ՀՀ-ն և ԼՂՀ-ն պատրաստ են ներդրում ունենալ գլոբալ անվտանգության ու հարատև խաղաղության մեջ․ Փաշինյան  |armenpress.am|
22:18 - 15 փետրվարի, 2020

ՀՀ-ն և ԼՂՀ-ն պատրաստ են ներդրում ունենալ գլոբալ անվտանգության ու հարատև խաղաղության մեջ․ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի Հանրապետությունը և Արցախը պատրաստ են իրական ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում հարատևելի խաղաղություն ձևավորելու համար։ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ  ԼՂ հիմնահարցի վերաբերյալ քննարկման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ես այս իրավիճակը համարում եմ ոչ միայն իմ պատասխանատվությունը՝ հանուն իմ երկրի անվտանգության, այլ նաև ես գիտակցում եմ իմ պատասխանատվությունը տարածաշրջանի անվտանգության համար, համաշխարհային գլոբալ անվտանգության համար, և ես առաջարկում եմ նախագահ Ալիևին այս իրավիճակն ընկալել որպես մեր երկուստեք խնդիրը, անելիքը, այն է՝ ձևավորել հարատևելի խաղաղություն և կայունություն, ու այս իրավիճակը դիտարկել ոչ միայն մեր ազգային օրակարգի հիմնախնդիր, այլ նաև որպես գլոբալ և տարածաշրջանային անվտանգության օրակարգի խնդիր և մեր պարտականությունն ու պարտքն է մեր ջանքերը գործադրել, մեր ներդրումը ունենալ գլոբալ անվտանգության մեջ, և ես ձեզ հավաստիացնում եմ, որ ՀՀ-ն և ԼՂ-ն պատրաստ են դրան»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ միջազգային հանրությունը պետք է շատ հստակ շեշտի, որ ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում։ «Եթե որևէ մեկն այլ կերպ է մտածում և ասում է, թե կա հակամարտության ռազմական լուծում, ես կարծում եմ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կպատասխանի, որ այդ պարագայում մենք կարող ենք ասել, որ այս հակամարտությունն արդեն լուծված է։ Ես, սակայն, կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է տևական, հարատևելի խաղաղություն»,- նշեց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել