ԱԺ-ում քննարկման է դրվել բաժնետիրական ընկերությունների որոշումներն առցանց ընդունելու մասին հարց |armenpress.am|
15:10 - 30 մարտի, 2020

ԱԺ-ում քննարկման է դրվել բաժնետիրական ընկերությունների որոշումներն առցանց ընդունելու մասին հարց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունն ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել օրենքների նախագծերի փաթեթ, որով, մասնավորապես, բաժնետիրական ընկերություններին հնարավորություն է տրվում բաժնետիրական ժողովներն անցկացնել առցանց ու որոշումներն ընդունել առցանց քվեարկությամբ: ­

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ մարտի 30-ի նիստում ներկայացրեց  ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը:

«Ներկայացված օրենքներում  ներառված են դրույթներ, որոնք որոշակիորեն բարդացնում են առցանց կամ հեռակա եղանակով բաժնետերերի ժողովների կազմակերպումը  և առցանց եղանակով քվեարկումը: Հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ մենք նպատակահարմար ենք գտնում, որ այս առանցքային տնտեսավարողներին, որոնք բաժնետիրական ժողովներ  պետք է հրավիրեն ու որոշումներ կայացնեն, հնարավորություն տրվի, որ որոշումներ կայացնեն առանց իրենց ռիսկի ենթարկելու»,-ասաց Ավանեսյանը:

Փոփոխություններով ներդրվում է իրական ժամանակում առցանց քվեարկության գաղափարը, այսինքն՝ դա այնպիսի մեթոդ է, երբ մարդիկ ֆիզիկապես ներկա չեն, բայց քվեարկությունն իրականացնում են նույն ժամանակում և այն մեթոդով, որ բոլորը մասնակցեն որոշման կայացմանը: Ներդրվում է էլեկտրոնային քվեաթերթիկի գաղափարը, տրվում են ծանուցման  մասին մի շարք սահմանումներ: Թույլատրվում է խորհրդի նիստերն իրականացնել առցանց, քանի որ բաժնետիրական ժողովը պետք է հրավիրվի խորհրդի նիստի արդյունքում:

Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ փաստացի նախագիծը ներկայացվել է Բաբկեն Թունյանի և Արտակ Մանուկյանի կողմից, կառավարությունը այն գտել է նպատակահարմար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել