ԲԴԽ անդամների դրսևորած անօրինականություններն ու լիազորությունների չարաշահումը. ուշագրավ հետազոտություն |factor.am|
16:45 - 20 մայիսի, 2019

ԲԴԽ անդամների դրսևորած անօրինականություններն ու լիազորությունների չարաշահումը. ուշագրավ հետազոտություն |factor.am|

factor.am: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն «Դատական իշխանության անկախության երաշխավորումը Սահմանադրական փոփոխություններին համահունչ» ծրագրի շրջանակում իրականացրել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի կազմի, դրա ձևավորման ու գործառույթների ուսումնասիրություն՝ միջազգային չափանիշների լույսի ներքո, ինչպես նաև խորհրդի գործունեության մոնիթորինգ:

Կազմակերպության տեղեկանքում, ի թիվս այլ գործոնների, ներկայացվել են նաև «ԲԴԽ-ի դրսևորած անօրինականություններն ու լիազորությունների չարաշահումը, դատավորների նշանակման գործառույթի իրականացման դիտարկումները, ԲԴԽ կողմից կայացված որոշումների օրինականությունը»: Կազմակերպությունից հայտնում են, որ հրապարակվող տեղեկատվությունը ստացվել է մամուլից հավաքագրված տեղեկությունների հիման վրա։

Մամուլից հավաքագրված տեղեկություններ պաշտոնատար այլ անձանց հետ ազգակցական կապերի վերաբերյալ

Մամուլի կողմից բազմաթիվ անդրադարձներ են եղել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի ազգակցական կապերին, նրանց զբաղեցրած պաշտոններին և ունեցվածքին: Գագիկ Հարությունյանի եղբայրը՝ Արզուման Հարությունյանը, զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը: Արզուման Հարությունյանը 2018 թվականի հուլիսի 12-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով վերանշանակվել է այդ պաշտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով: Արզուման Հարությունյանի որդին` Հայկ Հարությունյանը, որը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան է, 2014 թվականին զբաղեցրել է էներգետիկայի փոխնախարարի պաշտոնը: Գագիկ Հարությունյանի կնոջ եղբորորդի Հայկ Խաչատրյանը ամուսնացած է Սերժ Սարգսյանի կրտսեր դստեր հետ: Գագիկ Հարությունյանի քույրը՝ Շամամ Հարությունյանը, 2012 թվականին զբաղեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը: Մինչ այդ, նա զբաղեցրել է նույն նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետի պաշտոնը:

Գագիկ Հարությունյանի դուստրը՝ Արմինե Հարությունյանը, զբաղեցրել է թիվ 8 պոլիկլինիկայի գլխավոր բժշկի պաշտոնը, ինչպես նաև «Բեգլարյան բժշկական կենտրոնում» աշխատել է որպես բաժանմունքի վարիչ: Արմինե Հարությունյանի ամուսինը՝ Արտաշես Բեգլարյանը, զբաղեցրել է ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալի պաշտոնը: Գագիկ Հարությունյանի որդին՝ Արտակ Հարությունյանը, 2013 թվականին զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնը: Նախկինում նա զբաղեցրել է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնը:

Գագիկ Հարությունյանի մյուս որդին՝ Էդուարդ Հարությունյանը, զբաղեցրել է ԵՊՀ-ի Միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալի, բաժնի վարիչի, ռեկտորի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնները: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր` բժիշկ Կամո Տեր-Պետրոսյանի դուստրը, հանդիսանում է Գագիկ Հարությունյանի հարսը:

Մամուլից հավաքագրված տեղեկություններ ունեցվածքի վերաբերյալ

Գագիկ Հարությունյանը 2016 թվականին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում չի ներառել Մոնուﬔնտում` «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ, Բաբայան փողոցում գտնվող իր սեփականություն հանդիսացող շքեղ առանձնատունը: Ըստ մամուլի կողմից հիշատակված տեղեկության՝ առանձնատունը վարձակալությամբ տրվել է ՀՀ-ում գործող Ճապոնիայի դեսպանատանը։ 2019 թվականին ՀՀ բնապահպանության նախարարության կայքում հրապարակվել է «Ջինջ Արփա Հիդրո» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Ջերմուկհիդրո» ՓՀԷԿ-ի կառուցման շրջակա միջավայրի պահպանության լրամշակված աշխատանքային նախագիծը։ Ներկայացված տեղեկության համաձայն` Էդուարդ Գագիկի Հարությունյանը, ում պատկանում է այս ընկերությունը՝ Գագիկ Հարությունյանի որդին է: Նախագծի հրապարակումից հետո Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, պնդելով, որ նախնական ուսումնասիրությունների համաձայն՝ «Ջերմուկհիդրո» ՓՀԷԿ-ի կառուցման տարածքը գտնվում է Ջերմուկի ջրաբանական պետական արգելավայրի տարածքում՝ ինչը նշանակում է, որ դրա կառուցումն անթույլատրելի է։ Գագիկ Հարությունյանի եղբորորդին՝ Հայկ Հարությունյանը, որը նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան է, զբաղեցրել է էներգետիկայի փոխնախարարի պաշտոնը: Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ նա եղել է ամենահարուստ փոխնախարարներից մեկը:

2014 թվականին լրատվական կայքերից մեկի կողմից արված հետաքննություններից հետո, խմբագրություն են դիմել հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձինք և դժգոհել հայկական արտադրության «Օլանզապին» դեղորայքի որակից: Պարզվել է, որ դեղորայքը արտադրվել է «Արփիմեդ» ՍՊԸ-ի կողմից, որի համասեփականատեր է հանդիսացել Գագիկ Հարությունյանի որդի Արտակ Հարությունյանը:

Շարունակությունը՝ այստեղ

 

 

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել