Դիլիջանի հայտնի «Կճուճ», «Լոշ», «Թավա» ռեստորանները կանգնած են փակման վտանգի առաջ. «Որոշումներ են կայացվում՝ առանց նրբությունները հաշվի առնելու» |medialab.am|
23:19 - 22 ապրիլի, 2020

Դիլիջանի հայտնի «Կճուճ», «Լոշ», «Թավա» ռեստորանները կանգնած են փակման վտանգի առաջ. «Որոշումներ են կայացվում՝ առանց նրբությունները հաշվի առնելու» |medialab.am|

medialab.am: Դիլիջանում հայտնի և մշակույթ ձևավորած «Կճուճ», «Լոշ», «Թավա» ռեստորանների աշխատանքը խաթարվել է կորոնավիրուսով պայմանավորված երկրում և աշխարհում արտակարգ իրավիճակի պատճառով։ Սա հանգեցրել է տուրիստական նախնական ամրագրումների չեղարկման, ինչպես նաև պարտքերի կուտակման, որոնք հավաքագրվել են պասիվ սեզոնի ընթացքում։

«Այս պահին ելնելով երկրի իրավիճակից՝ մենք կանգնած ենք բազում ֆինանսական խնդիրների առջև, որը ինքնուրույն չենք կարողանում լուծել։ Մեր գործունեությունը մարզում է, իսկ մարզը ունի սեզոնայնության խնդիր։ Նոյեմբեր ամսից մեզ մոտ սկսվում է պասիվ սեզոնը, որը տևում է մինչև մարտ-ապրիլ ամիսները։ Այս պարագայում ստացվեց, որ փետրվարից արդեն իսկ մեր տուրիսատական ամրագրումները սկսեցին չեղարկվել, իսկ մարտի 16-ին հայտարարվեց արտակարգ դրություն»,- ասում է «Կճուճ», «Լոշ», «Թավա» ռեստորանների և «Հաղարծնի գաթա» նախագծի թիմի անդամ Ասյա Ավետիսյանը։

Այժմ ռեստորանի էլեկտրաէներգիան և գազը անջատել են, քանի որ կուտակվել է պարտք, ընկերությունը չի կարողանում այլևս վճարումներ կատարել․

«Մինչև ապրիլի 20-ը պետք է վճարենք հարկային պարտավորությունները, որոնք կազմում են 1 միլիոն 800․000 դրամի կարգի։ Այդ գումարի մեջ մտնում է նաև առաջին եռամսյակի շրջանառության հարկը։ Պասիվ սեզոնի արդյունքում կուտակել ենք գործընկերների պարտքացուցակ՝ մոտ 2,5 միլիոնի կարգի։ Տարածքի վարձը չենք կարողացել ամբողջությամբ տալ, իսկ մեր տված գումարով Դիլիջանի 2-3 ընտանիք է ապրում, մեր աշխատակիցներին աշխատավարձ ենք կարողացել տալ մինչև մարտի 15-ի համար, դեռ ունենք որոշակի պարտքեր, բայց դա մեր ամբողջ գումարն էր, որը կարողացել ենք տրամադրել»,- նշում է նա։

Ավետիսյանն ասում է, որ կառավարության աջակցության ծրագրերը ուսումնասիրելուց հետո ամենաօգտակարը, որ իրավիճակը հաղթահարելի կդարձնի, 3-րդ ծրագիրն էր, որին դիմել են, սակայն ստացել են բացասական պատասխան։

«Պատճառը՝ ոչ բարվոք հարկային պատմություն։ Պարզաբանման մեջ ասվում է, որ մեկ- երկու օր ուշացում ենք ունեցել հարկերի վճարման հետ կապված, այդ պատճառով է մերժվել, բայց այդ ուշացումներից հետո մենք վճարել ենք բոլոր հարկերը և տույժերը ներառյալ։ Չկա սահմանված ձև՝ ինչ է նշանակում ոչ բարվոք հարկային պատմություն»,- ասում է Ավետիսյանը։

Նա ընդգծում է, որ այժմ միակ բանը, որ կարող են անել՝ առաքումներ կազմակերպելն է․ 

«Սակայն Դիլիջանում հիմնականում սպառումներ չենք կարողանում անել, քանի որ մեր սպառողները եղել են հիմնականում Երևանի հյուրերը, որոնք հանգստացել են Դիլիջանում, կամ զբոսաշրջիկները, իսկ այս պահին ոչ ոք չկա: Եթե չլիներ նման իրավիճակ երկրում, մենք պետք է արդեն համագործակցեինք Երևանում մեր լավ գործընկերներից մեկի հետ և ներկայացված լինեինք, սակայն այս իրավիճակի պատճառով Երևանում ապրիլի 10-ից մեր մի փոքրիկ թիմով հանդես ենք գալիս առաքումներով»։ 

Ավետիսյանը նշում է, որ թեպետ Երևանում շատերն ուրախացել են՝ իմանալով, որ կարող են ռեստորանների սիրված ուտեստները պատվիրել նաև Երևանում, սակայն այս իրավիճակից ելնելով ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս պատվերներ կատարելու։

«Հաճախորդների արձագանքը ջերմ էր, դա մեզ շատ ոգևորեց և ուրախացրեց, սակայն եթե ֆինանսական տեսանկյունից վերցնենք՝ մեզ համար այդքան էլ շահութաբեր չէր: Հասկանում եմ՝ երկրի իրավիճակից ելնելով մարդիկ հնարավորություն չունեն պատվիրելու։ Դեռ չգիտեմ՝ ինչպես կստացվի»,- ասում է նա։

Ավետիսյանը նշում է, որ 8-րդ ծրագրով լրացրել են իրենց աշխատակիցների անունները, որպեսզի նրանք պետությունից փոխհատուցում, որևէ աջակցություն ստանան․

«Բայց այստեղ նույնպես խնդիր է առաջացել. մեր աշխատակիցների մի մասը՝ մատուցողները, մաքրուհիները, ձևակերպված են ոչ թե հիմնական պայմանագրով, այլ քաղաքացիական իրավական պայմանագրով, ստացվում է՝ նրանք չեն փոխհատուցվում, ոչ մի ձև աջակցություն չեն ստանում պետությունից»։

Շարունակությունը՝ medialab.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել