«Բժիշկները գիտեին, որ կվարակվեն, սակայն շարունակում էին աշխատել»․ հարցազրույց, որի հրապարակումն արգելվել է Չինաստանում |hetq.am|
13:42 - 23 փետրվարի, 2020

«Բժիշկները գիտեին, որ կվարակվեն, սակայն շարունակում էին աշխատել»․ հարցազրույց, որի հրապարակումն արգելվել է Չինաստանում |hetq.am|

hetq.am: Փետրվարի 18-ին՝ երեքշաբթի օրը, կորոնավիրուսից մահացել է Չինաստանի Ուհան քաղաքի կենտրոնական հիվանդանոցի ղեկավար Լյու Չժիմինը։ Ավելի վաղ, փետրվարի 7-ին, մահացել էր նրա գործընկեր Լի Վենլյանը, որն առաջինն էր հայտնել նոր հիվանդության տարածման մասին։ Երկու բժիշկներն էլ վարակվել էին սուր թոքաբորբով, երբ օգնում էին պացիետներին։ Համաճարակի սկզբից ի վեր հազարավոր չինացի բժիշկներ փաստացի աշխատում են առանց հանգստյան օրերի և օգնելով հիվանդներին, իրենց ենթարկում մահացու վտանգի։ Փետրվարի սկզբին չինական «Caixin Global» պարբերականում հրապարակվել է բժիշկ Պեն Չժիյունեմի հետ հարցազրույցը, որը գլխավորում է Ուհանի համալսարանի Հարավային կենտրոնական հիվանդանոցի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը։ Բժիշկ Պենը պատմել է այն մասին, թե ինչպես է ընթանում կորոնավիրուսային հիվանդությունը և ինչ դժվարությունների են հանդիպում բժիշկները, որոնք աշխատում են կորոնավիրուսով հիվանդ պացիենտների հետ։ 

- Ե՞րբ եք առաջին անգամ հանդիպել կորոնավիրուսով հիվանդ պացիենտի։

- 2020 թվականի հունվարի 6-ին։ Հիվանդը ծնունդով Հուանգանից էր, որին մի քանի հիվանդանոցներում հրաժարվել էին հոսպիտալացնել և ուղեգիր էին տվել դեպի Հարավային կենտրոնական հիվանդանոցի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։ Ես ներկա էի բժշկական կոնսուլտացիայի ժամանակ։ Այդ պահին պացիենտի վիճակը ծանր էր, նա դժվարությամբ էր շնչում։ Ես միանգամից հասկացա, որ նրա մոտ հենց այդ հիվանդությունը պետք է ախտորոշվի։ Մենք երկար քննարկում էինք, թե արդյոք ընդունենք այդ պացիենտին։ Եթե մենք այդ չանեինք, ապա նա գնալու այլ տեղ չէր ունենա։ Եթե մենք այդ անեինք, ապա մեծ կլիներ հավանականությունը, որ հիվանդությունը կդառնա վարակիչ՝ մյուս պացիենտների համար։ Մենք պետք է պահպանեինք շատ խիստ կարանտին։

Եկանք այն որոշման, որ աշխատանքային օրվա ավարտին կընդունենք պացիենտին։ Ես զանգահարեցի հիվանդանոցի գլխավոր բժշկին և զեկուցեցի իրավիճակի մասին, ներառյալ այն փաստը, որ մենք պետք է մյուս հիվանդներից ազատեինք հիվանդասենյակը և այն հարմարացնեինք սուր շնչառական հիվանդությամբ տառապող հիվանդներին ներկայացվող պահանջներին։ Վերջինս ենթադրում էր ստեղծել վարակի գոտի, բուֆերային հատված, մաքրման տարածք, ինչպես նաև բուժաշխատողների հատվածի առանձնացում պացիենտների հատվածից։

Հունվարի 6-ին, երբ պացիենտը գտնվում էր անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում, կարանտինի հետ կապված, իրականացրել ենք բաժանմունքի վերասարքավորում, ինչպես նաև մասշտաբային փոփոխություններ ենք իրականացրել վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Հարավային կենտրոնական հիվանդանոցի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում առկա են 66 մահճակալներ։ Մենք կորոնավիրուսով հիվանդ պացիենտների համար տեղ էինք հատկացրել։ Ես գիտեի հիվանդության վարակիչ լինելու մասին։ Մենք ենթադրում էինք, որ նոր մարդիկ կդիմեն մեզ, դրա համար էլ առանձնացրել էինք 16 մահճակալներ։

Մենք կարանտինային վերակառուցում էինք իրականացրել ինֆեկցիոն հիվանդություններով պացիենտների հատվածում։ Քանի որ շնչառական հիվանդությունները տարածվում են օդակաթիլային ճանապարհով, ապա օդը նույնպես պետք է գտնվեր կարանտինի մեջ, որպեսզի դուրս չգար իզոլացված տարածքից։ Այդ ժամանակ շատերը խոսում էին, որ վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում պետք է լինեն սահմանափակ թվաքանակով մահճակալներ, իսկ 16 մահճակալների թիվը խիստ մեծ քանակ էր։ Ես պնդեցի, որ այդ թիվն այդքան էլ մեծ չէ։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել