Դժվար է կրթության հետ համագործակցող գործատուներ գտնել [Միջին մասնագիտական կրթություն, խնդիրներ, աշխատաշուկա․ ՄԱՍ 1-ին]
13:17 - 15 հունիսի, 2019

Դժվար է կրթության հետ համագործակցող գործատուներ գտնել [Միջին մասնագիտական կրթություն, խնդիրներ, աշխատաշուկա․ ՄԱՍ 1-ին]

Մարիամ Նաջարյանը սովորում է Երևանի հենակետային բժշկական քոլեջում՝ Քույրական գործ բաժնում։ Մասնագիտությունն ու կրթական հաստատությունն ինքն է ընտրել․ «քանի որ մայրս նույն հաստատությունում է սովորել, ինձ մոտ նույնպես հետաքրքրություն առաջացավ ուսումնասիրել այդ ոլորտը»,-պատմում է Մարիամը։ Կրթության որակը բարձր է գնահատում՝ նշելով, սակայն, որ ինչպես ուսումնական բոլոր հաստատություններում, այնպես էլ այստեղ կան նաև բացեր։

«Դրական կողմերից են դասախոսների լավ պատրաստված լինելը, գիտելիքների մատուցման լավ որակը։ Նրանք կիսվում են իրենց պրակտիկայով․ դասախոսների 40 տոկոսն աշխատել են հիվանդանոցներում և եղել բժիշկներ»,-շեշտում է Մարիամը։

Նրա խոսքով, իր մասնագիտությունը շատ է սիրում և մեծ ցանկություն ունի աշխատելու, ինչն էլ պատրաստվում է անել քննությունները հանձնելուց և դիպլոմ ստանալուց հետո։ Մարիամն ասում է, որ իրենց քոլեջն ավարտած ուսանողները աշխատանք գտնում են՝ կախված մի քանի հմտություններից․ «Կախված ուսանողի գիտելիքներից, քանի որ հիվանդանոց ընդունվելիս նորից է պետք քննություն հանձնել»,-նշում է նա։

Ըստ «Հայաստանում աշխատաշուկայի երիտասարդակենտրոն և գենդերազգայուն հետազոտության» 2018թ․ ամփոփիչ հաշվետվության, միջին մասնագիտական և արհեստագործական կրթություն ունեցող զբաղված երիտասարդների կեսից ավելին համարում են, որ ձեռք բերված տեսական գիտելիքը և մասնագիտական հմտությունները ընդհանրապես կամ հիմնականում չեն համապատասխանում ներկայիս աշխատանքի պահանջներին։

Լիլիթ Պետրոսյանն արդեն 1 ամիս է՝ աշխատում է Սպիտակ քաղաքի հիվանդանոցում։ Աշխատանքի ընդունվել է մրցույթով՝ ընտրվելով մոտ 30 թեկնածուներից։ Ավարտել է Վանաձորի պետական բժշկական քոլեջը՝ գերազանց առաջադիմությամբ։

Լիլիթը կարծում է, որ բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտելու դեպքում գիտելիքների առումով գուցե որոշ տարբերություններ լինեին, սակայն ընտրել է քոլեջը․ «Սիրում էի այս մասնագիտությունը, որոշեցի դիմել հենց այս հաստատություն»,-ասում է Լիլիթը։ Նրա կարծիքով քոլեջը փախանցել է համապատասխան մասնագիտական հմտություններ, որ հետագայում նաև հնարավորություն է տվել աշխատել մասնագիտությամբ․ «Տեսնում էինք, սովորում էինք, եթե հնարավորությունը կար, մենք էլ էինք այդ աշխատանքներին մասնակցում»,-պատմում է նա՝ ավելացնելով․ «Բուժքույրի մասնագիտությունը միշտ էլ պահանջված է։ Բայց, միևնույն է, հիմա աշխատանք գտնելը այնքան էլ հեշտ չէ բոլոր ոլորտներում։ Սակայն հույս ունեի, որ ավարտելուց հետո կաշխատեմ ու ստացվեց»։

Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին ՀՀ օրենքում միջին մասնագիտական ուսուցումը սահմանվում է որպես առնվազն հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում, իսկ մասնագիտական ուսուցումը՝ որպես մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների յուրացմանն ու օգտագործմանը նպատակաուղղված ուսուցման գործընթաց։

Այս կրթության նպատակը միջին մասնագիտական որակավորմամբ կադրերի պատրաստումն է։ Միջին մասնագիտական կրթությունն իրականացվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ քոլեջներում, ուսումնարաններում։

Ըստ հանրակրթական ուսումնական հաստատությունների վիճակագրական տվյալներիհանրապետության միջին մասնագիտական 93 պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններում 2017/2018 ուսումնական տարում ընդունվել է 8 554 , սովորել` 23 063, ավարտել` 7 164 մարդ:

Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների՝ իրենց մասնագիտությամբ աշխատելը կախված է մի շարք գործոններից․ մասնագիտություն, շուկայի պահանջներ և այլն։

Միջին մասնագիտական կրթության և ուսուցման, աշխատաշուկայի հետ կապի մասին զրուցել ենք ՀՀ ԿԳՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանի և կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։

Ոլորտի պատասխանատուի կարծիք․ ՀՀ ԿԳՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյան

Հայաստանում նախնական մասնագիտական կրթության և միջին մասնագիտական կրթության հաստատություններում այս պահին սովորում է մոտ 30000 ուսանող։ Հաստատությունների թիվը մոտավորապես 100-ն է։ Դրանց մեջ ընգրկված են քոլեջները, ուսումնարանները և ԲՈՒՀ-երը, որոնք իրականացնում են միջին մասնագիտական ծրագիր։ Այսինքն, ունենք ԲՈՒՀ-եր, որոնք իրենց մեջ ունեն քոլեջներ, օրինակ՝ Ճարտարագիտական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության համալսարանը, Տնտեսագիտական համալսարանը, Բժշկական համալսարանը․ մարզային բուհերն իրենց մեջ ունեն միջին մասնագիտական կրթական ծրագրեր և այլն։

Ներքին վիճակագրություն ունենք, թե ուսանողներից քանիսն են ավարտելուց հետո աշխատանք գտել։ Վերջին երկու տարիներին մեր՝ նախարարության նախաձեռնությամբ ուսումնասիրություն ենք արել, թե ուսանողներից քանիսն են ավարտելուց հետո աշխատանք գտել։ Մի քանի բաղադրիչ ենք հաշվի առել շրջանավարտների թվի և աշխատանք գտնողների մեջ՝ բանակ զորակոչ, արտագաղթ և ԲՈՒՀ ընդունվողներ․ կան ուսանողներ, որ կրթությունը շարունակում են ԲՈՒՀ-ում։ Նաև առանձնացրել ենք, թե ուսանողներից քանիսն են իրենց մասնագիտությամբ աշխատում, քանիսը՝ ոչ իրենց մասնագիտությամբ։ Սա ներքին ուսումնասիրություն է և կարող է հստակ թվային արտահայտություն չունենալ․ նախ մեկ տարվա կտրվածքով է, հետո անում ենք մեր ուսումնական հաստատությունների կարիերայի կենտրոնների աջակցությամբ։ Հստակ երևալու համար պիտի այդ ուսանողի, շրջանավարտի՝ գործատուի մոտ աշխատելու պայմանագիրն էլ դիտարկել։

Մի քանի տվյալներ։ Օրինակ՝ 2018 թվականին Երևանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանը 123 շրջանավարտ է ունեցել, որոնցից 12-ը ԲՈՒՀ է ընդունվել, 72-ը բանակ է զորակոչվել, 3-ը՝ մեկնել արտերկիր, 24-ն իր մասնագիտությամբ է աշխատանք գտել, 9-ը՝ ոչ իր մասնագիտությամբ։ Չի աշխատում 3 հոգի։ Գյումրիի թիվ 3 արհեստագործական ուսումնարանում 122 շրջանավարտից 58-ը իր մասնագիտությամբ աշխատում է։

Կա նաև վիճակագրություն՝ ըստ մասնագիտությունների։ Օրինակ՝ 61 հոգի ավարտել է վարսավիրական արվեստ մասնագիտությամբ, որոնցից 33-ն իրենց մասնագիտությամբ աշխատանք են գտել։

Բարձր տեխնոլոգիաների ոլորտը 3 ամենատարածված մասնագիտական կրթության ոլորտներից է միջին մասնագիտական կրթություն ունեցող երիտասարդների համար։

Պահանջված և ոչ պահանջված մասնագիտություններ։ Այստեղ շատ կարևոր է մասնագիտությունը, օրինակ՝ սպասարկման ոլորտի մասնագիտությունների դեպքում՝ խոհարար, վարսահարդար կամ հյուրանոցային սերվիսի աշխատող, գրանցվում է աշխատանքի տեղավորման ամենաբարձր ցուցանիշը։ Խոհարարության գծով աշխատանքի տեղավորման մինչև 80 տոկոս ցուցիչ ունենք։ Մասնագիտություններ կան, որոնց դեպքում աշխատանքի տեղավորման ցուցիչը բավականին փոքր է։ Սա մեզ համար կողմնորոշիչ է, որ հետագայում՝ պետպատվերը պլանավորելիս, հիմք ընդունենք այս տվյալները։

Ոչ ռեյտինգային մասնագիտություններից է, օրինակ, ֆինանսներ մասնագիտությունը։ Հաստատություններից մեկում 18 հոգի ավարտել է այս մասնագիտությամբ․ ոչ մեկն աշխատանք չի գտել։ Սա կողմնորոշիչ է եղել, որ այն աստիճանաբար տանենք պետպատվերի նվազեցման։ Վերջին 2-3 տարիներին հաշվապահություն, ֆինանսներ մասնագիտություններով ավելի շատ բարձրագույն կրթության շրջանավարտներն են աշխատում, միջին մասնագիտական հաստատություններն ավարտած ուսանողներին աշխատանքի չեն վերցնում, որովհետև գործազրկություն կա։ Այս մասնագիտությունները աստիճանաբար տանում ենք մարման, փոխարենը բերում ենք նոր մասնագիտություններ։

ՏՏ ոլորտի ընկերությունները հիմնականում չեն ընդունում աշխատանքի միջին մասնագիտական կամ արհեստագործական կրթություն ունեցող երիտասարդների և թերագնահատում են միջին մասնագիտական կրթության հնարավորությունները:

Նոր մասնագիտություններ։ Մեզ մոտ տարեցտարի նոր մասնագիտություններ են ավելանում։ Օրինակ՝ 2017 թվականին 39 հաստատությունում 54 նոր մասնագիտություն է ներդրվել։ Ներդրվում են ոչ միայն նոր, այլ նաև այնպիսի մասնագիտություններ, որոնք առաջին անգամ են դասավանդվում Հայաստանում։ Օրինակ, այս տարի կներդրվի սառնարանային տնտեսություն մասնագիտությունը։ Այս մասնագիտությունն առաջին անգամ է Հայաստանում, երբևէ չի եղել, բայց պահանջարկ կա։

Օդորակիչների լիցքավորողների, տեղադրողների, սառնարան վերանորոգողների պահանջարկ կա, բայց այդ մասնագիտությունները չեն դասավանդվել, հիմա նոր-նոր սեպտեմբերից ներդնում ենք։ Համապատասխան սարքավորումները ձեռք ենք բերել դոնորների աջակցությամբ։ Մի նոր մասնագիտություն ենք ներդնում, որ վերաբերում է ներքին շինարարական հարդարման աշխատանքներին։

Կան մասնագիտություններ, որոնք թեկուզ ցանկում եղել են, բայց լայն ներդրում չեն ունեցել, հիմա արագ տարածում ենք, մանավանդ գյուղատնտեսության մեջ՝ կաթ-կաթնամթերքի տեխնոլոգիան, պանրագործությունը, անասնաբուժությունը։

Շուկայի ամբողջական պատկերացում չունենք։ Շուկայից փորձում ենք վերցնել տվյալներ, բայց պատկերացնելու համար մեր ուսումնասիրությունն ենք իրականացնում։ Ամբողջական, հստակ պատկեր չունենանք, թե շուկան ինչի կարիք ունի 3, 5 կամ 10 տարվա կտրվածքով, որովհետև դա կանխատեսելը շատ դժվար է և շատ լուրջ ռեսուրս է պահանջում։

Փորձում ենք գործատուների հետ աշխատել։ Հունիսի 14-ին բիզնես-կրթություն համաժողով ենք անցկացնելու։ Հավաքում ենք մարզի գործատուներին, մեր հաստատություններին ու սկսում ենք երկխոսել, հասկանալ՝ ինչի պահանջարկ ունեն, ինչից են դժգոհ ՄԿՈՒ-ում, մենք ինչ կարող ենք առաջարկել, որովհետև շատ գործատուներ կան, որ անգամ չգիտեն, որ մենք կարող ենք իրենց որակյալ մասնագետներ առաջարկել։ Որակն ապահովելու համար գործատուների մասնակցությունը շատ կարևոր է։

Վերջին շրջանում սկսել ենք ակտիվ աշխատել գործատուների հետ, բավականին փոխներառման հուշագրեր, պայմանագրեր ունենք կնքված, որոնք վերաբերում են ուսումն ավարտելուց հետո աշխատանքի տեղավորմանը, պրակտիկաների կազմակերպմանը։ Պրակտիկան շատ կարևոր է։ Այս ոլորտում առանց պրակտիկայի հնարավոր չէ։

Միջին մասնագիտական կրթություն ունեցող վերապատրաստված հարցվողների 84%-ը համարում է դրանք ավելի օգտակար, քան ֆորմալ կրթությունը։

Դուալ համակարգ։ GIZ ընկերության հետ գերմանական դուալ համակարգն ենք ներդրել, որ հենց պրակտիկ ուսուցում է ենթադրում, այսինքն՝ պրակտիկ ուսուցումը կկազմի կրթության մոտ 70 տոկոսը։ Եվ արդեն 11 հաստատությունում փորձարկում ենք՝ 2017թ․-ից սկսած։ Դուալ կրթութական համակարգի դեպքում գտնում ենք հստակ գործատու, որ պատրաստ կլինի աշխատել քոլեջի կամ ուսումնարանի հետ։ Միասին մշակում ենք ծրագրերը։ Պիլոտային ծրագրեր, ուսումնական պլանն ենք կազմում համատեղ, որովհետև գործատուն պիտի ասի՝ ինչ է ուզում, ինչի պահանջարկ կա։

Ընդհանրապես, պետական կրթական, մասնագիտական կրթական չափորոշիչներում առանց գործատուի մասնակցության մենք ծրագիր չենք մշակում։ Որովհետև ինքը պիտի գա, ասի՝ ես ուզում եմ, որ խոհարար մասնագիտության համար շրջանավարտը տիրապետի այս-այս հմտություններին և գիտելիքներին։

Շատ դժվար է հանրապետությունում գործատուներ գտնել, որոնք պատրաստ են ՄԿՈՒ-ի, ընդհանրապես կրթության հետ համագործակցել։ Կան այդպիսիք, չեմ ասում չկան։ Այս պահին ունենք 1450 կնքված պայմանագրեր, բայց, ցավոք, անգամ գործատուն  չի կարող ասել, թե երկարաժամկետ՝ 3, 5 կամ 10 տարվա կտրվածքով իրեն ինչ մասնագետ է պետք։ Կարող է ասել այն գործատուն, որը խոշոր բիզնես է ներկայացնում և ունի 1000-ից ավելի աշխատատեղ։ Մնացած գործատուները, քանի որ փոքր, միջին ձեռնարկություններ են ներկայացնում, որոնց աշխատողների թիվը տատանվում է 10-50-ի մոտակայքում, տարեկան կարող են մեկ կամ երկու աշխատողի կարիք ունենալ, բայց, բնականաբար, 3 տարի չեն սպասի, որ մենք շրջանավարտ տանք։

Առաջին քառյակը միջին մասնագիտական, արհեստագործական կրթության մակարդակում՝ Առողջապահություն և դեղագործություն (23.9%), Սոցիալական գիտություններ, տնտեսագիտություն, իրավագիտություն (14.5%), Բարձր տեխնոլոգիաներ և կապ/ռադիոֆիզիկա, ինֆորմատիկա, ծրագրավորում, այլ/(12.0%), Արհեստագործություն (11.1%)։

ՄԿՈՒ համակարգը բավականին թանկ համակարգ է՝ նկատի ունենալով այն, որ քոլեջներում և ուսումնարաններում անհրաժեշտ նյութատեխնիկական բազա է պետք։ Մենք չենք կարող եռակցող պատրաստել առանց եռակցման հաստոցի, չենք կարող խառատ պատրաստել առանց հաստոցի և այլն։ ԲՈՒՀ-ում մի քիչ տեսությունն է շատ, գործնականն է քիչ։ Սովետմիության փլուզումից հետո այս համակարգը բառիս բուն իմաստով թալանվել է։ Կամ եթե չի էլ թալանվել, այդ գործիքները, սարքավորումները այնքան հին են, որ 30 տարի հետո պահանջներին չեն բավարարում։

Ենթադրենք, ավտոտեխսպասարկման մասնագետ ենք պատրաստում, մեր սարքավորումները ժիգուլի կամ մոսկվիչ մեքենայի համար են, իսկ հիմա արդեն ավելի ժամանակակից ինժեկտորային շարժիչներ, էլեկտրոմոբիլներ կան և այլն։ Մենք պիտի համահունչ գործենք, այդ սարքավորումները պիտի ձեռք բերենք, որպեսզի կարողանանք մասնագետ պատրաստել։

Շատ խնդիրներ կան։ Շենքային պայմանների խնդիրներ ունենք, սարքավորումների, համակարգիչների կարիք ունենք, բայց, այս խնդիրներով հանդերձ, կարող եմ ասել, որ վերջին տարիներին բավականին գործ արվել է Եվրամիության բյուջետային աջակցմամբ, պետական բյուջեի, տարբեր դոնոր կազմակերպությունների միջոցներով։

Այս պահին առնվազն հաստատությունների կեսից ավելիի շենքային պայմանները, նյութատեխնիկական բազան բավարարից բարձր է, բայց ունենք հաստատություններ, որ դրանց լուրջ անհրաժեշտությունն ունեն։

Դասավանդողների վերապատրաստումներ ամեն տարի լինում են։ Մենք դասավանդողների կարիք ունենք, մանավանդ՝ մասնագիտական, որովհետև մեր համակարգում պահանջվում է, որ մարդը մասնագիտական բարձրագույն կրթություն պիտի ունենա, որ կարողանա դասավանդել։

Հիմա, օրինակ, սառնարանային տնտեսություն մասնագիտությունն ենք ներդնում և շատ մեծ դժվարությամբ ենք մասնագետ գտնելու։ 

Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում հրապարակված վիճակագրության, Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի կողմից 2013-2018թթ. վերապատրաստվել է Երևանի և մարզերի ՄԿՈՒ հաստատության 143 մասնագետ: Վերջիններս շարունակաբար ստացել են մեթոդական աջակցություն և խորհրդատվություն իրենց աշխատավայրերում: Ներկայումս 91 ՄԿՈՒ հաստատություն ունի վերապատրաստված պատասխանատու:

Աշխատավարձը ցածր է քոլեջներում և գրավչության առումով՝ փոքր։ Իհարկե, կան նվիրյալներ, որոնք նույնիսկ այդ ցածր աշխատավարձով գալիս են դասավանդելու։ Բայց աշխատավարձի չափը նաև ազդում է կրթության որակի վրա։

Օրինակ՝ ոսկերչություն մասնագիտությունը։ Լավ ոսկերիչը ՀՀ-ում օրական կարող է վաստակել առնվազն 50 հազար դրամ։ Դա նվազագույնն է։ Շատ դժվար է որակյալ ոսկերչին ասել՝ արի, մեր երեխաներին ոսկերչություն սովորեցրու և ամսական ստանալու ես 80000 դրամ աշխատավարձ։ Սա ազդում է որակի վրա։

Օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություններ եմ տեսնում։ Հավանաբար նախարարությունը որոշակի փոփոխություններ առաջիկայում կնախաձեռնի։ Կան քոլեջից ԲՈՒՀ անցման խնդիրներ, օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն կա․ սա իմ կարծիքն է։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Առաջիկայում հավանաբար փոփոխությունների առաջարկներ կանենք, որպեսզի կրթության շարունակականությունը չխաթարվի։

Բացի այդ, Բարձրագույն կրթության մասին նոր օրենքով հեռական ԲՈՒՀ-երից դուրս է գալու։ Հետևաբար, քոլեջից ԲՈՒՀ անցումը, որ մեզ մոտ իրականացվում է միայն հեռակա, արդեն չի կարող կազմակերպվել, որոշակի փոփոխություններ պիտի արվեն։

Դաշտը կարգավորող օրենքներն այստեղ

Ամեն օր այս համակարգում մի լավ բան տեղի է ունենում։ Ես չեմ ասում ամեն օր լաբարատորիա ենք հիմնում, բայց յուրաքանչյուր օր մենք լավ նորություն ունենում ենք։ Մի տեղ տեսնում ենք, որ աշխատանքի տեղավորման հնարավորությունը մեծացավ, մի տեղ տեսնում ենք, որ կարճաժամկետ դասընթացներով մարզի ֆերմերներին բերել, մեր քոլեջում վերապատրաստում են, մի տեղ տեսնում ենք, որ մեր ուսանողները գինեգործության տակառը բացել են  և առաջին գինիներն են փորձում։

Մենք պիտի փորձենք առաջիկա տարիներին ձեռնարկատիրական հնարավորություն ընձեռել հաստատություններին, որպեսզի կարողանան արտաբյուջե ստեղծել, դրա հիման վրա իրենց կարիքները հոգալ և պետության վրա շատ բեռ չլինել։

Ձեռնարկատիրական մոդուլներ ենք ներդրել՝ բոլոր չափորոշիչներով, որ եթե ուսանողն ավարտելուց հետո որոշի իր սեփական բիզնեսը հիմնել, հմտություններ ունենա։ Եթե ուզում է ԱՁ կամ ՍՊԸ բացել, հասկանա, թե ինչպես պիտի արվի շուկայի ուսումնասիրությունը, ինչպես պիտի գրանցվի, հաշվապահությունն ինչպես պիտի իրականացվի և այլն։

Բոլոր հաստատություններում կարիերայի կենտրոններ ենք ստեղծել։ Հիմա փորձում ենք մի դոնորի աջակցությամբ ստեղծել կայք, որտեղ շրջանավարտը հնարավորություն կունենա իր CV-ն, իսկ գործատուն՝ թափուր աշխատատեղը տեղադրել, և փոխադարձ որոնողական համակարգով մեկը մյուսին կկարողանան գտնել։

Շարունակելի

Մարգարիտա Ղազարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել