Բռնության որեւէ դեպք, որեւէ քարոզ, ատելության որեւէ դրսեւորում ՀՀ-ում տեղ չունի եւ չպետք է ունենա. Փաշինյան
07:02 - 05 հունիսի, 2019

Բռնության որեւէ դեպք, որեւէ քարոզ, ատելության որեւէ դրսեւորում ՀՀ-ում տեղ չունի եւ չպետք է ունենա. Փաշինյան

news.am։ Մեզ համար մեծագույն խնդիրներից մեկը եղել եւ շարունակում է մնալ բռնությունից զերծ հանրության ձեւավորումը: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումների մեկնարկին իր խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես կարծում եմ, որ ՀՀ-ում հենց այդպիսի միջավայր է ձեւավորված: ՀՀ-ն բռնությունից զերծ երկիր է, մենք պետք է ինստիտուցիոնալ առումով ձեւավորենք բռնությունից զերծ հանրության տեսլականը եւ բռնության այն քարոզը, որ կա ՀՀ-ում, դա իմ գնահատմամբ, լուսանցքային երեւույթներ են, հետցնցումային երեւույթներ են եւ որեւէ կասկած չկա, որ բռնություն քարոզող եւ բռնությամբ գործող ուժերը եւ անձինք, անկախ նրանից՝ իշխանության համակիրներն են, թե ընդդիմության, նրանք դուրս են մղվելու ՀՀ հանրային եւ քաղաքական կյանքից:

Իհարկե, եթե դուրսմղման պրոցեսը տեղի կունենա հանրային պրոցեսների արդյունքում, դա այլ պատմություն է, իսկ եթե պետք է իրավապահ մարմիններն արձագանքեն դրան, դա բոլորովին այլ գործընթաց է»,-ընդգծեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ այստեղ նաեւ ԱԺ-ի աջակցությամբ պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ առումով իրավապահ մարմինների աշխատանքը լինի արդյունավետ:

«Ուզում եմ հստակ արձանագրել, որ որպես ՀՀ վարչապետ խստորեն դատապարտում եմ բռնության որեւէ դրսեւորում: Բռնության որեւէ դեպք, որեւէ դրսեւորում, որեւէ քարոզ, ատելության որեւէ դրսեւորում ՀՀ-ում տեղ չունի եւ չպետք է ունենա: Կարծում եմ՝ այս առումով ՀՀ-ում կա հանրային կոնսենսուս եւ դա պետք է արտահայտվի պետական ինստիտուտների գործունեության մեջ»,-իր խոսքն ամփոփեց վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել