Բանակում կարգուկանոնի ուժեղացումն ու քրեական ենթամշակույթի դեմ պայքարը թույլ կտան բացառել նման դեպքերը. ԱԽ քարտուղարը՝ ԶՈւ-ում տարեսկզբի մահվան դեպքերի մասին |tert.am|
21:37 - 18 փետրվարի, 2020

Բանակում կարգուկանոնի ուժեղացումն ու քրեական ենթամշակույթի դեմ պայքարը թույլ կտան բացառել նման դեպքերը. ԱԽ քարտուղարը՝ ԶՈւ-ում տարեսկզբի մահվան դեպքերի մասին |tert.am|

tert.am: Բանակում նման դեպքերի բացառման և զգալի արդյունքի հասնելու համար պետք է երկու ուղղությամբ աշխատել՝ ուժեղացնել բանակի կարգուկանոնն ու պայքարել քրեական ենթամշակույթի դեմ: Այս մասին Հանրային ՀԸ եթերում հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով բանակում տարեսկզբին զինվորների մահվան դեպքերին:

«Հայ ժողովուրդը յուրահատուկ վերաբերմունք ունի բանակի նկատմամբ և ցանկացած պաշտոնյա հասկանում է, որ բանակում տեղի ունեցած իրադարձություններն ավելի զգայուն են ընդունվում, որովհետև մենք ունենք անվտանգության հանդեպ ավելի զգայուն մոտեցումներ»,-նշել է Գրիգորյանը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի մոտ անցկացված խորհրդակցությանը՝ Գրիգորյանն ասել է, թե դրա նպատակը բանակի խորքային խնդիրները հասկանալն էր:

«Առաջինը կարգուկանոնի ուժեղացումն է, որ թույլ կտա մինիմալի հասցնել կամ բացառել նման դեպքերը, մյուսը քրեական ենթամշակույթն է, որն ազդում է նման երևույթների վրա»,-ասել է Գրիգորյանը՝ նշելով, որ ինչքան էլ բանակում ուժեղացնեն կարգուկանոնը, եթե քրեական ենթամշակույթի դեմ պայքար չլինի, արդյունքներն էլ զգալի չեն լինի:

Հարցին՝ դեպքերի համար կա՞ն կոնկրետ պատասխանատուներ, թե՞ պատճառը միայն քրեական ենթամշակույթն է, ԱԽ քարտուղարը պատասխանել է, որ միայն քրեական մշակույթը մեղավոր դիտարկելով՝ որևէ լուծում չենք գտնի: «Կան նաև կադրային որոշումներ, որոնք ցույց են տալիս, որ պատասխանատուներ կան նման իրավիճակի համար: Կա քրեական ենթամշակույթ, բայց և կա անհատների պատասխանատվության խնդիր»,-ասել է նա:

Վերջինս կարևորել է նաև բանակի ընդհանուր բարեփոխման տրամաբանությունը՝ նշելով, որ քրեական ենթամշակույթ ասելով՝ կարևոր դեր է տրվում Ռազմական ոստիկանությանը:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել