«Հայտարարում եմ՝ չի եղել նման բան, ոչ մի տիպի կաշառք չի եղել»․ վկայի  հայտարարությունը դատարանում |forrights.am|
17:08 - 24 դեկտեմբերի, 2019

«Հայտարարում եմ՝ չի եղել նման բան, ոչ մի տիպի կաշառք չի եղել»․ վկայի հայտարարությունը դատարանում |forrights.am|

forrights.am:  Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում երեկ լարված մթնոլորտում շարունակվեց «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալ Արկադի Պապյանի և Թամազ Ֆերոյանի գործով քննությունը: Պապյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3.1 կետով՝ կաշառք տալ, որը կատարվում է առանձնապես խոշոր չափերով.

Ըստ Հատուկ քննչական ծառայության, «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Գ. Մկրտչյանի հովանավորչությունն ու թողտվությունը ստանալու համար, Արկադի Պապյանն ու նույն հիմնարկում պատիժ կրող մեկ այլ դատապարտյալ, Գ. Մկրտչյանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել յուրաքանչյուր ամիս վերջինիս որպես կաշառք տալ 250.000-300.000 ՀՀ դրամ: Իրենց հանցավոր նպատակներն իրագործելու համար «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալների շրջանում հեղինակություն վայելող հիշյալ անձինք 2016-2017թթ-ի ընթացքում իրենց մտերիմ Կ. Հ.-ի միջոցով հավաքագրել և նրա մոտ պահել են որոշակի գումարներ, որոնց մի մասը՝ 2.750.000 ՀՀ դրամը, տվել են ՔԿՀ-ի պետին:

Ըստ գործով առկա ապացույցների սահմանված հերթականության, երեկ դատարանում հարցաքննվեցին գործով անցնող երեք վկաները:

Կարեն Հակոբյանը վկաներից միակն էր, որ չէր աշխատում «Վանաձոր» ՔԿՀ-ում: Այս գործով վկա լինելուց բացի, գործի մյուս մասով նա ամբաստանյալի աթոռին է: Այս հանգամանքը հաշվի առնելով, դատարանը հայտնեց, որ Հակոբյանը կարող է և հրաժարվել ցուցմունք տալ: Վկան չհրաժարվեց՝ հանդես գալով անակնկալ հայտարարությամբ.

«Ես ցուցմունք տալու ժամանակ եղել եմ վախեցած, իմ վրա հոգեպես ճնշում ա գործադրել ԱԱԾ-ն ու Հատուկ քննչական ծառայությունը: Հայտարարում եմ՝ չի եղել նման բան, ոչ մի տիպի կաշառք չի եղել»:

Ըստ վկայի, ԱԱԾ-ն սպառնացել է իրեն ազատազրկել բռնաբարության կամ գողության հոդվածով: Կարենի պնդմամբ ցուցմունքը գրել է իր ձեռքով, սակայն ճնշման տակ, այդ ամբողջ ընթացքում որևէ առերեսում չի եղել:

Դատարանը հայտարարեց, որ անհրաժեշտություն կա հրապարակել վկա Հակոբյանի նախաքննական բոլոր ցուցմունքները, քանի որ նա չի հիշում, թե ինչ է գրել:

Նախաքննական ցուցմունքներից մեկի համաձայն, Կարեն Հակոբյանը պարբերաբար ՔԿՀ է գնացել իր հարազատին տեսակցության, որի ժամանակ ծանոթացել է Արկադի Պապյանի հետ: Ժամանակի ընթացքումպարբերաբար կատարել նրա հանձնարարությունները: Այդ առաջադրանքների շրջանակում, ծանոթացել է նաև ՔԿՀ-ի պետի, առաջատար մասնագետների և աշխատակիցների հետ:

«Պարբերաբար մեր բակում կամ իրենց տան մոտակայքում հանդիպել եմ Գևորգ Մկրտչյանի հետ և փոխանցել տարբեր չափի գումարներ: Գումարները հիմնականում փոխանցել եմ ամսվա սկզբին, եղել է մոտ 250.000-300.000 դրամի սահմաններում: Հետո Թամազի անունից սկսեցի գումարներ տալ Գևորգ Մկրտչյանին, ամենախոշոր գումարը եղել ա 650.000 դրամը, որը տվել եմ իմ տան մոտ: Մկրտչյանն ինձնից պահանջել է նաև 1000 ԱՄՆ դոլլար»,- նախաքննական ցուցմունքներից մեկում նշել էր Կարեն Հակոբյանը:

Դատարանի որոշմամբ, վկայի նախաքննական մյուս ցուցմունքները կհրապարակվեն հաջորդ նիստին:

Գործով անցնող մյուս վկա Տիգրան Դարբինյանը, ով աշխատում է «Վանաձոր» ՔԿՀ-ում՝ որպես անվտանգության բաժնի մասնագետ, իր ցուցմունքում նշեց, որ Պապյանը և գործով անցնող մյուս մեղադրյալ Թամազ Ֆերոյանը երբեք իր ներկայությամբ կաշառք չեն տվել որևէ անձի: Մեղադրող-դատախազ Գագիկ Նիկողոսյանը միջորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները, պարզաբանելով, որ էական հակասություններ կան ցուցմունքներում; Դատարանը բավարարեց ներկայացված միջնորդությունը:

Ըստ վկա Դարբինյանի նախաքննական ցուցմունքի՝ քրեակատարաողական հիմնարկի երեք խցեր՝ 6, 13 և 20 խցերի դռները միշտ բաց են եղել. այնտեղ են գտնվել Թամազ Ֆերոյանը և Արկադի Պապյանը, ովքեր ազատ են եղել ելումուտ անելու և շփվելու մյուս դատապարտյալների հետ: Վկայի ցուցմունքի համաձայն, այդ բարձիթողությունը դուր չի եկել իրենց, ինչի մասին տեղեկացրել են վերադասին, ով հայտնել է, որ նման կարգադրություն իրենց տվել է ՔԿՀ պետը:

Ցուցմունքի հրապարակումից հետո, դատավոր Սուրեն Բաղդասարյանը վկայից փորձեց ճշտել՝ այդ երեք խցերի դռները մի՞շտ է բաց եղել: Տիգրան Դարբինյանը հայտարարեց, որ խցերի դռները բաց է եղել միայն զբոսանքի ժամին՝ ինչպես պահանջում է օրենքը:

Պաշտպան Ամրամ Մակինյանը վկայից հետաքրքրվեց՝ մատնանշված խցերում Պապյանը և Ֆերոյանը մենա՞կ են եղել: Դարբինյանը բացասակայն պատասխան տվեց, Մակինյանը շարունակեց՝ այդ դեպքում ինչո՞ւ եք ցուցմունքի մեջ առանձնացել միայն նրանց անունները.

«Դե ինձ ասում էին՝ մնացածի անունը կարող եք չտալ»,- պարզաբանեց վկան:

Մեղադրող դատախազը կրկին ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ նախաքննական ցուցմունքում վկան շեշտել է, որ խցերի դռները միշտ են բաց եղել, այլ ոչ թե զբոսանքի ժամերին: Այս նկատառումը կրկին վրդովեցրեց ամբաստանյալ Պապյանին.

«Ինչի՞ եք զարմանում, ձեր «զակազ»-ն ա եղել, Շաահբազյան Արմենին կանչեք, ինքն ամեն ինչ կպատմի, ինքն ա սաղ սարքել»,- հայտարարեց Պապյանը:

Մակինյանն իր պաշտպանյալի բռնկուն վարքագիծը բացատրեց, որ Պապյանն այս պահին բուժման կուրս է անցնում և դեղերի ազդեցության հետևանք է:

Ավարտված համարելով Տիգրան Դարբինյանի հարցաքննությունը, դատարան հրավիրվեց հաջորդ վկան՝ Վարդան Բադալյանը: Նա նույնպես աշխատում է «Վանաձոր» ՔԿՀ-ում՝ որպես առաջատար մասնագետ: Վկան իր ցուցմունքի ընթացքում պարբերաբար հակասում էր ինքն իրեն. մեկ նշում էր, որ 6, 13 և 21 խցերի դռները բաց են եղել ընդամնեը երկու ամիս, մեկ ասում՝ պարբերաբար են բաց եղել:

«Պետն ա ասել, որ խցերը չփակենք, մենք էլ էլ բան չէինք ասում: Պապյանի մոտ հեռախոս էլ եմ տեսել, բայց դրա մասին արձանագրություն չենք կազմել, քանի որ պետն էլ էր մեր հետ, ինքն էլ տեսավ, բայց ձեն չհանեց:»,- մանրամասնեց վկան:

Պաշտպանը վկայից հարցրեց թե ինչպես է հարցաքննությունն անցել՝ հարց ու պատասխանով, թե՞ պատմելով, Բադալյանը հստակ նշեց՝ գրավոր հարցուպատասխանով: Մակինյանի միջնորդությամբ հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը: Վկայի ցուցմունքը շարադրված էր պատմելու ձևով:

Ըստ ցուցմունքի, Պապյանը գտնվել է 6-րդ խցում, պարբերաբար Ֆերոյանի և այլ անձանց հետ բարձրացել խաղասենյակ: Արկադի Պապյանը կրկին վրդովեցրեց. նա հայտարարեց, որ ինքը երբեք 6-րդ խցում չի եղել, այլ մշտապես գտնվել է 20-ում, ուստի վկայի ցուցմունքը հակասում է իրականությանը:

Պաշտպանի հարցուպատասխանից պարզ դարձավ, որ ցուցմունք տալուց առաջ վկան ծառից ընկել է և լուրջ վնասվածք ստացել գլխուղեղի շրջանում, որի պատճառով երբեմն ունենում է հիշողության մասնակի կորուստ: Ամրամ Մակինյանը նշեց, որ վկայի առողջական վիճակից ելնելով, նրա ցուցմունքն արժանահավատ չպետք է ճանաչվի դատարանի կողմից:

Դատարանն ավարտված համարեց նաև Վարդան Բադալյանի հարցաքննությունը:

Աշխատանքային ժամի հետ պայմանավորված, դատական նիստը հետաձգվեց: Քրեական գործի քննությունը կշարունակվի օգոստոսի 27-ին:

Հավելենք, որ Արկադի Պապյանը՝ ի նշան իրեն մեղսագրվող արարքի, տևական ժամանակ հացադուլի և ջրադուլի մեջ է գտնվել, որն առաջացրել է առողջական լուրջ խնդիրներ: Այս պահին նա բուժում է ստանում «Դատապարտյալների հիվանդանոց»-ում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել