Միացյալ Նահանգները դատապարտում է Ուկրաինայի ինքնիշխան տարածքը բռնակցելու Ռուսաստանի «նենգ փորձը»․ Ջո Բայդեն
11:24 - 01 հոկտեմբերի, 2022

Միացյալ Նահանգները դատապարտում է Ուկրաինայի ինքնիշխան տարածքը բռնակցելու Ռուսաստանի «նենգ փորձը»․ Ջո Բայդեն

Միացյալ Նահանգները դատապարտում է Ուկրաինայի ինքնիշխան տարածքը բռնակցելու Ռուսաստանի «նենգ փորձը»։ Ռուսաստանը խախտում է միջազգային իրավունքը, ոտնահարում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և ամենուր ցույց է տալիս իր արհամարհանքը խաղաղ ազգերի նկատմամբ։ Այս մասին նշված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության մեջ։

«Մի խաբվեք. այս գործողությունները լեգիտիմություն չունեն: Միացյալ Նահանգները միշտ հարգելու է Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինայի ջանքերին՝ վերականգնելու վերահսկողությունը իր տարածքի վրա՝ ուժեղացնելով նրան ռազմական և դիվանագիտական ճանապարհով, այդ թվում՝ 1,1 միլիարդ դոլարի լրացուցիչ անվտանգության ապահովման միջոցով, որն ԱՄՆ-ն հայտարարեց այս շաբաթ»,- ասվում է հայտարարությունում։

Նշվում է նաև, որ ԱՄՆ-ն իր գործընկերների հետ հայտարարում է նոր պատժամիջոցների մասին, որոնք կազդեն ՌԴ-ում և ՌԴ-ից դուրս գտնվող անհատների և  կազմակերպությունների վրա, և որ կշարունակեն ապահովել Ուկրաինային տեխնիկայով իրեն պաշտպանելու համար․ «Եվ ես անհամբեր սպասում եմ Կոնգրեսի կողմից օրենսդրության ստորագրմանը, որը լրացուցիչ 12 միլիարդ դոլար կտրամադրի Ուկրաինային աջակցելու համար»։

«Ես կոչ եմ անում միջազգային հանրության բոլոր անդամներին դատապարտելու Ռուսաստանի՝ բռնակցման ապօրինի փորձերը և կանգնել Ուկրաինայի ժողովրդի կողքին այնքան ժամանակ, որքան դա անհրաժեշտ է»,- նշված է Սպիտակ տան ղեկավարի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Դոնեցկը, Լուգանսկը, Զապորոժիեն ու Խերսոնը Ռուսաստանին միավորելու մասին համաձայնագրերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել