Բացառիկ արտոնության համար եկեղեցին պարտական է Քոչարյանին․ Գայանե Այվազյան
14:43 - 03 մայիսի, 2019

Բացառիկ արտոնության համար եկեղեցին պարտական է Քոչարյանին․ Գայանե Այվազյան

Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը։ Գիտաշխատող, պատմաբան Գայանե Այվազյանը Ֆեյսբուքի իր էջում մեկնաբանել է Կաթողիկոսի ելույթը։ Այվազյանը նշել է, որ սա հետաքրքիր խոսք է նոր իրավիճակում կապիտալի շուրջ վերադասավորումների առումով:

Կաթողիկոս․ 1. ՀՀ Սահմանադրությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ճանաչում է որպես Ազգային Եկեղեցի՝ հաշվի առնելով Եկեղեցու բացառիկ առաքելությունը մեր ժողովրդի կյանքում: Միաժամանակ Սահմանադրությամբ երաշխավորված է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը: Հայ Առաքելական Եկեղեցուն առանձնահատուկ կարգավիճակի տրամադրումը երբեմն միտումնավոր ներկայացվում է որպես խտրականության դրսևորում, ինչը միանշանակ կողմնակալ գնահատական է և չի ներդաշնակում միջազգային փորձի և ընդունված չափանիշների հետ:

Այվազյան․ Կաթողիկոսն ընդգծում է սահմանադրությամբ ազգային եկեղեցուն վերապահված բացառիկ դերը: Սա իսկապես լայն ու բացառիկ արտոնություն է, որի համար եկեղեցին պետք է պարտական լինի բացահայտ աթեիստ, բայց հայաստանյան կապիտալի մեքենայի կատարելագործող-ճարտարապետ Ռոբերտ Քոչարյանին: Չնայած Քոչարյանը չէր խաչակնքվում, նա չէր կարող կապիտալի ու քաղաքականության իր ծրագրում անտեսել այնպիսի խոշոր դրամատիրոջ, ինչպիսին եկեղեցին է:

2005թ. սահամանադրական փոփոխություններով ամրագրվեց եկեղեցու ազգային դերը: Երկու տարի անց ընդունվեց պետության ու եկեղեցու առանձնահատուկ հարաբերությունների մասին օրենքը: Սրանք բացառիկ արտոնություններ են տրամադրում եկեղեցուն՝ հարկեր չվճարելու, ծավալելու ինչպես իր սեփական կրթական գործունեությունը, այնպես էլ ազատորեն միջամտելու պետական կրթական համակարգին, ունենալու իր ներկայացուցիչները զինված ուժերում, հիվանդանոցներում, կալանավայրերում, մանկատներում, ինտերնատներում: Հայ եկեղեցին օրենքով դարձավ «ազգային ինքնության հենքի կարևոր և անբաժանելի մասը»: Քոչարյանը շատ լավ գիտեր գաղափարախոսության դերը, ուրեմն կարևոր է արձանագրել, որ եկեղեցու պատմա-վավերագրական ժառանգության ընկալման ազատ, կամայական կամ ինտելեկտուալ մեկնաբանությունները բացառվում են:

Կաթողիկոս․ 2. Կրոնական կազմակերպությունների՝ պետությունից անջատվածության սահմանադրական հիմնադրույթը երբեմն թյուրըմբռնմամբ ընկալվում է Հայոց Եկեղեցու պատմականորեն նվիրագործված առաքելությունը սահմանափակելու իմաստով: Այս կողմնորոշումը փորձ է արվում հիմնավորել՝ վկայակոչելով պետության աշխարհիկության սկզբունքը: Մինչդեռ, «աշխարհիկ պետություն» հասկացությունը չի կրում հակաեկեղեցական կամ ապակրոնական տարր և չի բացառում պետության և Եկեղեցու գործակցությունը ու չի խոչընդոտում դրա իրականացմանը կյանքի զանազան ոլորտներում, առավել ևս՝ քրիստոնեական հարուստ ժառանգություն և հնագույն ավանդույթ ու անցյալ ունեցող Հայաստանում:

Այվազյան․ 2-րդ կետով կաթողիկոսը պնդում է աշխարհիկ պետության և եկեղեցու հնարավոր անքակտելիության դրույթը: Այստեղ բառախաղ կա. հակա- նախածանցը անհանդուրժողականության տարր է մտցնում դիսկուրսի մեջ, այնինչ պետք չէ: Հակաեկեղեցական պրոպագանդա և մոտեցում Հայաստանի Հանրապետությունում չի եղել, պետք էլ չի, որ լինի: Չլինելով հակաեկեղեցական կամ հակակրոնական՝ աշխարհիկ պետությունը կարող է լինել ապակրոնական և ապաեկեղեցական, այսինքն՝ աշխարհիկ:

Կաթողիկոս․ 3. Եկեղեցական հիմնահարցերի օրենսդրական կարգավորումներում պետք է նկատի առնվեն նաև Հայոց ցեղասպանության, ինչպես և խորհրդային տարիներին Եկեղեցու նկատմամբ իրագործված հալածանքների հետևանքով Հայ Առաքելական Եկեղեցուն հասցված նյութական և մարդկային ահռելի վնասներն ու կորուստները, այդ թվում՝ վանքերի, եկեղեցիների, եկեղեցական ենթակառուցվածքների ավերումն ու ոչնչացումը և ունեցվածքի ու կալվածքների բռնազավթումը: Այս ամենը, ինչպես և այդ ժամանակաշրջանում Եկեղեցի-պետություն հարաբերությունների փաստացի չգոյության իրողությունը չեն թույլատրել վերականգնելու կրած կորուստները: Այս համատեքստում կարևոր է պետության զորակցությունը, որպեսզի Եկեղեցին կարողանա վերականգնել անհրաժեշտ պայմաններն ու հնարավորությունները իր առաքելության համար ի հայրենիս և ի սփյուռս:

Այվազյան․ 3-րդ կետը հակասական է: Եթե եկեղեցին 2-րդ կետով իրեն ճանաչում է պետության հետ միահյուսված, ապա պարզ չէ պահանջը՝ հաշվի առնել ցեղասպանության և խորհրդային տարիներին կրած նյութական և մարդկային վնասները: Դրանք կրել է հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը: Եթե պետությունը սկսում է փոխհատուցել կամ արտոնություններ սահմանել, պետք է դա անի բոլորի նկատմամբ: Ի վերջո, եկեղեցին ամենից անպաշտպանը չի եղել: Հայկական ամենակենսունակ կապիտալը հենց եկեղեցու պատերի մեջ է գոյացել: Հետաքրքիր է կարդալ պետության տեքստը հետաքրքիր այս ժամանակներում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել