Եվրամիության և Հայաստանի միջեւ առկա է հաջողված համագործակցություն. ԱԳՆ
16:02 - 17 դեկտեմբերի, 2019

Եվրամիության և Հայաստանի միջեւ առկա է հաջողված համագործակցություն. ԱԳՆ

Դեկտեմբերի 16-ին Բրյուսելում կայացել է ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստեղծված ԵՄ-ՀՀ Գործընկերության կոմիտեի 2-րդ հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է Համաձայնագրի կատարման ընթացքը: Համաձայնագիրը կարևոր դերակատարում ունի ՀՀ կառավարության հավակնոտ և երկարաժամկետ ռազմավարական տեսլականին համահունչ բարեփոխումների իրականացման և երկրի արդիականացման գործում:

Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը եւ նշում, էր Եվրոպական միությունն իր գոհունակությունն է հայտնել մինչ այժմ Հայաստանի կողմից բարեփոխումների օրակարգի իրականացման առաջընթացի կապակցությամբ, մասնավորապես դատական և հակակոռուպցիոն նոր ռազմավարությունների ուղղությամբ: Միևնույն ժամանակ Եվրամիության և Հայաստանի միջև առկա է հաջողված համագործակցություն ԵՄ-ՀՀ արդարադատության երկխոսության շրջանակում: ԵՄ կողմն ընդգծել է Հայաստանի կողմից որդեգրված բարեփոխումների ուղու շարունակումը, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության ապահովման տեսանկյունից։ Բարեփոխումը պետք համապատասխանի իրավունքի գերակայության հիմնական սկզբունքներին և հիմնված լինի բոլոր շահագրգիռ կողմերի, ներառյալ՝ քաղհասարակության հետ ընդգրկուն երկխոսության և գործընկերության վրա: Որպես Հայաստանի բարեփոխումների առանցքային գործընկեր՝ ԵՄ-ն պատրաստ է տրամադրել բարեփոխումների մշակման և իրականացման, ինչպես նաև ԵՄ չափանիշներին մոտարկման ուղղությամբ կառավարության կարողությունների ուժեղացման համար անհրաժեշտ փորձագիտական և ֆինանսական հետագա աջակցություն:

Գործընկերության կոմիտեն քննարկել է նաև ՀԸԳՀ-ի իրականացման ընթացքը տրանսպորտի, էներգետիկայի և շրջակա միջավայրի բնագավառներում՝ ուղղորդելով դեպի հետագա առավել մանրամասն քննարկումների կազմակերպմանը փորձագետների մակարդակով ԵՄ-Հայաստան էներգիայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության և քաղաքացիական պաշտպանության հարցերով ենթակոմիտեի շրջանակում, որը տեղի կունենա 2020 թվականի մարտին Երևանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել