Առաջին անգամ ՀՀ նոր իշխանությունն Արցախի հարցում հստակ ուղերձ հղեց. Էդմոն Մարուքյան |news.am|

13:38 - 13 մարտի, 2019

Արցախում Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելը կարեւոր ուղերձ է` հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հետո: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ըստ նրա՝ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը համապարփակ, հստակ ուղերձներով, հստակ շեշտադրումներով ելույթ էր. «Երեւի թե առաջին անգամ համակարգված ձեւով Հայաստանի նոր իշխանությունն Արցախի հարցում հստակ ուղերձ հղեց: Այն ուղղված էր միջազգային հանրությանը, Ադրբեջանին: Դա ներքին օգտագործման ուղերձներ չէին, արտաքին էին: Այդ առումով սպասում ենք բանակցություններին: Մենք ասել ենք, որ Արցախի վերադարձը բանակցային սեղան «Լուսավոր Հայաստանի» համար առջնահերթություն է, մենք աջակցում ենք այդ հարցում իշխանությանը: Արցախի խնդրում հայաստանում կա հստակ կոնսենսուս եւ աջակցություն օրվա իշխանությանը»:

Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիեւ սպասվող հանդիպմանը, Էդմոն Մարուքյանն ասաց, որ առանձնակի մեծ արդյունքներ չի ակնկալում. «Վարչապետի խոսքում հարցեր բարձրացվեցին կապված սկզբունքների եւ տարրերի հետ առ այն, որ դրանք պետք է մեկնաբանվեն միջազգային հանրության կողմից եւ դրանք չպետք է լինեն կողմերի կողմից տարբեր շահեր հետապնդող մեկնաբանություններ: Այսինքն ինչ նկատի ունենք այդ սկզբունքների տակ»,-ասաց Մարուքյանը:

Հարցին, թե մինչեւ այսօր պարզ չէ՞ր, թե ինչի շուրջ էին բանակցությունները, պատգամավորը նշեց. «Մինչեւ այսօր կարող է՝ պարզ են եղել մինչեւ այսօր բանակցողների համար, բայց նոր իշխանությունը նոր է սկսում բանակցությունը, առաջին հանդիպումն է լինելու: Կարող է լինել պարզաբանում, թե ինչ նկատի ունեն յուրաքանչյուրս սկզբունքի տակ»:

Ավելին՝news.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել