Երևանի աղբահանությանն ուղղված գումարները՝ 2019 թվականի հունվար-հուլիս ամիսների կտրվածքով
13:02 - 28 օգոստոսի, 2019

Երևանի աղբահանությանն ուղղված գումարները՝ 2019 թվականի հունվար-հուլիս ամիսների կտրվածքով

2019 թվականի ապրիլի 23-ին Երևանի ավագանու որոշմամբ ստեղծվեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը: Հիմնարկի և «Սանիթեք» ընկերության աշխատանքներն ընթանալու են միաժամանակ:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը սույն թվականի հուլիսի 11-ին «Սիվիլնեթ»-ի հետ զրույցի ժամանակ նշել է, որ իր գալու առաջին օրվանից կարող էր «Սանիթեք» ընկերությանն ասել, որ գնան, սակայն իր քայլերը պետք է այնպես լինեն, որ դատարանում հայտնվելու դեպքում միլիոնավոր տույժեր չվճարի Հայաստանի Հանրապետությունը, քանի որ «Սանիթեք»-ը միջազգային ընկերություն է և ներդրում է կատարել:

Քաղաքապետի վերոնշյալ բացատրությանն ի հակառակ՝ ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը նշել էր. «Պայմանագրային պարտավորությունների ձախողումը «Սանիթեք»-ի կողմից ակնհայտ է, ինչպես նաև ակնհայտ է, որ իրենց բարձրաձայնած խնդիրները ևս ունեն օբյեկտիվ կողմ, այն մասով, որ ունենք վնասվող աղբամաններ, ունեինք աղբավայր որտեղ ելք ու մուտքը մեքենաների համար վտանգավոր էր և վնաս էր առաջացնում, և ակնհայտ էր, որ պետք էր վերանայումներ իրականացնել քաղաքապետարանի և Սանիթեքի համագործակցության շրջանակներում: Դրա տեղի չունենալուց հետո քաղաքապետարանը ներկայումս ունի մեկ ելք՝ լուծել պայմանագիրը: Հակառակ դեպքում ստացվում է, որ մենք մի քանի միլիարդ վճարում ենք մեր համայնքային հիմնարկին՝ աղբահանություն իրականացնելու համար և շարունակում ենք, ինչպես քաղաքապետը նշեց, իրենց գումարները կոպեկ առ կոպեկ վճարել...»:

Infocom-ը որոշեց պարզել, թե  Երևանի քաղաքապետարանի կողմից որքան գումար է վճարվել «Սանիթեք» ընկերությանը 2019 թվականի հունվար-հուլիս ամիսներին և որքան գումար է տրամադրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկին: Տվյալները տրամադրվել են Երևանի քաղաքապետարանի կողմից սույն թվականի օգոստոսի 22-ի դրությամբ՝ նախորդ ամիսների համար:

Ինչպես կարող ենք տեսնել ստորև ներկայացված գրաֆիկներից, համայնքային հիմնարկի շահագործումից հետո Երևանի քաղաքապետարանը վճարել է հուլիս ամսին՝ 595 հզ. ՀՀ դրամի չափով: «Սանիթեք» ընկերությանը մարտ ամսից վճարվել է պայմանագրով նախատեսված գումարից պակաս՝ կապված ընկերության նկատմամբ կիրառվող տույժերի հետ: «Սանիթեք» ընկերության նկատմամբ կիրառվել է 90 մլն 519 հզ. ՀՀ դրամի տույժ՝ մարտ-հունիս ամիսների կտրվածքով: 

Ի հավելումն նշենք, որ համայնքային հիմնարկի աշխատանքային գործունեության համար գնվել են աղբատար մեքենաներ և աղբամաններ, որոնց քանակությանը և գներին կանդարադառնանք առանձին հոդվածով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել