ՀԱՊԿ երկրները միացել են պաշտպանական ոլորտում ՌԴ միջգերատեսչական փոխգործակցության համակարգին |news.am|
09:37 - 22 նոյեմբերի, 2019

ՀԱՊԿ երկրները միացել են պաշտպանական ոլորտում ՌԴ միջգերատեսչական փոխգործակցության համակարգին |news.am|

news.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ճգնաժամային արձագանքման կենտրոնը մտել է ՌԴ պաշտպանության նախարարությանը կից միջգերատեսչական փոխգործակցության համակարգ։ Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Կարեւոր է նշել, որ հաստատվել է տեղեկատվության փոխանակում ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի, ինչպես նաեւ Բելառուսի եւ Ղազախստանի կենտրոնական հրամանատարական կետերի հետ»,- ասել է Շոյգուն՝ բացելով V գիտագործնական համաժողովը՝ նվիրված միջգերատեսչական եւ տեղեկատվական փոխգործակցությանը պաշտպանության ոլորտի խնդիրների լուծման ժամանակ։

Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ բարեկամները եւ դաշնակիցներն առաջին անգամ են միացել նման աշխատանքի։

«Դա վկայում է այն մասին, որ մեր աշխատանքի ուղղություններն անընդհատ ընդլայնվում են»,- նշել է ՊՆ նախարարը։ Նրա խոսքով՝ անցած հինգ տարիներին կատարելագործվել է միջգերատեսչական փոխգործակցության համակարգի իրավական բազան։

Համաժողովի հանդիսավոր բացման արարողության ժամանակ Շոյգուն ողջունել է նախարարությունների եւ գերատեսչությունների, գործադիր իշխանության մարմինների եւ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք հավաքվել են, որպեսզի քննարկեն պաշտպանության ոլորտում համատեղ աշխատանքի համակարգման հրատապ ուղղությունները։

«Ստեղծվել է տեխնոլոգիական ենթակառուցվածք, որը միավորում է 55 նախարարություն եւ գերատեսչություն։ Գործում է Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների հետ փոխհարաբերությունների արդյունավետ համակարգ։ Դա ամեն տարի հաստատվում է ռազմավարական հրամանատարա-շտաբային զորավարժությունների ժամանակ, որոնց մասնակցում են երկրի բոլոր տարածաշրջանները»,- ընդգծել է նախարարը։

Սպառազինությունների պետական ծրագիրը

Շոյգուն տեղեկացրել է նաեւ, որ մեծ ուշադրություն է հատկացվում սպառազինությունների պետական ծրագրի իրականացմանը։ «Կոնցեռնների եւ միավորված կորպորացիաների հետ համատեղ իրականացվում է պետպատվերի կատարման ամենօրյա մոնիթորինգ»,- ասել է ռազմական գերատեսչության ղեկավարը։

Նրա խոսքով՝ շնորհիվ շրջանային իշխանությունների հետ աշխատանքի ընդհանուր համակարգի՝ հաջողությամբ լուծվում են սոցիալական հարցերը։ «Զգալիորեն նվազել է զինծառայողների ընտանիքների անդամների աշխատավայրերի պահանջարկը, եւ գրեթե բոլոր կարիքավորներին տրամադրվել են տեղեր նախադպրոցական կրթական հաստատություններում»,- ասել է նախարարը։

Նա նշել է, որ ընդհանուր առմամբ բազմաթիվ խնդիրների լուծումը միջգերատեսչական փոխգործակցության համակարգի զարգացման ոլորտում պահանջում է համաձայնեցված մոտեցումներ եւ նախաձեռնողական գործողություններ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել