Կառավարության սխալ որոշում, չկայացած գործուղում և անձնական օգնականի օբյեկտիվ անհրաժեշտություն
16:56 - 11 մարտի, 2020

Կառավարության սխալ որոշում, չկայացած գործուղում և անձնական օգնականի օբյեկտիվ անհրաժեշտություն

Լուսանկարը՝ Զարուհի Բաթոյանի քրոջ՝ Սյուզաննա Բաթոյանի ֆեյսբուքյան էջից

«Իրականում» լրատվականն այսօր հրապարակել է նյութ, որտեղ նշված է, որ Կառավարության e-gov.am կայքում հրապարակված վարչապետի որոշման համաձայն՝ 2020 թվականի մարտի 8-15-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Նյու Յորք և Վաշինգտոն քաղաքներ է գործուղվելու կառավարական մի պատվիրակություն, որի կազմում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նրա ռեֆերենտ Անի Ավետիսյանը, Աշխատանքի եւ սոցալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը, եւ նախարար Բաթոյանի քույրը՝ Սյուզաննա Բաթոյանը:

Ինչպես նշել է կայքը՝ վարչապետի որոշումից տեղեկանում ենք, որ Սյուզաննա Բաթոյանի ԱՄՆ գործուղման ծախսերը՝ օրապահիկ, գիշերակաց եւ ճանապարահածախս, հոգացել են ՀՀ պետական բյուջեի հաշվին:

Պաշտոնյաներն ու Բաթոյանի քույրը, սակայն, գործուղման չեն մեկնել։ Նախարարը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Հայաստանի պատվիրակությունը ԱՄՆ չի մեկնել հայտնի վիրուսի պատճառով:

ՀՀ վարչապետի համապատասխան որոշման մեջ նշված է, որ նախարար Զարուհի Բաթոյանի գործուղման ճանապարհածախսը հոգալու էր հրավիրող կողմը՝ ՄԱԿ-ի գրասենյակը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը մեր հարցին ի պատասխան հայտնեց, որ նախարարի եւ նրա անձնական օգնականի համար միեւնույն չվերթի համար տոմսերի ամրագրման գործընթացում ՄԱԿ-ի գրասենյակը պատրաստակամություն է հայտնել հոգալու նաեւ Սյուզաննա Բաթոյանի ճանապարհածախսը, իսկ պետական բյուջեի հաշվին նախատեսված էր միայն գիշերավարձը եւ օրապահիկը: Նա նշեց, որ Զարուհի Բաթոյանը ճամփորդելիս ունի անձնական օգնականի կարիք, հատկապես, եթե խոսքը գործուղումներին է վերաբերում․

«Նախարարին ուղեկցող անձանց ծախսերը, հիմնականում, հոգացել են միջազգային կազմակերպությունները կամ հրավիրող կողմը, թեեւ պետությունն ի վիճակի է հոգալ կառավարության անդադմների գործուղման ծախսերը եւ ապահովել անհրաժեշտ պայմաններ։ Ինչ վերաբերում է պնդմանը, թե նախարարի հետ կարող էին գործուղվել նրա օգնականները, ովքեր աշխատում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, ապա ակնյատ է, որ ի պաշտոնե օգնական համարվող անձը չի կարող հոգալ նախարարի անձնական կարիքները»,- նշեց Սոնա Մարտիրոսյանը:

Սակայն վարչապետի որոշման մեջ Սյուզաննա Բաթոյանի անվան դիմաց նշված է եղել, որ նրա ծախսերն արվելու են ՀՀ պետական բյուջեով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։ Զարուհի Բաթոյանի դեպքում հստակեցված է եղել, որ ճանապարհածախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին, ինչը նշված չի եղել նրա քրոջ անվան դիմաց։ 

Ըստ այդմ, «Իրականում» կայքի հրապարակումը ճիշտ է՝ վարչապետի համապատասխան որոշումը եղել է, սակայն այցը չեղարկվել է, հետեւաբար որոշումը պետական բյուջեի հաշվին չի իրագործվել։ Infocom.am-ին կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ այցի չեղարկման վերաբերյալ որոշումը առաջիկայում կհրապարակվի կառավարության կայքում։

Բացի այս, Սոցապ նախարարության մամուլի խոսնակի պնդմամբ՝ վարչապետի որոշման մեջ տեխնիկական սխալ է եղել եւ «նախարարի անձնական օգնական» բառակապակցության փոխարեն Սյուզաննա Բաթոյանը ներկայացվել է որպես օգնական։ Սակայն Սյուզաննա Բաթոյանն ի պաշտոնե նախարարության աշխատակից եւ նախարարի օգնական չի հանդիսանում, իսկ Զարուհի Բաթոյանն, օբյեկտիվ հանգամանքներից ելնելով, առանց անձնական օգնականի չի կարող մեկնել արտերկիր․ նախարարությունում Բաթոյանի աշխատանքային օգնականը նրա կարքիները չի կարող հոգալ, նրա փոխարեն էլ մեկնում է աձնական օգնականը։

Կառավարության տեղեկավտվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից եւս նշեցին, որ վարչապետի որոշման մեջ տեխնիկական սխալ է եղել՝ անձնական «օգնական»-ի փոխարեն նշվել է օգնական։ Սակայն, վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանի պնդմամբ, այդտեղ ընթացակարգերի խախտում չկա։

Ի դեպ՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սույն թվականի փետրվարի 25-ին շրջանառության մեջ է դրել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծ, որով սահմանվում է «անձնական օգնական» հասկացությունը․

«Անձնական օգնական՝ ֆիզիկական անձ, որը տվյալ պահին գտնվում է հաշմանդամություն ունեցող անձի հետ եւ անհատույց կամ դրամական վճարումների դիմաց իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձի խնամքը կամ աջակցում (օգնում է) հաշմանդամություն ունեցող անձին՝ հաղթահարելու միջավայրային արգելքները կամ տեղաշարժվելու (այդ թվում՝ փոխադրամիջոցը վարելու միջոցով) կամ հաղորդակցվելու»։ 

Քիչ առաջ թեմայի վերաբերյալ պարզաբանում տարածեց նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։

 

ՀայԱրփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել