Ալկոգելի, դիմակների քանակի պակաս չկա, ՀՀ-ում որոշ փոքր արտադրություններ են հիմնվել. Գեղամ Գևորգյան |tert.am|
13:14 - 13 մարտի, 2020

Ալկոգելի, դիմակների քանակի պակաս չկա, ՀՀ-ում որոշ փոքր արտադրություններ են հիմնվել. Գեղամ Գևորգյան |tert.am|

tert.am: Մենք դիմակների և ալկոգելի շուկայում դիտարկումներ անում ենք, անկախ նոր կորոնավիրուսի՝ Հայաստանում գրանցված վերջին դեպքերից. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Ալկոգելի մասով ասեմ, որ երեկ հանդիպում ենք ունեցել ներքին արտադրողների հետ. օրական մոտ 6-7 տոննա ալկոգել է արտադրվում Հայաստանում, խնդիրն այն է, որ դեղատներն առավոտյան ստանում են, արագ վերջանում է: Պահեստավորված որոշակի խմբաքանակ կա, եթե ուսումնական հաստատություններին պետք լինի, պահեստավորված քանակ ունենք»,- ասաց նա:

Դիմակների հետ կապված էլ, Գևորգյանն ասաց, թե քանի որ տարբեր աղբյուրներից են ձեռք բերվում և տարբեր գներով, գնային փոփոխություններ կան: «Մեզ տնտեսվարողները հայտնում են, որ միտում կա գների նվազեցման, որովհետև Չինաստանն էլ է առաջարկ արել վաճառքի: Այս պահին գինը մի փոքր բարձր է, շուկայում մեծածախով կա 150-200 դրամ: Եթե պետությունը կարիք ունենա ձեռքբերման հնարավորություն ունենք, բավականաչափ խմբաքանակ մտել է ՀՀ, նաև որոշակի փոքր լոկալ արտադրություններ են սկսել տնտեսվարողները, շատ փոքր իհարկե, բայց գինը 200 դրամ է կազմում»,- տեղեկացրեց նա:

Հարցին՝ դիմակների ախտահանիչ միջոցների դեֆիցիտ սպառնո՞ւմ է  Հայաստանին, նա պատասխանեց, որ այս պահին ախտահանիչների դեֆիցիտ չկա: «Ալկոգելի գինը չի բարձրացել, դիմակները, քանի որ հիմնական ձեռքբերումը Չինաստանից, Ռուսաստանից է, խնդիր առաջացավ, չնայած ամբողջ աշխարհում էր խնդիրը, այսօրվա դրությամբ, այսօրվա պահանջարկը հաշվարկելով, կարծես թե լուրջ խնդիր չկա, հետագայում ինչ կլինի, դժվար է գնահատել»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ դիմակները մեկ կամ երկու հատով են վաճառվում, Գևորգյանն ասաց, որ տնտեսվարողներն այդ խնդրով իրենց հետ խոսել են, որովհետև կոնկրետ ծավալ պետք է կարողանան հասցնել արտադրել, եթե անսահմանափակ քանակով վաճառեն, հնարավոր է, որ օրական պահանջվող ծավալը չկարողանան հասցնել արտադրել, իսկ եթե քաղաքացին էլ գնի ու պահեստավորի, այդ դեպքում նորից հասցնելու խնդիր է լինում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել