ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացությւոն տվեց պատգամավորների՝ ձերբակալված և կալանավորված անձանց անարգել տեսակցելու «Լուսավոր Հայաստանի» նախագծին |hetq.am|
13:32 - 10 փետրվարի, 2020

ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացությւոն տվեց պատգամավորների՝ ձերբակալված և կալանավորված անձանց անարգել տեսակցելու «Լուսավոր Հայաստանի» նախագծին |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը  բացասական եզրակացություն տվեց «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած առաջարկը:

Նախագիծը ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, ում խոսքով՝ սա այն նախագծերից է, որն ընդդիմությունը միշտ ներկայացնում է, բայց իշխանությունը մերժում է: Սիմոնյանը հիշեցրեց, որ վերջին անգամ նույն փոփոխությունն առաջարկել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, սակայն առաջարկը մերժվել է:

«Օրենսդրությունը թույլ է տալիս նաև պատգամավորներին առանց որևէ խոչընդոտի մուտք գործեն ՁՊՎ-ներ կամ կալանավայրեր, բայց իրավական կարգավորումն այնպիսին է, որ անարգել մուտք գործեն, բայց էնտեղ պահվող անձանց  հետ հանդիպումը կարող  է արգելանքի հիմք հանդիսանալ: Առաջարկում ենք հետևալ նախադասության ավելացումը՝քրեական վարույթն իրականացնող կամ այլ  մարմնի որոշմամբ՝ ձերբակալված կամ կալամավորված անձանց տեսակցությունը չի կարող արգելվել օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ պաբերության անձանց հետ՝ բացառությամբ այն դեպքերի, եթե այդ անձինք տվյալ գործով ներգրավված են որպես դատավարության վկա կամ մասնակից: Սա նաև վերաբերում է պատգամավորներին: Եթե պատգամավորը ներգրավվում է որպես վկա կամ մասնակից, դա արգելանքի հիմք է, իսկ մնացած բոլոր դեպքերում պատգամավորին պետք է թույլատրել մուտք գործել»,-ասաց Սիմոնյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանն ասաց՝ որպես նախկին քննիչ դեմ է նման առաջարկին:

«Եթե անձ է ձերբակալվում կամ կալանավորվում, կա նախաքննության գաղտնիքի սկզբունք: Ես ողջունում եմ, որ պատգամավորը կարողանա անարգել  մուտք գործել, բայց այն դեպքում երբ նախաքննության գաղտնիության ռեժիմ է, այդ փուլում իրոք խնդրահարույց է կարգավորումը: Պատգամավորը կարող է ուզենա տեղեկություն ստանալ կալանավորից, որը վատ էֆեկտ ստանա նախաքննության համար»,-ասաց Ատոմյանը:

Տարոն Սիմոնյանն արձագանքեց՝ լավ չէ որ պատգամավորները քրեական օրենսգրքով նախատեսված արարք կատարեն,  և հույս հայտնեց, որ նման դեպքեր չեն լինի:

Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը հետաքրքրվեց, թե այս փոփոխությունն անազատության մեջ գտնվող անձի որ իրավունքների  իրացմանն է հղված: Վերջինս նաև հավելեց, որ փոփոխություններով ոչ միայն ԱԺ պատգամավորներին, այլ նաև ՍԴ նախագահին, Վճռաբեկ դատարանի նախագահին նման լիազորություն կարող է տրվել:

Տարոն Սիմոնյանն արձագանքեց՝ իրենց քաղաքական թիմի որոշումն է, որ այդ Այդ սուբյեկտները նման  իրավունք պետք է ունենան:

Ինչ վերաբերում է նրան, թե որ իրավունքն է այդ եղանակով իրացվում, Տարոն Սիմոնյանը պատասխանեց.

«Ընդհանուր առմամբ լսված լինելու իրավունքն է իրացվում, բայց մյուս կողմից պատգամավորները և մյուս բարձրաստիճան անձինք պետք է կարողանան ամփոփ տեղեկատվություն ստանալ՝ այդ թվում նաև այդ անձանց պահման պայմանների մասին: Իսկ պահման պայմաններին ծանոթանալու համար միայն շենք մտնելը բավարար չէ»,-ասաց Սիմոնյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ գործող օրենքը հստակեցման կարիք ունի, քանի որ անարգել մուտք գործելը պարզ չէ՝ նշանակում է ՔԿՀ-ի վարչական տարածք մուտք գործել, թե այսպես կոչված զոն: Պատգամավորն ասաց, որ նախագծի ձևակերպումները հստակ չեն, սակայն ինքը դեմ չէր լինի հետագայում առաջարկներով հանդես գալ:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ նախագիծը շատ կարևոր է, սական ձևակերպումները խնդրահարույց են: Վերջինս, դիմելով նախագծի հեղինակին, առաջարկեց հետաձգել նախագծի քվերակությունը՝ այդ ժամանակահատվածում աշխատելով նախագծի վրա:

Տարոն Սիմոյանն առաջարկեց նախագծի տեսակցություն բառը փոխարինել անմիջական շփում բառով:

«Ինչ եք ուզում հետաձգենք, որ էլի մերժե՞ք»,-ասաց Սիմոնյանը:

Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն առաջարկեց նախագծին դեմ քվեարկել՝ ներկայցնելով կառավարության բացասական եզրակացությունը:

Նախագիծը ստացավ հանձնաժղովի բացասական եզրակացությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել