Ակնհայտորեն ունենք քաղաքականության ու բիզնեսի միախառնում. Մանե Թանդիլյանը՝ Գագիկ Ծառուկյանի մասին |lragir.am|
17:07 - 30 ապրիլի, 2019

Ակնհայտորեն ունենք քաղաքականության ու բիզնեսի միախառնում. Մանե Թանդիլյանը՝ Գագիկ Ծառուկյանի մասին |lragir.am|

lragir.am: ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու վերաբերյալ հարցին: Նրա խոսքով՝ Լուսավոր Հայաստան խմբակցությունը չի քննարկել ՔՈ կուսակցության դիմումի հարցը:

«Իսկ ընդհանուր առմամբ մեր կուսակցությունը միշտ էլ որոշում է հայտնել առ այն, որ բիզնեսն ու քաղաքականությունը պետք է հստակ տարանջատված լինեն շատ պարզ պատճառով: Քաղաքականության մեջ բիզնեսի առկայությունը, երբ որ դա միախառնված է, ստացվում է այն պատկերը, ինչ ունենք այսօր ԱԺ-ում: Այս քննարկումների արդյունքում դուք տեսաք: Այսինքն՝ ի՞նչ է ստացվում, մի տնտեսվարողի շահերի համար աշխատում է մի ամբողջ խմբակցություն, հատկապես տվյալ պատգամավորը հանդիսանում է սեփականատեր: Մենք չգիտես ինչու սեփականատերը և օլիգարխը տարանջատեցինք մինչև ԱԺ ընտրությունները, բայց ուզում է սեփականատեր լինի, միևնույն է, քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունի, որովհետև ակնհայտորեն ստացվում է, որ իր քաղաքական դիրքորոշումն ազդում է տվյալ ոլորտի քաղաքականության վրա: Այս պարագայում մենք ականատես եղանք բիզնեսի և քաղաքականության միախառնմանը»,- ասաց նա:

Ըստ Թանդիլյանի՝ բիզնեսը հավատարմագրային կառավարման հանձնելը դեռևս չի համարվում շահերի փոփոխություն: Նա շարունակում է ունենալ բիզնես շահեր տվյալ ոլորտի տնտեսվարման մեջ: Եվ տվյալ քաղաքական ուժն ակնհայտորեն շարունակում է լոբբինգ անել այդ տնտեսվարողի շահերը:

«Ավելին ասեմ՝ երբ ԱԺ ամբոինից հնչում է, որ Արմավիրում, թե որտեղ գործարան եմ բացում, ակնհայտորեն մարդը հայտարարում է այն մասին, որ փաստացի զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ: Եվ այս ինքնախոստովանությունը բերում է այն համոզման, որ ակնհայտորեն ունենք քաղաքականության ու բիզնեսի միախառնում»,- ասաց նա: Թանդիլյանի խոսքով՝ նման դեպքերում մարդուն խորհրդարան չթողնելու համար պետք է նրան որպես պատգամավորի թեկնածու գրանցելիս այդ հարցին անդրադառնալ:

Անդրադառնալով երկրի ղեկավարության դիրքորոշմանն այս հարցին, Մանե Թանդիլյանն ասաց, որ եթե գնում են գործարանների բացմանը, ակնհայտ իմանալով, որ այդ քայլն անում ես այդ ժամանակ գործող պատգամավորի հետ, հետևաբար խթանում է կամ դե ֆակտո ցույց ես տալիս, որ այդտեղ խնդիր չկա: Նա նշեց, որ նկատի ունի վաչապետին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել