Երևանում կստեղծվի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկ» |hetq.am|
12:47 - 23 ապրիլի, 2019

Երևանում կստեղծվի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկ» |hetq.am|

Երևանի ավագանու այսօրվա նիստում հաստատվեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկ» ստեղծելու մասին որոշումը: Նիստին զեկույցով հանդես եկավ քաղաքապետի առաջին տեղեկալ Հրաչյա Սարգսյանը:

Հիմնարկի նպատակն է Երևանի վարչական տարածքի աղբահանության և սանիտարական մաքրման (ներառյալ՝ ձմեռային ամիսներին) աշխատանքների ապահովումը , քանի որ աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերությունն լիովին չի կատարում պարտավորությունները:

Այս որոշման համաձայն՝ քաղաքապետարանը կդառնա աղբահանություն իրականացնող 2-րդ օպերատորը:

Հիմնարկի հիմնական խնդիրներն են հետևել աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների պարտադիր և պարբերաբար իրականացմանը, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա աղբի բացասական ներգործության նվազեցմանը և չեզոքացմանը:

Նիստի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն ավագանու անդամ Հռիփսիմե  Առաքելյանն ասաց, որ հանդիպել է «Սանիթեք»-ի ղեկավարության հետ․ խոսակցության ընթացքում ընկերությունը տեղեկացրել է, որ պայմանագրերի դրույթների խախտումներ տեղի են ունեցել նաև քաղաքապետարանի կողմից:

Հայտարարությանն ի պատասխան՝ Հայկ Մարությանն ասաց. ««Սանիթեք»-ը բազմաթիվ հարցերի մասին է բարձրաձայնում, բայց խորհուրդ կտամ նրան ուղղակի քաղաքը մաքրել: Կարծում եմ՝ չպիտի մենք ասենք, որ խնդիր ունենք աղբահանության հետ կապված, ես պաշտոնապես հայտարարում է , որ «Սանիթեք» ընկերությունից ոչ մի հղում չենք ստացել, թե քաղաքապետարանի կողմից ինչ պայմանագրային խախտում է արվել: Նրանք նշել են աղբավայրի վիճակի մասին, բայց մեր ղեկավարության ժամանակ դեպի բացասական փոփոխություններ տեղի չեն ունեցել»:

Ըստ Մարությանի՝ երբ իրենք իշխանության գլուխ են եկել, աղբահանության խնդիրը ժառանգություն են ստացել, իսկ հիմա փորձում են բոլոր մանրուքները հաշվի առնելով՝ հասնել խնդիրների լուծմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել