Գյումրիում աղբահանության վարձավճարը 50 դրամով թանկանում է. ավագանին որոշում է կայացրել |factor.am|
11:29 - 11 դեկտեմբերի, 2019

Գյումրիում աղբահանության վարձավճարը 50 դրամով թանկանում է. ավագանին որոշում է կայացրել |factor.am|

factor.am: Գյումրիում աղբահանության վարձավճարը թանկանում է՝ 100 դրամից դառնալով 150 դրամ։ Նման որոշում է կայացրել համայնքի ավագանին: Այսինքն՝ կենցաղային աղբի համար, ըստ հաշվառված անձանց քանակի, հաշվառում ունեցող յուրաքանչյուր բնակիչ ամեն ամիս վճարելու է 150 դրամ:

Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում կամ շինություններում աղբահանության վճարը սահմանվոմ է՝ ըստ շինության մակերեսի, որի համար էլ գործում են տարբեր դրույքաչափեր:

Մասնավորապես, առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների պարագայում մեկ քառակուսի մետր մակերեսի համար նախատեսված է 75 դրամ, հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների պարագայում՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 50 դրամ, վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների պարագայում՝ 20 դրամ, իսկ ահա գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների պարագայում՝ 10 դրամ։

Աղբահանության վճարի թանկացման պատճառներից մեկը ծառայությունների ավելացումն է, փողոցներմ ասֆալտապատվել են և հավելյալ աշխատուժի կարիք կա։ Բացի այդ՝ աղբահանության կազմակերպման համար քաղաքապետարանը մեծ ծախսեր է անում, իսկ մուտքերը մեծ չեն: Նշվում է, որ 50 դրամի ավելացմամբ հնարավոր կլինի ինչ-որ կերպ ծախսերը փոխհատուցել։ «Մենք հիմա մոտավորապես 90 մլն տալիս ենք մեր բյուջեից, որ աղբահանություն կարողանանք իրականացնել:

Ֆիզիկական անձանց հետ կապված չնչին գումար է գալիս: Հիմա, որ 150 դրամ է դարձել, ընդամենը 4-5 մլն դրամի տարբերություն է: Մենք ծավալները մեծացրեցինք, փողոցներն ավելացրեցինք, սանմաքրողներն ավելացան և, բնականաբար, աղբը պիտի տեղափոխվի։ Երկրորդական փողոց համարելով՝ չեն մտել, չեն մաքրել այնտեղ, բայց հիմա մաքրվում է: Բնականաբար, մենք պետք է կարողանանք ինչ-որ տեղից գումար ունենալ»,- ավագանու նիստում ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում չկա բնակավայր, որտեղ ֆիզիկական անձից աղբահանության համար 100 դրամ գանձվի. «Անցյալ տարի ուզում էինք 200 դրամ դարձնել, բայց քննարկեցինք, ավագանին համաձայնություն չտվեց: Ես էլ էի դեմ։ Այս տարի էլ, 4 մլն-ը մեծ թիվ չի կազմում, բայց կկարողանանք ոչ թե 94 մլն ծախսել, այլ 90 մլն»: Նշենք, որ Գյումրիում աղբահանությունն իրականացվում է ոչ թե մասնավոր ընկերությունների, այլ քաղաքապետարանի ենթակայության տակ գործող «Գյումրու կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի կողմից:

 

 



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել