Կառավարությունը վերլուծում է նավթի կտրուկ գնանկմամբ պայմանավորված իրավիճակը |azatutyun.am|
17:29 - 09 մարտի, 2020

Կառավարությունը վերլուծում է նավթի կտրուկ գնանկմամբ պայմանավորված իրավիճակը |azatutyun.am|

azatutyun.am: Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանն ասաց, որ Հայաստանի կառավարությունը իրականացնում է նավթի կտրուկ գնանկմամբ ու ռուսաստանյան ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված իրավիճակի համակողմանի վերլուծություն, որպեսզի ճիշտ ազդակներ փոխանցի հայաստանյան արտադրողներին ու արտահանողներին։

«Ռուսաստանի Դաշնությունը մեր հիմնական առևտրային գործընկերներից է, և մեր պատրաստի արտադրանքի զգալի մասի արտահանման շուկան Եվրասիական տնտեսական միությունն է, մասնավորապես Ռուսաստանը։ Բնականաբար, այնտեղ տեղի ունեցող փոփոխությունները չեն կարող շրջանցել մեր տնտեսությունը։ Այլ հավասար պայմաններում ռուբլու արժեզրկումը այլ հիմնական արտարժույթների նկատմամբ կարող է ազդել հայաստանյան արտադրողների մրցունակություն վրա», - նշեց Օհանյանը։

«Ամեն ինչ այս պարագայում կախված է նրանից, թե այդ փոփոխությունները որքանով են կարճաժամկետ կամ երկարաժամկետ։ Նման իրավիճակներում կարճաժամկետ գնահատականները չեն կարող արտացոլել իրավիճակի բոլոր կողմերը, ուստի մենք իրականացնում ենք իրավիճակի համակողմանի վերլուծություն, որպեսզի ճիշտ ազդակներ փոխանցենք մեր արտադրողներին և արտահանողներին։ Եվ ակնհայտ է, որ այս օրերին նկատվող զարգացումները ևս մեկ անգամ ընդգծում են մեր ապրանքների և արտահանման շուկաների դիվերսիֆիկացման կարևորությունը», - հավելեց Աննա Օհանյանը։

Անցած ժամերի ընթացքում նավթի համաշխարհային գները կտրուկ՝ ավելի քան 30 տոկոսով անկում գրանցեցին։ Նավթի Brent տեսակի մեկ բարելի (158.9 լիտր) միջազգային գինը վաղ առավոտյան հասավ 31 դոլարի։ Նման անկումը իր սրընթացությամբ երկրորդն է 1991 թվականի Պարսից ծոցի պատերազմից ի վեր։

Ամերիկյան Goldman Sachs բանկի կանխատեսմամբ, առաջիկայում նավթի գինը կարող է է՛լ ավելի իջնել՝ մոտենալով 20 դոլարի։

Սև ոսկու միջազգային գինը անկում ապրեց, երբ անցած ուրբաթ օրը Վիեննայում Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները չկարողացան համաձայնության հանգել նավթի շուկայում հետագա քայլերի շուրջ։ Ըստ Bloomberg-ի, Սաուդյան Արաբիան և OPEC երկրների մեծ մասը առաջարկում էր կրճատել սև ոսկու արդյունահանումը, ինչը թույլ կտար նավթի գները պահել որոշակի բարձր մակարդակի վրա։ Ռուսաստանը դեմ դուրս եկավ այդ գաղափարին` փաստարկելով, որ նավթի ցածր գները շուկայից դուրս կմղեն մրցակիցներին՝ թերթաքարային նավթի արդյունահանմամբ զբաղվող ամերիկյան ընկերություններին, նաև հարկադրելով ներդրողներին թողնել արդեն իսկ ֆինանսական դժվարությունների բախվող ամերիկյան նշված ձեռնարկությունները։

Նշենք, որ նավթի միջազգային գները շարունակաբար անկում են գրանցում անցած տարվա դեկտեմբերից սկզբից, երբ գրեթե 67 դոլարից նավթի Brent տեսակի մեկ բարելի գինը սկսեց նվազել, որը նախ և առաջ բացատրվում է կորոնավիրուսի տարածմամբ։

Սև ոսկու գնանկմանն այսօր հետևեց ռուսական ռուբլու արժեզրկումը։ Առավոտյան Forex-ում ամերիկյան մեկ դոլարի դիմաց արդեն տալիս էին 75 ռուբլի, երբ նախորդ օրը երեկոյան փոխարժեքը 68,5 ռուբլի էր։

Ռուսաստանի այս տարվա պետբյուջեն հաշվարկված է նավթի առնվազն 42,4 դոլար գնի հիման վրա։ Այդ երկրի Կենտրոնական բանկի սցենարներից մեկի համաձայն, եթե 2020-2022 թվականների ընթացքում նավթի միջազգային գները պահպանվեն 25-35 դոլարի շրջակայքում, ապա արդեն այս տարի Ռուսաստանի տնտեսությունը 1,5-2 տոկոս անկում կապրի։

Ի դեպ, Ադրբեջանի այս տարվա պետբյուջեն հիմնված է նավթի 55 դոլար գնի վրա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել