Արարատ Միրզոյանը՝ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նպատակների մասին |lragir.am|
13:36 - 29 մայիսի, 2019

Արարատ Միրզոյանը՝ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նպատակների մասին |lragir.am|

lragir.am: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վեթինգի մասին օրենսդրական նախաձեռնությանը։ Միրզոյանն ասաց, որ անցումային արդարադատության վերաբերյալ ամիսներ շարունակ քննարկումներ են ունեցել։

«Խնդրում եմ նկատի ունեցեք, որ խոսքը մի թեմայի մասին է, որը բոլորովին կամ մեծամասամբ անծանոթ է լայն հանրությանը, նույնիսկ քաղաքական շրջանակներին ու մասնագիտական շրջանակներին։ Եվ մենք մեծ հաշվով կարողացել ենք ծանոթանալ դրան, ինչը համարում են անցումային արդարադատություն, այդ թվում՝ վեթինգի գործիքին։ Եվ հիմա արդեն որոշումներ կայացնելու ժամանակն է»,- ասաց նա։

Անդրադառնալով ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծմանը՝ Արարատ Միրզոյանն ասաց, որ դրան խորհրդարանական բոլոր ուժերը պետք է մասնակցեն։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր, որ ինքը հանձնաժողովի նպատակներին ծանոթ չէ, քաղաքական նպատակներ կարող են լինել։ Արարատ Միրզոյանն ասաց, որ ընդհանրապես խորհրդարանը քաղաքական մարմին է։ «Քաղաքական ասելով՝ ի՞նչ նկատի ունի։ Իհարկե, որևէ որոշում այստեղ քաղաքական է, որևէ վերաբերմունք քաղաքական է։ Եթե դուք, քաղաքական ասելով, ենթադրում եք ինտրիգային, անդրկուլիսյան կոնֆիգուրացիաների կոնտեքստում, դա բոլորովին այլ բան է։ Ես վստահաբար կարող եմ պնդել, որ սա գործիք չէ որևէ մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար»,- նշեց ԱԺ նախագահը։

Միրզոյանը հավելեց, որ վարչապետը նկատի է ունեցել, որ կան բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ ապրիլյան պատերազմի հետ կապված, որոնց հանրությունը պետք է տեղյակ լինի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել