Այս տարի 20 վերելակ կփոխարինվի նորերով
11:27 - 13 օգոստոսի, 2019

Այս տարի 20 վերելակ կփոխարինվի նորերով

Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերն ունեն շուրջ 4400 վերելակ, դրանց մեծ մասը փոխարինման կարիք ունի: Դրանք տեղադրվել են դեռևս 1956-1993թթ., թեպետ շահագործման սահմանված ժամկետը մինչև 25 տարի է: Այսինքն՝ գրեթե բոլոր վերելակները սպառել են այդ ժամկետը:

2007-2008թթ. պետական բյուջեից հատկացված 3 մլրդ դրամով Երևանում տեղադրվեց 35 նոր վերելակ, նորոգվեց շուրջ 2500-ը: Սակայն նորոգվածներն արդեն վերանորոգման կարիք ունեն, խնդիրը պահանջում է համապարփակ լուծում: Նշենք նաև, որ շենքերի մեծ մասի բնակիչներն այդքան միջոցներ չունեն:

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքն ասում է. վերելակը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է բնակարանների սեփականատերերին, այսինքն՝ բնակիչներին:

Յուրաքանչյուր շենք ունի սպասարկող ընկերություն, որի ծառայությունների դիմաց բնակիչները սպասարկման վճար են տալիս: Եվ, եթե ընթացքի ժամանակ վերելակը փչացել է, հենց նրանց էլ պետք է դիմել:

Հաշվի առնելով խնդրի սոցիալական կողմն ու քաղաքացիների կյանքին և առողջությանն սպառնացող վտանգը՝ Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է վերելակների փոխարինման ընդգրկուն ծրագիր. խոսքը 3500 նոր վերելակի մասին է: Այս թվում ներառված չեն վթարային շենքերի, նորակառույցների, նաև շենքերի բեռնատար վերելակները:

«Հունվարին հայտարարել էինք, որ մտնում էինք վերելակների փոխարինման համապարփակ նախագծի փուլ: Խոր ուսումնասիրություններ, դիտարկումներ, հարցումներ: Լուծումները ներառել ենք նախագծում, որը վերջերս ներկայացվեց Կառավարությունում և արժանացավ հավանության: Ստեղծվել է միջգերատեսչական խումբ»,-նշել է փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:

Նախնական հաշվարկով՝ 3500 վերելակի փոխարինումը կտևի 4 տարի: Մնում է շենքերի բնակիչների մեծամասնության համաձայնությունը:

«Քաղաքը, որպես առանձին բյուջետային միավոր, չունի այդ ֆինանսական հնարավորությունը, որովհետև խոսքը 32 մլրդ դրամի մասին է, իսկ, ինչպես գիտեք, դա մեր մեկ տարվա մուտքերի ծավալն է: Քաղաքապետի հանձնարարությամբ մենք նախնական փորձնական մի ծրագիր ենք իրականացնում, որի շրջանակում 20 վերելակ կփոխարինվի նորերով»:

Շենքերն ընտրվել են տասը վարչական շրջաններից: Ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով վերելակների մաշվածությունը, խափանման հաճախականությունը, հորանների վիճակը, խցիկների մաշվածության աստիճանն ու ԱԻՆ-ի կողմից հաստատված մի շարք այլ չափորոշիչներ:

«20 վերելակները կփոխարինվեն համայքնային միջոցներով՝ մոտավորապես 190 մլն դրամ է: Դա քաղաքի ու երկրի մասշտաբով աննախադեպ ծրագիր է: Մինչև տարեվերջ կունենանք տեղադրված վերելակները. օրեր առաջ մրցույթը տեղի ունեցավ և ամենաուշը դեկտեմբերին կունենանք նոր վերելակներ»,-նշել է Հայկ Սարգսյանը:

Նախքան վերելակների փոխարինման ծրագրի ամբողջական իրագործումը՝ քաղաքը վերելակային ֆոնդի պահպանման և շահագործման ծախսերի առումով շարունակելու է աջակցել բնակիչներին: Այս տարի համայնքի բյուջեից այդ նպատակին տրամադրվել է շուրջ 121 մլն դրամ. ավելին՝ քան նախորդող տարիներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել