ՄԱԿ-ում բացվել է  Հայաստանի Թավշյա հեղափոխությանը նվիրված լուսանկարների ցուցահանդես
17:19 - 30 մայիսի, 2019

ՄԱԿ-ում բացվել է Հայաստանի Թավշյա հեղափոխությանը նվիրված լուսանկարների ցուցահանդես

ՄԱԿ-ում մայիսի 28-ին տեղի է ունեցել Հայաստանի մշտական ներկայացուցչության կազմակերպած «Հայաստանի Թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին ներկայացվել են Հայաստանում 2018թ․ գարնանը տեղի ունեցած խաղաղ քաղաքացիական շարժման, քայլարշավի, ցույցերի և երթերի ընթացքն ու զարգացումը պատկերող լուսանկարներ։

Միջոցառման բացմանը և դրան հաջորդած ընդունելությանը, որին ներկա էին ՄԱԿ-ի բազմաթիվ անդամ երկրների դեսպաններ, դիվանագետներ, ՄԱԿ-ի քարտուղարության պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, ողջույնի խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։

Իր ելույթում ՀՀ մշտական ներկայացուցիչն անցյալ տարվա իրադարձությունները հիշատակելով որպես շրջադարձային փուլ հայոց պատմության մեջ՝ նշեց, որ մայիսի 28-ին Առաջին հանրապետությանը տոնը նշելը և Թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսի բացումը ՄԱԿ-ի կենտրոնակայանում առանձնահատուկ խորհուրդ է պարունակում։ Շեշտելով, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքների խրախուսումը, քաղաքական և հասարակական կյանքում կանանց և երիտասարդների առաջխաղացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են, Մհեր Մարգարյանը նշեց նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում 2020-22թթ. համար Հայաստանի թեկնածության առաջադրումը։

Միջոցառմանը մասնակցող ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հյուրերին ներկայացրեց լուսանկարներում պատկերված իրադարձությունների ընթացքը, ինչպես նաև՝ արտաքին հարաբերությունների ոլորտում խորհրդարանական գործունեությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել