Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 01․04․20 (թարմացվող)
23:35 - 01 ապրիլի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 01․04․20 (թարմացվող)

23:27- Սոցիալական ապահովության պետական ծառայության առցանց դիմումների համակարգով ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված սոցիալական աջակցությունները ստանալու համար: Մինչ այդ online.ssa.am կայքում հնարավոր է ծանոթանալ աջակցության տրամադրման կարգին և չափին: [ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյան]

22:50- Նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում: Տեղեկացնում եմ բոլորիդ, որ կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցը գտնվել է կարանտինային ռեժիմում դեռևս 20 օր առաջ և մարզի տարածքում որևէ մեկի հետ շփում չի ունեցել: Ուստի հորդորում եմ խուճապի չմատնվել, պահպահել հանգստություն: Խնդրում եմ խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն ռեժիմով պայմանավորված ՀՀ Պարետի 31 մարտի 2020 N27 որոշմամբ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների պահանջները: [Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյան]

20:06- Ոստիկանության և ԱԱԾ ծառայողները սահմանված վայրերում տեղակայված անցակետերում իրականացնելու են մարդկանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու գործողություններ։ Պարետի որոշումները խախտած անձինք ենթարկվելու են օրենքով նախատեսված պատասխանատվության։ [ՀՀ ոստիկանություն]

20:00- «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ։ Ցավոք, վերջինիս տարիքի և ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը։ [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]

19:40- Ապրիլի 1-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։ Պարետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ ոստիկանական ուժերին ավելացվելու են Ազգային անվտանգության ծառայության, Ռազմական ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության ուժեր, որպեսզի կարողանան վերահսկողությունը ավելի արդյունավետ դարձնել: Նիստի մասնակիցները քննարկել են հատուկ անցակետերի տեղադրմանը, ախտահանման ու հակահամաճարակային գործողություններին և այլ առաջիկա քայլերին վերաբերող հարցեր: [ՀՀ կառավարություն]

19:16- Պարետի որոշման համաձայն՝ վեց ժամով արգելվել է հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝

1) Ա/Ձ «Նաիրա Բարսեղյան»՝ ք. Կապան, Ռ․ Մինասյան 16/5,

2) Ա/Ձ «Էլմիրա Ավթանդիլյան» ք. Կապան, Ռ․ Մինասյան 16/35,

3) Ա/Ձ «Արշալույս Սարգսյան»՝ ք. Կապան, Լեռնագործների 17

4) «Արթուր Գալստյան» ԱՁ՝ ք․ Ծաղկաձոր, Մագիստրոսի 3.

5) «Արմեն Սեդրակյան» ԱՁ՝ ք․ Ծաղկաձոր, Մագիստրոսի 2

6) «Տիտան 93» ՍՊԸ ք. Երևան, Գարեգին Նժդեհ 9/44 և  ք. Երևան, Գարեգին Նժդեհ 3/26:

19:00- Առայսօր Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Արցախի բուժհիմնարկներում Հայաստանի Հանրապետությունից եկած Արցախի երկու քաղաքացիներ մեկուսացված են և հետազոտության նպատակով նմուշառումներ են իրականացվել:

18:20- ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվի մուտքերը, ապրիլի 1-ի դրությամբ, կազմել են 822 մլն 549 հազ. 779.5 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3128:

17:58- ՔԿՀ-ներում կան թեստ հանձնողներ, բոլորի դեպքում բացասական է արդյունքը, ոչ մի վարակակիր այս պահին չունենք, կանխարգելիչ միջոցառումներ իրականացվել են տվյալ դեպքերին արագ արջագանքելու համար։ Երկար ժամանակ շահարկվում է այն հարցը, որ  ՔԿՀ-ներում այլ երկրների օրինակով պետք է համաներում իրականացնել, որովհետև շատ վտանգավոր է։ Ընդամենը խորհուրդ եմ տալիս Իտալիայում, Իրանում բեռնվածության վիճակագրական տվյալներն ուսումնասկիրել՝ 120, 150, որոշ երկրներում 200 տոկոս, իսկ Հայաստանում բեռնվածության ցուցանիշը 43-44 տոկոսի շրջակայքում է, մենք չունենք այնպիսի կրիտիկական իրավիճակ, որ դիմենք այդպիսի ծայրահեղ միջոցների։  [Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան]

17:10- Այսօր՝ ժամը 14:00-ից մարզ մտնող բոլոր ճանապարհների՝ Վարդենյանց լեռնանցքում, Սոթք- Քարվաճառ, Սևան-Երևան ճանապարհահատվածներում, դեպի Տավուշի մարզ, ինչպես նաև սահմանված բնակավայրերում գործելու են հսկիչ անցակետեր: Հսկիչ կետերում, միջմարզային և միջհամայնքային ճանապարհներին ՀՀ ոստիկանության, ռազմական ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին աջակցում են Գեղարքունիքի մարզպետարանի, ՏԻՄ-երի և առողջապահության մարզային կառույցների աշխատակիցները:Ճշգրտվում են քաղաքացիների տեղաշարժի պատճառները, կատարվում են ջերմաչափումներ և անհրաժեշտ այլ գործողություններ: Միջոցառումներն ավելի կանոնակարգված իրականացնելու և բնակչության տեղաշարժը սահմանափակելու նպատակով պատկան մարմիններն աշխատում են համագործակցված, ըստ սահմանված կարգի։  [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]

17:00- Երբ վարակակրի մասին տվյալները պարզ կլինեն, ավտոմատացված համակարգի միջոցով կբերվի որոշակի վիճակագրություն՝ շփումների քանակ, տեղակայման և զանգերի համընկնում, պարբերականություն և այլն։ Թե ինչպես են բանաձևերը գրված, ես չեմ կարող ասել։ Դրա վրա աշխատել են տվյալագետներ, վիճակագրության մասնագետներ, ծրագրավորողներ, որոնք, ուսումնասիրելով միջազգային փորձը, որոշակի բանաձևեր են մշակել։ Դա չի նշանակում, որ 100 տոկոս ճշտությամբ է լինելու, բայց բավական մեծ է ճշտության աստիճանը։ [Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան]

16:40- Մեր նպատակն է, ինչպես փոխվարչապետը երեկ նշեց ԱԺ-ում, որ միջինում մեկ անձը մեկից քիչ մարդ վարակի։ Երբ որ մենք հասցնենք այդ միջին տվյալին, նշանակում է՝ մենք ունենում ենք վերահսկելի իրավիճակ և չենք ունենում այնպիսի իրավիճակ, երբ միաժամանակ առողջապահության համակարգի վրա մեծ բեռ է կենտրոնանում, և լուրջ խնդիր ենք ունենում քաղաքացիների հանրային առողջության կամ կյանքի պաշտպանության ոլորտներում։ Նախագիծն ամբողջությամբ համաչափ է, միջամտություններն անհրաժեշտ տարրական միջամտություններ են, միանշանակ իրավաչափ նպատակներ են հետապնդում, արդարացված են և այն վերջին միջոցն են, որ գործող սահմանափակումների հետ պետք է բերեն մեր նշած ցանկալի արդյունքին։ [Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան]

16:22- 2020 թվականի պետական բյուջեով Շիրակի մարզպետարանի կառավարման ապարատին հատկացված մարտ ամսվա պարգևատրման ամբողջ գումարը՝ 8 մլն դրամ, ուղղվելու է մարզի մի շարք հաստատությունների համար ախտահանիչ և պաշտպանիչ միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաև ապրիլի սոցիալական աջակցության հոդվածով նախատեսված գումարները համալրելու նպատակին։ [Շիրակի մարզպետարան]

15։48- Հաշվի առնելով ՀՀ Պարետի որոշմամբ սահմանված՝ ՀՀ ողջ տարածքում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի ժամանակավոր սահմանափակումները՝ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության քաղաքացիները կարող են Արցախ վերադառնալ մինչև ապրիլի 2-ի ժամը 23.59-ի ժամանակահատվածը, քանի որ դրանից հետո անձանց տեղաշարժը ՀՀ ոստիկանության կողմից կսահմանափակվի: Նշված սահմանափակումից բացառություն են կազմում ՀՀ Պարետի որոշմամբ սահմանված՝ բեռնափոխադրումներ իրականացնող անձինք, ովքեր կարող են սահմանված կարգով «Արտակարգ դրության ժամանակահատվածում գործատուի տեղեկանք» և անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում ՀՀ տարածքում տեղաշարժվել (ինչպես նաև սահմանային հսկիչ կետերով անցնել) նաև ապրիլի 2-ից հետո: [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

15։35- Հայկական ԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Արթուր Գրիգորյանի խոսքով, կարանտինի ժամանակահատվածում ներդրվել է աշխատանքի և հանգստի հատուկ ռեժիմ, որը ներառում է աշխատակիցների առողջության մշտական վերահսկողություն։ Հայկական ԱԷԿ-ում ձեռնարկվում են սանիտարա-կանխարգելիչ անհրաժեշտ բոլոր միջոցները, իրականցվում է յուրաքանչյուր աշխատակցի առողջության վերահսկում, չեղարկվել են բոլոր գործուղումները և զանգվածային միջոցառուները: |24news.am|

 

15։20- որոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների, առանց որոնց հնարավոր չի լինի այդ բժշկական կենտրոններում բուժել կորոնավիրուսով հիվանդանցած մեր քաղաքացիներին: մեզ անհրաժեշտ են մինչև 55 տարեկան հետևյալ մասնագիտությամբ բուժաշխատողները, որոնք կարճատև վերապատրաստում կանցնեն հատուկ կորոնավիրուսային հիվանդության բուժման սկզբունքների վերաբերյալ և կանցնեն աշխատանքի կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող ԲԿ-ներից որևէ մեկում.
✅ ընդհանուր կամ թերապևտիկ պրոֆիլի բժիշկներ (այլ պրոֆիլի բժիշկներ նույնպես կարող են դիմել),
✅ լաբորատոր գործ մասնագիտությամբ բժիշկներ,
✅ռեանիմատոլոգներ,
✅բուժքույրեր,
✅մայրապետեր:
 Դիմելու համար խնդրում եմ ձեր ինքնակենսագրականները ուղարկել [email protected] էլ.հասցեով կամ զանգահարել 060808003 (ներքին 3101, 3102) կամ բջջային 091190875 հեռախոսահամարներով: [Արսեն Թորոսյան]

 

15։18- Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության տնօրեն, COVID 19 հարցերով Իսրայելի համակարգող, դոկտոր Աշեր Շալմոնի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի կողմից Հայաստանին հնարավոր օգնության ցուցաբերման հարցը, հստակեցվել են Հայաստանի կարիքները։ Առաջիկա օրերին Հայաստանի և Իսրայելի մասնագետների միջև կկազմակերպվի տեսաժողով՝ հետագա համագործակցության կոնկրետ ուղղությունների հստակեցման և գործնական քայլերի ձեռնարկման նպատակով։

 

15։15- ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը փոփոխություններ է առաջարկում ԱԺ կանոնակարգ-սահմանադրական օրենքում: Պատգամավորն առաջարկում է արտակարգ դրություն հայտարարելու դեպքում ԱԺ հատուկ նիստ գումարել նաև ոչ աշխատանքային օրերին: Նույնը վերաբերում է նաև ռազմական դրության դեպքում: Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ արտակարգ և ռազմական դրության ժամանակ առավել քան երբևէ անհրաժեշտ է թույլ չտալ օրենսդիր, գործադիր և դատական մարմնինների ոչ կանոնակարգված գործունեություն: |hetq.am|

 

14։24- Համապետական ընտրությունների անցկացման օրը Հանրապետության բոլոր 282 ընտրական տեղամասերում կատարվել է վերահսկողություն՝ սանիտարական վիճակի պահպանման և ախտահանիչ աշխատանքների իրականացման նկատմամբ: Քվեարկությունից հետո՝ ապիլի 1-ին, բոլոր ընտրատարածքներում իրականացվել են ախտահանիչ միջոցառումներ: [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

14։16- Ուկրաինայից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների համար այսօր մնացել է միայն ս․թ․ ապրիլի 5-ին նախատեսված Մինսկ-Երևան թռիչքից օգտվելու հնարավորությունը (տոմսերն արագ սպառվում են)։ Դեսպանությունը զգուշացնում է, որ Ուկրաինայից Մինսկի օդանավակայան հասնելը խնդրահարույց է, ուկրաինա-բելառուսական սահմանը կարելի է անցնել միայն ոտքով՝ գործող սահմանակետերի միջոցով։ Իրավիճակը փոխվում է ամեն օր․ թե՛ ուկրաինական կողմը կարող է ամբողջությամբ արգելել ելքը երկրից, և թե՛ բելառուսական կողմը կարող է արգելել կամ սահմանափակել մուտքը։ [Ուկրաինայում ՀՀ դեսպան]

 

14։03-  ՇՄ նախարարությունը կոչ է անում օգտագործված բժշկական դիմակներն ու ձեռնոցները չնետել չնախատեսված վայրերում։ Հորդորում ենք զերծ մնալ շրջակա միջավայրը աղտոտելուց, քանի որ փողոցում նետված օգտագործված դիմակը կամ ձեռնոցը շրջակա միջավայրը աղտոտելուց զատ վարակի տարածման հնարավոր աղբյուրներ են։ Օգտագործված դիմակներն ու ձեռնոցները պետք է առանձնացվեն փակ աղբամաններում՝ դրանց վրա առկա հավանական վարակի տարածումը կանխելու համար։ [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]

 

12։50- Հարգելի՛ լոռեցիներ, տեղեկացնեմ, որ այս պահի դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք: Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են: [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան]

 

11։57- ԱԱՏՄ կենտրոնական եւ տարածքային ստորաբաժանումներում իրականացվում են ախտահանման կանխարգելիչ աշխատանքներ։ Պարետի որոշմամբ հաստատված ուղեցույցի համաձայն` ախտահանում պետք է կատարվի արտակարգ դրության պայմաններում գործունեության թույլտվություն ունեցող բոլոր կազմակերպություններում։ Պետք է սահմանել կանոններ և ընթացակարգեր` օրական առնվազն երկու անգամ սահմանված ժամերի ախտահանելու տարածքը։ Ախտահաման համար կիրառել քլորի հիմքով կամ 60-80% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութեր։ [ԱԱՏՄ]

 

11։50- Երևանի մետրոպոլիտենը փակ է։ Պարետի հանձնարարականով, մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարաձգվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: Նոր որոշմամբ՝ դադարեցվել է հանրային տրանսպորտի գործունեությունը՝ բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը: [Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյան]

 

11։46- ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ նախապես ծրագրված թռիչքները Մոսկվայի օդանավակայաններցի դեպի Երևան չեղարկվել են։ Խոսքը մարտի 31-ից մինչև ապրիլի 3-ը կայանալիք թռիչքների մասին է։ Դեսպանությունը մշտական կապի մեջ է ՌԴ համապատասխան մարմինների հետ և նոր տեղեկություններ ստանալուն պես կիրազեկի քաղաքացիներին ստեղծված իրավիճակի մասին։ |panarmenian.net|

 

10:59-  01.04.2020թ․, ժամը 11։00-ի դրությամբ

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը -571
Բուժվածներ - 31
Փաստացի բուժվողներ - 537
Բացասական թեստեր - 2704
Մահվան ելքեր - 3 [ԱՆ]

 

10:47- Մեր կայքում հատուկ բաժին է ստեղծվել, որտեղ կարող եք կարդալ մանրամասներ Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման սոցիալական ծրագրերի մասին։ [Աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարար Զարուհի Բաթոյան]

 

10։28- Չնայած Հայաստանում հայտարարված արտակարգ դրությանը, որոշ քաղաքացիներ փորձում են օգտվել իրավիճակից և դիմում ապօրինությունների։ Մարտի 31-ին ապամոնտաժվեց Մաշտոցի 37 հասցեում կառուցված տաղավարը։ Ոստիկանության կողմից էլ կազմվեց համապատասխան արձանագրություն։ Կոչ ենք անում զերծ մնալ ապօրինություններից և խստագույնս պահպանել արտակարգ դրության կանոնները։ [Երևանի քաղաքապետարան]

 

10։25-  ԱՄՆ-ն կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Հայաստանին կտրամադրի 1,1 միլիոն դոլար: Դրա մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը: Հայաստանին տրամադրվող միջոցները հիմնականում կուղղվեն լաբորատոր կարողություններին և փորձագետների պատրաստման աշխատանքներին, հիվանդությունների վերահսկման, դեպքերի բացահայտման և արագ արձագանքման հետ կապված հարցերին, ինչպես նաև ռիսկի վերաբերյալ հաղորդակցության, համայնքի ներգրավման և առողջության ու հիգիենայի պահպանման խնդիրներին: |amerikayidzayn.com|

 

09:51- Արմեն Սարգսյանը ստորագրել է ԱԺ-ի կողմից ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները։ Չնայած օրենքները նախատեսում են մարդու իրավունքների զգալի սահմանափակումներ, նախագահը ստորագրել է դրանք՝ հաշվի առնելով, որ այդ սահմանափակումները Կառավարության կողմից պետք է կիրառվեն որպես բացառիկ միջոցներ և բացառապես արտակարգ դրության ժամանակահատվածում: [ՀՀ նախագահի աշխատակազմ]

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 01․04․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 31․03․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել