«Հայանտառ» ՊՈԱԿ-ը համալրվել է տրակտորներով
16:57 - 21 փետրվարի, 2020

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը համալրվել է տրակտորներով

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսությունների համար ձեռք բերված  տրակտորների  հանձնման արարողությանը։ 

2019 թվականի պետական բյուջեի միջոցներով նախարարությունը ձեռք էր բերել «БЕЛАРУС 82.1» մակնիշի 8 տրակտոր, որոնք համալրված են 8  գյուղատնտեսական, 8 անտառային գութաններով  և ծառատնկման համար նախատեսված համապատասխան հորատիչներով:

Տրակտորները նախատեսված են հանրապետության տարածքում լայնածավալ անտառապատման, այդ թվում՝ «10Մ» (Տասը միլիոն ծառի ծրագիր) նախաձեռնության շրջանակներում իրականացվող անտառտնկումների և անտառվերականգնման աշխատանքների իրականացման համար։ 

Միջոցառմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արուսյակ Սիրադեղյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահե Մացակյանը, անտառտնտեսությունների տնօրեններ, անտառապետեր և անտառապահներ։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը շնորհավորել է անտառտնտեսությունների աշխատակիցներին տեխնիկական վերազինման կապակցությամբ, նշելով, որ անտառտնտեսությունների վերազինման գործընթացը կրելու է շարունակական բնույթ, քանի որ այն նպատակ ունի անհամեմատ բարձրացնել անտառվերականգնման աշխատանքների արդյունավետությունը։ Արարողության ավարտին նախարար Գրիգորյանն անտառտնտեսություններին է նվիրել «Հայաստանի կարմիր գրքի» մեկական օրինակ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել