Դատական համակարգը պետք է ենթարկվի խորքային փոփոխությունների. Փաշինյանը՝ առկա մարտահրավերների մասին |armenpress.am|
07:52 - 26 նոյեմբերի, 2019

Դատական համակարգը պետք է ենթարկվի խորքային փոփոխությունների. Փաշինյանը՝ առկա մարտահրավերների մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետությունում մի շարք մարտահրավերներ է տեսնում: 

Այս մասին Փաշինյանն ասաց նոյեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողովում ընթացող Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ կազմակերպված միջազգային երկօրյա համաժողովի ժամանակ իր բացման խոսքում:

«Հայաստանի Հանրապետությունն աներկբա ժողովրդավար երկիր է, բայց այդ ժողովրդավարությունը գոյություն ունի որպես էմոցիոնալ արտահայտություն, որը ձևավորվել է 2018թ. տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքում: Մենք հիմա կարիք ունենք այդ ժողովրդավարությունն ուժեղ դարձնել ինստիտուցիոնալ առումով: Այս հարցում մենք աներկբա գնալու ենք առաջ: Հաջորդ մարտահրավերը դատական անկախ համակարգի կայացումն է:

Մենք արձանագրում ենք, որ օրենսդիր, գործադիր իշխանության հետ զուգահեռ դատական իշխանությունն է նաև, որ նպաստել է մարդու իրավունքների պաշտպանության զանգվածային ոտնահարումներին: Մեր առաջնային մարտահրավերն է ունենալ անկախ դատական համակարգ: Մենք սկզբունքորեն դեմ ենք վերահսկողության տակ գտնվող դատական համակարգ ունենալուն: ՀՀ-ում դատական համակարգը վերից վար պետք է ենթարկվի խորքային բովանդակային փոփոխությունների, այնպես, որ այն լինի իրապես անկախ»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մեծ խնդիր կա նաև իրավական համակարգի աշխատանքի որակի հետ կապված:

«Դրանք օբյեկտիվ են, որովհետև այդ համակարգերն աշխատել են մի պայմաններում, որոնք իրենց խորքում հակոտնյա են եղել մարդու իրավունքների պաշտպանությանը, այս ողջ բարեփոխումների համատեքստում մեզ համար առանցքային է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը»,- նշեց վարչապետը:

ՀՀ վարչապետը հավելեց, որ այս խնդիրների լուծումը պետք է լինի ՀՀ կառավարության և Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի համատեղ աշխատանքի արդյունքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել