Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ում ապրիլի 24-ին Ցեղասպանության նվիրված բոլոր միջոցառումները չեղարկվել են |armtimes.com|
11:15 - 09 ապրիլի, 2020

Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ում ապրիլի 24-ին Ցեղասպանության նվիրված բոլոր միջոցառումները չեղարկվել են |armtimes.com|

armtimes.com: Հաշվի առնելով ներկայիս կորոնավիրուսի համաճարակից ստեղծված իրավիճակը՝ Լոս Անջելեսի միացյալ մարմինը, Միացյալ հայ երիտասարդները եւ Հայոց ցեղասպանության հանձնախումբը որոշեցին չեղարկել Ապրիլ 24-ի ոգեկոչմանն առնչվող բոլոր միջոցառումները:

Համայնքային այս երեք կազմակերպությունները ծրագրել էին՝

ա) Ուխտագնացություն դեպի Մոնթեբելլոյի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

բ) Քայլարշավ ցույց Փոքր Հայաստան, Լոս Անջելոս

գ) Բողոքի ցույց Լոս Անջելոսի թուրքական հյուպատոսության առջեւ:

Վերոհիշյալ կազմակերպությունները կայացրել են նման որոշում՝ ոչ միայն ելնելով զուտ բարոյական նկատառումներից, այլ նաեւ հետեւելով տեղական իշխանությունների առողջապահական կանոնակարգին, որոնք ստեղծվել են կորոնավիրուսի տարածումը մեղմացնելու եւ կյանքեր փրկելու համար:

Մենք շարունակում ենք մնալ հավատարիմ Հայ Դատի պահանջնրին եւ շարունակելու ենք մեր աշխատանքներն ուղված Հայոց ցեղասպանության արդար լուծորոշմանը՝ պահանջելով ճանաչում Թուրքիայի կառավարությունից, ինչպես նաեւ արդար փոխհատուցում: Թեպետ մենք չենք կարողանալու միասնական բողոքի ձայն բարձրացնել Ապրիլի 24-ին, մենք գիտակցում ենք, որ մեր միասնական աշխատանքները պետք է տարվեն տարին 365 օր: Մենք կշարունակենք լինել միասնական եւ մեր ձայնը լսելի կդարձնենք մեր 1,5 միլիոն զոհերի համար: Առաջիկա օրերին կհայտարարենք Ապրիլ 24-ի ոգեկոչման այլ ծրագրերի մասին, որոնք կփոխարինեն ավանդական հավաքներին:

Շնորհակալություն ենք հայտնում Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան պալատին եւ Սենատին Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ ճշմարտությունը եւ արդարությունը վերահաստատելու համար: Շնորհակալ ենք նաեւ իրենց անկոտրում աշխատանքների համար այս անորոշ եւ դժվար ժամանակներում:

Մենք հուսով ենք եւ աղոթում ենք, որ այս համաճարակը շուտով կվերջանա, ու մեր համայնքն է՛լ ավելի կհզորանա:

Միացյալ այս հանձնախումբը ձեզ մաղթում է ամենայն բարիք: Մնացեք միշտ առողջ եւ ապահով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել