«Հայէկոնոմբանկ»-ի աշխատակիցները զանգում են հաճախորդներին, սակայն չեն պարտադրում մարել վարկերը․ տույժերի չկիրառումն ուժի մեջ է
17:29 - 23 մարտի, 2020

«Հայէկոնոմբանկ»-ի աշխատակիցները զանգում են հաճախորդներին, սակայն չեն պարտադրում մարել վարկերը․ տույժերի չկիրառումն ուժի մեջ է

Այսօր mamul.am կայքում տեղ է գտել «Գռզոյի «Հայէկոնոմբանկ»-ը քաղաքացիներից պահանջում է վարկերը վճարել ժամանակին» վերնագրով հրապարակում, որում նշվում է, որ, չնայած «Հայէկոնոմբանկ»-ը սույն թվականի մարտի 16-ին հայտարարել է, որ  մարտի 16-ից մինչև մայիսի 17-ը  վարկային պայմանագրերի ժամանակացույցով վճարում ունեցող ֆիզիկական անձանց կողմից  նշված ժամանակահատվածում վարկային պարտավորությունը չկատարելու դեպքում` նրանց նկատմամբ տույժեր չի կիրառի և չի համարի պայմանագրային պարտավորությունների չկատարում, այնուամենայնիվ բանկի աշխատակիցները զանգում են վարկառուներին և հիշեցնում, որ վարկերի վճարումների օրն է և պետք է կատարել վճարումները։

Վերոնշյալ տեղեկությունը պարզելու համար կապ հաստատեցինք «Հայէկոնոմբանկ»-ի հետ։ Բանկի աշխատակիցն ասաց, որ համապատասխան մասնաճյուղի համապատասխան աշխատակիցներ զանգում են իրենց հաճախորդներին՝ համենայն դեպս ստուգելու՝ արդյոք հնարավորություն ունեն։ 

«Եթե հնարավորություն ունեն, թող վճարում կատարեն, եթե ոչ՝ ուշացում չի համարվում»,-մասնավորապես նշեց աշխատակիցը։

Նա նաև հավելեց, որ կորպորատիվ հաճախորդների դեպքում իրականացվում է անհատական մոտեցում։

Նշենք նաև, որ բանկն իր մարտի 16-ի հայտարարության մեջ ևս անդրադարձել էր հնարավորության դեպքում վճարումներ կատարելուն՝ նշելով հետևյալը․

«Այդուհանդերձ, եկամուտ ունեցող վարկառուներին հորդորում ենք կատարել վարկերի հերթական մարումները՝ համաձայն գործող ժամանակացույցի՝ խուսափելով կուտակված վարկային պարտավորությունների հետագա բեռից»:

Այսպիսով, չնայած նրան, որ mamul.am-ի հրապարակումը՝ բանկի աշխատակիցների կողմից իրականացվող զանգերի մասով ճիշտ է, սակայն այն, որ բանկը չի կատարում իր հայտարարածը սխալ է, քանի որ չվճարելու դեպքում մինչև 17-ը տույժեր չեն կիրառվելու, իսկ աշխատակիցների կողմից իրականացվող զանգերը պարտադրանքի համատեքստում չեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել