ԱՀ ֆինանսների նախարարությունը իրազեկում է, որ պահպանելու է հետևողականություն ստվերային երևույթները բացահայտելու, կանխելու ու կասեցնելու ուղղությամբ
16:21 - 04 փետրվարի,2020

ԱՀ ֆինանսների նախարարությունը իրազեկում է, որ պահպանելու է հետևողականություն ստվերային երևույթները բացահայտելու, կանխելու ու կասեցնելու ուղղությամբ

Անդրադառնալով Արցախում տնտեսավարող սուբյեկտների կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանման մասով զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներին` ԱՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է.
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ԼՂՀ օրենքի համաձայն` Արցախի Հանրապետության տարածքում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում (ներառյալ` կանխավճարները) հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է, բացառությամբ նույն օրենքով նախատեսված դեպքերի:

Հաշվի առնելով, որ օրենքի նշված պահանջի նկատմամբ հսկողությունը վերապահված է ԱՀ ֆինանսների նախարարությանը, նախարարությունը պարբերաբար հարկ վճարողների շրջանում իրականացնում է կանխարգելիչ և հսկողական միջոցառումներ` ուղղված հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանմանը:

Ավելին, 2018թ. հուլիսի 30-ին ԱՀ կառավարության որոշմամբ ընդունվել է «Հարկային համակարգի բարեփոխումների» հայեցակարգը, որում, ի թիվս գործարար միջավայրի բարելավմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների իրականացման, հարկ վճարող-հարկային մարմին փոխհարաբերման դաշտի բարելավման միջոցառումների, նախատեսվել է հետևողական պայքար ստվերային շրջանառությունների դեմ, որի շրջանակներում 2018 թվականին արձանագրվել են վարձու աշխատողների չձևակերպման, հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնների խախտման, ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների թերհայտարարագրման, պակասորդի հայտնաբերման, ձեռնարկատիրական գործունեության առարկաների չգրանցման և ապօրինի ձեռնարկատիրական գործունեության իրականացման 135, իսկ 2019 թվականին` 141 իրավախախտումների դեպքեր և կիրառվել օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ: Ընդ որում, 2018 թվականին իրականացվել են 153 հսկիչ գնում, որոնց արդյունքում արձանագրվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման 43 դեպք, 2019 թվականին` 365 հսկիչ գնում, որոնց արդյունքում արձանագրվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման 82 դեպք:

Ելնելով վերոգրյալից՝ նախարարությունը իրազեկում է, որ պահպանելու է հետևողականություն ստվերային երևույթները բացահայտելու, կանխելու ու կասեցնելու ուղղությամբ, այդ թվում` հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանման ուղղությամբ, և հորդորում բիզնեսի տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողներին գործունեությունն իրականացնել օրենսդրության պահանջներին համապատասխան:

 



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել