալների կառավարությունը» նմանվում է կարապի, խեցգետնի ու գայլաձկան մասին առակին, երբ կառավարումը դառնում է պայքար ոչ թե երկիրը զարգացնելու, այլ սեփական «թիմակիցներին» գաղափարապես հաղթելու համար։ Հաջորդ հանգամանքը «պրոֆեսիոնալների» կոնյունկտուրայի մաս լինելն է։ Պետական համակարգում թրծված «պրոֆեսիոնալները» հենց այն համակարգի ծնունդն են, որը նրանք իբրև թե պետք է փոխեն։ Այդպիսով ռեֆորմներ չեն լինում։ Փոխվում են ոչ հաճո անձինք, գերատեսչության կառուցվածքը և երկրորդական նշանակություն ունեցող այլ երևույթներ, բայց ոչ համակարգը։ Մինչդեռ սովորաբար լավագույն բարեփոխումներն իրականացնում են ոլորտից դուրս կայացած անձինք ու խմբերը, որոնք քաղաքական մտածողության վեկտոր ունեն։ Ընդ որում, ամբողջ կառավարությունը պետք է նույն այդ վեկտորի հետ համաձայնության գա։ Իսկ եթե դա տեղի է ունեցել, ապա դա կկոչվի ոչ թե «պրոֆեսիոնալների կառավարություն», այլ որոշակի գաղափարախոսությամբ կուսակցություն։ Հետևաբար, մեր խնդիրը պետք է լինի ո՛չ թե «Նոյան տապանի» պես բոլոր պրոֆեսիոնալներին մի տեղ հավաքելն ու տապալելը, այլև քաղաքական ուժերն ու կուսակցությունները գաղափարական դարձնելը։ Սովորաբար, ամենալավ բարեփոխումները անում են նրանք, որոնք ոլորտի հետ ոչ մի կապ չեն ունենում, բայց ունենում են կայուն համոզմունքներ և կառավարություն ստանձնած քաղաքական, գաղափարական թիմ։ Մինչ այժմ խոսում են ոստիկանությունում Վանո Սիրադեղյանի իրականացրած ռեֆորմներից։ Սիրադեղյանի բարեփոխումներին ու դրանց իրականացման ձևին վերաբերմունքը կարող է տարբեր լինել, բայց կարծես ոչ ոք չի վիճարկում, որ դրանք ամենաէականն էին նորանկախ Հայաստանի պատմության մեջ։ Կարծում եք գրող Վանոն «պրոֆեսիոնալ» իրավապա՞հ էր։ Չեն դադարում խոսակցությունները նաև ռեֆորմատոր Սահակաշվիլու մասին։ Երկու դեպքում էլ լավ, թե վատ, մարդիկ իրականում ռեֆորմներ են իրականցրել, որոնք փոխել են հանրային, միասնական կյանքը։ Սահակաշվիլու կառավարությունում դրական փոփոխությունների հասած կրթության նախարարը ստանձնեց պաշտպանության նախարարի պարտականությունները և նույն հաջողությունները գրանցեց, չնայած ոչ մի ոլորտում էր մասնագետ, ոչ էլ մյուսում։ Քաղաքական ուժի կարողությունը և կառավարելու ունակությունը ամենևին ոլորտային մասնագետներ ունենալու մեջ չէ։ Քաղաքական կուսակցության ուժն այն է, թե այն որքանով է կարողանում պետության մեջ, տվյալ ոլորտում առկա ռեսուրսը համախմբել և ուղղել իր դրած նպատակներն իրականացնելու գործին։ «Ստվերային կառավարություն» ունենալու պահանջը, որ դրված է հայկական յուրաքանչյուր կուսակցության առաջ, իրագործելի չէ և, ըստ էության, ծուղակ է։ Դրա համար կան տարբեր պատճառներ։ Դեռ մի կողմ դնենք դրա սուբյեկտիվ պատճառները, որոնք են քաղաքական դաշտի հետևողական ամայացումը, տասնամյակներով կարող ուժերին կառավարման օղակներ ներգրավելն ու փչացնելը և այլն։ Անդրադառնամ դրա ամենահասարակ, օբյեկտիվ կողմին։ Արտասահմանում, որտեղ «ստվերային կառավարությունը» քաղաքական մշակույթի անբաժան մաս է, դրա ձևավորման համար կան բոլոր անհրաժեշտ պայմանները։ Կան ինստիտուցիոնալ ձևավորված կուսակցություններ, որոնք տիրապետում են բավարար ռեսուրսների։ Նրանց գաղափարական հիմքով անդամագրվածները անցնում են երկար ու արդյունավետ դպրոցով, կառավարող ուժի պարբերական փոփոխությունը յուրաքանչյուր կուսակցության անդամի հնարավորություն է տալիս ուսման որևէ շրջանում մասնակցել պետական կառավարմանը և այլն։ Այսպիսով տասնյակ ու հարյուրավոր տարիներ գործող կուսակցությունները կարող են իրենց կազմից ընտրել ոչ թե մի, այլ մի քանի գաղափարապես կուռ ու արդյունավետ կառավարության կազմեր։ Հայաստանում իրավիճակն այս առումով բավականին ողբերգական է։ Վերջում, կուզեի անդրադառնալ նաև մի ավելի տարածված մոլորության, ինչը նաև նախագահի հոդվածում է առկա։ Նա գրում է․ «Բոլոր քաղաքացիները, առանց բացառության, պետք է անառարկելիորեն հարգեն օրենքը և հետևեն դրան: Հակառակ դեպքում մենք հայտնվելու ենք պերմանենտ ճգնաժամերի մեջ: Մեծատառով Օրենքը և դրան հետևելը ցանկացած առողջ հասարակության և ամուր պետության հիմքն է, զարգացման և հարատևման երաշխիքը»: Եվ կրկին, ոչ ոք չի ասում, թե օրենքը հարգել պետք չէ։ Սակայն ամենակարևորն այն է, թե ինչ է իրենից ներկայացնում  մեծատառով օրենքը։ Օրենքը հանրության պայմանավորվածությունն է կոնկրետ իրավիճակներում վարվել այսպես կամ այնպես։ Օրենքը բոլորի համար հավասարապես սահմանափակում է քաղաքացու այն ազատությունները և մարդու այն իրավունքները, որոնք ընձեռում է Սահմանադրությունը։ Օրենքը, այդ իմաստով, ժողովրդավարական հանրություններում իրապես պետք է լինի ժողովրդի կամքը։ Այլ պայմաններում անհնար է հասնել դրա կատարմանը։ Եթե նույնիսկ հասնել ուժով, ապա պետք է մոռանալ ժողովրդավարության մասին և ազնվորեն խոսել, թե ինչ կառավարման համակարգ ենք ուզում դրա փոխարեն։ Հռետորական հարց եմ հնչեցնում․ քանի՞ օրենք է ընդունվել, որոնց հիմքում եղել է ժողովրդի փաստարկված կարծիքը, ո՞ր օրենքներն են դրել լայն հանրային քննարկման և հանրության կարծիքը հաշվի առել։ Այդպիսի օրինակները շատ քիչ են և եթե իրականում դրանք հանրային համաձայնության արդյունք են, ապա դժվար էլ խախտվեն։ Օրենքին ենթարկվելու հրամայականը նույնպես փոխառված է զարգացած երկրներից։ Դա նույնպես ձևի և ոչ բովանդակության մասին է խոսում։ Մարդկանց թվում է, թե օրենքների բովանդակությունը կապ չունի՝ եթե ենթարկվես, զարգացած պետություն կունենաս։ Թվում է, թե Գերմանիան զարգացած է դարձել ոչ այն պատճառով, որ Օրենքը համընդհանուր համաձայնության արդյունք է, որտեղ ներառված են բոլորի շահերը, այլ որովհետև կուրորեն ենթարկվում են օրենքին։ Մինչդեռ դա մի հերթական անգամ ևս խոսում է, որ մեր քաղաքական դասը չի պատկերացնում, թե ինչ բան է օրենքը, ինչպես որ չի պատկերացնում, թե ինչ բան է պետությունը։ Սուրեն Սահակյան «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ
11:37 - 03 փետրվարի, 2021
Հոկտեմբերի 19-ին մեր վիճակը ծանր էր, ծանր էր նաև թշնամու վիճակը, և պատերազմի ելքը դեռ որոշված չէր․ Սուրեն Սահակյան

Հոկտեմբերի 19-ին մեր վիճակը ծանր էր, ծանր էր նաև թշնամու վիճակը, և պատերազմի ելքը դեռ որոշված չէր․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակայնը ֆեյսբուքյան իր էջում գրում է․   «Պատերազմի ընթացքում արտախորհրդարանական ուժերի հետ երկրորդ ու վերջին հանդիպումը (հոկտեմբերի 19-ին) քննարկման լայն թեմա է դարձել։ Ըստ էության, փակ հանդիպման նույնիսկ ամենավերջին մանրամասները դուրս սպրդեցին։ Ընդ որում, մասնակիցներից ամեն մեկն ի՛ր ընկլամամբ մատուցեց եղելությունը։ Բանը հասավ նրան, որ պատերազմում պարտության պատճառները վեր հանող վերլուծաբանները հաճախ հիմնվում են այդ հանդիպման մասին մամուլում հրապարակված ոչ այնքան ճիշտ մեկնաբանություններին։ Մինչդեռ թե՛ մասնակիցները, թե՛ այդ հանդիպման մասին կադրերը վկայում են, որ ես համարյա սղագրում էի թե՛ վարչապետի հայտնած տեղեկություններից կարևորները, թե՛ իմ հարցերն ու խոսքը։ Ըստ այդմ, պարտավորված եմ զգում պատմել եղելությունը, որպեսզի պատմության ու վերլուծությունների համար հանրային դաշտում լինեն ոչ միայն այդ հանդիպման մասին առանձին մարդկանց ընկալումները, այլև իրականությունը։ Նախ, հանդիպումը տևել է ընդամենը մեկ ժամ, ինչը բավականին կարճ ժամանակ է, եթե հաշվենք, որ բացի պաշտոնական կողմն այնտեղ ներկայացված էին 9 կուսակցություններ, որոնցից ամեն մեկն իր ասելիքն ու հարցերն ուներ։ Վարչապետը սկսեց նրանից, որ առավոտյան Արցախի նախագահից նամակ է ստացել, որտեղ ասվում է, թե Արցախը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները, վերադարձնել 7-ից 5 շրջանները և նստել բանակցելու հայրենիքի մյուս հատվածների մասին (Լավրովի պլան)։ Ասվեց, որ դրա հետ իրենց համաձայնությունն են հայտնել Արցախի երկրորդ և երրորդ նախագահները, Հայաստանի առաջին և երրորդ նախագահները (Ռ․Քոչարյանի կարծիքի մասին, անկեղծ ասած չեմ հիշում, որ խոսք գնացած լինի, ինչը չի բացառում, որ ուղղակի ես չեմ արձանագրել)։ Ներկաներին տեղյակ պահվեց ՌԴ նախագահ Պուտինի հետ այդ թեմայով խոսակցության մասին։ Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ ՌԴ նախագահին հարցրել է, թե ստեղծված իրավիճակում ի՞նչ լուծում է պատկերացնում Ռուսաստանը։ Ըստ Փաշինյանի, Պուտինը պատասխանել է, որ լուծումը «Լավրովի պլանն է»՝ վերդարձվում են 5 շրջանները, սկսում են բանակցությունները մնացած 2 շրջանների վերադարձի ժամկետների և պայմանների մասին, իսկ Արցախի կարգավիճակի հարցը մնում է անորոշ ապագային։ Հատուկ շեշտվեց, որ Փաշինյանը ոչ համաձայնել է, ոչ էլ մերժել այդ առաջարկը, այլ հարց է բարձրացրել՝ «եթե ասենք այո, Ռուսաստանը կարո՞ղ է ապահովել պատերազմի դադարեցումը»։ Պատասխանը եղել է այն, որ ՌԴ-ն ամեն ինչ կանի, որ այդ ծրագիրը իրականություն դառնա, սակայն չունի նախկին այն լծակները, որոնք հնարավոր կդարձնեին համոզմունք հայտնել, որ այդպես էլ կլինի»։ Այնուհետև Ն․ Փաշինյանը հարցրել է․ «Եթե հայկական կողմը այդ ծրագրին իր հավանությունը չտա, դա կարո՞ղ է ռուսական կողմից ընկալվել որպես ապակառուցողական մոտեցում և վիրավորանք ՌԴ միջնորդական ջանքերին»։ Պուտինը, ըստ Փաշինյանի, պատասխանել է․ «Իհարկե՝ ոչ»։ Ինչպես հետագայում պարզվեց, ՌԴ նախագահի հետ այդ խոսակցությունը շարունակվելու էր նկարագրված հանդիպումից անմիջապես հետո՝ ժամը 20։00-ին։ Առաջ անցնելով ասեմ, որ Ադրբեջանը մերժել էր այդ առաջարկը և պատերազը շարունակվեց։ Սա ասում եմ նրանց համար, ովքեր շարունկում են պնդել, թե հայկական կողմը թղթերը ստորագրելով ամեն պահի կարող էր կանգնեցնել պատերազմը։ Հաջորդ դրվագը, որ ներկայացվեց ներկաներին, այն էր, որ հայկական կողմի խնդրանքով հոկտեմբերի 19-ի կեսօրի դրությամբ ռուս սահմանափահները տեղակայվել են Հայաստանի սահմաններին Մեղրիից մինչև Վարդենիս՝ արևելյան ուղղությամբ և Նախիջևանի սահմանով՝ արևմտյան ուղղությամբ։ Հարցին, թե ի՞նչ է դա նշանակում, ռուսական կողմից հավաստիացրել են, թե այդ զինվորների ուղղությամբ ցանկացած հարված կարող է ընկալվել որպես Ռուսաստանին հայտարարված պատերազմ։ Մասնակիցների կողմից բարձրացված հարցերից ինձ համար արձանագրել եմ ՀՅԴ ներկայացուցչի հարցը, թե այդ պայմաններով փաստաթուղթ ստորագրելը, ըստ էության, նշանակում է կապիտուլյացիա և մի՞թե այլ տարբերակ չկա։ Վարչապետը համաձայնեց կապիտուլյացիայի մասին կարծիքին (հոկտեմբերի 19-ի դրությամբ այդպիսի պայմաններով պատերազմը դադարեցնելն, իրոք, ծանր ու նվաստացուցիչ կապիտուլյացիա էր ընկալվում), միաժամանակ, ի պատասխան, որպես խոչընդոտ և խնդիրներից ամենամեծը ներկայացրեց անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի արդյունավետ միջոցների բացակայությունը։Առաջ անցնելով ասեմ, որ դրանից բառացիորեն ժամեր անց ՊՆ-ը հաղորդագրություն տարածեց, որ խոցել է թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ, ինչից հետո նման լուրերը պարբերական դարձան (ըստ էության, հարցը կարելի էր լուծված համարել)։ Խոսվեց նաև այն մասին, որ ըստ Արցախի ռազմական ղեկավարության, հայկական կողմին հաջողվել է խոցել ադրբեջանական բանակի ծանր սպառազինության և օդուժի 80 տոկոսը և ռազմաճակատում վատ վիճակը ոչ միայն մեզ մոտ է, այլ նաև թշնամու մոտ։ Անդրադառնամ իմ հարցերին ու խոսքին, ինչի մասին նույնպես հրապարակային խոսվել է և կարծիք ձևավորվել։ Ես սկսեցի նրանից, որ վարչապետին հիշեցրի ԱԺ ամբիոնից հնչեցրած մտքի մասին, թե «Եկեք պայմանավորվենք, որ մենք մեզ պարտված չենք համարելու։ Եթե մեր մտքում ու հոգում մեզ պարտված համարենք, ապա ռազմի դաշտում պարտվելն ընդամենը ժամանակի հարց է»։ Հարցրեցի՝ ձե՞ր խոսքերն են։ Վարչապետը գլխով հավանության նշան արեց։ Կարծիք հայտնեցի, որ չի կարելի մտքում և հոգում պարտվել (էդ դեպքում իրական պարտությունը այլընտրանք չի ունենա)։ Այնուհետև հարցրել եմ, թե ի՞նչ ա նշանակում ԱԹՍ-ների դեմ արդյունավետ պայքարի միջոց չունենք՝ չէ՞ որ դրանց դեմ արդյունավետ պայքարում են Սիրիայում և Լիբիայում, ու երբեմն էլ հաղթանակներ տոնում։ Հետևաբար, ի՞նչ խնդիր է՝ քաղաքակա՞ն է (մեզ պատշաճ ու բավարար զենք չե՞ն վաճառում), թե՞ փողի խնդիր է։ Հարցերից հետո, ելնելով տեղում քննարկման բովանդակությունից, անձնական որոշակի դիրքորոշումներ եմ հայտնել։ Առաջինը խոսեցի ԱԹՍ-ների դեմ պայքարի արդյունավետության բացակայության պայմաններում հնարավոր պարտության մասին։ Կարծիքս հայտնեցի, որ գուցե պետք է կյանքի կոչել 1989թ դեկտեմբերի 1-ի միացման որոշումը ու շարունակել կռվել այն մտքով, որ ինչը կորցնենք, պահպանենք դրա նկատմամբ միջազգային իրավունքները, որպեսզի պարտության դեպքում չստացվի, թե հայկական կողմը ագրեսոր էր և ադրբեջանական կողմը, իրոք, վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը (ԼՂԻՄ տարածքը երբեք ադրբեջանական չի եղել)։ Առաջին հանդիպման ժամանակ խոսել էի ԱՀ անկախության իրավունքի ճանաչման մասին, բայց սա լրիվ ուրիշ պատմություն է։ Հայտնածս հաջորդ դիրքորոշումն այն է, որ պարտությունը ոչ միայն Արցախի կորուստ է, այլև Հայաստանի տնտեսական ու սոցիալական խորը ճգնաժամ և քաղաքական մեծ ցնցումներ, որոնցից Հայաստանը կարող տասնամյակներով խելքի չգալ։ Դրա համար առաջարկել եմ մտածել միայն հաղթանակի մասին։ Վերջում կարծիք եմ հայտնել, որ պատմություն ցույց է տվել՝ այնտեղ, որտեղ ռուսական խաղաղապահներ են եղել, հետագայում չի հաջողվել խուսափել պատերազմից և առաջարկել եմ խաղաղապահների առկայությունը չդիտարկել որպես խաղաղության վերջնական երաշխիք։ Ըստ էության, սրանով ավարտվել է հանդիպումը, եթե չհաշվենք, որ«Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչը ուզում էր խոսք ասել, բայց վարչապեն արդեն շտապում էր հեռախոսազրույցի։ Եթե այսքանից հետո դեռ պահպանվի կարծիքը, թե այդ հանդիպման ընթացքում խոսք է գնացել Հայաստանի ծանրագույն վիճակի, պարտության պայմաններում տեղի ունեցած հանդիպման մասին, ուրեմն ես ինչ-որ կարևոր բան սխալ եմ հասկանում։ Հոկտեմբերի 19-ի դրությամբ մեր վիճակը ծանր էր, բայց ծան էր նաև թշնամու վիճակը և պատերազմի ելքը դեռ որոշված չէր»։
15:28 - 07 դեկտեմբերի, 2020
Որպես քաղաքացի այս պահին ես արտահերթ ընտրական գործընթացներ չեմ պատկերացնում․ Սուրեն Սահակյան |lragir.am|

Որպես քաղաքացի այս պահին ես արտահերթ ընտրական գործընթացներ չեմ պատկերացնում․ Սուրեն Սահակյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց «Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանի հետ։ Պարոն Սահակյան, 17 կուսակցություն պահանջում է վարչապետի հրաժարականը, ԱԺ արտահերթ նիստ։ Ստեղծված իրավիճակին Ձեր գնահատականը։ Ի՞նչ լուծում եք Դուք տեսնում։ Մենք տագնապալի օրեր ենք ապրում, երբ լավագույն լուծումը միավորվել ու ելքեր փնտրելն է։ 17 ուժերի հռչակած նպատակներն ինձ որոշ չափով հասկանալի են։ Դրանք ավելի հասկանալի կլինեին, եթե հնչեր առաջարկ, թե որոնք են լինելու վարչապետի հրաժարականից հետո իրականացվող քայլերը և համոզիչ փաստարկներ հնչեին, թե ստեղծված իրավիճակում ինչպես են բարելավվելու հայկական կողմի բանակցային դիրքերը։ Մեր նախաձեռնությամբ որոշակի կոնտակտներ եղել են, սակայն ցավոք, նման քայլերի մասին տեղեկատվություն չենք ստացել։ Միաժամանակ, կառավարող ուժը, որպես պատերազմում պարտություն արձանագրող ուժ, առաջինը պետք է շահագրգռված լիներ ապահովել այն կապուղիները, որ հնարավորություն կտային միասնական քննարկումների միջոցով լուծում գտնել։Ձերբակալություններն ու անվստահությունը հնարավոր վատագույն սցենարներից էր։ Դրանից մի փոքր ավելի վատ սցենար էլ հեղաշրջման փորձն էր, իսկ ամենավատ սցենարը՝ քաղաքացիական պատերազմը։ 17 ուժերի պահանջը շատ քաղաքացիների հոգում կարող է արձագանք գտնել, որ այս կամ այն կերպ արտահայտվում է, սակայն պետք է հաշվի առնել, որ նույնիսկ այս պայմաններում կա քաղաքացիների բավականին մեծ շերտ, որ դեռևս սատարում է կառավարող ուժին։ Խնդրանքս ու կոչս է, որ կողմերը ամենասկզբունքային դիրքերից մի քայլ նահանջեն, միավորվեն՝ լուծումներ գտնելու ի շահ Հայաստանի ու հայ ժողովրդի։ Գրառում էիք արել, որ Շուշին չի ընկել, չի պարտվել, այն հանձնվել է։ Ի՞նչ է Ձեզ հայտնի։ Ակնարկում եք, որ դավաճանությո՞ւն է եղել։ Պետական դավաճանությունը շատ ծանր մեղադրանք է, թերևս մեղադրանքներից ամենածանրը։ Այդպիսի մեղադրանք առաջադրելու համար պետք է տիրապետել ամբողջական ինֆորմացիային։ Ես վստահ եմ, որ ապագայում այդ գնահատականը տրվելու է։ Ժողովուրդը, արցունքն աչքերին Շուշին թողնող զինվորները, զոհվածների հարազատները իրավունք ունեն իմանալ՝ ինչ պայմաններում է տեղի ունեցել Շուշիի հանձնումը։ Ինձ հայտնի է, որ անկման նախորդ օրը նախօրեին Շուշի մտած դիվերսիոն մեծ խումբը ջախջախվել է։ Այնուհետև եղել է նահանջի հրաման։ Սա մեծ գաղտնիք չէ։ Հայաստանը շատ փոքր երկիր է նման բաներ կոծկելու համար։ Այնտեղ հազարավոր մարդիկ են եղել, զինվորներ։ Եթե լավ փնտրենք, մեզնից յուրաքանչյուր երրորդն էնտեղ հարազատ ունեցած կլինի։ Շուշիի գրավումը, կռվելու դեպքում, գործնականում անհնար է։ Կողմնակի՞ց եք արտահերթ ընտրական գործընթացներին։ Նիկոլ Փաշինյանը 2016-ի ապրիլյան իրադարձություններից հետո հայտնել է իր կարծիքը, որ պատերազմում պարտված հրամանատարը պետք է հրաժարական տա։ Ես համաձայն եմ իր այդ կարծիքի հետ։ Սակայն, անկեղծ ասած, այս պահին ես արտահերթ ընտրական գործընթացներ չեմ  պատկերացնում։ Սա բացառապես իմ, որպես մի քաղաքացու, կարծիքն է։ Ընտրական գործընթացները նրա մասին են, որ ժողովրդի համար առավելագույնս հարմար պայմաններ ստեղծվեն, որտեղ ինքը կուսումնասիրի առաջարկված ծրագրերը և գիտակցված, գաղափարական ընտրություն կկատարի։ Այս պահին ես դա լավ չեմ պատկերացնում։ Այս պահին ընտրությունը բացառապես էմոցիաների վրա կլինի, իսկ մենք հերթական անգամ սխալվելու ռեսուրս չունենք։ Շարունակությունը՝ lragir.am-ում
14:23 - 12 նոյեմբերի, 2020
Անհասկանալի է WarGonzo նախագծի հեղինակի ու «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի թղթակցի ներկայությունը առաջնագծում․ Սուրեն Սահակյան

Անհասկանալի է WarGonzo նախագծի հեղինակի ու «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի թղթակցի ներկայությունը առաջնագծում․ Սուրեն Սահակյան

ՔՈ ՍԴԿ Գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի՞նչ գին ունի ինֆորմացիան պատերազմական պայմաններում։ Որպեսզի սրա մասին մոտավոր պատկերացումներ ունենանք, կարող ենք հետևել Ադրբեջանի զինված ուժերի շտաբի պետի մասին համառորեն շրջանառվող լուրերին, թե նա ձերբակալվել ա կամ գտնվում ա հետախուզման մեջ։ Ադրբեջանցիները, փորձելով բացատրություն գտնել իրենց ձախողված ռազմական արկածախնդրության համար, դրանում մեղադրում են ամենաբարձրաստիճան զինվորականներին, որոնք հարձակման մասին իբր ինֆորմացիա են տրամադրել ռուսական կողմին, որոնք էլ, իբր, այն փոխանցել են հայերին։ Որտեղից ա թշնամին հարձակվելու, ինչ սպառազինություն ունի, զորքերն ինչպես ու որտեղ են տեղակայված, ինչ մարտավարություն են որդեգրել, բարոյա-հոգեբանական ինչ վիճակ ա հակառակորդի զորքում, ինչ ազդեցություն ա ունենում թշնամու հրետակոծությունները թիկունքի ու ճակատի վրա․ Սրանք կարևոր տեղեկություններ են, որոնց տիրապետումը թույլ կտա խուսափել ավելորդ զոհերից և հեշտությամբ հաղթել։ Հետևաբար, նման ինֆորմացիան անգին ա։ Պետություններն այն ստանալու համար հետախուզական ծառայություններ են ստեղծում, մշտապես ինֆորմացիա հավաքում, վերլուծում։ Էս ֆոնին ինձ, նվազագույնը, անհասկանալի ա մնում «WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովի ու «Կոմսոմոլսկայա պրավդա» թղթակից Ալեքսանդր Կոցի (և, կարծես, ոչ միայն նրանց) ներկայությունը ոչ թե Արցախում, այլև հենց առաջնագծում, պատերազմի բովում։ Հիշեցնեմ, որ ըստ մամուլում հրապարակված տեղեկատվության, հենց Կոցի արած ուղիղ հեռարձակումից հետո ա թիրախավորվել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին։ Բայց հարցը նույնիսկ էդ միջադեպը չի, որը կարող էր անզգուշության հետևանք լինել և որը, բարեբախտաբար, զոհերի չհանգեցրեց։ Հարցն էն ա, որ նրանց լրագրողական գործունեություն թույլ ա տալիս փաստագրությամբ զբաղվել, որ վաղը կարող ա մեր դեմ օգտագործվել։ Ես դեռ մի կողմ եմ դնում նրանց քաղաքացիությունը և ռուսական կողմի բնական հետաքրքրությունը կոնֆլիկտի ու, ընդհանրապես, տարածաշրջանի նկատմամբ։ Ես դեռ մի կողմ եմ դնում փաստը, որ Ռուսաստանն իր շահերի սպասարկման նպատակով բնականաբար զբաղվում ա հավաքագրված ինֆորմացիան անհրաժեշտ կողմի հետ կիսելու պրակտիկայով։ Ես նույնիսկ չեմ դիտարկում, որ էս պահին մեր ու Ռուսաստանի կենսական շահերը, կարծես, համընկնում են, իսկ վաղը կարող ա և չհամընկնեն։ Էդ մարդիկ անհատներ են, որոնց ձեռքերում կուտակվում ա թեկուզ չմշակված ու պատշաճ վերլուծված, բայց շատ կարևոր ինֆոմացիա։ Անհնա՞ր ա, որ ինչ-որ ժամանակ, որոշակի պայմաններում էդ ինֆորմացիային հասանելիություն ունենալու համար նրանց առաջարկ արվի, որը մերժելը դժվար կլինի։ Կարծում եմ՝ չէ։ WarGonzo-ն, ընդհանրապես, կոմերցիալ պրոյեկտ ա։ Այն հենց փող աշխատելու միջոց ա՝ նրանք հավաքագրված ինֆորմացիան վաճառում են լրատվական և այլ ռեսուրսներին։ Նրանց գործունեությունն էնքան ակնհայտ ա, որ վստահ եմ՝ պատկան մարմինները ուշադրության կենտրոնում են պահում հարցը։ Էն, որ նրանք շարունակում են իրենց գործունեությունը, հուշում ա, որ մեր պատկան մարմինները դրանում վտանգ չեն տեսնում։ Գուցե։ Ուղղակի ինձ անհասկանալի ա դա։ Ինձ անհասկանալի ա նաև մեր խորհրդականներից ոմանց (անուններ չտամ, որովհետև երևույթի մասին ա խոսքը), ակնհայտ հիացմունքը գոնե Պեգովի նկատմամբ ու նրա նյութերը տարածելու, լեգիտիմացնելու պրակտիկան։ Մեծ հույս ունեմ, որ իմ մտավախությունները գոյություն ունենալու քիչ հիմքեր ունեն»։
12:24 - 09 հոկտեմբերի, 2020
Սա պատահաբար ծագած կոնֆլիկտ չէ․ ճանաչե՞լ, թե՞ ոչ․ Սուրեն Սահակյան

Սա պատահաբար ծագած կոնֆլիկտ չէ․ ճանաչե՞լ, թե՞ ոչ․ Սուրեն Սահակյան

Ի տարբերություն նախկինում գրանցված հայ-ադրբեջանական մյուս բախումների՝ այս դեպքում միջազգային հանրությունը չի շտապում դիրքորոշում հայտնել կամ ձեռնամուխ լինել հետագա էսկալացիան կանխելու հստակ գործողություններով։ Տարօրինակ տպավորություն է ստեղծվում, թե միջազգային հանրությունն ինչ-որ բանի է սպասում։ Կհամարձակվեմ բարձրաձայնել այս հարցով տվյալ պահին ձևավորված դեռևս միակ վարկածը։ Ըստ այդ վարկածի՝ նրանք սպասում են Հայաստանի կողմից Արցախի ճանաչման և/կամ Հայաստանի Հանրապետությանը միացման ակտին։ Փորձեմ հիմնավորել այս վարկածը։ Իհարկե, ուժային կենտրոններից, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներից, գերտերություններից յուրաքանչյուրն ի՛ր հաշվարկը կարող է ունենալ այս դեպքում։ Ո՞րը կարող է լինել, օրինակ, ԱՄՆ շահը։ Գաղտնիք չեն ո՛չ Իրանի, ո՛չ էլ Թուրքիայի հետ ԱՄՆ ունեցած կոնֆլիկտները և լարված հարաբերությունները։ Այս դեպքում ԱՄՆ-ի համար լավագույն լուծումը կլինի երկու հակառակորդներին կոնֆլիկտի մեջ ներքաշելով հնարավորինս թուլացնել նրանց։ Հնարավո՞ր է արդյոք Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության անկախությունը ճանչելուց հետո Թուրքիայի ներգրավվածությունը կոնֆլիկտին։ Իհարկե այո։ Որքա՞ն է հավանականությունը, որ Իրանը թույլ կտա իր քթի տակ Թուրքիայի նման հզորացումը։ Կարծում եմ՝ Իրանը ստիպված կլինի օգնել Հայաստանին՝ ներքաշվելով կոնֆլիկտի մեջ։ Իսկ ո՞րը կլինի, օրինակ, Ռուսաստանի շահն այս պարագայում։ Տավուշում Ադրբեջանի ու Հայաստանի միջև առաջացած բախումը Ադրբեջանին մղեց Թուրքիայի գիրկը։ Ըստ նրանց՝ այդ բախման և Ադրբեջանի խայտառակ պարտության հարցում Հայաստանի հովանավորը Ռուսաստանն էր։ Ալիևը կոնֆլիկտից հետո բազմիցս բարձրացրել է Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրած հազարավոր տոննաների հասնող սպառազինության մասին։ Ըստ էության, Ռուսաստանի համար Հայաստանի կարևորագույն դերը ադրբեջանա-թուրքական այդ տանդեմին դիմակայելու մեջ է։ Ռուսաստանին ձեռնտու կլիներ հրահրել կոնֆլիկտ ու կամ հայերի ձեռքով կամ նույնիսկ սեփական ռազմական ներկայությամբ թուլացնել ադրբեջանա-թուրքական տանդեմը։ Ռուսաստանը նախկինում էլ փորձում էր Ադրբեջանն իր վերահսկողության տակ առնել՝ զինելով նրան և այդ առումով նրան դնելով ուղիղ կախվածության մեջ։ Թուրքիայի հետ Ադրբեջանի մերձեցումը Ռուսաստանը ոչ միայն Հայաստանի միջոցով կարող էր կանխել, այլ նաև տանդեմից մեկի վրա վերահսկողություն սահմանելով։ Արցախի չհանգուցալուծված կոնֆլիկտը քթի տակ ունենալով և սպառազինության առումով՝ Ռուսաստանից տոտալ կախվածությունը Ադրբեջանին մանևրելու մեծ տեղ չէր տա։ Բայց հուլիսյան դեպքերը, հավանաբար, Ադրբեջանին հերթական անգամ համոզել են, որ ռուսները ամենալավ դաշնակիցները չեն, և ակնհայտ է, որ Ադրբեջանը ընտրեց Թուրքիայի կողմից զինվելը․ «Բայրաքթարներն» ու  թուրքական F-16 ինքնաթիռները դրա վառ վկայությունն են։ Նրանց ռազմական համագործակցությունը կշարունակվի։ Այսպես Ադրբեջանը փորձ է անում դուրս գալ ռուսական վերահսկողությունից։ Պատերազմական գործողություններից մի քանի օր առաջ ՌԴ արտգործնախարար Լավրովը Բաքվում ակնարկում էր «Լավրովյան պլան»-ի իրագործման մասին, որի բաղադրիչ մաս է նաև ԼՂԻՄ շուրջ ազատագրված տարածքների վերադարձն Ադրբեջանին։ Կարգավորման այս տարբերակը նաև ենթադրում է խաղաղապահ զորքի առկայություն և եթե այդ զորքը ռուսական լինի (ինչը ենթադրվում է), ապա Ռուսաստանի ավելի ազդեցիկ ներկայությունը տարածաշրջանում։ Գաղտնիք չէ նաև, որ 94 թվականին նրա առաջին այդպիսի փորձը տապալվել է։ Հայաստանի կողմից Արցախի ճանաչման և/կամ միավորման դեպքում կենացներն ավելի են քաղցրանում։ Եթե այդ ակտից հետո Թուրքիան ներքաշվի կոնֆլիկտի մեջ, ապա Հայաստանին շատ դժվար կլինի տարբեր կողմերից հարձակմանը դիմակայել առանց ռուսական սպառազինությունների կանոնավոր մատակարարումների։ Եվ այստեղ Հայաստանը կհայտնվի Ռուսաստանի լիակատար վերահսկողության տակ։ Թերևս սրա մասին էր նաև ակնարկում Մարգարիտա Սիմոնյանը՝ հայհոյանքների արժանացած իր գրառումներով։ Երկու դեպքում էլ Ռուսաստանը կարող է շահած դուրս գալ և «ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանել»։ Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ Իրանը դժվար կհամակերպվի իր քթի տակ ո՛չ միայն թուրքական, այլ նաև ռուսական ներկայության հետ։ Իսկ ի՞նչ վիճակում է այս հարցում Թուրքիան։ Թուրքիան, զրկվելով սառը պատերազմի ժամանակ իրեն վերապահված ԽՍՀՄ-ի դեմ ՆԱՏՕ-ի առաջամարտիկը լինելու դերից և դրանով պայմանավորված ռազմական ու տնտեսական առումով հզորացման լայն հնարվորություններից, տվայտվում է՝ աշխարհում նոր դեր ստանձնելու հարցով։ Նրան մեկ Սիրիա գործուղեցին, մեկ՝ Լիբիա։ Երկու դեպքում էլ նրան դիմակայեց Ռուսաստանը, և բավականին թուլացրեցին Թուրքիային՝ առերեսելով անխուսափելի  տնտեսական ճգնաժամի հետ։ Նրա դեմ փորձեցին քրդական պետություն ստեղծել, ինչն այնքան էլ չհաջողվեց։ Եկել է հերթը Թուրքիան բզկտելու, թուլացնելու, նրանից կորզումներ պոկելու հարցում վաղեմի թշնամիներ Հունաստանի ու Հայաստանի գործոնները ակտիվացնելու ժամանակը, և դա, կարծես, ստացվում է երկու դեպքում էլ։ Այնուամենայնիվ, չեմ կարծում, թե Թուրքիային Հայաստանի վրա հարձակվելուց զսպող միակ գործոնը ռուսական ներկայությունն է տարածաշրջանում ու, մասնավորապես, Հայաստանում։ Կա նաև զորքերի թիկունքում քրդական գործոնը ունենալու փաստըն ու Իրանի պետական շահերը։ Կգնա՞ արդյոք Թուրքիան այդ քայլին։ Դա ցույց կտա ժամանակը։ Սակայն Արցախի և Հայաստանի միավորման գործընթացը, կարծես, այլ ելք չի թողնի Թուրքիային։ Մյուս պետությունների դեպքում Հայաստանի կողմից Արցախի ճանաչումն ու իրեն միացնելը արցախյան կոնֆլիկտի նոր շրջափուլ մտնելու հզոր ազդակ կդառնա։ Ի վերջո հարցը կլուծվի կամ այս կողմ, կամ այն՝ հետաձգելով տարածաշրջանային մեծ ու անխուսափելի պատերազմի ժամանակը։ Բացի դա, ոչ ոք կարծես դեմ չի լինի չարաճճի և ամեն առիթով Եվրոպային ու աշխարհին սպառնացող Թուրքիայի թուլացմանը։ Իսկ ի՞նչ կփոխվի, եթե Հայաստանը չգնա տարածաշրջանային նման կոնֆլիկտ հրահրելու ճանապարհով և հետևողականորեն չճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը և/կամ չփորձի իրեն միացնել ԱՀ-ն։ Կարծում եմ՝ գործնականում ոչինչ էլ չի փոխվի։ Ճիշտ է, Հայաստանի և Արցախի միացումը ֆորմալ լավ առիթ է Հայաստանին ագրեսոր ճանաչելու և նրա տարածքում էլ պատերազմ վարելու համար, բայց այդ առիթը հանգիստ կարելի է ստեղծել նաև Նախիջևանի ուղղությամբ որևէ սադրանք իրականացնելու միջոցով։ Հայաստանին կարող են մղել միավորման, երբ հայտնի դարձվածքի նման կլինի՝ «եթե մեռնել կա, ապա էլ ի՞նչ խռխռացնել»։ Եթե միջազգային հանրությունը պատրաստ է և մեծ հետաքրքրություն ունի մեր փոքր տարածաշրջանը պատերազմի թատերաբեմ դարձնել, ապա դրա դիմաց դժվար է որևէ բան ձեռնարկել։ Այլընտրանք կարող էր լինել, որ կոնֆլիկտի կողմերը շահագրգռված չլինեին պատերազմով և հարաբերությունները կարգավորելու համար նստեին բանակցությունների սեղանի շուրջ։ Բայց Ադրբեջանը, առավել ևս Թուրքիան, կարծես ոչ մի կերպ պատրաստ չեն դրան։ Ալիևի համար դա կարող է իր վերջի սկիզբը դառնալ, իսկ Թուրքիայի համար դա ուղղակի պատերազմի թատերաբեմի ընտրության հարց է։ Եթե թատերաբեմը Հայաստանը չլինի, կլինի Հունաստանը կամ մի այլ երկիր։ Այս առումով Հայաստանը նրա համար իդեալական տարբերակ է։ Եվ, այնուամենայնիվ, ճանաչե՞լ Արցախի Հանրապետությունը որպես անկախ պետություն և/կամ փորձ անել Հայաստանի հետ միավորվելու։ Այս որոշումը բարդ է, սակայն պետք չէ վախենալ որոշում կայացնելուց։ Ըստ էության, դա ինքնորոշման հերթական ակտ է լինելու, որի հետևանքները պետք է մանրամասն հաշվարկված լինեն։ Հայաստանն ընդամենը կմտնի մի անխուսափելի գործընթացի մեջ, որը թերևս մեկ դարով խաղաղություն կբերի տարածաշրջանին։ Սակայն այս կռվում մեզ հաղթել է պետք։ Թեև ՀՀ և ԱՀ միավորման որոշումն ընկած է Հայաստանի Հանրապետության ստեղծման հիմքում, այդ որոշման վրա է հենված, այսպես կոչված, Հայաստանի երրորդ հանրապետությունը, այդպիսի որոշումը պետք է լինի էմոցիաներից զուրկ կոնկրետ հաշվարկի արդյունք։ Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը (առանց միավորման) կարող է լայն հնարավորություններ ստեղծել Հայաստանի համար։ Նախ, դա կզրկի Հայաստանին ագրեսոր ճանաչելու և, դրանով հիմնավորված, արդեն ֆորմալ առումով երկու ճակատով պատերազմ սկսելու հենց Հայաստանի հետ։ Հետո, միջազգային հանրությունը փաստի առաջ կկանգնի՝ առերեսվելով նոր իրողության հետ և պետք է ստիպված լինի ընտրություն կատարել կողմերի միջև։ Ի վերջո, պարզություն կմտնի հարցի մեջ և չեն լինի տասնամյակներ շարունակվող լղոզումները։ Հայաստանը պետք է հաշվարկի, թե այդ հարցում ով կլինեն իր դաշնակիցները և որքան են նրանք վստահելի ու հուսալի։ Մի կողմից ակնհայտ է, որ գերտերություններն իրենց խնդիրները լուծելով և Թուրքիայից իրենց ուզածը կորզելով՝ կանգնեցնելու են պատերազմը և նրանց առանձապես կարող են չհուզել Հայաստանի այդ պահին հնարավոր տարածքային և այլ կորուստները կամ ձեռբերումները։ Բայց, մյուս կողմից, եթե Թուքիան միևնույն է՝ բզկտվելու է, ապա Հայաստանը կարող է դրա շահառու լինել, վերադարձնել պատմական տարածքներն ու վերականգնել պատմական արդարությունը։ Հայաստանը, ըստ այս վարկածի, լուրջ ընտրության առաջ է կանգնած և առաջիկա որոշումներից է կախված լինելու մեր առաջիկա տարիների կյանքը։ Պետք է արձանագրել, որ ընթացող պրոցեսներն աշխարհը և նրա քաղաքական քարտեզը վերաձևելու մասն են կազմում, և սա պատահաբար ծագած կոնֆլիկտ չէ։ Սուրեն Սահակյան
16:32 - 29 սեպտեմբերի, 2020
ՀՀ կառավարությունը վտանգում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքերը․ Սուրեն Սահակյան

ՀՀ կառավարությունը վտանգում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքերը․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լիդիանի պահնորդական նոր ծառայության աշխատակիցները գիշերը ծեծի են ենթարկել Ամուլսարի պահապաններից նրան կամ նրանց, որոնք գտնվել են Լիդիանի տարածքից դուրս, ճանապարհի մյուս եզրին։ Ըստ լուրերի, ծեծի մի փոքր բաժին էլ հասել ա ծառայություն իրականացնող ոստիկաններին։ Ոստիկանները նկարահանել են այդ ամենը։ Սա իրողությունն ա, որ մենք ստացել ենք Ամուլսարի պահապան Շիրակ Բունիաթյանի ՖԲ-յան էջից։ Հիմա՝ թե ինչ ա նախորդել սրան։ Լիդիանի սնանկության վերաբերյալ դատական գործ ա քննվել Կանադայում, որի արդյունքներով տերերը, որոնք պետք ա իբր Ամուլսարը հանք դարձնեին, փոխվել են։ Սրանք էլ նոր, սադրիչ մարտավարություն են որդեգրել սկսած ամառվա կեսերից։ Սադրանքների էդ շղթայի հերթական օղակը օգոստոսի 4-ին վագոն տնակները ընդհուպ մինչև ճանապարհը մոտեցնելն էր։ Հանրությունը դրա կապակցությամբ բարձրացրեց իր ձայնը և վագոն տնակները, համաձայն օրենքի, հետ տարվեցին իրենց ելման դրություն։ Էդ ընթացքում կառավարությունն անընդհատ զգաշացվել ա, որ պահնորդական ծառայության նման գործոլաոճը, ի վերջո, արյունահեղության ա հանգեցնելու։ Էդ զգուշացումները լուրջ չէին ընդունվում։ Կառավարությունը լուռ էր։ Հիմա արդեն հղվել ա արյունը։ Չգիտեմ՝ ինչքանով ա գիտակցվում, որ լռություն պահպանելու դեպքում դա վերջին արյունը չի լինելու։ Հուսով եմ, որ Ամուլսարի պահապանների հայտարարությունը, թե իրենք մինչև մահ պատրաստ են կանգնել իրենց համատեղ որոշման համար (այն է՝ Ամուլսարը հանք չի դառնալու), լուրջ ա ընդունվել։ Սրա կապակցությամբ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանը նույն Շիրակ Բունիաթյանի նման պնդմանն ի պատասխան արձագանքել էր, թե «լավ, էլի, Շիրակ ջան, ուրեմն ես էլ կյանքի գնով կպաշտպանեմ ձեր կյանքը» կամ իմաստով նույնը այլ ինչ-որ բան։ Էսօր Հայասատանի Հանրապետության շատ որոշակի քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ ա սպառնում։ Ամուլսարի, որպես հանքավայր, շահագործման մասին ջերմուկցիների կարծիքը չհարցնելը խախտել ա նրանց սահմանադրական իրավունքները։ Իրավունքների այդ խախտումը չարձանագրելով ու այն չվերացնելով, ՀՀ կառավարությունը վտանգում ա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքերը։ Ինչ վերաբերում ա Լիդիանի գործունեությանը, ապա դա այլ կերպ, քան պետության ու քաղաքացիների նկատմամբ իրականացվող շանտաժ, դժվար է նկարագրել։ Ըստ էության, նրանք ասում են, թե եթե հանքավայրի շահագործումը չսկսի, այստեղ մարդիկ են զոհվելու։ Ըստ իս, նման կազմակերպությունը տեղ չունի Հայաստանում՝ նույնիսկ անկախ բնապահպանական ռիսկերից, մարդու բնական իրավունքների պաշտպանության, սոցիալական, տնտեսական, քաղաքական կամ այլ հարցերից, որոնք շոշափում ա էս խնդիրը»։
13:13 - 07 սեպտեմբերի, 2020
Միջազգային անվտանգություն արտահանող Հայաստան․ ի՞նչ անել Ադրբեջանի եւ ՀԱՊԿ-ի հետ

Միջազգային անվտանգություն արտահանող Հայաստան․ ի՞նչ անել Ադրբեջանի եւ ՀԱՊԿ-ի հետ

Բեւեռացված հանրության մեջ, որտեղ խոսքի արժեքը ձգտում է զրոյի, բավականին բարդ է միանշանակ ընկալվող թեմայի վերաբերյալ միտք արտահայտել։ Թերեւս հենց դա է պատճառը, որ երկրի համար կրիտիկական պահերին ֆորմալ քաղաքական դաշտում, ըստ էության, համատարած լռություն է։ Հայ-ադրբեջանական հակամարտության պարագայում ընդունված է սեփական բառերով տիրաժավորել պաշտոնական դիրքորոշումը, իրերին նայել բացառապես պաշտոնական տեղեկության նեղ պատուհանից։ Հակառակը կարող է դավաճանություն որակվել։ Սակայն բանակն ունի իր խնդիրները, հայտարարություններով նա այլ խնդիրներ է լուծում, եւ միշտ չէ, որ դրանցով կարելի է ամբողջ ճշմարտությունը հասու դարձնել քաղաքացիներին։ Օրինակ, դժվար թե Պաշտպանության նախարարությունը մի օր հայտարարի, թե որոշել է առանց հակառակորդի սադրանքի սպասելու՝ բարելավել մարտական դիրքերը՝ գրավել նրա՝ ռազմավարական առումով ավելի լավ դիրք ունեցող հենակետը։ Սակայն պետք է հասկանալ, որ այդպիսի գործողություններ իրականում լինում են։ Տեղի ունեցողի մասին լռելը անկեղծության դեֆիցիտ է առաջացնում։ Իրականությունը պատվում է առասպելական պատմություններով, եւ հետագայում շատ դժվար է դառնում իրականն ու կեղծն իրարից տարբերելը, երեւույթները ռացիոնալ գնահատելը։ Մինչդեռ, անկախ պետություն հռչակելու առաջին մոտիվացիաներից մեկը հենց ամենատարրական ֆիզիկական անվտանգության ապահովումն է։ Այս առումով՝ վատ չէր լինի եւ նույնիսկ ճիշտ կլիներ, որ քաղաքացին իր անվտանգության ապահովման մասին իմանար ամեն ինչ, իսկ իրեն քաղաքական համարող յուրաքանչյուրը պատրաստ լիներ դրա վերաբերյալ կարծիք հայտնել՝ առանց թիրախավորումից վախենալու։ Ըստ այդմ, որպես հանրային գործիչ փորձեմ ի՛մ տեսակետները ներկայացնել օրերս տեղի ունեցած մի շարք իրադարձությունների վերաբերյալ։   Հայաստանի հյուսիս-արեւելքում վերջին օրերի լարվածության մասին Նախ, պետք է շեշտել, որ վերլուծության հիմքում ընկած է բացառապես պաշտոնական տեղեկությունը, որին բոլորն են տիրապետում։ Սկսենք նրանից, որ բավականին տարօրինակ պատկեր է գծագրվել ի սկզբանե։ Ըստ պաշտոնական տեղեկության՝ ամեն ինչ սկսել է նրանից, որ հայկական դիրքերին հակառակորդի մարդատար մեքենա է մոտեցել։ Հակառակորդի մոտեցող մեքենան ոչնչացնելու փոխարեն՝ մեր դիրքապահները քաղաքակիրթ զգուշացրել են, որ նրանք մի փոքր սխալվել են եւ պատրաստվում են հատել Հայաստանի սահմանը։ Հակառակորդն էլ, ըստ գծագրվող պատկերի, դա ի գիտություն է ընդունել, մեքենան թողել եւ շատ հանգիստ հեռացել է իր դիրքեր։ Այս միջադեպից 1։15 ժամ անց սկսվել է տարբեր տրամաչափի զինատեսակներից այդ դիրքի հրետակոծությունը։ Սրանից էլ սկսել է իրավիճակի հետագա սրացումը։ Համաձայնեք, որ այս պատմության մեջ որոշ դրվագներ անհասկանալի են մնում եւ հարցեր են առաջանում։ Օրինակ, եթե հակառակորդի նպատակը դիվերսիան էր, ապա ինչո՞ւ էին այնքան անշտապ մոտենում դիրքերին եւ ինչո՞ւ հանգիստ հեռացան՝ առանց պլանավորածն իրականացնելու։ Եթե նպատակը հանձնվելն էր, ապա ինչո՞ւ դա տեղի չունեցավ, փոխարենը՝ հանգիստ հետ գնացին։ Եթե զինվորները մոլորվել էին, ապա ինչո՞ւ սկսեցին կրակել մեր ուղղությամբ, առավել եւս մեր քաղաքակիրթ վերաբերմունքից հետո, երբ ոչնչացնելու փոխարեն՝ դիրքապահները թողել են հանգիստ հեռանալ։ Այս հարցերի պատասխանները կարելի է գտնել, եթե մոռանանք պաշտոնական վարկածն ու այլ իրավիճակ պատկերացնենք։ Հայկական զինված ուժերը կա՛մ զբաղեցրել են հակառակորդի դատարկ մնացած հենակետը, կա՛մ էլ այնպիսի փայլուն օպերացիա են իրականացրել, որ հակառակորդը միայն հաջորդ օրը, լրիվ պատահական է իմացել դրա կորստի մասին։ Դա բացատրում է նաեւ, թե ինչու էր թշնամին անշտապ մոտենում դիրքերին, քանի որ կարծում էր, թե ի՛ր հենակետ է գալիս։ Դրանով է բացատրվում նաեւ հետագա գործողությունը՝ դիրքի ռմբակոծությունը։ Սրա վերաբերյալ կարելի է մի քանի դիտարկում անել։ Նախ, ռազմավարական նշանակության տեսակետից, ըստ լուրերի, զբաղեցրած դիրքերը մեծ նշանակություն ունեն, եւ բովանդակային առումով ողջունելի է բանակի այդպիսի նախաձեռնողականությունը։ Ճիշտ է՝ դիրքերի բարելավման գործընթաց միշտ է եղել, բայց կարեւոր է արձանագրել դրա շարունակականությունը։ Պլանի իրականացման ձեւի առումով՝ բանակի գործողությունները նույնպես հրաշալի են։ Մի կողմից՝ հատկանշական է, որ գործողություններն այնպես են կատարվել, որ հակառակորդը միայն հաջորդ առավոտյան է նկատել տեղի ունեցածը, մյուս կողմից՝ հակառակորդի հետագա գործողությունները կանխատեսելը եւ ըստ այդմ զորքն այնպես տեղաբաշխելը, որ դրանցից մեր կորուստները նվազագույնի հասցվեն։ Ըստ ամենայնի՝ հակառակորդը չի կարողանում մարսել այդ դիրքի/երի կորուստը եւ մարտի դաշտ է նետում իր վերջին փաստարկներից մեկը՝ բանակի հետախուզական էլիտար ստորաբաժանումները, ինչը կրկին ոչ մի արդյունքի չի հանգեցնում՝ բացի հակառակորդի մարդուժի մեծաքանակ կորուստները։ Բացի դա՝ գովելի է մոլորյալ հակառակորդների նկատմամբ մեր զինվորների վերաբերմունքը։ Եթե հակառակորդը իռացիոնալ էմոցիաները զսպել կարողանար, կարելի էր ընդհանրապես խուսափել երկկողմանի զոհերից։ Եվ վերջում, Հայաստանը վաղուց է հայտարարել, որ գործելու է պատժիչ գործողությունների սկզբունքով։ Սակայն մի բան է հայտարարելը, լրիվ այլ բան՝ դա իրականություն դարձնելը։ Վերջին շրջանում մի քանի դրվագներ հուշում են, որ հայկական կողմն, ի վերջո, ձեռնմուխ է եղել այդպիսի քաղաքականության իրագործմանը։ Սա երկարաժամկետ հեռանկարում իրենց վրա թանկ նստելու բերումով նվազեցնելու է հակառակորդի սադրանքների կազմակերպման մշտական պրակտիկան։   Միջազգային հանրության եւ ՀԱՊԿ-ի արձագանքի մասին Այստեղ տեղին է մեջբերել «Քաղաքացու որոշում» կուսակցության միասնական դիրքորոշումն առ այն, որ ՀԱՊԿ-ը, որքան էլ որ դրա մասին խոսվում է կանոնադրության մեջ, իրականացնում է լիովին այլ գործառույթներ։ Իր իրական գործառույթներն իրականացնելու համար այն, ըստ ամենայնի, անօգուտ է գտնվել։ Մասնավորապես, ՀԱՊԿ-ն անդամ-երկրների միջեւ ռազմաքաղաքական որոշակի հարաբերությունների իրականացման յուրատեսակ մեխանիզմ է դարձել։ Օրինակ, ՀԱՊԿ-ի միջոցով է, որ Հայաստանը կարող է զենք գնել Ռուսաստանի Դաշնության ներքին, այլ ոչ թե միջազգային գներով։  Ըստ էության, այս եւ եւս մի հանգամանք, որ ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը դադարելու դեպքում այնտեղ կարող է հայտնվել Ադրբեջանը, ստիպում են մեզ դեռեւս անդամակցել այդ անհույս կառույցին։ Ռուսաստանի Դաշնությունն, իհարկե, զենքի միակ մատակարարը չէ, եւ ցանկացած ժամանակ կարելի է այլընտրանք գտնել։ Դրա փոխարեն՝ Ադրբեջանի անդամակցությունն այդ կառույցին եւ վտանգը, որ այդ դեպքում կանոնադրությունը, խիստ պատահաբար, կարող է գործել, իրական վտանգ է։ Երբ մենք հարցին այս դիտանկյունից նայենք, թերեւս, կդադարենք ՀԱՊԿ-ից մարդուժով արագ արձագանքում պահանջել։ Այլընտրաքներ գտնելը մեզ հնարավորություն կտա հրաժարվել այս կառույցի անդամակցությունից։ Որպես այլընտրանք՝ կարող է դիտվել ինտեգրացիոն գործընթացներից հրաժարվելն ու տարբեր երկրների հետ առանձին համաձայնությունների գալը, այն, ինչ այժմ անում է Ադրբեջանը։ Եվ ոչ մի դեպքում այլընտրանք չի կարող լինել այլ, նույնպիսի կախման մեջ դնող ուրիշ վերպետական կառույցներին անդամակցությունը, որը պաշտպանունակությունն ավելացնում է ինքնուրույնության որոշակի մաս զիջելու գնով։ Միջազգային հանրության արձագանքը մեզ հուշում է կուսակցության այլ դիրքորոշման արդիական լինելու մասին։ Ի տարբերություն տասնամյակներ շեփորահարած այն տեսակետի, թե Հայաստանի աշխարհագրական դիրքը մեզ կաշկանդում է եւ զարգացման խոչընդոտ հանդիսանում, մենք գտնում ենք, որ տարատեսակ շահերի խաչմերուկ դարձած մեր տարածաշրջանը, շահերի մեջ մանեւրելով, զարգացման մեծ հեռանկարներ է ապահովում։ Պատահական չէ, որ երկու օր կրակոցներից հետո հակամարտության սրացմանն արձագանքել են համարյա բոլոր տարածաշրջանային եւ ուժային այլ կենտրոններ՝ Իրանը, Թուրքիան, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, ԵԱՀԿ-ն, խորհրդարաններ ու դրանց տարբեր ներկայացուցիչներ։ Եվ այս օրերին տարածաշրջանային ու միջազգային անվտանգության արտահանողի՝ Հայաստանի դերն ավելի է ընդգծվում՝ արդիականացնելով մարտահրավերներին համահունչ դիվանագիտական կորպուս ունենալու հրամայականը։ Այդպիսի դիվանագիտական կորպուսը նաեւ այս օրերի սրացումը կօգտագործեր՝ վերահսկողության լրացուցիչ մեխանիզմներ ներդնելու մասին Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի համաձայնությունները իրականություն դարձնելու համար։   Ռազմական սրացումներին մեր հանրային արձագանքը Անկեղծ ասած՝ դժվար է ներկայացնել մեր հանրային արձագանքը՝ նշելով այդտեղ տեղ գտած համակարգային խնդիրները։ Դրանք դեռեւս ձեւակերպված չեն, եւ բացի կրթական-մշակութային խնդիրները՝ ոչ մասնագետի համար դժվար է այլ խնդիրներ արձանագրել եւ համակարգային լուծումներ առաջարկել։ Դրա մասին կարելի է խոսել դրվագներով։ Սա կարեւոր է, քանի որ խնդիրների լուծումը սկսում է դրանց ախտորոշումից ու ճիշտ նկարագրությունից։ Այդ արձագանքը հաճախ շատ իռացիոնալ է։ Ռազմական սրացումների ժամանակ սոցցանցերի հայկական տիրույթում ատելության չափաբաժինը չափազանց մեծ է։ Եթե նկատել եք՝ ժամանակային այդ հատվածներում բոլորը միմյանց ատում են՝ ծառայածները՝ չծառայածներին, չծառայածները՝ ծառայածներին, արտահայտվողները՝ չարտահայտվողներին, չարտահայտվողները՝ մյուսներին, ոչ պաշտոնյաները՝ պաշտոնյաներին, եւ այսպես շարունակ։ Մարդկանց սկսում է թվալ, թե բացի իրենցից ու իրենց նեղ շրջապատից՝ մնացածը մոլորության մեջ են, բավարար մտահոգված չեն երկրի անվտանգությամբ։ Դա հիմք է դառնում բոլորին կարգի հրավիրելու իրենց ցուցումների համար։ Իմ ընկերների շրջանում էլ մարդիկ կան, որոնք ակտիվանում են ռազմական սրացումից սրացում։ Ակտիվանում են, սկսում բոլորին ամոթանք տալ, տարբեր ցուցումներ տալ բոլորին ու լարվածության անկումից հետո էլի կորում տեսադաշտից։ Այսպիսի իրավիճակներում է, որ ակնհայտ է դառնում հանրային համերաշխության իսպառ բացակայությունը։ Նկատե՞լ եք, որ նախկին քաղաքական համակարգի ներկայացուցիչները՝ պայմանական «հները», չեն ուզում նույնիսկ ընկալել, որ մեր բանակի հաջողությունները կարող են կապ ունենալ պայմանական «նորերի» հետ, քանի որ իրենց նեղ խմբակից՝ «թայֆայից» դուրս բոլորը մոլորյալ են եւ անկարող՝ երկրի անվտանգության վերաբերյալ նույն մտահոգությունն ու սրտացավությունն ունենալ։ Քոչարյանի կողմնակիցները բանակի հաջողությունները Քոչարյանի հետ են կապում, նախկին ՀՀԿ-ականները՝ 2016-ից հետո բանակի հագեցվածությունն ապահովելու մասին իրենց որոշումների, «Իմ քայլ»-ականները՝ բացառապես Նիկոլ Փաշինյանի եւ մի քանի այլ պաշտոնյաների անձերի հետ։ Բոլոր հայտնի ու անհայտ խմբակներին թվում է, թե մյուսները որեւէ բանի հասնելու անկարող են, իսկ իրենք՝ միակ ճշմարտության կրողը։ Միակ անձեռնմխելի շերտը դառնում են զինվորականներն ու սահմանամերձ գոտում ապրողները, սակայն սա էլ՝ ժամանակավոր՝ մինչեւ սրացումների ավարտը, երբ այդ սերը դառնում է ոչ պարտադիր, ըստ ցանկության։ Այստեղ տպավորություն է ստեղծվում, որ հանրային համերաշխության բացակայության պայմաններում միասնական, միմյանց հետ որեւէ ընդհանուր բան ունենալու համար նահատակներ են պետք, որպեսզի միասնաբար սգանք նրանց մահը։ Քանի դեռ համերաշխություն, հանրային որեւէ պայմանավորվածություն չկա, հերոսների մահը սգալն է համերաշխության այն կետը, որը բոլորիս կապում է իրար։ Նկատած կլինեք, որ ինչ-որ մակարդակում կենցաղային կռիվներից սկսած մինչեւ քաղաքական ամենաբարդ հակադրությունները կարող են հարթվել մի մտքով՝ «եկեք համերաշխ լինենք, քանի որ պատերազմի դեպքում բոլորս գնալու ենք ճակատ ու կողք-կողքի զոհվենք»։ Մահն, այսպիսով, մեր հանրության միավորող գործոնն է դառնում եւ, որպեսզի միասնությունը հաստատ լինի, տպավորություն կա, որ մեզ պարբերաբար նոր զոհեր են պետք, ցանկալի է՝ երիտասարդ, սրբադասման ենթակա, սակրալ զոհեր։ Սա, իհարկե, դաժան արձանագրում է։ Սոցցանցերում հաճախ իռացիոնալ է նաեւ շփման գծում իրավիճակի գնահատականը։ Ես իմ փորձից կարող եմ խոսել։ Մի քանի տարի ապրել եմ Իջեւանում այն տարիներին, երբ քաղաքը պարբերաբար գնդակոծվում էր։ Բացի դա՝ արմատներով Նոյեմբերյանի շրջանից լինելով՝ մենք պարբերաբար ընտանիքով այցելում էինք գյուղ ու հաճախ՝ թշնամու՝ մեր մեքենային ուղեկցող կրակոցների տակ։ Ինձ համար ու, թերեւս, մեր սերնդից շատերի համար, սովորական են սահմանային կրակոցների ու գնդակոծությունների մասին լուրերը։ Սահմանամերձ գյուղերում էլ գիտեն դրանց վտանգների իրական չափը։ Երեւի նկատել եք, որ նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում նրանք ծայրահեղ հանգստություն են դրսեւորում։ Իսկ հուզումներ են առաջացնում եւ խուճապի տպավորություն ստեղծում նրանք, որոնք դրա մասին միայն ապոկալիպտիկ ֆիլմեր են դիտել, իսկ իրականում նման դեպքերից միշտ հեռու են գտնվել։ Այս մարդկանց մոտ չափազանցված են սահմանային կրակոցների եւ գնդակոծությունների վերաբերյալ պատկերացումները։ Այդպիսի խեղաթյուրված պատկերացումների հիմքով էլ սկսում են «ազգի դավաճանների» հավատաքննական պրոցեսները՝ պատրաստ են խաչել բոլորին, որոնք մշտապես չեն աղոթում, համարձակվում են բացի սահմանային իրավիճակից այլ բանի մասին խոսել՝ «թշնամու ջրաղացին ջուր լցնելով» եւ այլ նման երեւույթներ։ Իհարկե, չեմ պնդում, որ նորմալ է, երբ պատերազմը մեզ համար սովորական երեւույթ է եւ պետք է մնա այդպիսին։ Սակայն մյուս կողմից էլ, եթե մարդ ուզում է հեղինակային ու հեղինակավոր կարծիք հայտնել, գուցե կարիք կա ավելի լավ ծանոթանալ խնդրո առարկայի հետ։ Հաջորդ իռացիոնալ արձագանքը, որի մասին արժե խոսել, մեր հանրության հրճվանքն է հակառակորդի զինվորների մահով։ Որքան բարձր լինի հակառակորդի զոհված զինվորի կոչումը, այդքան հրճվանքը մեծ է լինում։ Այս դեպքում պետք է հաշվի առնել, որ ժամանակակից զինատեսակների համար անխոցելի թիրախ գրեթե չկա։ Ոչ մի խնդիր չկա ժամանակի շատ փոքր կտրվածքում հակառակորդի մեծաքանակ մարդուժ ոչնչացնել, մանավանդ մեր ու հակառակորդի առաջնագծի պայմաններում։ Միաժամանակ պետք է գիտակցել, որ նույն հնարավորություններն ունի նաեւ հակառակորդը։ Ես դժվարանում եմ հավատալ, որ մարդիկ գիտակցում են, որ թշնամու զոհերի մասին լուրերին հաջորդելու են մեր անդառնալի կորուստների մասին լուրերը եւ, այնուամենայնիվ, ուրախանում են այդ փաստով։ Պատերազմում «մեղր չեն բաժանում», եւ զոհերը միշտ երկկողանի են լինում։ Դժվար թե միջին վիճակագրական մարդն ուրախանա միայն այն փաստով, որ մեր կուրուստներն ավելի քիչ են, քան հակառակորդինը։ Ըստ իս՝ մեր ամեն զինվորի կյանքն անգին է եւ դա վիճակագրության հարց դարձնելը հակամարդկային է եւ բարոյականության հետ խնդիրներ է հարուցում։ Վերջում, պետք է հասկանալ, որ մենք դեռ միմյանց չենք ոչնչացրել միայն մի պատճառով՝ դրա հնարավորությունը ոչ մի կողմը չունի։ Ընդհանրապես, ժամանակակից աշխարհում դժվար է ոչնչացման այդպիսի պրոցես պատկերացնել։ Եւ հենց դա է պատճառը, որ թե՛ հակամարտող, թե՛ միջնորդ բոլոր կողմերը շեշտում են, որ այս խնդիրը ռազմական լուծում չունի։ Միաժամանակ, մեզ մոտ կան Բաքվում թեյելու, նրանց մոտ՝ ոտքերը Սեւանում թրջելու բավականին ամբիցիոզ պլաններ։ Մենք որպես ոչնչացնելու սցենար ենք նշում Մինգեչաուրի ջրամբարին հարվածելը, նրանք՝ Մեծամորի ատոմակայանին։ Երկու դեպքում էլ՝ քաղաքացիական զոհերի առումով, նման միջոցառումները կարող են մարդկության դեմ գործած հանցագործություններ դիտվել։ Դեռ մի կողմ, որ այդպիսի օբյեկտները հնարավոր բոլոր միջոցներով պաշտպանված են, խնդիրն այն է, որ այս խոսակցությունները պատասխանատվության զգացման իսպառ բացակայության մասին են խոսում թե՛ մեր, թե՛ նրանց պարագայում։ Թերեւս այստեղ էլ արժե խնդրի մեջ բավական խորամուխ լինել՝ մինչեւ հեղինակային ու հեղինակավոր կարծիք հայտնելը։ Այս բացասական արձանագրումներն անելուն զուգընթաց՝ արժե նշել, որ մեր հայրենիքը պաշտպանված է գոնե այնքանով, որ երկրում ապրող համարյա բոլորը ժամերի ու օրերի ընթացքում պատրաստ են զինվորագրվել ու սեփական կյանքով պաշտպանել հայրենիքը, ինչը հարատեւության համոզմունք է տալիս․ ոչ մի թշնամի չի կարող այդպիսի դիմադրությունը կոտրել, որքան էլ որ նա մեծ, զինված ու հարուստ լինի։   Ադրբեջանի արձագանքի մասին Ադրբեջանը պատերազմի 2016-ի ապրիլյան սրացմամբ բավականին բարդ վիճակի մեջ դրեց ինքն իրեն։ Նախ, դա Հայաստանում կառավարիչներին դրդեց մշտադիտարկման ժամանակակից մեթոդներ ներդնել շփման գծի ողջ երկայնքով, ինչն ի դերեւ հանեց Ադրբեջանի կողմից տարիներով հաջողությամբ իրականացվող «ռազմական դիվանագիտության» շարունակական կիրառումը․ դիվերսիաների հարցն այլեւս կարելի է լուծված համարել։ Միաժամանակ, Ադրբեջանի կառավարությունը տասնամյակներ շարունակ ոչ միայն Արցախը, այլ նաեւ Հայաստանը գրավելու անիմաստ խոստումներով է կերակրել հանրությանը՝ երկրորդ, երրորդ պլան մղելով երկրի թալանը, հետխորհրդային ու, մասնավորապես, դրա մուսուլմանական երկրներին բնորոշ ավտորիտար կառավարումը, անարդարությունը, ժողովրդավարության բացակայությունը։ Այդ խոստումները զուգակցվել են ամեն հայկականի նկատմամբ ատելություն սերմանելով։ Բնական է, որ ծնված օրվանից այդ խոստումներով մեծացած սերունդը այսօր համապատասխան պահանջներ է դնում կառավարիչների առաջ։ Այս խոստումները սնում են ռազմահայրենասիրական խեղաթյուրած ոգով դաստիարակված հանրությունը, որի պահանջների բարձրացմանը զուգընթաց՝ խոստումներն է՛լ ավելի մասշտաբային են դառնում։ Իրականության հետ բախման արդյունքում, ինչ-որ պահի խզում է տեղի ունենալու կառավարություն-հանրություն այսպիսի անառողջ հարաբերություններում։ Եվ այդպիսի խզման դետոնատոր հանդիսացան վերջին օրերի սրացումները։ Ոչ միայն մի գյուղ, քաղաք, ամբողջ Արցախն ու Հայաստանը գրավել չստացվեց, այլ նույնիսկ մի դիրք գրավելու համար զոհվեցին գեներալ, գնդապետ եւ բարձրաստիճան այլ սպաներ, մինչդեռ դիրքը մնաց հայերի տիրապետության տակ։ Մարդկանց համար ակնհայտ դարձավ, որ այդ խոստումների իրականացման համար նվազագույնը իրենց կյանքը բավարար չէ, եւ դուրս եկան փողոց։ Պատերազմի կոչերը վերածվեցին կառավարության դեմ բողոքի եւ ոստիկանության հետ ընդհարումների։ Հայաստանի դեպքում այդ մասշտաբի բողոքի ալիքը գուցե սրբեր, տաներ կառավարիչներին, բայց պետք է հաշվի առնել մուսուլմանական երկրներում իշխանության նկատմամբ վերաբերմունքը։ Այստեղ նրանք դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու՝ մինչեւ ժողովրդավարական հանրություն ձեւավորելու անհրաժեշտ գիտակցություն ձեռք բերելը։ Հատկանշական է, որ ցուցարարները ոստիկաններին փորձում էին վիրավորել՝ նրանց «հայեր» կոչելով։ Ասում էին՝ «հատուկ նշանակության ջոկատները հայերի դեմ կիրառեք»։ Այստեղ բախվում ենք երեւույթի, երբ Ադրբեջանի կառավարության սրած բիզը շրջվում եւ հենց իրեն է ծակում։ Տարիներ շարունակ, ինչպես մեզ մոտ, այնպես էլ այնտեղ, ռազմական հակամարտությունը կիրառվել է՝ լռեցնելու ընդդիմադիր ցանկացած դրսեւորում։ Այժմ նույն թեզերը շրջվում են՝ հարվածելու կառավարիչներին, որոնցից պատերազմ ու խոստումների իրականացում են պահանջում։ Ադրբեջանի կառավարությունը, թերեւս, ինքն իրեն գերազանցել է՝ հանրային հարաբերությունները խեղաթյուրելու հարցում։ Այժմ, կառավարման լծակները դեռեւս պահպանելու համար նրան մնում է պակասեցնել հանրության պատերազմի տենչը, բավականին մեղմացնել ռազմատենչ հռետորաբանությունը, որպեսզի այդ նույն հռետորաբանությունը իր ոչնչացման առիթ չդառնա։ Որպես ամփոփում՝ կարելի է նշել, որ մեզ պատուհասած այսօրվա պրոբլեմները հեշտ լուծելի են, եթե մենք ունենանք ընդհանուր որոշակի պայմանավորվածությունների արդյունքում ձեւավորված պետություն, բարձր գիտակցմամբ դրանց (պայմանավորվածությունների) շուրջ համերաշխ հանրություն։ Այս դեպքում պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը եւս մեզ զերծ կպահի բոլոր հարցերին միջամտելու՝ այսօրվա մեր անհագուրդ ցանկությունից։ Ինքնորոշման ակտը, որ կարծես պետք է տեղի ունենար հեղափոխական գործընթացներից հետո, կարող է ինքնին լուծել այս կամ այն վերպետական կառույցների վրա հույս դնելու պրակտիկայի հարցը։ Այս դեպքում տարբեր պետություններ կուզենան ինքնորոշված սուբյեկտի հետ նոր որակի հարաբերություններ ստեղծել՝ փոխօգնությամբ միմյանց շահերը սպասարկելու անկեղծ մղմամբ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ստեղծվել է իրավիճակ, երբ այդ պետության վաղվա օրը, նրա ճակատագիրն այսօր մեր ձեռքերում է։ Կարելի է մի փոքր էլ ճնշել ու ստանալ նոր Ադրբեջան։ Պետք է ուղղակի հասկանալ՝ ինչպիսի հարեւան է մեզ պետք։ Եթե շեշտը դնենք համամարդկային արժեքների վրա, ապա բռնապետական Ադրբեջանն անընդունելի է։ Միաժամանակ, ժողովրդավար Ադրբեջանը նշանակում է ուժեղ Ադրբեջան։ Մինչդեռ, այսօրվա ռազմական հռետորաբանությամբ կերակրված ժողովուրդը ավելի անվտանգ է, երբ թույլ է։ Ադրբեջանում հաստատված քաղաքական համակարգը նրան թույլ չի տա ավելի զարգանալ, քան այժմ է։ Հետեւաբար, գուցե Հայաստանին այս պահին ձեռնտո՞ւ է հենց այդպիսի հակառակորդ։ Այս հարցերի շուրջ է, որ արժե խորհել։ Սուրեն Սահակյան
21:34 - 16 հուլիսի, 2020
Կառավարող ուժը կարող է տուժել թե հանրաքվեն հետաձգելու, թե անցկացնելու դեպքերում |lragir.am|

Կառավարող ուժը կարող է տուժել թե հանրաքվեն հետաձգելու, թե անցկացնելու դեպքերում |lragir.am|

lragir.am: Հարցազրույց Քաղաքացու որոշում ՍԴ կուսակցության քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանի հետ։ Պարոն Սահակյան, որքանո՞վ է ՀՀ կառավարությունը պատրաստ հակազդելու կորոնավիրուսի տնտեսական ազդեցությանը։ Հույս ունեմ, որ պետական ապարատն այնպես կաշխատի, որ մեզ մոտ բանը համաճարակի չի հասնի։ Տնտեսական առումով, վարչապետը մի քանի անգամ նշել է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ ճգնաժամից օգուտ քաղած դուրս գանք։ Իրոք, ճգնաժամային ցանկացած իրավիճակ զարգացման հեռանկարներ է բացում։ Այլ բան, որ նույնիսկ ուղիղ տարածքում է կառավարությունը պարբերաբար սայթաքում, ինչ մնաց զարգացման նոր ճանապարհներ գտնի ճգնաժամային իրավիճակներում։ Դրա համար, նվազագույնը, պետք է զարգացման հայեցակարգ ունենալ, որ աշխարհում նկատվող միտումները կարողանաս ի նպաստ քո ծրագրերի իրականացման օգտագործել։ Երբ դու նույնիսկ չգիտես՝ ուր ես գնում, շատ դժվար է տնտեսական խառնաշփոթում ճիշտ որոշումներ կայացնել։ Սա նման է վիճակի, երբ ճանապարհին անծանոթ ճանապարհորդը գնում է ուր աչքը կտրի և այդ պահին ավերիչ փոթորիկ է սկսում։ Երբ դու գիտես վերջնակետդ, կարող ես շրջանցել փոթորիկն այնպես, որ նույնիսկ ավելի շուտ հասնես նպատակակետիդ․ անես այն, ինչ ստանդարտ իրավիճակում չէիր անի։ Երբ հայտնի չէ, թե ուր ես գնում, վտանգը մեծ է, որ խուճապահար սխալ ուղղությամբ կգնաս։ Այս պահին տեսանելի ուղղությունները տուժելու են։ Օրինակ, կառավարությունը դժվար թե այս տարի կարողանա պարծենալ տուրիստների թվի աճով ու դրանից բյուջե մուտքագրվող միջոցներով։ Մնացած առումներով, այս պահին, զուտ կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամն ավելի շուտ սպեկուլյատիվ խաղերի հետևանք է, քան իրական լուրջ խնդիրներ։ Հուսանք, համաշխարհային տնտեսությունն իր մեջ դրանց դիմակայելու ռեսուրս կգտնի։ Տնտեսագետները նշում են, որ կառավարությունը պետք է անցնի կառավարման արտակարգ ռեժիմի։ Կիսո՞ւմ եք այդ տեսակետը, թե ոչ։ Կարծում եմ՝ կառավարությունն առանց կորոնավիրուսի առաջացրած վտանգի էլ պետք է անցներ աշխատանքի արտակարգ ռեժիմի։ Դեռ հեղափոխական գործընթացներից հետո կարիք կար տնտեսությունը, դրան վերաբերող օրենսդրական դաշտը համապատասխանեցնել ներկա իրողություններին։ Դրա փոխարեն որդեգրվեց նախորդ կառավարության տնտեսական կուրսը։ Մարդիկ սխալմամբ կարծում էին, թե որ Բաղրամյան տարվող ճամպրուկները վերացնեն ու կոռուպցիան պակասեցնեն, մյուս պայմանների անփոփոխության դեպքում հնարավոր էր այլ բան ստանալ, քան կար առաջ։ Բայց հարցրեք տնտեսվարողներին՝ օրենսդրական դաշտը ստեղծված է կոռուպցիոն համակարգի բնականոն կենսագործունեության համար։ Հանում ես կոռուպցիան, ու արդար աշխատողների համար բազմաթիվ խնդիրներ են առաջանում, որոնք կառավարության նման ակտիվությամբ կամ պասիվությամբ պայմանավորված, զարգացման խոչընդոտներ դառնում, անարդարության զգացողություն են թողնում։ Այս մոտեցումը ձեռնտու է առավելապես նրանց, որոնք ճամպրուկներով փող էին տանում Բաղրամյան 26։ Մանր ու միջին ձեռնարկատերը դա չէր անում, հետևաբար, իր համար դրական ոչ մի բան չփոխվեց։ Փոխարենը նա խճճվեց կոռուպցիա ծնող հարկային օրենսդրության խրթին միջանցքներում և, պատկերավոր ասած, զրկվեց կոռուպցիայի միջոցով այդ միջանցքների լուսավորումից։ Այ, նման հարցերը լուծելու համար էլ պետք է կառավարությունը արտակարգ ռեժիմով աշխատեր և արդեն գտած լիներ շատ հարցերի լուծումներ։ Սա նաև կբարձրացներ ճգնաժամերի նկատմամբ տնտեսության դիմադրողականությունը։ Երբեք էլ ուշ չէ սկսել խնդիրները լուծել։ Ինչքան ուշ սկսեն, այնքան արտակարգ ռեժիմով աշխատելու անհրաժեշտությունն ավելանալու է։ Այս օրերին կարծիքներ են հնչում հանրաքվեն չեղարկելու կամ հետաձգելու վերաբերյալ։ Դուք ի՞նչ եք կարծում այս հարցի առնչությամբ։ Չհետաձգելու դեպքում ակնհա՞յտ է, որ այն կձախողվի։ Ակնհայտ է, որ կառավարությունը մեծ հավանականությամբ կտուժի թե՛ հետաձգելու դեպքում, թե՛ սահմանված ժամկետում այն անցկացնելու դեպքում։ Ես դեռ չեմ խոսում չեղարկելու մասին։ Չհետաձգելու դեպքում վտանգ կա, որ հանրաքվեն կհամընկնի հիվանդության տարածման պիկի հետ և հնարավոր չի լինի քաղաքացիներին համոզել գալ ընտրատեղամասեր։ Սա կարող է զգալիորեն բարդացնել անհրաժեշտ քանակով ԱՅՈ-ի կողմ ձայներ ստանալը, ինչն առանց այդ էլ ամենահեշտ գործերից չէր։ Իսկ այս պայմաններում ընտրատեղամասեր գալ համոզելու դեպքում հետևանքներն ավելի վատ կլինեն։ Հետաձգելու դեպքում վտանգ կա, որ կառավարող ուժի հեղինակությունը կտուժի այն առումով, որ մարդկանց ենթագիտակցության մեջ նրանք ձախողակի տպավորություն կթողնեն, հետևաբար, ավելի քիչ վստահության քվե կունենան հաջորդ ընտրություններում։ Օրինակ, ինձ, որպես մի քաղաքացու, Սերժ Սարգսյանի կառավարման ողջ ընթացքում չի լքել տպավորությունը, որ նրանք ձախողակների հավաքածու են։ Ոչ մի կարևոր գործ այդպես էլ չհաջողեցին։ Սկսած ֆուտբոլային դիվանագիտությունից, մինչև ներքաղաքական վերջին հարցը նրանք, խոշոր հաշվով, ձախողեցին։ Ինչպես դասականը կասեր, խիարը միշտ թարս էր բուսնում։ Միայն սեփական քաղաքացիների ձայնը ճնշելն էր ստացվում, այն էլ ի՜նչ թանկ գնով։ Այնպես չէ, որ դա հստակ ձևակերպվել էր այն ժամանակ և այնպես չէ, որ նոր կառավարության դեպքում է դա ձևակերպվելու։ Դա ավելի շատ ենթագիտակցական մակարդակում նստվածք տվող զգացողություն է։ Այստեղ միակ լուծումը համաճարակը կանխելն է, հիվանդության օջախը տեղայնացնելը և հանրաքվեն սահմանված ժամանակում իրականացնելը։ Ժամանակը ցույց կտա, թե կառավարությունը որքանով դա կհաջողի։ Թույլ կտամ կանխատեսել, որ ճգնաժամային վիճակներում ապրելու ու գործելու հանրության անփորձության պատճառով շատ դժվար կլինի արդյունավետ պայքարել հիվանդության տարածման դեմ, և հանրաքվեն, ի վերջո, կհետաձգվի։ Շարունակությունը՝ lragir.am-ում
09:43 - 16 մարտի, 2020