Գարեգին Բ-ն Զուրաբիշվիլիի հետ քննարկել է Վրաստանում հայկական սրբավայրերի պահպանության խնդիրը
12:48 - 14 մարտի, 2019

Գարեգին Բ-ն Զուրաբիշվիլիի հետ քննարկել է Վրաստանում հայկական սրբավայրերի պահպանության խնդիրը

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսնմ այսօր՝ մարտի 14-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից  հայտնում են, որ ողջունելով Վրաստանի նախագահի այցը Հայաստան եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածին` Նորին Սրբությունը կարեւորեց երկու երկրների ղեկավարների միջեւ հանդիպումները, որոնք նպաստում են հայ-վրացական բարեկամական կապերի առավել ամրապնդմանը: Վեհափառ Հայրապետը ողջունեց երկու երկրների միջեւ ընդլայնվող գործակցությունը` այն համահունչ նկատելով դարավոր բարեկամությանը:

Նորին Սրբությունը հաստատեց, որ երկու ժողովուրդների բարեկամության մեջ առանձնակի դերակատարություն է ունեցել քրիստոնեական հավատքն ու արժեհամակարգը. երկու ժողովուրդներն էլ իրենց պատմության ընթացքում հավատքի շնորհիվ կարողացել են հաղթահարել բազում փորձություններ ու դժվարություններ: Գարեգին Բ Հայրապետը կարեւոր նկատեց ներկա ժամանակներում քրիստոնեական նույն արժեհամակարգի անաղարտ պահպանությանն ուղղված ջանքերը եւ այդ գործում իշխանությունների զորակցությունը:

Իր խոսքում Նորին Սրբությունը մասնավոր անդրադարձ կատարեց Վրաստանում հայկական սրբավայրերի ու մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին` հույս հայտնելով, որ դրանք վրաց իշխանությունների հոգածությամբ կգտնեն իրենց լուծումը:

Իր հերթին նախագահ Զուրաբիշվիլին ուրախություն հայտնեց Հայաստան իր երկրորդ այցի առիթով, ապա անդրադարձավ Վրաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին: Խոսելով տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին` Վրաստանի նախագահը նշեց, որ խաղաղությունն այլընտրանք չունի: Տիկին Զուրաբիշվիլին նաեւ անդրադարձ կատարեց երկու երկրների միջեւ առկա համագործակցությանը եւ դրա զարգացման հեռանկարներին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել