ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 23] Գլուխը չկա, հիդրան գործում է
18:22 - 22 ապրիլի, 2019

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 23] Գլուխը չկա, հիդրան գործում է

«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։

[օր 22] Բանակցությունների պայմանավորվածություն

< ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ԲՈԼՈՐԸ

 

[Գարեգին Միսկարյան] Երեկ բերման ենթարկեցին Դավիթին, Արմենին և Լևոնին։ Ռեժիմը դրանով թերևս փորձում էր մի կողմից ճնշում գործադրել Փաշինյանի վրա, մյուս կողմից Նիկոլին ցույց տալ, որ իրենք պատրաստ են «կառուցողական» երկխոսության ու պատրաստ են դրա համար ճանապարհից հեռացնել հավանական «խոչընդոտներին»։

[Գոհարիկ Տիգրանյան] Իմ այսօրվա տեսածը ոչինչ էր, և ոչինչ կլիներ, եթե կողքիս կանգնած երեխաների ձայները չլսեի, ու 1 տարի հետո անգամ մամայիս կոկորդը սեղմող արցունքները չլինեին, բայց, այո՜, 2018թվ. ապրիլի 22-ը ոչինչ է և ոչինչ է ի համեմատություն 2004-ի և 2008-ի:

[Միքայել Նահապետյան] Վահանն ընդհատակում է, զանգում եմ` ճշտում, որ ապահով տեղում է։ Զանգում եմ Պետրոսյան Դավոյին` չկա, բայց ճշտում եմ, թե ուր է։ Արմենն ու Սանասարյանը ՁՊՎ-ում են։ Ոստիկանության ցուցակի ամբողջանալուն պակասում են Արոն ու Նիկոլը։ Խաշն ուտում եմ առանց սխտորի, առանց օղու։ Հայրս ասում է չես խմու՞մ, ասում եմ` չէ, զգոնությունս կթուլանա։ Միացնում եմ ուղիղ եթերը, սկսվում են բանակցությունները։

[Սաթենիկ Խաչատրյան] Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյան հանդիպման օրն է: Զարթնել եմ էն մտածմունքներով, որ հանդիպելու են ու վերջ՝ հրաժարականի տեքստն ենք լսելու: Մտածում եմ՝ ինչ հագնեմ, կարծես հաղթանակի օրը նշելու պատրաստվեի: Այդպես էլ չկողմնորոշվեցի, հագա «հեղափոխության շորերս», ստուգեցի ուսապարկիս պարունակությունն ու դուրս եկա:

[Գոհարիկ Տիգրանյան] Տրամադրությունս բարձր էր, սկսել էի մտածել, որ բանակցությունները ստացվելու են: Հերթական սուրճս ու պաշարս վերցրի ու ,տաքսի կանչելով, դուրս եկա տանից: Հասա հրապարակ, Մարիոթում էին արդեն, ծանոթներիս բարևեցի, բայց ուղիղ հեռարձակումը չէր բացում ու հետևել չկարողացա։

[Միքայել Նահապետյան] Սերժը լավ չի պատկերացնում,թե տասնյակ ժուրնալիստների ներկայությամբ որքան կարող են երկխոսել։ Դե իհարկե. օպերատիվ մշակումների, խարդավանքների այդ վարպետը` «դիգին Րիդայի» ամուսինը ապշահար է, որ ինչ-որ «փսլնքոտներ» կարող են իրեն քարշ տալ հանրային քաղաքականության դաշտ։

Սերժի մերանը չորանում է։ Երկուսն էլ եկել են ասելու նախապես ծրագրվածը։ Ոչ մի բան տեղում չի հորինվում։ Խաշոտ լավաշը մոտեցնում եմ բերանիս, ու ծերուկն արդեն բաց տեքստով է կրկնում նախորդ օրվա սպառնալիքը. «Դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից»։ Սառում է խաշը, սեղանի շուրջ նստածների աչքերը։ Լավաշը հետ եմ դնում ափսեի մեջ, լվացվում, հագնվում։ Մայրս ուր որ է ուշագնաց կլինի։ Ամուր գրկում եմ, պաչում, խոստանում, որ վաղն ամեն ինչ վերջացած կլինի։

Հիմա, առիթից օգտվելով, ուզում եմ երախտագիտությունս հայտնել մեր ծնողներին` իմ, ընկերներիս... Վահանի, Դավոյի, Սուրոյի, նրանց ում անունները չեմ տալիս... որ մեզ չեն սովորեցրել կյանքում հաջողելու սաքուլիկական բանաձևը, որ մեզ հետ մեռել են ու մեզ հետ պայքարել, որ դեղերով վախ են հաղթահարել։ Իմ ծնողներին, որ մի երեխա են ունեցել ու համակերպվել հանրության հետ կիսելու մտքին։ Որովհետև մեր ծնողները մտածել են, որ ավելի լավ է կուչ գանք նռնակների տակ` քան կռանանք մեզ անհաջողակ ապուշի կանխավարկածով նայող սաքուլիկների բազմանշանակ ժպիտների առաջ։

[Թագուհի Ղազարյան] Առավոտյան ուշ եմ արթնանում, միացնում եմ լայվը ու անսպասելի հայտնվում Սերժ Սագսյան-Նիկոլ Փաշինյան բանակցություններին: Մեկուկես րոպե տևած բանակցություններից հետո խղճի խայթ զգալով դուրս եմ գալիս տանից՝ հեղափոխության:

«Այս նախագծի ընդունումը ունի և՛ պետական, և՛ մասնավոր նշանակություն:
1. Նախ մենք վերահաստատում ենք պետության դերը՝ որպես քաղաքացիների քաղաքական, քաղաքացիական իրավուքնների, ազատությունների և ժողովրդավարական արժքեների պաշտպան ու երաշխավոր:
2. Մենք քայլ ենք անում հանրային համերաշխության հաստատման, պետություն-քաղաքացի վստահության վերականգնման ուղղությամբ և այս վերաբերմունքով տուժածներին և ընտանիքներին հանգստություն ձեռք բերելու ու հոգսերը մեղմելու հնարավորություն ենք տալիս»,-ասում է Լենա Նազարյանը մարտի 1-ի տուժողների մասին նախագծի քննարկման ժամանակ՝ ուղիղ մեկ տարի անց այն հայտարարությունից, թե մենք մարտի 1-ից դասեր չենք քաղել:

[Գոհարիկ Տիգրանյան] Տրդատին տեսա, Նիկոլը դուրս էր եկել, բանակցություն փաստացի չէր եղել, փոխարենը ՍՍ-ն այդ օրը իր «մահախոսականն» էր ասել՝ խաղաղ լեռներին սպառնալով մարտի 1-ով։

[Դանիել Իոաննիսյան] Բանակցությունների ընթացքը պարզ էր դեռևս նախքան դրանց սկսվելը: Բանակցություններում թե՜ Նիկոլը և թե՜ Սերժը հասան իրենց ուզածին: Սերժը ցույց տվեց, որ ձերբակալելուց առաջ փորձեց անել ամենը, իսկ Նիկոլը հանրության աչքերում հաղթող դուրս եկավ:

[Սաթենիկ Խաչատրյան] Գնում եմ Մարիոթի մոտ ու մինչ կհասնեի,ուղիղ եթերով հետևում էի հանդիպմանը։ Հասա՝ արդեն Սերժը գնացել էր: Մարիոթի մոտ խուճապ էր, Սևակին հանդիպեցի, ասում եմ՝ բա հետո ինչ ենք անելու, ասում ա՝ ինչ պիտի անենք, շարունակում ենք:

[Աշոտ Խաչատրյան] Մինչև հասնում եմ Հրապարակ, բանակցություններն ավարտված են լինում, ես էլ լայվը չէի նայել: Մոտենում եմ տեղում կանգնածներին՝ Մամյան Սևակին, Խաչատրյան Սաթենիկին ու Սիմոնյան Ալենին, հարցնում եմ՝ «Հը՞ն, նորմալ խոսա՞ց»: Հրճված դեմքերով կանգնած են՝ «Խզարել ա»:

Իմ համար անսպասելի էր, մտածում էի՝ կընկճվի: Շատ ուրախացա:

[Գարեգին Միսկարյան] Նիկոլի ու Սերժի հանդիպմանը սպասում էի մի տեսակ սրտի դողով. նախ, որ հանկարծ հանդիպումը փակ չգնա, երկրորդ, որ Նիկոլը չգնա «կոմպրոմիսի»։ Ի պատիվ Նիկոլի ոչ առաջինը եղավ, ոչ երկրորդը։ Բանակցություններն ավելի քան իմ սրտով էին։

[Գոհարիկ Տիգրանյան] Նիկոլը լարված էր, ասաց, որ պայքարը շարունակվում է։ Հիշում եմ Թագուհու գրառումը․ «Ում-ում, բայց Նիկոլին մարտի 1-ից դասեր չքաղելու մեջ մեղադրել պետք չի»։

[Սաթենիկ Խաչատրյան] Նիկոլը դուրս եկավ, հայտարարեց, որ ինչպես նախորդ օրը հայտարարվել է, այսօր երթով շարժվում ենք Էրեբունի համայնք: Միացանք երթին, ընթացքում, ինչպես նախորդող օրերին, Ինֆոքոմով ինֆորմացիա ենք տարածում:

Ճանապարհից զանգում եմ տնեցիներին՝ հասկանալու համար՝ ինչ ա կատարվում Արցախի փողոցի կողմերը, մարդիկ դուրս են եկել, թե չէ: Վախ կա սրտումս, դե մեր թաղերը մի քիչ կրիմինալ են)) 

[Թագուհի Ղազարյան] Թիայից ուղիղ եթերով հետևում եմ, թե ինչպես է երթը ուղևորվում Էրեբունի, որտեղ մեր կալանավորված ընկերներն են:

[Գոհարիկ Տիգրանյան] Գնում էինք Էրեբունի, նախորդ օրը ակտիվին այստեղ նեղել էին։ Մեզ էին միանում ընտանիքներով, երեխաներ՝ մանկասայլակներով, հայրիկներ՝ իրենց երեխաներին ուսերին դրած, գրադարանից ծանոթ երիտասարդներն իրենց ընկերներով, բայց ես մենակ էի էլի, ընկերներիս մի մասը քնած էր, մյուսը՝ նոր պատրաստվում էր, որ գար։ Գոռում էինք․ «Միացեք», բայց մարդիկ, մեզ պիոների տեղ դրած, ձեռքով էին անում, մի մասն ասում էր երեկոյան գալու ենք։ Մեզ շարքերի համալրում էր պետք, մենք 7%-ի կռիվ էինք տալիս։

Սկզբում Տրդատի հետ էի, Մխիթարն էլ կար, հետո կորցրինք իրար։ Արևոտ օր էր, անգամ շոգ էր։ Հասնում էինք Էրեբունի՝ «Վստերչի մոստ» ասված վայրը, ու պատուհաններից քամահրանք էր թափվում, նեղող միջավայր էր, այդ մարդիկ համոզված էին, որ իրենց երեխաների հետ քայլերթ անող ծնողները հերթական արկածախնդիրներ էին։ Կցանկանայի իմանալ, թե հետո այդ մարդիկ՝ հենց իրենք, դարձա՞ն արկածախնդիր։

[Սաթենիկ Խաչատրյան] Վստրեչի կամուրջն անցանք, Սևակի հետ որոշեցինք առաջ ընկնել, գնալ մի կտոր հաց ուտել տանը ու դուրս գալ:

[Գոհարիկ Տիգրանյան] Հասանք Էրեբունի տանող խաչմերուկ ու շատ կտրուկ կանգ եղավ, ինձ թվաց՝ Էրեբունու «թաղային հեղինակությունները» կարմիր գորգ էին փռում մեր առաջ և բացում իրենց տիրույթների սահմանները։ Հանգիստ կանգնած էինք՝ շուրջ կես րոպե լռություն էր, ու կրակոց՝ առաջին պահին ինձ թվաց, թե կարմիր գորգը կրակեց, իսկ հետո ծուխ։

[Սաթենիկ Խաչատրյան] Արագ մտանք տուն, մինչ ես սուրճ կդնեի, լսվեց առաջին պայթյունի ձայնը ու իմ ճչոցը: Սևակը դուրս վազեց, ես դիմակներն ու ակնոցները վերցրեցի ու հետևից դուրս եկա:

[Աշոտ Խաչատրյան] Հսկայական երթ էր ու ամեն վայրկյան մեծանում էր, բայց երբ հասանք ոստիկանական պատնեշին, պատգամավորներին տարան ու մի քանի նռնակ նետեցին, երթից մի 100-200 հոգի մնաց:

[Գոհարիկ Տիգրանյան] Այս անգամ կանգնած չէի, քայլում էի առաջ, կրակոց ու ծուխ, իրար հետևից գըփմ ու ծուխ, մարդիկ սկզբում սկսեցին արագ առաջ գնալ, բայց մանկասայլակների, բարձրահասակ երեխաների դիմաց հատուկ ջոկատայիններ էին բերել, իսկ դուք ասում եք․ «Ոստիկանը մերն է»։

[Դանիել Իոաննիսյան] Քրիստն ինձ զանգեց ու լացակումած ասաց, որ Նիկոլին, Արարատին ու Սասունին ձերբակալել են, լուսաձայնային նռնակներ են կիրառում: Վարկյաններ անց նույնը ասեց տեղում աշխատող կոլեգաս: Իմ համար դա լրիվ սպասելի նորություն էր, բայց ես չգիտեի, թե ինչ անել: Մոտս «ստուպըռ» էր:

[Թագուհի Ղազարյան] Պայթյունների պահին մտածում եմ՝ տեսնես լսո՞ւմ են կալանավորված ընկերներս, ի՞նչ են զգում հիմա, ի՞նչ են մտածում, անհանգի՞ստ են, տագնապա՞ծ:

[Գոհարիկ Տիգրանյան] Բոլոր կողմերում գոռոց էր, ականջներս խցանվեցին, լսվեց․ «Նիկոլենց տարան»։ Շարժը սկսեց կանգնել, ուսապարկս առաջ էի բերում, որ դիմակ հանեի, բայց ձեռքերս չէին ենթարկվում (ուժեղ դող էր), մի պահը թողեցի ամենը, որ սկսեմ շնչել (անգամ թունավոր թվացող օդը կարող էր օգնել), բայց թունավոր էր ոչ թե օդը, այլ հատուկ ջոկատայինների վերաբերմունքը՝ վահաններին հարվածելով գալիս էին որսի։

[Սաթենիկ Խաչատրյան] Երկաթուղայիններ փողոցը խուճապի մեջ էր, մարդիկ կային` առաջին անգամ էին մասնակցում ցույցի: Հասանք փողոցի ծերը՝ Արցախ - Էրեբունի խաչմերուկ, մերոնց եմ ման գալիս չկան: Նորից պայթյուն... ու բոլորը վազում են մեր փողոց. նեղ ծակուծուկեր ունեցող փողոց ա: Սկսեցին մարդկանց բռնել:

[Գոհարիկ Տիգրանյան] Հետ էինք գնում, երբ մի տղամարդ տեսա՝ երեխայի ձեռքը բռնած քայլում էր դեպի առաջ եկող հատուկ ջոկատայինները ու գոռում․ «Դե կրակեք, կրակեք, սպանեք երեխուս։ Ես երեխա դեռ կունենամ, բայց դուք սաղ կյանքում հագնիստ չեք ունենա»։ Տղաները եկան, այդ տղամարդուն տարան մի կողմ։ Ամեն վայրկյանը վտանգի մեջ թաթախված էր։

[Սաթենիկ Խաչատրյան] Հարևանի բակով դուրս եկա Արցախի փողոցի վերևի հատված, որ ընկերներիս բերենք էս կողմ: Անցանք, բոլորս տեղում ենք, բացի քրոջիցս: Սևակը պատի վրայից նայում ա, ասում ա՝ էն ա, Արամի հետ կարմիր բերետների վրա ա գոռում: Հետո պարզվեց, որ մարդ էր վատացել ու շտապ օգնությանը չէի թողում գար:

[Գոհարիկ Տիգրանյան] Վահանից անընդհատ նամակ էի ստանում․ «Տուն գնա, խնդրում եմ, ապահով չի, տուն գնա»։
Առաջին անգամ գրեցի․ «Եթե մեռնել, ուրեմն ստեղ ու էս մարդկանց հետ»։ 
Արփին գրում էր․ «Գի՞ժ ես, տուն գնա»։ 
Սոնան․ «Գոգ, Էրեբունի ես», «Գոգ», «Գոհարիկ գրի»։

Չեմ պատասխանել այս տեսակ նամակներին ու ընդհանրապես նամակներին չեմ պատասխանել։

Հիշում եմ՝ կանգնածս տեղից ինձ պոկեց Տրդատը՝ վրաս գոռալով․ «Հետ գնա Գոհարիկ, հետ գնա»։ Թևս բռնեց ու հրեց, հատուկ ջոկատայինները կանգնեցին, Ավինյանը սկսեց ժողովրդի մեջ գոռալ․ «Գնում ենք հրապարակ ժողովուրդ, քայլեք»։ Հետ գնալիս մի աղջիկ վատացավ, քայլողները պատուհանից նայողներից մեկից ջուր ուզեցին, պատուհանը փակեց մարդկանց վրա, իսկ մյուս մասը ծիծաղում էր։ Մարդիկ գոռում էին․ «Ամոթ ա, ինչ եք բերաններդ բացել», «բամբակ գցեք», «դուք մա՞րդ եք»։

Ինձ հասավ Մանոն, քնից արթնացել ու զանգել էր, ձայնս լսելով, տանից դուրս թռել, տեսա ու գրկեցի, փրկությունս էր։

[Միքայել Նահապետյան] Մինչև հասնում եմ Կենտրոն, ոստիկանությունը ցուցակը լրացնում է` Նիկոլ, Արարատ,Սասուն...։

[Աշոտ Խաչատրյան] Շատ սպասելի քայլ էր, Սերժը վերջին անգամ ատամ էր ցույց տալիս, եթե մարդիկ վախենային ու նույն թափով չշարունակեին անհնազանությունը, կմտածեր, որ բռնությունն աշխատում ա ու կճնշեր շարժումը:

[Գոհարիկ Տիգրանյան] Հասել էինք վերևում նշված կամուրջին, մի բան այն չէր, հիշեցի, որ մաման չի զանգել։ Հանեցի հեռախոսը, բաց թողնված զանգ չկար, զարմացա ու ինքս զանգեցի։ Զանգը գնում էր, բայց վերցնող չկար, երկար սպասելուց հետո հեռախոսը վերցրեց հորեղբորս կինը։
- Հա՞ս, մաման ու՞ր ա։

Պատասխանեց․
- Սիրտը վատ ա, դեղ եմ տվել, չի կարող խոսել։ Հանգստանա՝ կզանգի։ Քո հետ ամեն ինչ նորմա՞լ ա։

Կիսախզված ձայնով ասացի․
- Լավ եմ, մամային ասա՝ ամեն ինչ լավ ա։

Ի պատասխան․
- Հոպարդ գալիս ա մոտդ, մոտից տեղ չգնաս։ (Ու ինձ համար կանացի ուժեղության մարմնացումին ու նախատիպին՝ մորս, հոգեպես ընկճել էին, բայց անգամ այս իրավիճակում նա ինձ թևաթափ չէր անում, ու իր խնդրով ինձ որևէ բանից հետ չէր պահում):

10 րոպե հետ հեռախոսս զանգեց՝ մայրս էր։
- Նուն ջա՞ն։ (Մաման ինձ նյունյա է ասում՝ լեհերեն «բալես» բառն է)։
- Հա ջան։

Հեռախոսը այն կողմում լռություն էր․․․ հետո․
- Լավ եք բալե՞ս։ Նիկոլենց տարան հա՞։
- Լավ ենք մամ, խնդրում եմ հանգիստ, մեզնից հեշտ չեն պրծնի։
- Լավ բալես, հոպարդ գալիս ա։

Զանգի ավարտ։

[Թագուհի Ղազարյան] Տարբեր ընկերներ են գրում, թե հիմա ի՞նչ ենք անելու, ո՞ւր հավաքվենք, բա հաջորդ գործողություննե՞րը, հարթակը հավաքել են:
Մինչև փորձ կարվի մտածել, թե ինչ է պետք անել, մարզերում ու Երևանի ծայրամաերում երթերն ու ակցիաները բազմապատիկ ծավալով շարունակվում են: Էլ ոչինչ անել պետք չէ: Ավելին, նույնիսկ մեծ ցանկության դեպքում անհնար է այլ բան անել: Քաղաքացիներն ինքնակազմակերպվել են և առանց առաջնորդների:

11:41- էջում կիսվում եմ ուղիղ եթերով, որտեղ երթը բախվում է ոստիկանների հետ:

[Աշոտ Խաչատրյան] Երթի հետ Էրեբունիից Կենտրոն շարժվելու ճանապարհին զանգեցի բոլոր հնարավոր ծանոթներիս ու խնդրեցի դուրս գալ՝ լինել-չլինելու հարց էր: Երթը նորից մեծացավ ճանապարհին, մարդկանց մոտ այլևս պատուհաններից լուռ հետևել չէր ստացվում:

[Թագուհի Ղազարյան] 11:44-« Նիկոլ Փաշինյանին ուժայինները տարել են, բայց արդեն ուշ է, որովհետև ժողովուրդը գիտի, թե ինչ պետք է անել»,-գրում եմ էջում:

[Գոհարիկ Տիգրանյան] Հոգևորականներ էին եկել ու քայլերթի սկզբնամասով գնում էին։ Անկեղծ ասած մեկ էր, կներեք, բայց իրոք մեկ էր, կես կատակ ասում էի․ «Եկել են, որ մեր վրա կրակեն, միանգամից խնկարեն»։ Հիմա ասում եմ՝ նրանք էլ էին փորձում ոստիկանների համար զսպող ուժ լինել։

Երևան քաղաքի շուրջ մի անգամ պտտվելուց հետո՝ Փեթակի մոտ հանդիպեցի վաղեմի ընկերներիցս մեկին՝ Երեմին, պարզվեց Էջմիածնից կռիվներով ու ոտքով հասել էին քաղաք (Երեմին գիտեմ 2013 թվ․-ից, երբ 18 տարեկանում առաջին անգամ դուրս եկա Ազատության հրապարակ)։

[Թագուհի Ղազարյան] 12:04- «19:00 Հանրապետության հրապարակ»:

[Գոհարիկ Տիգրանյան] Կրկեսի մոտ հանդիպեցի հորեղբորս, ով միացավ պայքարին։ Սկսեցինք միասին քայլել, զգում էի, որ պլան չկա, բայց քայլում էի։ Վահանին գրեցի, պլան կա, ասաց, որ հստակ չի։ Մի լրագրող մոտեցավ, ով անգլերեն խոսող քաղաքացի էր փնտրում, չգիտեմ ոնց փորձեցի ասել, թե ինչ է կատարվում, հարցրեց չեք հանձնվում, ասացի․«NO WAY»։

[Թագուհի Ղազարյան] 12:27-«Գրողները փակում են գրողների անուններով փողոցները»։

[Աշոտ Խաչատրյան] Շարժումը, կարծես, գլխատված էր, բայց իրականությունն այն էր, որ շարժումը գլուխ չուներ, կամ էլ շարժումը Լերնեյական հիդրա էր, ու ինչքան գլուխ կտրվեր, կրկնակի աճելու էր: Կենտրոն հասնելուն պես հասկանում եմ, որ մենք միակ մեծ երթը չենք, ու որ քաղաքում բազմահազարանոց մի քանի երթ կա:

[Գարեգին Միսկարյան] Նիկոլին, Սասունին, Արարատին ձերբակալելուց հետո, ես սպասում էի Լենայի, Ալենի, Վահանի, ու էլի մի քանի հոգու ձերբակալության ևս։ Որից հետո կամ պիտի պարետային ժամ մտցնեին, կամ սկսեին մեզ որսալ, որովհետև այն, ինչ մենք էինք պլանավորել նման սցենարի դեպքում, իրենց համար շատ մեծ անակնկալ էր լինելու։ Լավ էր, որ չգնացին այդ ճանապարհով և ամեն ինչ ավելի սահուն անցավ, քան կարող էր լինել։

[Թագուհի Ղազարյան] 12:28-Շներով քայլերթ

[Դանիել Իոաննիսյան] Ինձ հետ այդ օրը շրջում էր ուկրաինացի մի շատ լավ լրագրող, որի հետ գնում էինք բոլոր թեժ կետերը (չնայած, ոստիկանները մեր ներկայությունից այլևս չէին քաշվում): Միաժամանակ տարբեր տեղերից ինֆո էր գալիս, որ բաժիններում երեխաների են խոշտանգում: Մի ձեռքով քշում էի, մյուս ձեռքով նամակներ էի գրում տարբեր դեսպաններին, տեղեկացնում իրավիճակի մասին ու բացատրում, որ թեժացնողը իշխանությունն է:

[Թագուհի Ղազարյան] 13:04- Ժողովուրդ, մենք բոլորս գիտակցում ենք չէ՞, որ հիմա մեր՝ փողոցում գտնվելուց է կախված Նիկոլ Փաշինյանի, Դավիթ Սանասարյանի, Արարատ Միրզոյանի, Արմեն Գրիգորյանի, Սասուն Միքայելյանի հետագա ճակատագիրը։ Մենք բոլորս հիշում ենք չէ՞ ինքնակազմակերպման բոլոր մեխանիզմները։ Դե ուրեմն՝ #քայլարա #մերժիրսերժին

14:25- Պաչյանին բերման են ենթարկել Քանաքեռ-Զեյթունի ոստիկանական բաժանմունք։ Քրիսին նամակ եմ գրել, որ հենց արթնանա, գրի, կեսօրից հետո գրում է. «Չեմ կարծեր թէ ի վիճակի եմ տեղէս ելլալու»:

Գրում եմ, որ քաղաքում ահավոր լարված իրավիճակ է, պայթյուններ են, Նիկոլին, Սասունին ու Արարատին են բերման ենթարկել, չեմ կարծում, թե ինքս կարող եմ ճեղք գտնել ու տուն վերադառնալ: Գումարի հարցը դեռ լուծված չէ, համար է տալիս և գրում. «Զանգէ իրեն. Քաղաք է», «Դրամ կուտայ քեզի», «Կը ներես աւելի չեմ կրնար ընել»:«Դու ինձ կներես, Քրիս», ասում եմ ու անլուծելի երկընտրանքի առջև կանգնածի պես հուսահատվում:

ԹիԱյում Արմենի համակարգիչն են ֆորմատ անում, հայտարարության, բուկլետների և այլ տեքստերը թափում են աղբաման և այրում պատշգամբում: Ասում եմ՝ բա որ հիմա գան ասեն՝ ի՞նչ է այրվում: Պատշգամբում կանգնած եմ, մի անծանոթ է գալիս. թե որտեղի՞ց կարող էր անծանոթ հայտնվել այստեղ, պարզապես ես ոչ բոլոր աշխատակիցներին եմ ճանաչում, հարցնում է՝ էս ի՞նչ է այրվում: Հեչ, ասում եմ, ես եմ ծխախոտս առանց հանգցնել գցել աղբամանի մեջ:

[Սոնա Մնացականյան] Միչիգանում ժամը 5։30 ա, իսկ Հայաստանն արդեն իր հետկեսօրի մեջ ա։ Ես դեռ անկողնուց վեր չեմ կացել, բայց կարծես օրս մի ահագին ապրված ա։ Արդեն երկու ժամ կա, որ Նիկոլին, Արարատին ու Սասունին բռնել են, չաթում առաջարկ կա գրողներով ինչ-որ հայտարարություն գրել, տարածել։ Ես չեմ կարողանում հասկանալ, թե ոնց ա եղել, հանդիպումը կայացել ա՞, թե՞ չէ․ լուր չեմ գտնում, չաթում եմ խնդրում, որ պարզաբանեն։ Մերին խորհուրդ ա տալիս, որ Telegram քաշենք ու բացենք infocom, ինչպես նաև firechat-ի մասին ա հայտնում, որ օգնում ա կապ հաստատել մոտակա մարդկանց հետ, եթե ինտերնետը կորի։ Մտածում եմ՝ այսինքն վիճակն էնքան կրիտիկական ա, որ կարող են կապի մեջ արհեստական խնդիրներ ստեղծել, դրա համար են այլ տարբերակներ որոնում։

Էլիզը հանդիպման լինքն ա ուղարկում։ Վերմակի տակ լսում եմ ու եզրակացնում, որ սպառնալիքը իրական էր․ առաջնորդներին տարել են, հաջորդ քայլը կլինի երկրորդ մարտի 1 անելը։ Բայց ընկերներիս տրամադրվածությունը շատ մարտական ա թվում։ Քրոջս եմ գրում, ասում ա՝ բոլորս կատաղած ենք ու շուտով դուրս ենք գալու, նույնիսկ մինչև հիմա չմիացողներն են միանում։ Թագուհին ա գրում, ասում ա՝ եթե գաս ու արդեն ՀՔԾ-ում լինեմ, իմացի, որ քեզ սիրում եմ, հերթով բռնում են նախաձեռնողներին։ Իմ՝ Թագուհու հանդեպ սիրո արտահայտման ձևը եղել ու մնում ա ինքնապաշտպանական բնազդի մասին իրեն հիշեցնելը։ Ասում եմ՝ աշխատի չբռնվես։

[Սաթենիկ Խաչատրյան] Գնացինք տուն, պատրաստվեցինք ու դուրս եկանք: Գնում ենք ՆՓԱԿ, գաղտնի քննարկում անելու: Դուռը փակ ա, մեկ-մեկ ենք մտնում, հեռախոսները անջատում, թողում ենք վերևի հարկում ու իջնում ներքև: 30-40 հոգի կլինեինք, քննարկվում էր հետագա անելիքները, չէր կարելի թողնել, որ շարժումը մարի: Մինչև հանրահավաքը ժամ չի մնացել, հարթակում մարդ չկա, բոլորը կա՛մ բռնված են, կա՛մ թաքնված: Աշխատանքային խմբեր են ստեղծվում, կապի միջոց ա ընտրվում տելեգրամն ու բաժանվում ենք:

[Աշոտ Խաչատրյան] Փողոցում ինձ համար այլևս անելիք չէր մնացել, քայլեցի դեպի ՆՓԱԿ, որտեղ քննարկում կար: Ճանապարհին բոլոր ոստիկաններին ժպիտով բարի ծառայություն էի մաղթում, նույն կերպ ժպիտով շնորհակալություն էին հայտնում, արդեն իրենք էլ կասկած չունեին արդյունքի վրա:

ՆՓԱԿ-ում մոտ 100 հոգի էր հավաքված: Քաղաքացիական օրթոդոքսալ ակտիվիստներն էին, փողոցային պայքարի տիտանները: Բայց ինչքան հմուտ էին իրենք փողոցում, այնքան անիմաստ էր իրենց քննարկումը:

[Սաթենիկ Խաչատրյան] Էդ քննարկման մասնակիցներիս թվում էր, որ վերջ, փաղոցում մարդ չկա էլ, մարդիկ վախեցած են, շարժումը փրկել ա պետք: Քայլում ենք Խանջյանի կողմ ու տեսնում Արշակունյացից եկող երթ, սկսում ենք գոռալ, միանում ենք երթին, քայլում ենք, Սայաթ-Նովա խաչմերուկից մեզ ա միանում մի ուրիշ երթ: Որոշում ենք, որ մենք փողոցում անելիք չունենք ու մի 20 հոգով գնում Ֆոկուս:

Ընկերներիցս Գայանեն ա զանգում ու ասում, որ Գոռին՝ ընկերոջը բերման են ենթարկել: Սևակը զանգում ա Գոռին ու, որպես փորձառու բերման ենթարկված, խորհուրդ տալիս անունը չասել ու պահանջել իրավական հիմք: Նախապես ասեմ, որ սրանից մի 2 օր առաջ էլ նույն խորհուրդն ինձ էր տվել:

[Սոնա Մնացականյան] Ասյան էլ ա արթնանում, միասին ենք կարդում լուրերը, նայում լայվերը ու փոխանցում իրար մեր ընկերների, ընտանիքի փոխանցածը։ Մինչև ես անկողնուց վեր կկենամ, Հայաստանում դեպքերը զարգանում են գլխապտույտ արագությամբ։ Մերին գրում ա, որ Զորիկին են բռնել (սկզբում բոլորը համոզված էին, որ երեք ժամից բաց կթողնեն, բայց Զորիկին մի ամբողջ օր պահեցին), չաթում թեժ գծի, փաստաբանների հեռախոսհամարներ ու տվյալ իրավիճակում վարվելակերպի կանոններ են հայտնվում։ Հետո Արամին են բերման ենթարկում։ Ես արդեն վախենում եմ հեռախոսիս ամեն ծկլթոցից, մտածում եմ՝ բացեմ, պիտի հերթական բերման ենթարկվածի անունը կարդամ։

[Թագուհի Ղազարյան] Համակարգիչն արդեն պատրաստ է, նստում եմ աշխատանքի ու միանգամից տեսնում, որ Պաչյանին են բերման ենթարկել, անմիջապես այդ մասին հայտնում եմ Քրիսին ու խիղճս հանգիստ նստում, որովհետև գիտեմ՝ որքան էլ որ ցույց չտա, իր համար էլ ընկերներն ամեն բանից կարևոր են, և հիմա հաստատ ամեն ինչ մոռացած գնալու է տեսնի, թե Արամը որ բաժնում է: Առաջիկա մի քանի ժամը չեմ մտահոգվի իր համար:

[Աշոտ Խաչատրյան] Հետո մի մասս գնացինք մեր ընկերներից մեկի ՀԿ-ի գրասենյակ: Շատ ուրախ մթնոլորտ էր, չնայած, որ մտավախություն կար, որ մեր հետևից էլ կգան:

[Միքայել Նահապետյան] Ինֆոքոմի տելեգրամը պայթում է դիտումներից` րոպեում 40 բաժանորդ է ավելանում։ Մերոնք Չարենցի վրա փակվել են բնակարանում ու 10 հոգով լրահոսն են ֆիլտրում։ Հասնում եմ էնտեղ, մի քիչ մնում, հետո հասկանում ենք, որ հեռախոսների էս կուտակումը լավ բան չի հուշի մեր ԱԱԾ-ին ու ցրվում ենք։

[Սաթենիկ Խաչատրյան] Էդ օրը Ֆոկուսում անցկացրածս մի քանի ժամը երևի կյանքիս ամենաարդյունավետ օրերից մեկն ա եղել: Լրիվ ՀԵՂԿՈՄ էր, մի սենյակում տեքստ էին գրում, մի կողմում տեքստի տարածման համար դիզայն էր արվում: Խոհանոցում ամենաթեժն էր. ինֆորմացիոն հոսքերն էինք ապահովում: Ոչ մեկ չգիտեր, որ Ինֆոքոմի ադմինները իրանց կողքը նստած էին, ծանոթներից իմացած ինչ որ լուր, ու դա տարածվում էր, հետո որպես հաստատում ասում էին՝ արա, ճիշտ եմ ասում, հեսա ինֆոքոմն էլ ա դրել )))

Մի քանիսը բացահայտեցին ու սկսվեց տարածումը: Ես էլ` իբր կողքից մարդ, ֆեյսբուքում ստատուս եմ գրում. «Հեղափոխությունը ստիպեց իմանալ Telegram-ն ինչ ա: infocom էջը թույն աշխատում ա, միացեք»:

[Գարեգին Միսկարյան] Փողոցը փակողների պակաս չկար, ոստիկանությունից վախեցող չկար, անելու բան չէր մնում, քան Սևակին ու Սաթին օգնել լրահոսի հարցում ։ Ինֆոքոմի բաժանորդների թիվն աճում էր ժամ առ ժամ։ Իրադարձությունները շատ արագ էին զարգանում։ Տեղեկատվության անդադար հոսք էր։ Փողոցներ սկսեցին փակել նաև Սպիտակում, Վանաձորում, Գյումրիում, Գորիսում։ Ամեն ինչ գնում էր ավելի հարթ, քան կարելի էր կանխատեսել։

[Սաթենիկ Խաչատրյան] Մի դեպք եղավ, որ էդ օրը հետներս եղած մարդիկ դժվար թե մոռանան: Դե պատկերացրեք`լարվածություն, վախ, ամեն րոպե ձերբակալման վտանգ ու դամաֆոնի զանգ: Քար լռություն ա սենյակներում, վերցնում ենք.
- ո՞վ ա,
- ԱԱԾ-ից են բացեք:

Հմմմ, պատկերացրեք ինչ ա կատարվում: Խառնաշփոթ, «պանիկա» ա սկսվել, ինչ որ քայլեր են առաջարկում, որ չբռնվենք, ամեն մեկը մի անկյուն ա մտնում, չեմ հիշում ով էր, բայց պատուհանից նայում էր՝ տենա կարող ա թռնի, թե չէ:

Էդ պահին առաջին բանը, որ արեցի, հեռախոսս պահելն էր, հետո մտա զուգարան, որ թաքնվեմ, տեսնեմ՝ մի քանի հոգի արդեն ընդեղ են:

Ու լսվում ա Մարիամի ձայնը. «ժող, Կարենն ա, կատակ էր անում» )))):

[Թագուհի Ղազարյան] Արտահերթ #Մերժիրի նիստ ենք անում: Բաժանում ենք ինքներս մեզ օրերի վրա՝ հերթով ձերբակալվելու կանխավարկածով: Ըստ պլանի ես վաղն եմ: Մերոնցից խոսել են հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկի հետ, որի անունը այս պահին չեմ տա՝ իր թույլտվությունունը չունենալու պատճառով, կանչել են հարթակ: Հրաժարվել է՝ մեկնաբանելով, որ դա իր/իրենց գեներացրած շարժումը չէ և քաղաքական բարեվարքությունը թույլ չի տալիս գալ ու առաջնորդել մի շարժում, որի առաջնորդները մեկուսացված են:

Այս ամենի կոնտեքստում երեկոյան հարթակ բարձրանալ ցանկացող ընդդիմադիր մեկ այլ գործչի վարքը անհասկանալի է լինելու:
Դուրս եմ գալիս փողոց: Փողոցով տարատեսակ երթեր են գալիս մի խաչմերուկից, դուրս գալիս մեկ ուրիշից, մարդիկ ուրախ են, ժպտում են, երգում: Երթերից մեկը Ալեն Սիմոնյանն է առաջնորդում: Բախտներս բերել է, մտածում եմ, որ ոչ բոլորիս են բռնել։

[Սաթենիկ Խաչատրյան] Թռուցիկները պատրաստ են, տարածում ենք բոլոր հնարավոր հարթակներով, ու մի մասը դուրս ա գալիս երթի, մենք մնում ենք ինֆորմացիա տարածելու համար:

[Գոհարիկ Տիգրանյան] Երկրորդ անգամ պտտվելուց հետո հայտնի դարձավ, որ Արարատը և Սասուն Միքայելյանը պահվում էին Շենգավիթի բաժնում, գնացինք էնտեղ (ինձ միացել էին Էլենը, Նարեկը, էլի մարդիկ կային կարծեմ)։ Երևան մոլի մոտից էլ տեղ չկար գնալու, էլ մեծ մեքենաները, էլ մարդիկ, շատ էինք, ես կյանքում այսքան մարդ չէի տեսել։

Սա էր հեղափոխության հաջողության ամենամեծ գրավականը, ՀՀ քաղաքացին իր ՀՀ-ում՝ մարզերում ու Երևանում, անտարբերությանը հաղթել ու դուրս էր եկել։

[Միքայել Նահապետյան] Զանգ եմ ստանում` հաղորդում են, որ ոստիկանությունը ժամը 5-ին կոլեգիայի նիստ է հրավիրել։ Սա կարող է նշանակել երկու բան. կամ, որ ավելի հավանական է, Սերժին են հանձնելու, կամ` արտակարգ դրություն։

[Սոնա Մնացականյան] Ծովինարն ա գրում, ասում ա՝ նամակ եմ պատրաստել, որ դիմենք միջազգային ակադեմիական հանրությանը, բայց ինչ-ինչ բաներ ճշտելու, հավելելու կարիք կա, արի հանդիպենք։ Ես ու Ծովինարը հանդիպում ենք հյուրանոցի նախասրահում, գնում ենք մի սրճարան՝ նամակի վրա աշխատելու։ Հիմնական տեքստը կա, որոշ բաներ էլ ես եմ ավելացնում, որոշ բաներ չգիտեմ, զանգում եմ Թագուհուն, ասում ա։ Ծովինարն ուղարկում ա տեքստը կարծեմ լոնդոնաբնակ մի գիտնականի, որ վերջին շտկումներն անի։ Հայաստանից Արփին զրահամեքենաների վիդեո ա ուղարկում, հետո ասում ա՝ որտեղ ես դու, տուն գնա․ չգիտի, որ Ամերիկայում եմ։ Ես սա ուղարկում եմ ընկերներիս, որ փողոցներում են, ասում են՝ սա երեկվա ա ու հատուկ խուճապ ստեղծելու համար են տարածում ընդամենը։ Փաստորեն հեռվում գտնվողն ու Հայաստանում տանը նստած մարդը գրեթե նույն վիճակում են։

[Թագուհի Ղազարյան] Հայրս է եկել: Ուզում է ինձ տեսնի: Հայրս ընդհանրապես անտարբեր է քաղաքական պրոցեսների նկատմամբ, ավելի ճիշտ՝ միշտ դժգոհ դիտողի դերում է եղել: Եվ այնուամենայնիվ ես շատ անհասկանալի չեմ իր համար: Երկար ժամանակ է ուղիղ իրար աչքերի նայելով ուղիղ խնդիրներից չենք խոսել: Սրճում ենք: «Գուցե դադարեցնե՞ք»,-հարցնում է: «Հիմա նույնիսկ մեծ ցանկության դեպքում դա անհնար է»,-ասում եմ: «Մեր երկրին հիմա ցնցում պետք է՞ որ», ասում է, «սահմանին լարված է լսել եմ»: «Պապ, իսկ միգուցե դու պարզապես վախենում ես, որ ի՞նձ էլ կնստեցնեն»: Լռում ենք: «Եթե հիմա էս ամենը վերջանա, իմ նստելու հավանականությունը ավելի մեծ է: Զուր ես անհանգստանում»: «Չէ»,-արդարանում է,-«ինձ թվում էր, որ իրենք արդեն իրենց բաժին դասը քաղել են, գուցե Կարեն Կարապետյանին տան ու սկսեն ավելի աչալուրջ լինել»: «Ոչ ոք այլևս երբեք երկիրը որևէ մեկին չի տալու: Էդ պատմությունը վերջացել է, պապ, ու խնդրում եմ, էսպիսի պահին էդպիսի տեքստեր չասես, չափազանց շատ եմ հոգնած նման բաների մասին մտածել-խոսելու համար»: Հասնում ենք Հրապարակ:

[Դանիել Իոաննիսյան] Հեղափոխության բեկումը եղավ ոստիկանության Շենգավիթի բաժնի մոտ: Բաժնի ներսում համարյա 100 հոգի կար, ում գլխին գործ էին սարքում (այդ թվում Արարատն ու Սասունը), իսկ դրսում մարդկանց թիվն անծայրածիր էր: Ներսում աշխատող փաստաբաններն ասեցին, որ մի քանի տասնյակ փաստաբանի, ինչպես նաև ջրի ու սննդի կարիք կա: Ջուրն ու սնունդը բերեցինք, հոգ չէր: Ինչ-որ բարձրախոս ճարեցի ու հայտարարեցի, որ փաստաբաններ են պետք: Փաստաբանների կարիքի շուխուռը տարածվեց: Րոպեներ անց սկսեցին մոտենալ բացարձակ անծանոթ մարդիկ (մոտ 10 հոգի), ովքեր փաստաբանի վկայական ունեին: Սկսեցինք իրենց բաշխել ըստ ոստիկանության ու քննչականի բաժինների:

Իշխանությունները, ի սկզբանե, ուզում էին նույն օրը լուծեին պատգամավորների անձեռնամխելիության հարցը, բայց Շենգավիթի բաժինը պաշարված էր ու անհնար էր պատգամավորներին տանել ԱԺ:

Երեկոյան ՀՔԾ-ում որոշեցին կալանավորել Լևոն Բարսեղյանին, ում փաստաբանի հետ ես տարա դատարան: Մտածում էի, որ հնարավոր է, որ մի քանի տարի չտեսնեմ Լևոնին: Հաճելի անակնկալ էր, որ Լևոնի խափանման միջոցի դատը հետաձգվեց հաջորդ օրվա (ամսի 23-ի) ցերեկը, ուր իրեն կալանավորեցին: Արդյունքում, Լևոնը Հայաստանի պատմության ամենակարճ քաղբանտարկյալն էր և «Նուբարաշենի» ամենակարճ «հաճախորդը» (այնտեղ անցկացրեց մոտ 6-ից 8 ժամ):

[Գոհարիկ Տիգրանյան] Առավոտից ոչինչ չէի դրել բերանս, հանրահավաքն էլ 7-ին սկսելու էր, ընկերներիս հետ գնացինք հրապարակ հաց ուտելու։ Հորեղբորս խնդրեցի՝ գնա հանգստանա, հոգնել էր, չէի ուզում հյուծվի (իմ ապաքինվելը արագ գործընթաց է, իսկ նրանց՝ չէ, նրանց ես արդեն տանջում էի)։

[Աշոտ Խաչատրյան] Ինձ մոտ մեկ այլ մտավախություն կար: Շարժման գրեթե բոլոր ակտիվ լիդերները ձերբակալված էին ու հարթակը կարող էր ուզուրպացվել: Այդ պատճառով առաջին անգամ գնացինք հարթակի ետնաբեմ, որ եթե ինչ՝ հարթակը հանկարծ սխալ մարդկանցով չգրավվեր:

[Թագուհի Ղազարյան] Թեև Հրապարակն ազատ է, բայց հարթակը չկա: Տիգրան Ավինյանին, որ ազատության մեջ եղած թիմակիցներից իր վրա էր ստանձնել հարթակը պահելու պատասխանատվությունը, ՔՊ գրասենյակից դուրս գալու պահին բերման են ենթարկել: Միաժամանակ հարթակ «կառուցելու» հարցերն ենք լուծում ու հարթակը պահողին որոշում: Թարվերդյան Արամը տախտակներ է կրում հարթակի համար: Մենք Ռուբենի հետ ենք խոսում՝ պիտի հարթակը պահես: «Չեմ կարողանա»,-ասում է Ռուբենը,-«Թող ուրիշը անի»: «Ուրիշը չկա, Ռուբեն, ուրիշը դու ես»: «Չէ, չեմ կարող», «Կարո՛ղ ես», «Չի ստացվի», «Կստացվի՛», «Կբռնեն», «Կբռնեն, ուրիշը կգա, էսօր դո՛ւ ես»: Մինչդեռ մենք քննարկում ենք, հարթակը արդեն պատրաստ է ու սպասում է մեկնարկին: Այլևս մտածելու, ծանրութեթև անելու ժամանակ չկա:

[Սաթենիկ Խաչատրյան] Գոռի 3 ժամն անցել ա, Գայանեն ա զանգում, լացելով ասում ա, որ մի քանի բաժանմունք ա գնացել ու Գոռի անուն ազգանունով մարդ չկա: Զանգում ենք իրավապաշտպաններին, մի քիչ հետո հետ են զանգում՝ ըտենց մարդ չկա գրանցված, եթե անունը չի ասել, դժվար կգտնենք:

[Սոնա Մնացականյան] Վերադառնում ենք հյուրանոց, ես պատրաստվում եմ իմ հաջորդ թռիչքին դեպի Վաշինգտոն ու ափսոսում եմ, որ գոնե մի օր ավել չեմ մնում Էնն-Արբորում․ եթե Հայաստանում չեմ, գոնե ստեղ Ծովինարի հետ կհետևեի զարգացումներին։

[Միքայել Նահապետյան] Նստած ենք։ Արսենն է զանգում, Սուրոյին խնդրում, որ Դավոյին համոզի մնալ ընդհատակում։ Խոսում ենք, շատ դժվար, բայց կարծես համոզում ենք։ Իսկ երեկոյան, երբ Դավոն հարթակ է բարձրանում` մի կաթիլ անգամ չեմ զարմանում։ Դավոն` Դավոն ա։

[Սաթենիկ Խաչատրյան] Ուղիղ եթերով հանրահավաքն ենք նայում, աննկարագրելի զգացողություն էր, մարդիկ պահանջ ունեին ու դուրս էին եկել փողոց պատասխան ստանալու, ավելի մարդաշատ էր նախորդող օրերի համեմատ: Չենք դիմանում գայթակղությանը, տարածում ենք էս հայտարարությունը՝ «Ուշադրություն. բոլոր ոստիկանների համազգեստների վրայից հանված է իրենց նույնականացնող համարները` ինչն օրենքի կոպիտ խախտում է, հարցնելիս էլ չեն ներկայանում....», ու մենք էլ ենք գնում հրապարակ՝ մնացածը դրսից կանենք:

[Թագուհի Ղազարյան] Ռուբենը բարձրանում է հարթակ ու սկսում: Մի որոշ ժամանակ մնում եմ տարածքում, բայց Զարուհի Փոստանջյանի՝ հարթակի համար կռիվ տալուց հետո տհաճություն եմ զգում ու քայլում հրապարակին մոտ սրճարան՝ սուրճ խմելու:

[Գոհարիկ Տիգրանյան] Հանրահավաքի ընթացքում արդեն շատ էի ցինիկացել, օրվա ավարտն իրենն էր ասում, ու մեկ էլ տիկին Փոստանջյանը որոշեց, որ պիտի հայտնի դառնա (գրողը տանի կարիերիստներից ի սրտե հոգնել էի)։ Կողքիս կանգնած ինչ-որ երիտասարդներ սկսեցին գոռալ․ «Զարուհի, Զարուհի», ուզում էի կռվել, նյարդերի պիկը և օրվա զգացմունքային ֆոնը կազմ պատրաստ էին։

Չէ, պետք չէր քաղաքացիների տանջանքով ձեռք բերվածը ծածկոցի պես քաշել մի ծայրից ու փառքի դափնիներ ստանալ։ Նիկոլի տեղը մեկ պարզ էր, մեկ՝ ոչ։ Հրապարակը պայթում էր, մոտ մարզերից հասել էին Երևան, ժողովուրդը իր բռունցքն էր ցույց տալիս, հաճելի էր, գիտեք։

[Թագուհի Ղազարյան] Մարիան, Զարուհի Բաթոյանի առաջարկով, հարթակից հայտարարում է մասնակցային ևս մեկ ակցիայի՝ «Շերեփ-կաթսայի» մասին:
Մի քաղաքացի է մոտենում հարթակին՝ հակառակ կողմից, մի մե՜ծ արկղով, որի մեջ անհասկանալի է, թե ինչ է։ Արկղը բացում է ու աղավնիները սկսում են թռչել երկինք։ «Սրանք խաղաղությա՜ն աղավնիներ են»,-արձանագրում է հարթակից երևի թե անակնկալի եկած Ռուբենը։

[Աշոտ Խաչատրյան] Բարեբախտաբար հիանալի անցավ: Հանրահավաքը նորից նախորդ օրվանից ավելի բազմամարդ էր, իսկ հարթակից հնչող մեսիջները շատ ավելի հասուն էին: Արդեն 3 օր էր՝ մոտս այլևս կասկած չկար, որ հեղափոխությունը կայացած է, ու ես պարզապես վայելում էի ամեն մի րոպեն:

Հաջորդ օրն առավոտյան արդեն Սերժի հրաժարականի հոտն էր գալու:

[Գոհարիկ Տիգրանյան] Վերջացավ նաև հանրահավաքը, շտապեցի տուն, հոգևոր ու ֆիզիկական ցավի միախառնումից օդ բարձրացած գըմփիկները հաղթեցին ինձ՝ ես բազկաթոռին նստած արտասվում էի, իսկ մաման՝ ոտքերս էր հանգստացնում։ Անհայտ էր, անհայտ էր և մարդկանց թիվը, և իրադարձությունների զարգացումը, և Նիկոլի տեղը․․․

[Սաթենիկ Խաչատրյան] Իրիկունը 9-ի կողմերն ա, Գոռից լուր չկա: Գայանեն ոստիկանական համակարգում աշխատող ծանոթին ա խառնում: Մի քանի հոգով գնում ենք Յանկի փաբ, հաց ենք ուտում ու որոշում գնալ Կարենենց տուն: Դուրս ենք գալիս, Սայաթ-Նովա փողոցում սադրիչներ են, ոստիկաններն էլ իբր ուզում են բերման ենթարկել։
Ցուրտ էր ու վտանգավոր էդ ժամին քայլելը։ Մի քանիսս տաքսիով ենք գնում, իսկ Սուրոն ու Յարալյանը որոշում են քայլել (մինչև հասան մի տաս անգամ զանգեցինք))):

[Միքայել Նահապետյան] Երեկոյան փողոցներում լուսավորություն չկա, առանց պետհամարանիշի գռուզավիկները հավաքում են բարիկադի վերածվող ցանկացած բան` նստարան, աղբաման... մտածում եմ, որ արտակարգ դրություն են հայտարարելու։ Մի կերպ զանգում ենք Լենային, ասում, որ խիստ պատվիրի գիշերը փողոցներում չմնալ, որ ուղիղ եթերով մեզ հետևողները զանգեն իրենց փողոցում գտնվող բարեկամներին ու փոխանցեն էդ հորդորը։

Սևոն մտածում է, որ դա քիչ է ու ինֆոքոմով ակցիա է նշանակում, որ 23:00 բոլորը տանը լինեն «շերեփ-կաթսա» անելու։ Փողոցներում սկսվում է սադրանքը` հրավառություններ, թանկանոց, առանց համար ջիպեր, մահակներով հայրենասերներ։

Գնում ենք Բոքսի հայաթ` փակվում Կարենենց տանը։ Մթնոլորտը լարված է։ Ես Սերժի պարոդիան եմ անում` մերոնք հրհռում են, մի քիչ թուլանում ենք։

[Սաթենիկ Խաչատրյան] Կարենենց տանն ենք, Միքոն սկսում ա քաղաքական դեմքերի նմանակումների շարքը, Գոռին գտել են, բայց Գայանեն դեռ չի խոսացել հետը՝ անհանգիստ ա։ Հրապարակեցինք կաթսաներն ընդդեմ Սերժ Սարգսյանի ակցիան։ Ֆեյսբուքը ողողվեց ուղիղ եթերներով, բոքսի հայաթը միացավ, մենք հազիվ ենք հասցնում տարածել, ոգևորություն ա։

[Թագուհի Ղազարյան] Երեկոյան մոտավորապես 22:00-23:00-ի սահմաններում ողջ քաղաքում հնչում էր Սերժի վերջին զանգը:

[Միքայել Նահապետյան] Ժողովուրդը չքաշեց` բոլորը տանն էին ժամը 23:00-ին։

[Սոնա Մնացականյան] Վաշինգտոնում ինձ դիմավորում ա Քրիսը։ Թռիչքից, որպիսությունից հարցնելուց հետո խոսում ենք Հայաստանից, ինքը հիշում ա իր մասնակցությունը Գեզի պարկի ցույցերին Ստամբուլում։ Ի դեպ, հենց նույն օրը շերեփահարումը մուտք գործեց հեղափոխական առօրյա, որ կիրառված պրակտիկա էր եղել Գեզի պարկում։ Գնում ենք Քրիսի ընկերուհու վարձած բնակարանը, որի տանտիրուհի Գարունը սիրով համաձայնել ա ինձ հյուրընկալել։

[Սաթենիկ Խաչատրյան] Մտածում ենք, որ ոստիկանները գիշերը Սուրոյենց տուն կգնան, համոզում ենք՝ մնա Կարենենց, ասում ա՝ չէ Աննային չեմ տեսել, գնամ տուն, բան էլ չի լինի։ Գոռը դեռ չկա...

Գիշերը 1:30 ա դուրս ենք գալիս՝ ես, Սևակը, Տաթևն ու Գայանեն։ Չգիտեմ ցրտից, թե վախից սրթսրթում եմ։ Տաքսին էլ հեռու ա կանգնել, անցնում ենք շենքի դալանով ու «մուրացկանի կերպարով ԱԱԾ աշխատակիցը» հայացքով հետևում ա մեզ։ Լարվածությունից նենց էի սեղմել Սևակի ձեռքը, որ մաշկը վնասվել էր։

Հասանք տուն, Գոռը չկա, վերջապես սպասված զանգը։ Գոռը մեր տան տեղն ա հարցնում։

Վերջինն ա ազատ արձակվում՝ ավելի քան 10 ժամ հետո, քանի որ, հետևելով խորհրդին, անունը չէր ասել)))

[Սոնա Մնացականյան] Թե՛ Ջուլիան, թե՛ Գարունը լրագրողներ են, և իրենք էլ են հետևում Հայաստանի իրադարձություններին։ Ծանոթությունից ու կարճ զրույցից հետո գնում եմ իմ սենյակ՝ հանգստանալու։ Բացում եմ ֆեյսբուքը ու տեսնում ընկերներիս ժպտացող դեմքերը՝ մի-մի մինիոն գրկած․ հեղափոխությունն առօրյա է դարձել և ուրեմն՝ տաղտուկը ցրելու փերֆորմանսներ են պետք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել