Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին՝ քաղաքացուն «առանց համաձայնության դոնոր դարձնելու» վերաբերյալ |hetq.am|
12:29 - 24 հունիսի, 2019

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին՝ քաղաքացուն «առանց համաձայնության դոնոր դարձնելու» վերաբերյալ |hetq.am|

Աշտարակի բնակիչ Կարապետ Կարապետյանը բաց նամակ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով, թե ինչպես են իր կնոջը 2008թ.-ին, առանց համաձայնության, «դարձրել երիկամի դոնոր»: Նա նաև պատրաստակամություն է հայտնել ներկայացնել գործի մանրամասները: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Մեծարգո վարչապետ

2008թ. կիստայի վիրահատության ժամանակ բժիշկները (մասնավորապես Գեորգի Օկոևը) կնոջս միտումնավոր դարձրել են երիկամի դոնոր, այնուհետև հեռացվող երիկամը գողացել՝ համարելով այն թափոն, չնայած այն բանին, որ հիվանդը վիրահատության մտնելուց առաջ ներկայացրել է փաստաթուղթը, որ իր երիկամները եղել են առողջ:

2009թ.-ին հիվանդը դիմել է իրավապահ մարմիններին, հարուցվել է քրեական գործ, հիվանդին ճանաչել են 2-րդ խմբի հաշմանդամ ու տուժող և շուրջ 10 տարի ընթացող նախաքննությունից հետո դեռևս օրինազանցներին մեղադրանքներ չեն առաջադրել և բժիշկների կատարած օրինազանցությունները կոծկելու, պարտակելու, սղացնելու նպատակով քննիչները իրենք են կատարել մի շարք օրինազանցություններ:
Նշեմ մի քանի օրինակ.

  1. Հիվանդի կրած 5 վիրահատություններից 2-ի դեպքում ընդհանրապես չկա հիվանդի կողմից տրված նախավիրահատական համաձայնագիր, իսկ մեկի դեպքում բժիշկը պատրաստել է նախավիրահատական գրավոր համաձայնագիր՝ այնտեղ դնելով հիվանդի կեղծ ստորագրությունը, որը ի սկզբանե չի եղել: /Քր. օրենսգրքի 127-1, 325-1/:

  2. Բժիշկը ընթացող նախաքննությանը զուգահեռ վերացրել է հիվանդի հիվանդության պատմության նյութերը և այն չի տրամադրել փորձագետներին, որպեսզի այն հետազոտեն /Քր.օր. 334-1/:

  3. Բժիշկը հիվանդին գայթակղելու լռելու համար վիրահատությունը հետին թվով դարձրել է պետպատվերի շրջանակներում՝ վերացնելով նախապես պայմանավորված 700 դոլարը /Քր.օր. 179-2 մաս 1 և 3-րդ կետեր/:

  4. Բժիշկները հիվանդին խոստացել են կատարվածի մասին իրավապահներին չդիմելու դիմաց վճարել, կոմպենսացնել հիվանդի կրած 5 վիրահատությունների ժամանակ մուծված գումարները: Հիվանդը բժիշկների այդ գումարային խոստումները ձայնագրել է և ներկայացրել քննիչին: Քննիչը ձայնասկավառակը ուղարկել է փորձաքննության և երբ համոզվել է, որ այն բժիշկների շահերից չի բխում հետագա իրավական ընթացք չի տվել /Քր.օր. 312, 308-1/:

  5. Բժիշկը կեղծել է հիվանդության պատմության նյութերը /Քր.օրենս. 325-1/:

Այս ցանկը հասնում է շուրջ 1.5 տասնյակի:

Քննիչները բժիշկների կատարած հանցագործությունները կոծկելու, պարտակելու նպատակով իրենք են կատարել մի շարք օրինազանցություններ:

  1. Քննիչը կեղծել է տուժողի և հիվանդի առերեսման արձանագրությունը /Քր. օր. 349-3-1. այդ քննիչը արդեն 1 անգամ դատվել է մեկ ուրիշ քր. գործի նյութեր կեղծելու համար/ նախկին գլխ. դատախազ Գ. Կոստանյանի կողմից:

  2. Քննիչները 2 անգամ տուժողին կեղծ ակնհայտ սուտ գրություն են ուղարկել, ինչը Քր. օրեն. 314 հոդվածի 1 մասի հատկանիշներով դատապարտելի արարք է:

  3. Քրեական գործից անհայտացել է 6 անուն քր. գործի ապացույց հանդիսացող նյութեր և առ այս պահը ոչ մի քննիչ պատասխանատվություն չի կրել կատարվածի համար և քր. գործ էլ հարուցված չէ /Քր. օրենս. 315-1, 308-1/:

  4. Քննիչը տուժողի կողմից փորձագետներին ուղղված հարցերը միտումնավոր չի փոխանցել փորձագետներին 5 փորձաքննությունից 3-ի դեպքում դրանով իսկ տուժողին զրկելով փորձագետին հարց տալու իրավունքից :/Քր. օրեն. 315-1, 308-1/:

  5. Քննիչը առկա հակասական տվյալների առկայության դեպքում առերեսում չի կատարել, պատշաճ նախաքննություն չի իրականացրել և փորձագետներին ոչ ճիշտ, չստուգված, կեղծ ելակետային տվյալներ է տրամադրել:

Այս ցանկը նույնպես հասնում է 1,5 տասնյակի:

Պարոն վարչապետ

Այս օրինազանցությունների հետ կապված 5 անգամ դիմել եմ ՀՀ 3-րդ նախագահին, 17 անգամ ՀՀ վերջին 2 գլխավոր դատախազներին, 7 անգամ Քննչական կոմիտեի վերջին 2 նախագահներին և այլը, և այլը: Սակայն չնայած նախաքննությամբ ձեռք բերված ավելի քան բավարար ապացույցների և փաստական տվյալների օրինազանցներին մեղադրանքներ չեն առաջադրում , քանի որ`

  1. Երիկամը գողացել են ՀՀ 2 նախագահի և առողջապահության նախկին նախարար Հ, Քուշկյանի համասեփականություն հանդիսացող Նաիրի ԲԿ-ում:

  2. Այս գործով երիկամի գողության մեջ կասկածվող բոլոր բժիշկներին, բոլորը առանց բացառության բազմաթիվ այլ քրեական գործերով հանդես են գալիս որպես դատաբժշկական փորձագետներ և համարվում են Քննչական կոմիտեի, ինչու ոչ նաև գլխ. դատախազության մատակարարը դատաբժշկական եզրակացություններ տրամադրելու հարցմամբ, դրանից բխող բոլոր հետևանքներով: Այսինքն առկա է փոխշահավետ համագործակցությունը:
  3. օրինազանցներին մեղադրանքներ առաջադրելու դեպքում կխամրի քննիչ-փորձագետ հարաբերությունների փայլը և հետագայում համակարգին տրամադրելիք եզրակացությունները կլինեն Քննչական կոմիտեի համար անկանխատեսելի, քանի որ փորձագետները շատ լավ գիտեն իրենց կողմից դրված ստորակետի և միջակետի հարգը, այլևս երկիմաստ բառեր և նախադասություններ չեն գրի դրանից բխող հետևանքներով: Ավելի պարզ ասած՝ փորձագետները և Քննչական կոմիտեն միմյանց հետ կապված են փոխշահավետ կապերով:

  4. Որովհետև առանց նյութերը ձեռքի տակ ունենալու, առանց այն հետազոտելու, ենթադրությունների հիման վրա ակնհայտ ու բացահայտ կեղծ դատաբժշկական եզրակացություն տրամադրած հանձնաժողովներից 1-ի նախագահ Գ. Բեգլարյանը համարվում է գլխ. դատախազության քր. գործերով միջդատավարական վարույթի հսկողության վարչության պետ Ա. Հարությունյանի և ԲԴԽ-ի նախկին նախագահ Գ. Հարությունյանի խնամին:

  5. Որովհետև օրինազանցություն կատարած և պարտակած 2 քննիչները այդ բարձրաստիճան պաշտոնյաներն են՝ մեկը 2015թ.-ից աշխատում է ՀՔԾ-ում, մյուսը Ձեր իշխանության ընթացքում կենտրոնի քննչական բաժնից տեղափոխվել է Քննչական կոմիտեի ՀԿԳՔ վարչություն:

    Հիմա այդ 2 պարոնները ամեն ինչ անում են, որպեսզի իրենց կողմից նախկինում կատարված օրինազանցությունները չբացահայտվեն:

  6. Որովհետև երիկամի գողերը և նրանց նպաստած բոլոր բժիշկները բարձրաստիճան պաշտոնյաներ են` գլխավոր բժիշկներ, տեղակալներ, նախարարության բաժնի պետեր, ինստիտուտների տնօրեններ, կլինիկաների սեփականատերեր և այլն, և այլն:

Այս ցանկը նույնպես հասնում է 1,5 տասնյակի:

Հարգարժան պարոն վարչապետ

Եվ չնայած այն բանին, որ այս օրինազանցությունների մասին շատ մանրամասն տեղյակ են թե՛ հանրապետության գլխավոր դատախազը, թե՛ Քննչական կոմիտեի նախագահը, սակայն այս օրինազանցությունները արդեն իսկ նշված պատճառներով առ այսօր չեն բացահայտվում:

Ավելորդ չեմ համարում նշել, որ մեր իրավապահները ականջալուր լինելու, ձեզ հաճոյանալու, ձեր բարեհաճ և բարեհամբյուր վերաբերմունքը վայելելու, իրենց հետագա կարիերան արևի տակ տեսնելու նպատակով հիմնականում բացահայտում են նախկինում կատարված այն օրինազանցությունները, որոնցից դուք տեղյակ եք և որոնց բացահայտումից բյուջե գումար է մուծվում:

Իսկ նախկինում կատարված այն օրինազանցությունները, որոնցից դուք անտեղյակ եք, կոծկում, պարտակվում, ջրվում և սղացվում են՝ ըստ հայեցողությամբ:

Դրա վառ ապացույցն է, որ 2019թ. փետրվարի 4-ին, հունիսի 3-ին, հունիսի 11-ին և 12-ին – 4 անգամ Քննչական կոմիտեի նախագահի անունով օրինազանցության մասին հաղորդագրություն եմ ուղարկել այս գործով կատարված բազմաթիվ օրինազանցություններից մի քանիսի հետ կապված:

Քննչական կոմիտեի նախագահ պարոն Գրիգորյանը չի ղեկավարվել Քր. դատ. օր.-ի 180 հոդվածով նախատեսված օրինազանցությունների քննարկման ընթացակարգով և չի ընդունել Քր. դատ. օր. 181 հոդվածով նախատեսված որոշումներից մեկը:

Դա նշանակում է, որ Քննչական կոմիտեի ՀԿԳՔ վարչությունում քննվող թիվ 13128810 քր. գործով մեկ տասնյակից ավելի օրինազանցություններ կոծկում և պարտակում են պարոն Գրիգորյանի բարձր հովանու ներքո:

Դա նշանակում է, որ նախաքննության անվան տակ, արդեն շուրջ 10 տարի քննվող գործն ընդամենը թատերական միջոցառում է: Իսկ եթե պարոն Գրիգորյանը համաձայն չէ հնչեցված կարծիքի հետ, թող քննարկեն և կայացնեն որոշում, որ նշված արարքները օրինազանցություններ չեն:

Դա նշանակում է, որ պարոն Գրիգորյանը ձեզ կեղծ հավատարմության երդում է տվել և տարեկան հարուցվելիք շուրջ 11000 քր. գործից բացահայտում է այն գործերը, որոնցից դուք տեղյակ եք, իսկ մնացած քր. գործերի հետ վարվում են կամայականության սկզբունքով:

Դա նշանակում է, որ մեր բարձրաստիճան իրավապահները, գտնվում են երիկամի համի ազդեցության տակ և իրենց հետագա կարիերան չեն պատկերացնում առանց երիկամի համի:

Դա նշանակում է, որ Քննչական կոմիտեում երիկամի համի ազդեցության տակ կորցրել են իրատեսության զգացումը և այս գործով որոշումներ կայացնելուց մտածում են մարսելու համար նախատեսված օրգանով:

Դա նշանակում է, որ ամեն բան, բացի մեկից, որ մենք ունենք Քննչական կոմիտեի նախագահ, որը չի կատարում օրենքով նախատեսված այն գործառույթները, որի համար ի պաշտոնե կոչված ու պարտավոր է:

Պարոն վարչապետ

Եթե սա կոռուպցիա չէ, ապա կոռուպցիան որն է, կոռուպցիան էլ պոզով-պոչով է լինում, բա հեղափոխության իմաստը, դերն ու նշանակությունը որն է, եթե հիմա նույնպես պետք է օրինազանցությունները պարտակվեն նախկին իներցիայով:

Եթե քննչական կոմիտեի նախագահն է խախտում օրենքները և չի տեսնում կատարված մեկ տասնյակից ավելի օրինազանցությունները, ապա ես ինչ պահանջեմ շարքային քննիչից:


Դա նշանակում է, որ արդեն իսկ նշված քննիչների կողմից կատարած օրինազանցությունները կատարվել են Քննչական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյանների ցուցումներով և ոչ ոք չի կարող հակառակը ապացուցել:

Դա նշանակում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից նախաքննության անվան տակ արդեն 10 տարի ընթացող թիվ 13128810 քր. գործով բոլոր օրինազանցությունները, նախապես համաձայնեցված են Քննչական կոմիտեի ներսում գործող օրինազանցությունները կոծկող բուրգի հետ:

Իսկ, որ օրինազանցների հայտնի լինելու պարագայում 10 տարի նախաքննության տանելը և շուրջ 2 տասնյակ հարցերի պատասխան չունենալը, օրինազանցություն է կարծում եմ կասկած չի հարուցում:


Իսկ եթե քննիչներն են կատարում կեղծիքներ, դե պատկերացրեք, թե ինչպիսի նախաքննություն է ընթացել արդեն 10 տարի այդ քննիչների կողմից:
Օբյեկտիվության տեսանկյունից քանի գրոշի արժեք ունի նրանց կողմից իրականացված նախաքննությունը պարոն վարչապետ:


Հարգարժան պարոն վարչապետ


Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ հեղափությունից 2 ամիս առաջ ԱԺ-ում հանդիպել եմ ձեզ և ձեզ տեղեկացրել կատարված օրինազանցությունների մասին: Ձեր պահանջով ձեզ եմ տրամադրել կատարված օրինազանցությունները ապացուցող – փաստող նյութեր:

Հանդիպման նպատակը եղել է այն, որպեսզի Աժ բարձր ամբիոնից ՀՀ գլխավոր դատախազին մի քուանշ ու կապույտ էլ այս գործով հայտարարեք, թե ինչու օրինազանցները իրենց պատիժը չեն ստանում արդեն 10 տարի, երբ նրանց կողմից կատարված բազմաթիվ օրինազանցությունները նախաքննական ընթացքում ապացուցվել է փաստական տվյալներով:

Բայց հեղափոխության հետ կապված դուք չկարողացաք այս հարցում օգտակար լինել, ինչին ես ըմբռնումով եմ մոտենում:

Մեծարգո վարչապետ

Ելնելով վերոգրյալիցս ձեզանից խնդրում եմ Քննչական կոմիտեի նախագահին տեղեկացնել, իրազեկել այն մասին, որ դուք այս գործով կատարված օրինազանցություններից տեղյակ եք, որպեսզի կատարված օրինազանցությունը բացահայտվի:

Հետևապես հնարավոր է ևս մի 10 տարի թաքցնեն կատարված օրինազանցությունները, քանի որ բացահայտվելուց պետք է պատասխան տան, եթե այդ օրինազանցությունները վարույթն իրականացնող մարմնին հայտնի է եղել 2009-2010թթ.-ից, և այն ապացուցվել է նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար փաստական տվյալներով, ապա ինչու են կատարված օրինազանցությունների հետ պահմտոցի խաղացել և օրինազանցներին արդեն 10 տարի մեղադրանքներ չեն առաջադրել:

24.06.2019թ. Դիմող` Կ. Կարապետյան

Հարգելի պարոն վարչապետ

Հ. Գ. -1. Հնարավոր եմ համարում, որ ժամանակի սղության պատճառով դուք այս դիմումը չկարդաք: Այդ դեպքում և ստիպված եմ լինելու ձեր անձնական էլեկտրոնային փոստին ուղարկել կատարված օրինազանցությունները փաստող փաստաթղթերի պատճենները՝ որպես ապացույց, որպեսզի դուք համոզվեք արդյոք կատարված օրինազանցությունները չեն, որը արդեն 10 տարի չի նկատում Քննչական կոմիտեն, ինչի համար նախապես հայցում եմ ձեր ներողամտությունը:

Հ.Գ -2. Ձեր վարչապետության օրոք 3 անգամ նամակով դիմել եմ ձեզ: Անգամ ձեզանից բացառության կարգով ընդունելություն եմ խնդրել:

Իմ բոլոր դիմումները վարչապետի նամակների բաժնից վերահասցեագրվել է ՀՀ գլխ. դատախազությանը: ՀՀ գլխ. դատախազությունում էլ շատ լավ տեղյակ լինելով, որ այդ դիմումները ՀՀ վարչապետը չի ընթերցել ժամանակ չունենալու պատճառով, վարչապետի նամակների բաժնից վերահասցեագրված, օրինազանցության մասին հաղորդագրություն պարունակող դիմումներին վերաբերվում են որպես մի «ճ» կարգի դիմումի: Անգամ ընթացք չեն տալիս:

Օրինակ 27.03.2019թ.-ին ես ձեզ դիմում եմ հասցեագրել:

Վարչապետի նամակների բաժնից այն վերահասցեագրվել է գլխ. դատախազությանը: Անցել է շուրջ 3 ամիս, սակայն առ այսօր չունեմ իմ դիմումի պատասխանը:
Բայց գլխ. դատախազության ցուցաբերած անտարբերությանը կանդրադառնամ հաջորդիվ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել