Արդարադատության փոխնախարարն այցելել է պետական ծառայություններ մատուցող օպերատորներին միացած Ջրվեժի համայնքապետարան |armenpress.am|
11:20 - 27 ապրիլի, 2019

Արդարադատության փոխնախարարն այցելել է պետական ծառայություններ մատուցող օպերատորներին միացած Ջրվեժի համայնքապետարան |armenpress.am|

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը ապրիլի 26-ին այցելել է Ջրվեժի համայնքապետարան, որտեղ գործող Քաղաքացիների սպասարկման գրասենյակը 2019 թվականի հունիսի 1-ից կսկսի մատուցել նաև պետության կողմից պատվիրակված 60-ից ավելի ծառայություններ: 

Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ պետական ծառայություններ մատուցող տասն օպերատորներին միացել են նաև 40 համայնքապետարաններ՝ Հայաստանի ողջ տարածքում դրանց թիվը դարձնելով 50-ը: Սա նշանակում է, որ 67 պետական ծառայություններից ցանկացածը ստանալու համար այլևս մայրաքաղաք, մասնավորապես՝ պետական մարմիններ այցելելու անհրաժեշտություն չի լինի:

Դրանք մոտ կլինեն քաղաքացիներին, կլինեն հենց համայնքներում: Կառավարության որոշմամբ ծրագրին միացած համայնքներն իրենց ստանձնած գործառույթները կսկսեն իրականացնել փուլ առ փուլ, և մինչև 2020 թվականի ավարտն այն ամբողջապես ներդրված կլինի 40 համայնքներում:

Նախարարի տեղակալը համայնքապետ Ռոբերտ Պետրոսյանի հետ քննարկել է ծառայությունների տրամադրմանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձել նաև հնարավոր խնդիրներին՝ կապված դրանց մասին քաղաքացիներին իրազեկելու և պետության կողմից մատուցվող ծառայություններից տեղում օգտվելու ծավալը փուլ առ փուլ մեծացնելու հետ:

Համայքապետարանում փոխնախարար Աննա Վարդապետյանը հանդիպել է նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության Արևելյան Եվրոպայի հարցերով բաժնի ղեկավար Դիրք Շաթշնայդերին, ԳՄՀԸ (GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփային, Վերականգնման վարկերի բանկի (KfW) տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պետական ծառայությունները համայնքներին պատվիրակելու արդյունքում վերջիններիս զարգացմանը նպաստելու հնարավորությունները: Աննա Վարդապետյանի խոսքով՝ ծառայությունների պատվիրակումը դեռևս առաջին փուլն է, առավել կարևոր է դրանց արդյունավետ կատարմանը հետևելը: 

Հանդիպման ավարտին փոխնախարարը ծանոթացել է GIZ-ի կողմից՝ Գերմանական համագործակցության, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ գործող Քաղաքացիների սպասարկման գրասենյակի կարողություններին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել