Թուրքիան զգաց միջազգային մեկուսացում, ի վերջո Սիրիայի սահմանապահ զորքերը պետք է կանգնեն իրենց տեղում․ Մանվել Սարգսյան
09:16 - 28 հոկտեմբերի, 2019

Թուրքիան զգաց միջազգային մեկուսացում, ի վերջո Սիրիայի սահմանապահ զորքերը պետք է կանգնեն իրենց տեղում․ Մանվել Սարգսյան

Թուրքիա-Սիրիա պատերազմական իրադրության և հետագա զարգացումների մասին զրուցել ենք քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ։

- Այսօր Թուրքիա-Սիրիա հարաբերությունները գտնվում են պատերազմական լարված իրավիճակում, որի հետևանքով նաև վտանգ է սպառնում տեղի հայությանը, ինչպե՞ս ենք պատրաստված տեղի հայերի համար անցանկալի զարգացումներին և արդյո՞ք Հայաստանը որևէ ձևաչափով կներգրավվի այս խնդրի կարգավորմանը։

- Իրավիճակը եկել է հանգուցալուծման, ԱՄՆ-ն բանակցություններից հետո ասաց, որ հեռացնում է իր զորքերը, Թուրքիան էլ ասաց, որ մտնում է Սիրիայի տարածք՝ ահաբեկիչներին հեռացնելու համար, իր իսկ անվտանգության խնդիրներն են։ Վերջինս էլ բերեց նրան, որ ԱՄՆ-ն սպառնա  Թուրքիային։ ԱՄՆ-ն  շատ կոպիտ խոսեց՝ կոչնչացնեն Թուրքիայի տնտեսությունը և այլն։ Ըստ երևույթին Թուրքիան անցավ, չնայած  պայմանավորվածությանը, և վերցրեց մոտ 120 թե 150 կիլոմետր խորության տարածք և ասաց, որ ամբողջ տարածքը՝ 400 կիլոմետրից ավելին պետք է վերցնի։ Եվ այստեղ սկսվեց մի պրոցես․ Միացյալ նահանգները ստորագրեց արդեն իր ծրագրած խոշոր պատժամիջոցները և, ինչպես սովորաբար լինում է, Ռուսաստանն է հայտնվում այդ պահերին։ 

Թուրքիայի նախագահը հանդիպեց Ռուսաստանի նախագահի հետ և ստատուս քվոն հաստատեցին, համաձայնություն եղավ՝ երկկողմանի, որը մեմորանդում է։ Այդ ստատուս քվոն պահպանվելու է՝ ինչ-ինչ պայմաններով։ Պայմանները այն էր, որ Թուքիան պետք է հայտարարեր, որ Սիրիայի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի։ Ասվել է, որ որևէ սեպարատիզմ (խմբ․՝ անջատողականություն), այդ տարածքում պետք է չլինի։ Փաստորեն ստացվեց, որ Ռուսաստան-Սիրիա՝ մի կողմից և Թուրքիան՝ մյուս կողմից ինչ որ ռեժիմ են հաստատել այդ տարածքում, այն, ինչ Թուրքիան վերցրել է, իրենց ձեռքում է մնում, դրանից դուրս արդեն Ռազմական ոստիկանությունն է։ Եվ իրավիճակը սառեց, Միացյալ նահանգներն էլ խոստացավ, որ եթե իրականություն դառնա, ուրեմն իրենք պատժամիջոցները կհանեն։

Հիմա ամբողջ խնդիրը այն է, թե  ի՞նչ կար այս ամենի ետևում։ Այս ամենի ետևում մի ֆունդամենտալ հարց կա․ «Ինչու՞ միացյալ նահանգները հանկարծակի որոշեց գնալ այդ քայլին»։ Մինչ այս որևէ բան չկար, բայց նրանք հանկարծակի հայտարարեցին, որ դուրս են գալիս։ Ինչի՞ հետ էր այն կապված․ տարբեր տեսակետներ կային։ Մինչ խնդրի հանգուցալուծումը բոլորը շատ էին խոսում, որ այս ամենի ետևում շատ ավելի մեծ խնդիրներ են լուծվում, քան կոնկրետ քրդերի հարցը, Թուրքիայի հարցը և այլն։ Տարբեր տեսակետներ կան, բայց հիմնական նպատակները ուրիշ են։ Կար տեսակետ, որ Միացյալ նահանգները խաղարկել էր ինչ որ մի խաղ, որտեղ Ռուսաստանի դերակատարությունը բարձրացրել էր ի վնաս Իրանի։ Փաստն այն է, որ Սիրիան կա, Ռուսաստանը, Թուրքիան կան, Միացյալ նահանգները մի կողմ է քաշվել, Իրանը՝ չկա, որը շատ հետաքրքիր է։

Այժմ ՆԱՏՕ- ում ինչ-ինչ խնդիրներ կան, որի հետ էլ նույնպես կապված է Միացյալ նահանգները և այս քաղաքականությունը։ Երբ արդեն այսօր նայում ենք ՆԱՏՕ-ի պետություններին, ինչ որ բաներ նկատվում են։ Առաջինը՝  այնպիսի իրավիճակ ստեղծվեց, որ օրեր առաջ միայն ԱՄՆ-ն  չի կոշտ հայտարարություններ արել։ ՆԱՏՕ-ի պետությունները հայտարարել են, որ զենք չեն վաճառելու Թուրքիային։ Միացյալ նահանգները հայտարարել է, որ իր համար միևնույն է, թէ ով այդ խնդիրը կլուծի․ լինի  Չինաստանը, լինի  Ռուսաստանը, ծաղրում է՝ լինի  Նապոլեոնը՝ ՆԱՏՕ-ից դուրս։ Բայց ՆԱՏՕ-ի երկրները ասում են՝ «Ինչու՞, մենք պետք է անենք»,  և այդ վեճը մինչ այսօր էլ շարունակվում է։ Սա ցույց է տալիս, որ իսկապես ներնատոական ինչ-որ լուրջ խնդիրներ կային և ըստ երևույթին Միացյալ նահանգների այս քայլը կապված է դրա հետ նույնպես։ Բայց, իհարկե, կերևա հետո, որովհետև այն պետք է իրականություն դարձվի․ իսկապես պետք է քրդերը հեռանան։

Քրդերի ջոկատների հեռացումն էլ կոնկրետ Թուրքիայի գրավված տարածքում բերեց դրան, որ 200 000-ից ավել փախստականներ են եղել։ Այսինքն՝ ժողովուրդը թողնում է քաղաքները, իրենց զորքերի հետ դուրս է գալիս։ Սա հարյուր հազարավոր մարդկանց խնդիր է, իսկական կատաստրոֆա։ Չմոռանանք, որ Թուրքիան այդ օրերին ասաց, որ մենք ազատելու ենք այդ տարածքը և այստեղ բերեն առնվազն մեկ միլիոն իրենց տարածքում գտնվող Սիրիայի փախստականներին։ Այսինքն ուզում էր ամբողջությամբ մաքրել այդ տները, դուրս շպրտել քրդերին և բերել արաբներին։

Այս ամենը ուժի մեջ է մնում․ դեռ պարզ չէ, թե կողմերը ինչպես են իրենց դրսևորելու։ Ռուսաստանը պաշտոնապես հայտարարել է․ «Եթե քրդերը չփորձեն դուրս գալ տարածքից, կամ փորձեն մտնել, իրենք թողնելու են դուրս գան»։ Ամեն կողմ ինչ որ բաներ է պարտադրում, որ այդ ամենը իրականություն դառնա, սա է խնդիրը։

Ինչ վերաբերում է տեղի հայերին, ապա մեր սփյուռքը հիմնականում Ղամշլույում է, որտեղ Թուրքիան չհասավ։ Հիմա մենք կարող ենք խոսել, որ հանգիստ է, բայց այդ վտանգը կար, եթե Թուքիան մտներ։ Արտաքին գործերի նախարարն էլ օրեր առաջ հայտարարել է, որ հետևում են։ 

-Ըստ Ձեզ՝ որքա՞ն կտևի հրադադարի ռեժիմը։

- Թրամփը և Էրդողանը զրուցեցին և Էրդողանը հեշտությամբ համաձայնվեց․ ինչ որ պայմանավորվածություն կա։ Բնական է՝ Թուքիան խոսելու բան չուներ։ Ի վերջո Սիրիայի սահմանապահ զորքերը պետք է կանգնեն իրենց տեղում։ Սա է խնդիրը։ Բայց այդ սահմանում՝ թուրք-ռուսական տասը կիլոմետրանոց արանքում, Ռազմական ոստիկանությունն է։ Հիմա էլ մեքենաները ավելացնում են, մարդկանց ավելացնում են։ Հիմա հարց է․  Սիրիան կարո՞ղ է դուրս գալ և կանգնել իր սահմանների վրա, որտե՞ղ կկանգնի։ Սա է կարծես թե վերջնական նպատակը։ Նույնն էլ քրդերի խնդիրն է։ Հիմա 200 000 քուրդ ուր է գնալու, հիմա նրանց վերադարձնելու են, թե ոչ։ Ռուսական կողմը հայտարարել է, որ այդ 35 կիլոմետրից հետո  բնակչությունը թող  մնա։  Բայց այդտեղ անորոշ և շատ վտանգավոր բաներ կան՝ ներսի բնակչության հետ կապված։ Մարդիկ իրենց տները թողել անապատներում են մնացել։ 

- Թուրքիան ասել էր․ «․․․եթե հրադադարի ռեժիմ պետք է կնքվի, ուրեմն որոշ տարածք պետք է հատկացվի իրեն․․․»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

- Պետք է ամեն ինչ պարզ և հստակ լինի։ Թուրքիան անում էր էքսպանսիա, տարածք էր վերցնում՝ օգտվելով նրանից, որ Սիրիայի վիճակը այդպես է, օգտվելով նրանից, որ Միացյալ նահանգները ասել է՝ դուրս եմ գալիս։ Մարդիկ բացահայտ մտնում են տարածք, և նրանց նպատակն է քրդերին հեռացնել այդ տարածքից, բերել ուրիշ ազգեր լցնել։ Թուրքիան Քուրդստանից ազատելու խնդիր ունի։ Բազմաթիվ անգամ ասվել է, որ թույլ չեն տա Սիրիայում անկախ քրդական պետության ստեղծում։ Շատ պարզ և հստակ իրենց պլանները ասում են։ Հիմա իրենք իրենց պլաններից ստիպված էին հետ կանգնել, որովհետև  նման ճնշման տակ են, որը աննախադեպ  է բոլոր երկրների համար, որ կարելի է ցանկացած պետության ստիպել հետ կանգնել ինչ-որ ագրեսիվ պլաններից։ Բայց սա չի նշանակում, որ Թուրքիան դրանից հրաժարվելու է (իմանալով Թուրքիայի բնավորությունը. քարտեզներ են տպում, անգամ պաշտոնական, ցույց տալով՝ ոնց են պատկերացնում իրենց երկիրը)։

Թուրքիայի համար  հանգիստ, հասարակ բան է, մնացած պետություններն էլ հասկացել են, թե ինչ պետության հետ գործ ունեն։  Ոչ ոք չի պաշտպանում իրեն, միայն Ադրբեջանը պաշտպանեց և Պակիսատանը, որը որտեղ ինչ խուլիգանություն կա, այնտեղ է։ Թուրքիան զգաց միջազգային մեկուսացում։ Արաբական լիգան դուրս եկավ Թուրքիայի դեմ։ Անգամ Թուրքալեզու պետությունները իրենց վրա չվերցրեցին Թուրքիայի քաղաքականությունը պաշտպանելու պատասխանատվությունը։ 

- Հայաստանը որքանո՞վ է պատրաստ ընդունել Սիրիայից եկող փախստականներին։

-Պաշտոնական ասել են, որ պատրաստ ենք։ Կարող են, չեն կարող հիմա չեմ կարող ասել, բայց պաշտոնական հայտարարություն եղել է և Թուրքիայի գործողություններին էլ պաշտոնապես դատապարտվել է Արտաքին գործերի նախարարության կողմից։

Օֆելյա Նահապետյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել