Գարնանային ցրտահարության ռիսկի համար ապահովագրական պայմանագիր կնքելու ժամկետը երկարաձգվել է մինչեւ փետրվարի 21-ը
12:16 - 19 փետրվարի, 2020

Գարնանային ցրտահարության ռիսկի համար ապահովագրական պայմանագիր կնքելու ժամկետը երկարաձգվել է մինչեւ փետրվարի 21-ը

Հանրապետության մարզերում գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի իրազեկման շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները փետրվարի 18-ին Արագածոտնի  մարզպետարանում կազմակերպել են հանդիպում համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանը, ոլորտի այլ պատասխանատուներ:

Ներկայացնելով ոլորտում իրականացվող պետաջակցության 12 ծրագրերը` Իռա Փանոսյանն առանձին անդրադարձ է կատարել նախարարության նոր նախաձեռնություններին, այդ թվում` ՀՀ-ում 2019-2024թթ․-ի տավարաբուծության զարգացման, փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման և Հայաստանի Հանրապետությունում 2019-2023թթ.-ի ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրերին։

«Սրանք այն ծրագրերն են, որոնք միտված են գյուղատնտեսության  ոլորտում ինտենսիվության և արտադրողականության բարձրացմանը։ Ծրագրերը կնպաստեն գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանը՝ հետագայում խթանելով նաև բարձրարժեք գյուղատնտեսության զարգացումը», - իր խոսքում նշել է Իռա Փանոսյանը:

Իր խոսքում նա հավելել է, որ մարզային այցերի ընթացքում ֆերմերներն առավել մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հատկապես նոր ծրագրերի հանդեպ:

Անդրադառնալով գյուղատնտեսության ապահովագրության նոր ծրագրին` Իռա Փանոսյանն ընդգծել է, որ Արագածոտնի մարզի ֆերմերները կարող են ապահովագրել ծրագրում ընդգրկված բոլոր մշակաբույսերը: Նա նաև նշել է, որ ծրագրից օգտվելու համար հարկավոր է դիմել «Ինգո Արմենիա», «Ռոսգոսստրախ-Արմենիա» կամ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերություններ:

Նախարարության ներկայացուցիչը հիշեցրել է, որ գարնանային ցրտահարության ռիսկի համար ապահովագրական պայմանգիր կնքելու ժամկետը երկարաձգվել է մինչև փետրվարի 21-ը:

Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության պետի տեղակալ Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագիրը, որի շրջանակում կաթիլային ոռոգման և անձրևացման համակարգերի ներդրման համար պետական աջակցություն է ցուցաբերվում գյուղատնտեսական մշակաբույսերի մշակությամբ զբաղվող տնտեսվարողներին:

Իրազեկման արշավը կշարունակվի հանրապետության այլ մարզերում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել