Առևտրի շրջիկ կետերի ոլորտը կկարգավորվի օրենսդրորեն
08:22 - 02 ապրիլի, 2019

Առևտրի շրջիկ կետերի ոլորտը կկարգավորվի օրենսդրորեն

Սննդի առևտրի առաջին շրջիկ մեքենաները հայտնվեցին 20-րդ դարասկզբին Ամերիկայում: Հետո արդեն գաղափարը տարածվեց ամբողջ աշխարհում: Այսօր Երևանում ևս կան ավտոմեքենաներ, որոնցից վաճառվում է սուրճ, սնունդ, հուշանվերներ: Սակայն մեր երկրում ոլորտը օրենսդրորեն կարգավորված չէ:

«Օրենքում կա բաց, չկա մեզ վերահսկող և թույլտվություններ տվող մարմինը»,- նշում է տնտեսվարողներից Հրաչ Դավթյանը:
Թեև «Առևտրի և սպասարկումների մասին» օրենքը սահմանում է շրջիկ առևտրի հնարավորությունը, սակայն, թե ինչպե՞ս այն պետք է կազմակերպվի՝ օրենքը չի ասում, չկան նաև իրավական այլ կարգավորումներ: Օրենսդրական բացը լրացնելու և խնդիրը կարգավորելու համար Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել օրենսդրական փոփոխություններով:

«Նախատեսում ենք, որ հարցի կարգավորման նպատակով համապատասխան համայնքի ավագանիները կսահմանեն շրջիկ առևտրի կետերով իրականացվող առևտրին կամ ծառայություններին առնչվող պայմաններն ու պահանջները, ինչպես նաև կսահմանվի թույլտվություն տալու գործընթացը», - նշում է քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը:

«Օրենքի ընդունումից հետո ավագանին կտա բոլոր չափորոշիչները և գոտիավորումը, ինչպես նաև ժամերը և օրերը: Նաև քննարկում ենք ավագանիների հետ, որ տոն օրերին լինեն ավելի շատ հնարավորություններ՝ զբաղվելու շրջիկ առևտրով»,-ընդգծում է քաղապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:

«Հանրային սննդի կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ է ստանալ թույլտվություն: Այն շրջիկ առևտրի կետերը, որոնք իրականացնում են հանրային սննդի վաճառք, բայց չունեն թույլտվություն, նրանց նկատմամբ իրականացնում ենք վարչարարություն. առաջին անգամ՝ 80-100 հազար դրամ տուգանք»,-ասում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:
Շրջիկ առևտրի մասին օրենքի փոփոխություններն ու լրացումները կոչված են օգնելու տնտեսվարողներին ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի ողջ տարածքում՝ այդպիսով ստեղծելով գործարարության նոր ու մեծ հնարավորություններ:

«Մեզ հաճախ ասում են՝ ահագին գումարներ ենք դրել գործի մեջ, ինչ անենք: Մեր պատասխանն է՝ սպասել օրենքի կարգավորումներին: Քաղաքային իշխանության նպատակն է համայնքի շահերը պաշտպանելը և ստեղծել անվտանգ և հավասար պայմաններ բոլոր տնտեսվարողների համար»,- նշում է քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել