Խստորեն դատապարտում եմ «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի խափանման փորձը․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
20:49 - 04 մայիսի, 2019

Խստորեն դատապարտում եմ «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի խափանման փորձը․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Խստորեն դատապարտում եմ այսօր «Բուկինիստ» սրճարանում տեղի ունեցածը, երբ փորձ է արվել խափանել «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը: Մի գրքի, որի նպատակն է կանխարգելել երեխաների նկատմամբ սեռական բռնությունը։

Քննչական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2017 թվականին քննված սեռական բնույթի 161 հանցագործություններից 101-ը երեխաների նկատմամբ է եղել։

Բռնության դեմ պայքարի ամենաարդյունավետ ճանապարհը կրթությունն է։ Առանց ծնողների և երեխաների իրազեկությունը բարձրացնելու անհնար է պաշտպանել նրանց։

Վերը նշված կազմակերպությունը նախարարության միակ գործընկերն է, որը Հայաստանում մատուցում է մասնագիտացված ծառայություններ սեռական բռնության ենթարկված անձանց: Կազմակերպության ջանքերով 2013 թ. ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին, և ավելի խիստ պատասխանատվություն սահմանվեց անչափահասների նկատմամբ սեռական բռնության հանցագործությունների համար:

Մեր գործընկեր կազմակերպությունները, որոնք աջակցում են մեզ մեր պարտավորությունները իրականացնելու հարցում, պիտի կարողանան իրենց դժվար աշխատանքն անել մի միջավայրում, որտեղ չկա բռնություն կամ բռնության սպառնալիք իրենց և իրենց ընտանիքի անդամների նկատմամբ:

Բռնությունը չարիք է, իսկ անտեղյակությունը և ապատեղեկատվության տարածումը` պարարտ հող չարիքի արմատավորման համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել