ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երևանին և Բաքվին կփոխանցեն գերիների վերաբերյալ իրենց առաջարկները. ՌԴ ԱԳՆ |tert.am|
12:49 - 23 մայիսի, 2019

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երևանին և Բաքվին կփոխանցեն գերիների վերաբերյալ իրենց առաջարկները. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին տարածաշրջան կատարելիք այցի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կփոխանցեն գերիների վերաբերյալ առաջարկները:

Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել են Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունից՝ պատասխանելով ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ «բոլորը բոլորի դիմաց սկզբունքով գերիների փոխանակման, այդպիսով հակամարտության գոտիներում վստահության մթնոլորտի ստեղծման և այդ գաղափարը ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակում կիրառելու» վերաբերյալ հայտարարության մասին հարցին:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս հարցով նախապատրաստել են համապատասխան առաջարկներ, որոնք նրանք մտադիր են ընթացիկ տարվա մայիսի վերջին տարածաշրջան կատարելիք այցի շրջանակում փոխանցել կողմերին»,-հայտնել են ԱԳՆ-ից:

ՌԴ ԱԳՆ-ից հիշեցրել են, որ 2010թ. հոկտեմբերին Աստրախանում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նախագահների միջև ռազմական ոլորտում վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի հարցն է քննարկվել:

«Այս նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների աջակցությամբ գերիների փոխանակման վերաբերյալ:

Բաքուն և Երևանը, բացառապես ելնելով նման հարցերի մարդասիրական բնույթից, պայմանավորվել են ապագայում առաջնորդվել այդ մոտեցմամբ: Ենթադրում ենք, որ այս պայմանավորվածությունը պահպանում է իր արդիականությունը: Գերիների փոխանակման հարցի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են»,-հայտնել են ԱԳՆ-ից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել